Թարգմ. Այդին Մորիկյանի
***
Հովտում այս
Սոխակներն ինձ միայնակ են թողել,
Որ ես պահպանեմ իրենց բները:
Իսկ իրենք, անդուլ
Երգում են հեռու բլրակի վրա:
***
Արի, շուտ արի
Դու իմ միայնակ այս կացարանը:
Սալորենիներն են ծաղկել:
Նման առիթով
Անգամ օտարը ինձ այցի կգար:
***
Ա~խ, թե աշխարհում
Լուսինը երբեք դեմքը չծածկեր ամպերի հետև...
Եվ բալենին էլ չծաղկաթափվե~ր...
Այդժամ կապրեի ես անդորր հոգով
Առանց տագնապի այս զգացումի:
ՆԱՅԵԼՈՑ ԾԵՐ ԲԱԼԵՆՈՒՆ, ՈՐԸ ՆՈՍՐ ԾԱՂԻԿՆԵՐ ՈՒՆԵՐ
Մի առանձնակի հուզմունքով եմ նայում
Այս ծեր բալենու ճյուղերին.
Թախծոտ են ծաղիկները:
Ասա, դեռ քանի՞ գարուն
Կդիմավորես:
***
Կկու, ընկեր իմ:
Մահվանից հետո,
Երբ ես կընթանամ լեռան կածանով,
Դու, ինչպես այժմ,
Հենց այդ խոսքերով զրուցիր ինձ հետ:
***
Մայր մտավ և նա`
Ջրերի գրկում
Ապրող լուսնյակը:
Մի՞թե լճակում
Լեռներն են թաքչում:
***
Գնում էի ես դեպ երկնի հեռուն:
Թե ուր և ինչու, ինքս էլ չգիտեմ:
Եվ սակայն, հանկարծ զգացի մի պահ,
Որ ճերմակ ամպը, ա~խ, խաբել է ինձ`
Ծաղկած բալենի ինձ երևալով:
ԲԱՆԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԳՐՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԼՈՒՍՆԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Հեռացող գարուն...
Չի կարողանում նրան ետ պահել
Կեսգիշերային մթնաշաղն անգամ:
Դրանից չէ? Արդյոք, որ այժմ նա ավելի գեղեցիկ է,
Քան արշալույսը:
***
Ճամփեզրին
Վճիտ, զուլալ առվակն է:
Ստվերախիտ ուռի:
Կարծում էի պահ կտևի,
Սակայն կանգնել եմ ես երկա~ր-երկա~ր...
ՈՒԹԵՐՈՐԴ ԼՈՒՍՆԻ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՇԵՐԸ
Այնպես էի տենչում
Որ կյանքս ձգվեր
Գեթ մինչ այս աշնան գիշերը:
Մի պահ միայն` հանուն լուսնյակի,
Կյանքն ինձ ավելի թանկ թվաց:
ՃՊՈՒՌԸ ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐԻՆ
Առանց ցող իսկ թափելու,
Ծաղկած մի ճյուղ
Պոկեմ`
Լուսնի ցոլանքը վրան,
Ճպուռի երգով...
Комментариев нет:
Отправить комментарий