Ես չեմ սպասում, որ ապագայում ճանաչում կգտնեմ, հանրության պատկերացումները երբեք չեն խփում թիրախին:
Մեր ժամանակների հանրության մասին որ խոսել իսկ չարժե: Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե որքան հեռու էին հանրության կատարելատիպից Պերիկլեսի ժամանակվա աթենացիները և Վերածննդի շրջանի ֆլորենտացիները: Եթե այդպիսին է այսօրվա և երեկվա հասարակությունը, ապա հեշտ է ենթադրել, թե ինչպիսին կլինի վաղվա հանրային ըմբռնումները: Որքան էլ ցավալի է, ես չեմ կարող թերահավատ չլինել, որ թեկուզ հարյուր տարի անց մարդիկ կկարողանան ոսկին զանազանել ավազից:
Ենթադրենք` հնարավոր է կատարյալ հասարակության գոյությունը, բայց հնարավո՞ ր է արդյոք արվեստի աշխարհում բացարձակ գեղեցկության գոյությունը: Այսօրվա իմ աչքերն ընդամենն այսօրվա աչքերն են, այլ ոչ թե վաղվա: Եվ իմ աչքերը ճապոնացու, այլ ոչ թե եվրոպացու աչքեր են: Ուրեմն` ինչու՞ ես պետք է հավատամ ժամանակից և տեղից վեր բացարձակ գեղեցկության գոյությանը: Ճշմարիտ է, դանթեական դժոխքի բոցից այսօր էլ սոսկում են Արևելքի զավակները: Բայց այդ բոցի ու մեր միջև մշուշի նման ձգվում է 14-րդ դարի Իտալիան, այդպես չէ՞:
Առավել ևս` ես, մի սովորական գրող: Թող որ գոյություն ունի համընդհանուր գեղեցկություն, բայց ես չեմ թաքցնում իմ ստեղծագործությունները սարի գլխին: Պարզ է, որ ես չեմ սպասում, թե առաջիկայում ճանաչված կլինեմ: Երբեմն ես պատկերացնում եմ, որ տասնհինգ, քսան, իսկ առավել ևս հարյուր տարի անց իմ գոյության մասին այլևս ոչ ոք չի իմանա: Այդ ժամանակ իմ ստեղծագործությունների ժողովածում Կունդի հնագրավաճառի մի կորած դարակում, փոշու մեջ կորած, ապարդյուն կսպասի իր ընթերցողին: Իսկ գուցեև ինչ-որ գրադարանում իմ որևէ հատորյակը գրքի անկուշտ որդերի կեր կդառնա և այնպես կծվատվի-կկրծոտվի, որ տառերն էլ չեն կարդացվի: Եվ, սակայն...
Ես մտածում եմ` և, սակայն... Թերևս հնարավոր է, որ ինչ-որ մեկը պատահաբար կնկատի իմ գրքերը և կկարդա որևէ կարճ պատմվածք կամ թեկուզ մի քանի տող: Եվ (ես թաքուն փայփայում եմ քաղցր հույսը), մեկ էլ տեսար, այդ կարճ պատմվածքը կամ մի քանի տողերը, ապագայի ընթերցողին պարուրեն, թեկուզ` հպանցիկ, չքնաղ երազով:
Ես չեմ սպասում, որ ապագայում ճանաչված կլինեմ: Ուստի հասկանում եմ, թե նման երազանքները որքան են հակասում իմ համոզմունքին:
Եվ, այնուամենայնիվ, ես պատկերացնում եմ. Պատկերացնում եմ ընթերցողին, որ հեռավոր ժամանակներում, հարյուրավոր տարիներ անց, ձեռքը կառնի իմ ստեղծագործությունների ժողովածուն: Պատկերացնում եմ, թե ինչպես այդ ընթերցողիս հոգու մեջ մշուշոտ, ինչպես տեսիլքը, կհառնի իմ կերպարը...
Ես հասկանում եմ, որ խելոքները կծիծաղեն իմ հիմարության վրա: Բայց ծիծաղել ես ինքս էլ եմ կարողանում, դրանում ես չեմ զիջի ոչ ոքի: Եվ սակայն, ծիծաղելով իմ սեփական հիմարության վրա, ես չեմ կարող չխղճալ ինքս ինձ այս հիմարությանը կառչած իմ սեփական հոգեկան տկարության համար: Ես չեմ կարող ինձ հետ միասին չխղճալ հոգեպես տկար մյուս բոլոր մարդկանց...
1922-26 թթ.
Շնորհակալություն թե՛ լավ պատմվածքի, թե՛ նման կարևոր գործ անելու համար: Այսօր Հայաստանում շատ քչերն են տեղյակ ճապոնական գրականությունից, հուսով եմ, որ դուք ձեր աշխատանքով կնպաստեք ընթերցողների շրջանակի ընդլայնմանը:
ОтветитьУдалить