Բանաստեղծությունները հայերեն տպագրվել են 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Դավիթ Հովհաննեսի թարգմանությամբ:
ԾՈՎԻ ՄՌՆՉՅՈՒՆԸ
Երբ իմ ստինքները բարձրանում են հանդարտ,
Ես լսում եմ հեռվում ծովի խուլ մռնչյունը,
Լուսինը ձգում է ուժգին, և ծովը ելնում է երկրի խորքից,
և ալիքը շփում է անվերջ իմ ավազոտ ծովափը:
Ես սպասում եմ այսպես, ընդմիշտ,
մինչև իմ ամուսինն ու իմ զավակները
գան, վազեն ու խաղեն
Երազների աշխարհի լողափում:
ԾԱՌԸ
Ամեն ծառի մեջ չգոյության մի ծառ,-
Նրա ճյուղերը քամուց օրորվում են հիմա,
Կապույտ երկնքի պարզության մեջ
կա չգոյության մի այլ պարզություն,-
Նրա հորիզոնը ճեղքված է հիմա հավքի թռիչքով,
Կնոջ մարմնի մեջ կա չգոյության ուրիշ մի մարմին,-
Նրա դամբանը հագենում է հիմա նոր արյունով,
Ամեն քաղաքի մեջ կա չգոյության մի այլ քաղաք,-
Նրա լույսերը դողդոջում են ճանապարհի ողջ երկայնքի վրաԼ
ՆՈՐ ՔԱՂԱՔԸ
Ահավասիկ օտար հագուստներով քայլող կանայք,
Պարենամթերքի ցանցերը, երեխաների սայլակներ...
Սալարկված մի փողոց: Սա է, որ կոչվում է ճանապարհ,
Այն մարդը, ում հետ ապրում եմ ամեն օր,
մի անուն ունի, որ թվում է, թե իր սեփականն է,
Մերթ ընդ մերթ սև տուփի միջից մի ձայն
այդ անունն է արտաբերում,-
Այստեղ մոտիկ է գալիս մի աշխարհ, որն անծանոթ է ինձ:
Комментариев нет:
Отправить комментарий