среда, 16 февраля 2011 г.

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ / Երկխոսություն մթության մեջ

Հայերեն առաջին անգամ տպագրվել է «Արտասահմանյան գրականություն» հանդեսի 2001-ի 1-ին համարում` Գուրգեն Խանջյանի թարգմանությամբ: Ստորև բերված է այդ թարգմանությունը:

1.
ՁԱՅՆ:Դու պարզվեց, բոլորովին ուրիշ մարդ ես, քան ես կարծում էի:
ԵՍ:Ես դրա համար պատասխանատու չեմ:
ՁԱՅՆ:Սակայն դու ի'նքդ ինձ մոլորեցրիր:
ԵՍ:Ես երբեք չեմ արել այդ բանը:
ՁԱՅՆ:Բայց դու սիրում էիր գեղեցիկը, կամ ձևացնում էիր, թե սիրում ես:
ԵՍ:Ես սիրում եմ գեղեցիկը:
ՁԱՅՆ:Ի՞ նչ ես սիրում դու: Գեղեցի՞ կը: Թե՞ մի կնոջ::
ԵՍ:Ե'վ մեկը, և' մյուսը:
ՁԱՅՆ:(սառը չարախնդությամբ): Դու, կարծես թե, հակասություն չես համարում դա:
ԵՍ:Իսկ ո՞ վ է համարում: Նա, ով սիրում է կնոջը, կարող է չսիրել հին հախճապակին: Սակայն պարզապես այն պատճառով, որ չի հասկանում հին հախճապակու հմայքը:
ՁԱՅՆ:Գեղագետը պետք է ինչ-որ բան ընտրի:
ԵՍ:Ցավոք, ես ոչ այնքան գեղագետ եմ, որքան մարդ, բնականից` ագահ: Սակայն հետագայում ես, հնարավոր է, կընտրեմ հին հախճապակին, այլ ոչ` կնոջը:
ՁԱՅՆ:Ուրեմն դու անհետևողական ես:
ԵՍ:Եթե սա անհետևողականություն է, ապա ինֆլյուենիցիայով հիվանդը, որ սառը շփումներ է անում, հավանորեն ամենահետևողական մարդն է:
ՁԱՅՆ:Մի ձևացրու, իբր ուժեղ ես: Ներքուստ թույլ ես: Սակայն, բնականաբար, նման բաներ ես ասում, որպեսզի զերծ պահես քեզ հարձակումներից, որոնց ենթարկվում ես հասարակության կողմից:
ԵՍ:Անշուշտ, ես դա էլ եմ հաշվի առնում: Նախևառաջ մտածիր ահա թե ինչի մասին. Եթե ես չխուսափեմ հարձակումներից` կճզմվեմ ի վերջո:
ՁԱՅՆ:Բայց ի~նչ անամոթ արարած ես:
ԵՍ:Բոլորովին էլ անամոթ չեմ: Իմ սիրտը նույնիսկ ամենաաննշան մանրուքի պատճառով պաղում է, ասես դիպել է սառույցի:
ՁԱՅՆ:Դու քեզ ուժե՞ ղ մարդ ես համարում:
ԵՍ:Անտարակույս, ես մեկն եմ նրանցից, ովքեր լեցուն են ուժով: Բայց ամենաուժեղը չեմ, հավանորեն, շատ հանգիստ կվերածվեի դմբոյի, ինչպես Գյոթե անունով մարդը:
ՁԱՅՆ:Գյոթեի սերը մաքուր էր:
ԵՍ:Կեղծիք է: Գրականության պատմաբանների կեղծիքն է: Երեսունհինգ տարեկանում Գյոթեն անսպասելիորեն փախավ Իտալիա: Այո: Դա այլ բան չէր, քան փախուստ: Այդ գաղտնիքը, բացառությամբ Գյոթեի, գիտեր միայն մադամ Շտեյնը:
ՁԱՅՆ:Այն, ինչ ասում ես` ինքնապաշտպանություն է: Չկա ավելի դյուրին բան, քան ինքնապաշտպանությունը:
ԵՍ:Ինքնապաշտպանությունը հեշտ բան չէ: Եթե հեշտ լիներ, դատապաշտպանի մասնագիտության կարիքը չէր զգացվի:
ՁԱՅՆ:Խորամանկ շատախոս: Քեզ հետ այլևս ոչ ոք չի ցանկանա գործ ունենալ:
ԵՍ:Ես ծառ ու ջրի տեր եմ, որոնք հուզում են սիրտս: Եվ ունեմ ավելի քան երեք հարյուր գիրք` ճապոնական և չինական, արևելյան և արևմտյան:
ՁԱՅՆ:Բայց դու առհավետ կկորցնես ընթերցողներիդ:
ԵՍ:Ես ընթերցողներ կունենամ ապագայում:
ՁԱՅՆ:Իսկ ապագայի ընթերցողները քեզ հաց կտա
՞ ն:
ԵՍ:Այսօրվաններն էլ առանձնապես առատաձեռն չեն: Բարձրագույն հոնարարս` էջին տասը իեն:
ՁԱՅՆ:Բայց դու, կարծեմ, ունևոր ես եղել...
ԵՍ:Իմ ամբողջ ունեցվածքը Խոնձյեի հողատարածքն է` կատվի ճակատի չափ: Իմ ամսական շահույթը, լավագույն ժամանակներում, չի անցել երեք հարյուր իենից:
ՁԱՅՆ:Բայց դու տուն ունես: Եվ նոր գրականության քրեստոմատիա...
ԵՍ:Այդ տանիքը ճնշում է ինձ: Քրեստոմատիայի վաճառքի շահույթը կարող եմ քեզ տալ. Որովհետև այն չորս-հինգ հարյուր իեն է:
ՁԱՅՆ:Բայց դու կազմողն ես այդ քրեստոմատիայի: Հենց դրանից պիտի ամաչես:
ԵՍ:Ամաչելու ի՞ նչ ունեմ:
ՁԱՅՆ:Դու մտար լուսավորության գործիչների շարքերը:
ԵՍ:Սուտ է: Լուսավորության գործիչները մտան մեր շարքերը: Ե'ս ձեռնամուխ եղա նրանց գործին:
ՁԱՅՆ:Այնուամենայնիվ, դու Նացումէ-սէնսէյի աշակերտն ես:
ԵՍ:Իհարկե, ես Նացումէ-սէնսէյի աշակերտն եմ: Դու, հավանորեն, գիտես այն Սոսէկի-սէնսէյին, գրականությամբ էր զբաղվում: Բայց դու, հավանաբար, չգիտես մյուս Նացումէ-սէնսէյին. Հանճարեղ` խելացնորի նման:
ՁԱՅՆ:Դու գաղափարներ չունես: Իսկ եթե նրանք դեպքից դեպք այնուամենայնիվ այցելում են, ապա միշտ հակասական են:
ԵՍ:Դա ապացուցում է, որ ես առաջ եմ գնում: Միայն հիմարն է մինչև վերջ համոզված, թե արեգակը կաթսայից փոքր է:
ՁԱՅՆ:Քո գոռոզությունը կսպանի քեզ:
ԵՍ:Երբեմն մտածում եմ` գուցե ես այն մարդկանցից չեմ, ով անկողնում է մեռնում:
ՁԱՅՆ:Կարծես թե մահից չես վախենում, հը՞ :
ԵՍ:Ես վախենում եմ մահվանից: Բայց մեռնելը դժվար չէ: Մեկ անգամ չէ, որ պարանը վզովս են գցել: Եվ մի քսան վայրկյան տառապելուց հետո սկսել եմ նույնիսկ ինչ-որ հաճելի զգացում ապրել: Ես մշտապես պատրաստ եմ առանց տատանվելու մեռնել, երբ հանդիպում եմ ոչ այնքան մահվանը, որքան մի ինչ-որ տհաճ բանի:
ՁԱՅՆ:Ուրեմն ինչու՞ չես մեռնում: Մի՞ թե ուրիշների աչքին դու, օրենքի տեսակետից, հանցագործ չես:
ԵՍ:Դրան ես համաձայն եմ: Ինչպես Վեռլենը, ինչպես Վագները կամ ինչպես մեծն Ստրինդբերգը:
ՁԱՅՆ:Բայց դու ոչինչ չես անում հանուն մեղաց քավության:
ԵՍ:Անում եմ: Չկա ավելի մեծ ապաշխարանք, քան տառապանքը:
ՁԱՅՆ:Դու անուղղելի սրիկա ես:
ԵՍ:Ավելի շուտ, ես բարեպաշտ եմ: Եթե սրիկա լինեի, այսքան չէի տառապի: Ավելին, օգտվելով կանանց սիրուց, կարող էի նրանցից փող շորթել:
ՁԱՅՆ:Ուրեմն դու, թերևս, ապուշ ես:
ԵՍ:Այո, թերևս, ապուշ եմ: «Հիմարի խոստովանանքը» գրել է մի ապուշ, որն ինձ հոգեհարազատ է:
ՁԱՅՆ:Ի հավելումն` դու կյանքը չգիտես:
ԵՍ:Եթե կյանքը ճանաչելը ամենակարևոր բանը լիներ, գործունյա մարդիկ ամենքից բարձրում կլինեին:
ՁԱՅՆ:Դու ատում էիր սերը: Սակայն հիմա տեսնում եմ, որ, սկզբից մինչև վերջ, սերը դասել ես ամեն ինչից բարձր:
ԵՍ:Ոչ, ես հիմա էլ սերը ամեն ինչից բարձր չեմ դասում, բնավ: Ես պոետ եմ: Արվեստագետ:
ՁԱՅՆ:Սակայն մի՞ թե դու չլքեցիր հորդ ու մորդ, կնոջդ ու երեխաներիդ` հանուն սիրո:
ԵՍ:Ստում ես: Ես լքել եմ հորս ու մորս, կնոջս ու երեխաներիս` միայն հանուն ինձ:
ՁԱՅՆ:Ուրեմն դու եսապաշտ ես:
ԵՍ:Ցավոք` եսապաշտ չեմ: Բայց կուզեի եսապաշտ դառնալ:
ՁԱՅՆ:Դժբախտաբար, դու վարակված ես «էգո»-ի արդի պաշտամունքով:
ԵՍ:Հենց դրանով էլ ժամանակակից մարդ եմ:
ՁԱՅՆ:Ժամանակակից մարդուն չես համեմատի հնադարյանի հետ:
ԵՍ:Հին մարդիկ ժամանակին նույնպես ժամանակակից են եղել:
ՁԱՅՆ:Դու չե՞ ս խղճում քո կնոջն ու երեխաներին:
ԵՍ:Արդյոք կգտնվի
՞ մեկը, որ նրանց չխղճա: Կարդա Գոգենի նամակները:
ՁԱՅՆ:Դու պատրաստ ես արդարացնել քո ամեն արարքը:
ԵՍ:Եթե արդարացնեի, քեզ հետ հիմա չէի խոսի:
ՁԱՅՆ:Ուրեմն քեզ չե՞ ս արդարացնելու:
ԵՍ:Ես պարզապես հաշտվում եմ ճակատագրի հետ:
ՁԱՅՆ:Իսկ ի՞ նչ կասես պատասխանատվությանդ մասին:
ԵՍ:Մեկ քառորդը` ժառանգականությունն է, մյուս քառորդը` շրջապատը, երրորդ քառորդը` պատահականությունները, ես պատասխանատու եմ միայն մեկ քառորդի համար:
ՁԱՅՆ:Ինչ մանր մարդ ես, այնուամենայնիվ:
ԵՍ:Բոլորն էլ մանր են, ինչես ես:
ՁԱՅՆ:Ուրեմն դու սատանայապաշտ ես:
ԵՍ:Ցավոք` սատանայապաշտ չեմ: Հատկապես անվտանգության գոտու սատանայապաշտների հանդեպ միշտ ատելություն եմ տածել:
ՁԱՅՆ (որոշ ժամանակ անխոս է):Այդուհանդերձ` դու տառապում ես` գոնե սա խոստովանիր:
ԵՍ:Մի գերագնահատիր: Գուցե ես հպարտանում եմ իմ տառապանքով: Եվ հետո, «ստացածը կորցնելու վախը» ուժեղների մենաշնորհը չի:
ՁԱՅՆ:Հնարավոր է` դու ազնիվ ես: Սակայն, դու պարզապես խեղկատա՞ կ ես:
ԵՍ:Ես էլ եմ մտմտում` ո՞ վ եմ ես:
ՁԱՅՆ:Դու միշտ համոզված ես եղել, որ ռեալիստ ես:
ԵՍ:Հենց այդչափ էլ իդեալիստ եմ:
ՁԱՅՆ:Դու, ըստ երևույթին, կկործանվես:
ԵՍ:Սակայն այն, ինչը ինձ ստեղծել է, կստեղծի մի երկրորդ «ինձ»:
ՁԱՅՆ:Դե ուրեմն տառապիր, որքան ուզում ես: Ես հեռանում եմ քեզնից:
ԵՍ:Սպասիր:Սկզբում ասա ինձ. դու, որ անդադար հարցեր ես տալիս ինձ, դու, որ անտեսանելի ես ինձ-ո՞ վ ես դու:
ՁԱՅՆ:Ե՞ ս: Ես հրեշտակն եմ, որն աշխարհի այգաբացին մարտնչում էր Հակոբի դեմ:

2.
ՁԱՅՆ:Ի~նչ խիզախ տղա ես:
ԵՍ:Ոչ, ես խիզախությունից զուրկ եմ: Եթե խիզախ լինեի` չէի նետվի առյուծի երախը, կսպասեի, մինչ ինքն ինձ խժռի:
ՁԱՅՆ:Սակայն քո արարքներում ինչ-որ մարդկային բան կա:
ԵՍ:Մարդկային ինչ-որ բանը` միևնույն ժամանակ անասնական ինչ-որ բան է:
ՁԱՅՆ:Դու ոչ մի վատ բան չես արել: Դու տառապում ես միայն ներկայիս հասարակարգի պատճառով:
ԵՍ:Նույնիսկ եթե այդ համակարգը փոխվեր, մեկ է, իմ արարքներն ինչ-որ մեկին անպայման դժբախտ կդարձնեին:
ՁԱՅՆ:Բայց դու ինքնասպան չեղար: Այսպես թե այնպես` դու զորություն ունես:
ԵՍ:Մեկ անգամ չէ, որ ցանկացել եմ ինքնասպան լինել: Օրինակ, ցանկանալով, որ մահս բնական երևա, ես օրական տասնյակ ճանճ էի ուտում: Ճանճ կուլ տալը, երբ նախապես մանրատել ես, հեչ բան է: Բայց ծամել` զզվելի է:
ՁԱՅՆ:Սակայն դու երևելի կդառնաս:
ԵՍ:Ես նման խնդիր չունեմ: Իմ ուզածը` միայն խաղաղություն է: Կարդա վագների նամակները: Ն գրում է, որ եթե ունենար բավական փող` սիրած կնոջ և երկու-երեք երեխաների հետ ապահով ապրելու համար, լիովին գոհ կլիներ` մեծ արվեստ չստեղծելով հանդերձ: Այսպիսին է նույնիսկ Վագները: Նույնիսկ այնպիսի վառ անհատականությունը, ինչպիսին էր Վագները:
ՁԱՅՆ:Ամեն դեպքում, դու տառապում ես: Դու խղճից զուրկ մարդ չես:
ԵՍ:Ես խիղճ չունեմ: Ես ունեմ միայն նյարդեր:
ՁԱՅՆ:Քո ընտանեկան կյանքը դժբախտ էր:
ԵՍ:Բայց իմ կինն ինձ միշտ հավատարիմ է եղել:
ՁԱՅՆ:Քո դժբախտության մեջ ավելի շատ բանականություն կա, քան` այլոց:
ԵՍ:Ստում ես: Իմ կատակերգության մեջ կյանքն ավելի քիչ եմ ճանաչում, քան այլոք:
ՁԱՅՆ:Բայց դու ազնիվ ես: Քո սիրած կնոջ ամուսնուն դու ամեն բան խոստովանեցիր ավելի վաղ, քան կապը կբացահայտվեր:
ԵՍ:Դա էլ է սուտ: Ես չէի խոստովանում այնքան ժամանակ, քանի դեռ հերիքում էր ուժս:
ՁԱՅՆ:Դու պոետ ես: Արվեստագետ: Քեզ ամեն բան թույլատրելի է:
ԵՍ:Ես պոետ եմ: Արվեստագետ: Բայց ես նաև հասարակության անդամ եմ: Զարմանելի չէ, որ ես կրում եմ իմ խաչը: Այդուհանդերձ` այն շատ թեթև է:
ՁԱՅՆ:Դու մոռանում ես քո «ես»-ը: Գնահատիր քո անհատականությունը և արհամարհիր ստոր խաժամուժին:
ԵՍ:Առանց քո խոսքերի էլ` ես գնահատում եմ իմ անհատականությունը: Բայց ժողովրդին չեմ քամահրում: Մի անգամ ասել եմ` «Թող որ տունը փլչի` հիմքը կմնա»: Շեքսպիրը, Գյոթեն, Տիկամացու Մոնձաէմոնը երբևէ կկործանվեն: Սակայն նրանց ծնած արգանդը` մեծ ժողովուրդը` չի կործանվի: Ամեն արվեստ, ինչպես էլ փոխվի նրա ձևը, ծնվելու է այդ ընդերքից:
ՁԱՅՆ:Այն, ինչ դու գրել ես, ինքնատիպ է:
ԵՍ:Ոչ, բոլորովին էլ ինքնատիպ չէ: Եվ ո՞ վ է օրիգինալը: Այն, ինչ գրել են բոլոր ժամանակների տաղանդները, իր նախատիպերն ունի ամենուրեք: Ես էլ եմ հաճախ գողացել:
ՁԱՅՆ:Սակայն դու նաև ուսուցանում ես:
ԵՍ:Ես սովորեցնում էի միայն անհնարինը: Եթե հնարավոր լիներ, ինքս կանեի ավելի վաղ, նախքան այլոց ուսուցանելը:
ՁԱՅՆ:Մի կասկածիր` որ գերմարդ ես:
ԵՍ:Ոչ, ես գերմարդ չեմ: Ոչ մեկս էլ գերմարդ չենք: Գերմարդը միայն Զրադաշտն է: Սակայն ինչ մահով է զոհվել Զրադաշտը, ինքը` Նիցշեն էլ չգիտե:
ՁԱՅՆ:Նույնիսկ դու՞ ես վախենում հասարակությունից:
ԵՍ:Իսկ ո՞ վ չի վախեցել հասարակությունից:
ՁԱՅՆ:Նայիր Ուայլդին, որը երեք տարի անցկացրեց բանտում: Ուայլդն ասում էր. «Ինքնասպան լինել` կնշանակի պարտություն կրել հասարակությունից»:
ԵՍ:Ուայլդն բանտում այդ մասին բազմիցս մտմտացել է: Եվ ինքնասպան չի եղել այն պատճառով միայն դա անելու միջոց չուներ:
ՁԱՅՆ:Ոտնատակ տուր չարն ու բարին:
ԵՍ:Իսկ ես հիմա ամենից շատ ուզում եմ առաքինի դառնալ:
ՁԱՅՆ:Դու չափազանց պարզունակ ես:
ԵՍ:Ոչ, չափազանց բարդ եմ:
ՁԱՅՆ:Բայց կարող ես հանգիստ լինել: Դու միշտ կունենաս ընթերցողներ:
ԵՍ:Միայն այն բանից հետո, երբ կդադարի գործել հեղինակային իրավունքը:
ՁԱՅՆ:Դու տառապում ես սիրո պատճառով:
ԵՍ:Սիրո պատճառո՞ վ: Քե'զ պահիր գրական ջահելներին պիտանի հաճոյախոսությունները: Պարզապես` ես սայթաքել եմ` սիրույն բախվելով:
ՁԱՅՆ:Յուրաքանչյուրը կսայթաքի:
ԵՍ:Դա միայն նշանակում էԴա միայն նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ դյուրությամբ կարող է գայթակղվել փողով:
ՁԱՅՆ:Դու խաչված ես կենաց խաչին:
ԵՍ:Դրանով հպարտանալ չարժե: Իր սիրուհուն սպանողը և ուրիշի փողերը գողացողը նույնպես խաչված է կենաց ծառին:
ՁԱՅՆ:Կյանքն այնքան էլ մռայլ չէ:
ԵՍ:Հայտնի է, որ կյանքը մթին է բոլորի համար, բացի «ընտրյալ փոքրամասնությունից»: Իսկ «ընտրյալ փոքրամասնությունը» այլ մի անվանումն էապուշների ու սրիկաների:
ՁԱՅՆ:Ուրեմն տառապիր, որքան ուզում ես: Դու ինձ ճանաչու՞ մ ես: Ինձ, որ եկա դիտավորյալ, որպեսզի սփոփե՞ մ քեզ:
ԵՍ:Դու շուն ես: Դու չարք ես, որը ժամանակին Ֆաուստի մոտ սողոսկեց շան տեսքով:
ՁԱՅՆ:Ի՞ նչ ես անում:
ԵՍ:Միայն գրում եմ:
ՁԱՅՆ:Ինչու՞ ես գրում:
ԵՍ:Միայն այն պատճառով, որ չգրել չեմ կարող:
ՁԱՅՆ:Դե գրիր: Գրիր` մինչ մեռն ի մահ:
ԵՍ:Իհարկե. Ուրիշ բան ինձ չի էլ մնում:
ՁԱՅՆ:Դու սպասվածից առավել հանգիստ ես նրանցից:
ԵՍ:Ոչ, ես բոլորովին հանգիստ չեմ: Եթե դու ինձ ճանաչողներից մեկը լինեիր, կիմանայիր նաև իմ տառապանքները:
ՁԱՅՆ:Ու՞ ր կորավ քո ժպիտը:
ԵՍ:Վերադարձել է երկինք, Աստվածների մոտ: Որպեսզի կյանքին ժպիտ պարգևես, հարկավոր է, առաջինը` հավասարակշիռ բնավորություն, երկրորդ` փող, երրորդ` առավել ամուր նյարդեր, քան իմն են:
ՁԱՅՆ:Բայց սիրտդ, կարծես, թեթևացավ:
ԵՍ:Այո, սիրտս թեթևացավ: Սակայն, փոխարենը, ստիպված եղա մերկ ուսերիս առնել մի ողջ կյանքի բեռ:
ՁԱՅՆ:Քեզ ոչինչ չի մնում անելու, քան ուզածիդ պես ապրելը: Կամ էլ` ուզածիդ պես...
ԵՍ:Այո: Ոչինչ չի մնում անելու, քան ուզածիս պես մեռնել:
ՁԱՅՆ:Դու նոր մարդ կդառնաս, նախկինից տարբեր:
ԵՍ:Ես միշտ հարազատ եմ մնում ինձ: Միայն կաշիս եմ փոխում: Ինչպես օձը...
ՁԱՅՆ:Դու ամեն բան գիտես:
ԵՍ:Ոչ, ամեն բան չէ, որ գիտեմ: Այն, ինչ գիտեմ` միայն մասն է ոգուս: Այն մասը, որը չգիտեմ, ոգուս Աֆրիկան է, որ տարածվում է անսահման: Ես վախենում են նրանից: Լույսի մեջ հրեշներ չեն ապրում: Իսկ անսահման խավարի մեջ դեռևս ինչ-որ բան քնած է:
ՁԱՅՆ:Եվ դու նույնպես իմ երեխան ես:
ԵՍ:Ո՞ վ ես դու. դու, որ համբուրեցիր ինձ: Այո, ես քեզ գիտեմ:
ՁԱՅՆ:Ուստի, ես ո՞ վ եմ, ըստ քեզ:
ԵՍ:Դու նա ես, ով զրկեց ինձ խաղաղությունից: Նա, ով ավերեց իմ էպիկուրականությունը: Ի՞ մ: Ոչ, ոչ միայն իմ: Դու նա ես, ում պատճառով մենք կորցրինք մեր հավասարակշռության ոգին, այն, ինչ ուսուցանում էր մեզ հինավուրց Չինաստանի իմաստունը: Քո զոհերն ամենուրեք են: Ե'վ գրականության պատմության, և' լրագրային հոդվածների մեջ:
ՁԱՅՆ:Ուրեմն անունս ի՞ նչ կդնես:
ԵՍ:Ես... Ինչպես քեզ անվանել, չգիտեմ: Սակայն եթե օգտվեմ ուրիշների ասածներից, ապա դու` ուժ ես, որը մեզ գերազանցում է: Դու դև ես` մեզ տիրող:
ՁԱՅՆ:Շնորհավորիր ինքդ քեզ: Ես ոչ ոքի չեմ այցելում զրուցելու համար:
ԵՍ:Ոչ, ես առավել, քան ուրիշ մեկը, կզգուշանամ քո գալուստից: Այնտեղ, ուր դու հայտնվում ես, խաղաղություն չկա: Բայց դու, ինչպես ռենտգենի ճառագայթ, թափանցում ես ամեն ինչի միջով:
ՁԱՅՆ:Ուրեմն, այսուհետ զգոն եղիր:
ԵՍ:Անտարակույս, այսուհետ ես զգոն կլինեմ: Սակայն, ահա, երբ ձեռքիս է գրիչը...
ՁԱՅՆ:Երբ քո ձեռքին կլինի գրիչը, դու կասես` արի':
ԵՍ:Ո՞ վ կասի – արի: Ես պստիկ գրողներից մեկն եմ: Եվ ուզում եմ լինել պստիկ գրողներից մեկը: Այլապես խաղաղություն ձեռք չեմ բերի: Սակայն երբ ձեռքիս գրիչ լինի` ես, գուցե, կընկնեմ քո գերության ցանցը:
ՁԱՅՆ:Ուրեմն եղիր միշտ ուշադիր: Հնարավոր է` ես կյանքի կոչեմ քո բոլոր ասածները` մեկը մյուսի ետևից: Դեհ, ցտեսություն: Չէ՞ որ ես երբևէ դարձյալ գալու եմ:
ՁԱՅՆ (մենակ):Ակուտագավա Րյունոսկե: Ակուտագավա Րյունոսկե: Արմատներով ավելի ամուր կառչիր հողին: Դու եղեգ ես, որ տատանվում է քամուց: Գուցե ամպերը քո գլխավերևում մի օր ցրվեն: Միայն թե ամուր կանգնիր ոտքերիդ վրա: Հանուն սեփական անձի: Հանուն քո երեխաների: Սպանված մի եղիր: Բայց ոչ էլ նվաստացրու անձդ: Եվ դու կբարձրանաս:

Դեկտեմբեր, 1926.
(Հրապարակվել է ետմահու)

Комментариев нет:

Отправить комментарий