Շունտարո Տանիկավայի այս բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» ամսագրի 2003-ի 6-րդ համարում` Ակիկո Հիկիի թարգմանությամբ:
ԵՐԿՈՒ ԲԻԼԻՈՆ ԼՈՒՍԱՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Մարդկությունը փոքրիկ գնդի վրա,
Քնում է, զարթնում ու աշխատում
և երբումն ընկերներ է ուզում Մարսից:
Մարսեցիները փոքրիկ գնդի վրա
Ինչ են անում, ես չգիտեմ:
Կամ, կարող է, ՆԵՐԻՐԻ-ԿԻՐԻՐԻ-ՀԱՐԱՐԱ են անում
և երբեմն ընկերներ են ուզում Երկրագնդից:
Դա անշուշտ հասկանալի է:
Տիեզերական ձգողությունը
Իրար ձգող ուժն է մենության:
Տիեզերքն այլակերպված է,
և այդ պատճառով բոլորը տենչում են միմյանց:
Տիեզերքն ուռչում է արագորոն,
և այդ պատճառով բոլորն անհանգիստ են:
ՕԳՈՍՏՈՍ
Օգոստոսին երազ չեն տեսնում:
Ես տեսա
Կապույտ ծովն անսահման և աղջկա ազդրն արևակեզ:
Ես տեսա,
Որ արևը սահում է և անցնում ծովափով քամու:
Այն ժամանակից ի վեր
Արյունս, ծովը ու գիշերը
Սկսեցին նույն հոտն արձակել:
Սրանից բացի չկա ոչինչ:
Սրանից բացի
Չկա
Ոչինչ:
Օգոստոսը
Լի էր աստղերով փառքի:
«ԱՄԱՌՆԱՄՈՒՏ» շարքից
ԿՂՄԻՆԴՐՆԵՐԸ
Սառած ձայներն
Ամպերն արտացոլելով`
Սկսեցին հոսել:
Սարերն անցնելիս
Մարդիկ, սրինգի պես
Երկար երգերը երգելով,
Քաղաքում ցրում են
Բազմազան նշանները գաղտնի:
ԽԱՇՆԱՐԱԾ
Ծույլ էին իմ օրերը:
Իմ գործը սպասելն էր:
Ես հենվում էի անկողնուն եղանակի`
Ապաքինության ընթացքի պես:
Մարդկանցից բացի,
Ես երազում էի իմ գերեզմանը:
ԻՐԻԿՆԱԺԱՄ
Չորացածները ճախրեցին մարդու ձևով:
Թռչունները ծփացին ծանր տերևների պես:
Վաճառականի դեղերը մնացին, և ես մտաբերում էի
Հազար տարի առաջ կատարվածը:
ԿՈՇԻԿՆԵՐ ՄԱՔՐՈՂԸ
Մտածում եմ աղոտ, որ կան այնպիսի բաներ`
պայծառ աթոռներ, գերազանց երեխաներ ու սառը ըմպելիք:
ԼՈւՅՍԸ
Այցելել եմ անթիվ աստղերին:
Բոլորը փնթփնթում էին բանաձևի նման,
Թե` չգիտենք, չգիտենք մենք:
Ես կառուցում եմ ճանապարհը անօդի մեջ,
Սակայն կան անհասանելի տեղեր
Անծանոթ տարածության մեջ:
Ես կհաշվեմ կյանքս,
Ու վախենում եմ:
ԳԵՏԵՐԸ
Մարդը մահացել է նորից:
Մանկության օրերին սովորել եմ եղնիկի, մայրու և կրաքարի մասին,
Ու հիմա սովորում եմ մարդկանց մասին:
Արցունքս թափվում էծովին,
Ու սպիտակ շոգենավը նրա վրայով է սահում:
ՍՈԽԱԿԸ
Ընդարձակ արոտավայրում
Նույնիսկ ձիերը չեն երևում:
Հեռուն տոնական վարագույրով է ծածկված,
Այնտեղ մշուշոտ երկինք կա, և խոտերն օրհնող
Միայնակ մի դիրիժոր:
ԳԵՐԵԶՄԱՆԸ
Որպես ինչ-որ մեկի կամքի գծագիր`
Բոլոր ոսկորները լուռ, ատելի հայացքով,
Ճերմակ ու մաքուր` դրանց վրայով
Քամին փչում է, անցնում է հոգու բույրով:
Առաջ գոյություն ուներ մի խղճալի հաստատություն:
Ցավոտ հուշերը մահկանացուների:
Սակայն դրանք էլ կկորցնեն,
Ես փնթփնթում եմ մամուռի վրա:
Ես ձեռքս մեկնում եմ դեպի տիեզերքը:
Ես կանխազգում եմ ամբողջ կյանքս:
Ես անվերջ փորձում եմ վերադառնալ:
Մի ակնթարթ մատղաշ տերևների
Ստվերներն են օրորվում:
ՏՆՕՐԵՆԸ
Ծառերի կանաչ ստվերը
Գալիս է գեղեցիկ հեծանվով:
Կապույտ, անդորր առօրեականությունը
Այսօր էլ է շողում մանուկների վրա:
Գոհությունն ինձ հենարան է դնում բազմոցի պես:
ՀԻՎԱՆԴԸ
Ծառերի օր, ցեխի օր, ձեռքերի օր, հոտի օր,
Ստվերի օր, երկնքի օր, ճանապարհի օր, երկնքի օր:
ՏՂԱՆ
Հավերժությունն ի~նչ ձանձրույթ է հոգու
Եվ ի~նչ վախ:
Մի մոլորակի ժամանակահատված ու իր փոքր երջանկությունը,
Մի ուղեղ ու իր գեղեցիկ, քմահաճ ձևը,
Եվ
Մի սիրտ ու իր խղճուկ մեծությունը:
Ես պատասխան չունեմ սրանց հարստության դեմ:
Մարդիկ կասկածելով, բայց գոհ մնալով` ընկան,
Իմաստությունը լինում է ամեն ակնթարթում,
Ամառնամուտը նորից է գալիս, և ես առաջին անգամ կհանդիպեմ ամառնամուտի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий