суббота, 26 февраля 2011 г.

ԱՄԵՆԱԼԱՎ ԱՅԳԵՊԱՆԸ / ճապոնական հեքիաթ` ըստ Կացուա Տանակայի





Թարգմանությունը` Աշոտ Գաբրիելյանի

Մի ժամանակ Ճապոնիայի հեռավոր լեռնային գյուղերից մեկում ապրում էին բարի ծերունին ու իր կինը: Մի անգամ, երբ ծերունին աշխատում էր բրնձի արտում, նրա մոտ վազեց մի սպիտակ շնիկ: Շնիկը կաղկանձում և վնգստում էր, նրան տանից վռնդել էր ագահ հարևանը: «Ախ դու խեղճ շնիկ»,-ասաց բարի ծերունին: Նա վերցրեց շնիկին և նրան անվանեց Սիրո1:
Ծերունին ու իր կինը շատ սիրեցին Սիրոյին: Սիրոն էլ կապվեց ծերունիներին և օգնում էր ծերունուն ամենօրյա աշխատանքներում: Սիրոն լավ ուտում էր և արագ վերածվեց մեծ ու գեղեցիկ շան:
Եվ ահա օրերից մի օր Սիրոն ծերունու հետ գնաց զբոսնելու: Երբ նրանք հասան բլուրի գագաթը, Սիրոն կանգնեց և սկսեց բարձր հաչալ. «Հաֆ-հաֆ, այստեղ փորի'ր, հաֆ-հաֆ, այստեղ փորի'ր»:
Երբ բարի ծերուկը սկսեց փորել այն տեղը, որը ցույց էր տալիս Սիրոն, զարմանքով տեսավ, որ հողից ոսկեդրամների շատրվան է ցայտում:
Այս հրաշքի մասին լսում է ագահ հարևանը: Նա ներխուժում է բարի ծերունու տուն և բացականչում. «Մի ժամանակ այս շունն իմն է եղել: Նրան մեկ օրով փոխարինաբար ինձ տուր»: Այնուհետև բռնեց Սիրոյին, հագցրեց նրան ամուր վզնոցը և քարշ տվեց բլրի գագաթը:
«Որտե՞ղ է ոսկին»,- գոռում էր չար հարևանը թշվառ շան վրա: Խեղճ շունը վախից վնգստալով ասում է. «Ահա այստեղ է»: Ագահը հրճվանքով սկսում է փորել: Սակայն ոսկու փոխարեն գետնից դուրս է գալիս օձերի, որդերի և աղբի շատրվան:  
«Ինչպե՞ս համարձակվեցիր, լակո'տ»,- կատաղությամբ բացականչեց հարևանը և սպանեց խեղճ շանը:
Ծերունին կնոջ հետ շատ արտասվեց, երբ իմացավ սիրելի շան մահվան մասին: Նրանք որոշեցին Սիրոյին թաղել: Հաջորդ օրը Սիրոյի գերեզմանին մի մեծ ծառ աճեց:
Մի օր ծերուկն ասաց. «Մեր Սիրոն շատ էր սիրում բրնձե բլիթներ: Արի թխենք ու մի քիչ տանենք նրա գերեզմանին»: Այնտեղ ծերունին կտրում է Սիրոյի գերեզմանին աճած ծառը և հավանգ է պատրաստում: Հետո սկսեցին հավանգը գործածել: Բայց, երբ ծերունին բրինձը լցրեց հավանգի մեջ, այն վերածվեց ոսկեդրամների:
Ագահ հարևանը, այդ մասին իմանալով, ծերունուց խնդրեց հավանգը և բերեց տուն: Տանը նա սկսեց հավանգի մեջ բրինձ լցնել, բայց ոսկու փոխարեն նրա աչքի առաջ բրինձը վերափոխվում էր սև տիղմի: «Ի~նչ է սա»,- այսպես բացականչելով նա հավանգը փշրեց մանր կտորների և այրեց:
Բարի ծերունին զգուշությամբ հավաքեց հավանգի մոխիրը, լցրեց տուփի մեջ և այրեց:
Հանկարծակի պոռթկումով քամին բարձրացրեց մոխիրի ամպեր և այն տարավ չորացած ծառի վրա: Ի զարմանս ծերունու` մահացած բալենին հանկարծակի փթթեց ապշեցուցիչ գեղեցիկ ծաղիկներով: Այդ ժամանակ նա սկսեց այդ մոխրից շաղ տալ բոլոր չորացած ծառերին, և անկենդան պուրակը վերածվեց ծաղկած բալենու այգու: Շուտով այս հրաշքի լուրը հասնում է կայսրին, և նա ուղարկում է ծերունու հետևից:
«Ցու'յց տուր ինձ քո արվեստը»,- հրամայեց կայսրը: Երբ բարի ծերուկը մոխիրը շաղ տվեց ծառերի կանգնած շարքի վրա, նրանց վրա կախարդական ծաղիկներ հայտնվեցին. «Գերազանց է: Դու ամբողջ Ճապոնիայի ամենալավ այգեպանն ես»:
«Ո'չ, ես եմ Ճապոնիայի ամենալավ այգեպանը»,- ճղճղոց լսվեց: Ագահ հարևանն էր հայտնվել: Նա իր հետ բերել էր կախարդական հավանգի մնացած մոխիրը և սկսեց արագ-արագ այն շաղ տալ շուրջը: Բայց այդ մոխիրը այդպես էլ մոխիր մնաց և լցվեց կայսեր աչքերը և քիթը:
«Դու այգեպան չես, դու պարզապես անպատկառ տխմար ես»,- ասաց կայսրը և ագահ ծերունուն զնդան նետեց:

1Ճապոներեն նշանակում է սպիտակ:

Комментариев нет:

Отправить комментарий