пятница, 25 февраля 2011 г.

ՍԻՄԻՁՈՒ ՏԱԿԱՆՈՐԻ / Աշխարհի մարդկանց («Հիրոսիմայի երգեր» շարքից)





Հայերեն տպագրվել է 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Սիլվա Կապուտիկյանի թարգմանությամբ:

Մարդի'կ,
Ներե~ք մեզ,-
Թող Հիրոսիման երգի իր վիշտը.
Դուք կսիրեք այդ երգը տխրակեզ,
Դուք կպարզեք մեզ ձեր ձեռքն ու սիրտը:

Օ~, ո'չ,
Աշխարհի մարդիկ, իզու'ր է,
Մեր շուրթը երգել մի՞ թե կարող է,
Մի՞ թե երգ ունեն նրանք, որ ողջ-ողջ
Գետնի տակ անցան` թողած այս բողբոջ
Այգին, անտառը, արևի շողը...

Մի՞ թե երգ ունեն նրանք, որ հիմա
Մեռած աչքով են զգում այս կյանքը,
Երբ լոկ հուշով են տեսնում երկինքը,
Երբ լոկ մոխրով է լի նրանց համար
Օթան` մեր կապույտ, մեր ջինջ գետակը...

Մեր շուրթը երգել մի՞ թե կարող է.
Նրանք, որ լուռ են, ինչպես այս հողը,
Նրանք էլ ոչինչ չունեն, օ~, մարդի~կ,
Նրանց մնում է ձեր կարեկցանքը,
ձեր տաք արցունքը...
Խավարով լցված աչքերի համար
Չկա ուրիշ լույս, քան այն աչքերը,
Որ ողողված են սիրով մի անմար,
Որ նայում են մեզ ցավով վշտահար:
Մեզ հարկավոր չէ պարգև մի ուրիշ,
Քան ձեր մեծ սերը, մարդի'կ, ձեր սերը,
Միայն ձեր սե~րը.
Մարդուն առավել սիրելու համար`
Պետք չէ մոռանալ անցյալի սևը...

Մարդի'կ,
Ներե~ք մեզ,
Թող Հիրոսիման երգի իր վիշտը...
Դուք մեզ մոտ եկեք, բա~ց ` մեր սիրտը,
Եկե~ք, էլ այստեղ ծուխ ու բոց չկա,
Մեր քաղաքը ձեզ գուցե դուր կգա,
Եվ դուք կտեսնեք ինչքան վճիտ է
Հիրոսիմայի երկի~նքը կապույտ,
Հիրոսիմայի գետակը կապույտ...

Комментариев нет:

Отправить комментарий