воскресенье, 13 февраля 2011 г.

ՁԵՆՏԻԿՈւ (15-րդ դար) / Յան Գույ-Ֆեյ (քնարական դրամա)





Ձենտուկիի Յան Գույ-Ֆեյ դրամայի այս թարգմանությունը և մուտքի խոսքը վերցված է 2003-ին Երևանում տպագրված Վիգեն Բաբայանի «Բազմանվագ» (թարգմանություններ և փոխադրություններ) գրքից:


Սյուանցզուն տիրակալի գեղեցկուհի հարճ Յան Գույ-Ֆեյի տխրալի պատմությունը մեր աչքի առաջ կենդանանում է 15-րդ դարի ճապոնական դրամայում, Ձենտիկույի հեղինակությամբ: Նմանօրինակ ներկայացումները, որ ճապոներեն կոչվում էին յոկյոկու, ի հայտ են եկել 13-րդ դարում և վերջնականապես ձևավորվել 14-ում, ճապոնական հանրահայտ թատերագիրների և Կանամի ու Սեամի թատրոնների ճանաչված բեմական վարպետների կողմից: Արտաքուստ սա հիշեցնում է դրամատիզացված պոեմ, ուր բոլոր երկխոսություններն ու մենախոսությունները բաժանված են համապատասխան կերպարների, իսկ պատմողական հատվածները Երգչախմբի միջև: Սակայն այս կառույցը ամենուրեք չէ որ պահպանվում է, հաճախ երգչախումբը հայտնվում է գործող անձի դերում, իսկ հերոսները ներկայացնելով պատմական հատվածները, անսպասելիորեն անցում են կատարում ուղիղ խոսքից` անուղղակիին: Արևելյան երաժշտությամբ համեմված այս ներկայացումները հայտնի էին նաև Արևմուտքին:

ՖԱՆ ԳՈւՅ-ՖԵՅ
(քնարական դրամա)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ – Թանի տիրակալ Սյուանցզունի գեղեցկուհի հարճը
ԿԱԽԱՐԴ – Սյուանցզունի պատվիրակ
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՆԱԽԵՐԳ

ԿԱԽԱՐԴ
Ա~խ դեռևս չգիտեմ լուսայգն ի՞ նչ է խոստանում
Տարաժամին այս զարհուր, ո՞ ր հեռուներն է տանում:
Արշալույսին քայլեցի այս անծանոթ ճամփեքով,
Փնտրտուքով թափանցիկ, օտարոտի եզերքով:
Ես` մի կախարդ, մի վհուկ, որ հայտնի եմ մոգությամբ,
Ծառայում եմ տիրոջն իմ, Սյուանցզուն մեծ արքային,
Ծառայում եմ կամովին, նվիրյալ ու գոհությամբ,
Նրան խորհուրդ եմ տալիս իմ արհեստով այնքան հին:
Եվ տիրակալն իմ, իրավ, ուղղամիտ էր ու արդար,
Բայց և գերվեց կանացի գեղեցկության թովչանքին,
Աստվածազուն մի էակ, լուսասնունդ ու կայտառ,
Որ իր նմանը չուներ, հարսն էր ասես երկնքի:
Աղջնակն այս գեղանի Յանի տոհմից էր սերում,
Եվ անունն էր Յան Գույ-Ֆեյ, օ~, հմայիլ եթերի,
Ապստամբեց Ան Լուշան, արնախումն այդ աններում,
Ու զոհ գնաց դիցուհին, գեղեցկուհին անթերի:
Ի՞ նչ պատիժ էր, օ~, երկինք, որ կատարվեց այդ գիշեր,
Ու Մանգույան դաշտերում արյան գետեր հոսեցին,
Եվ իմ տերը կորցրեց,-սարսափում եմ արդ հիշել,-
Ադամանդն իր լուսեղեն: Մունջ շուրթերն իր խոսեցին.
«Գնա,-ասաց,-ու փնտրիր ամենուրեք, օ~, մոգ իմ,
Տես, թե ուր է բնակվում անմահական այդ ոգին»:
Ես փնտրեցի տենդագին լազուրներում խելահեղ
Ու սուզվեցի անդրաշխարհ, խորխորատներ անսովոր,
Ապավինեց ո՞ ր խորշին էությունն այդ փառահեղ,
Օտարոտի ի՞ նչ երկրում` առեղծված է առ այսօր:
Վերջին հույսն եմ փայփայում, պիտի մեկնեմ ես հիմա
Երանելյաց մի աշխարհ, ուր չկա մահ, մոռացում,
Ու կփնտրեմ ես նրան, կմաքառեմ մինչ ի մահ,
Որպես հատույց իմ տիրոջ, որպես պարտք ու գոհացում:

(երգում է)
Թափառում եմ կարեվեր
Հոգու աշխարհում,
Օ~, թե երկինքն արևեր,
Լույս տար անմարում,
Կկանչեի ես այնժամ`
«Այնտեղ է ոգին»...
Մինչ ալիքներն այս դաժան
Քշում են մոգիս:
Ահա ծովում երևաց
Կղզին անծանոթ,
Թեթև նավակն իմ սուրաց
Իմ հայտնության մոտ:
Կանաչազեղ այս խոտից
Սնար կհյուսեմ,
Իսկ այս ծաղկանց բյուր-հոտից`
Երազն իմ լուսե:
Անմահության ափերին
Նավակն իմ հասավ,
Ահա եզերքն անփերի
Աչքերն իմ տեսան:

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
(Գործողության վայրը` Անմահության երկիր)

ԿԱԽԱՐԴ
Շտապում էի այնպե~ս, և ահա հասա հավերժական պատանության և հավերժական գեղեցկության տաճարին: Այժմ այստեղ հարցուփորձ կանեմ ամենքին:

(նայում է չորս դին)

Հետամուտ եղա հոգուս խրատին,
Ի փառս նրա` ուղեցույց դարձա
Եվ հայտնվեցի լուսեղ տաճարում
Անմահության և հարատև գոյի:
Իմ դեմ` տաճարներ վեր դարսիդարսված,
Ձգվում են հեռուն, ուր աչքդ կտրի:
Կատարելության փառավոր կերտվածք,
Ասես հպվում են երկնի դարպասին,
Եվ ի~նչ գալարներ, որոնք պատմում են
Յոթ հրաշքների և բուդդայական
Յոթ խորհուրդների գոյության մասին:
Նույնիսկ Չանշենն ու Լիտյանն անառիկ
Չեն կարող չափվել այս աներկրային
Դյութանքների հետ, որոնց ցոլանքից
Աչքն է խտղտում... Օ~, անգո տեսիլք...

(մոտենում է տաճարին)

Ինչպես ուսուցանել էին, սպասածին պես ահա հայտնվեցին կացարանները, որոնց վրա արձանագրություններ կան: Ահա դրանցից մեկը. «Աստ հանգչի Թայ Չժեն Սուրբն մեծ»: Այսպես ուրեմն, ես հիմա կթափառեմ ու կճշտեմ, թե ինչ ասել է այս ամենը:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
(ձայն տաճարից)

Անցած-գնացած օրեր իմ լուսեղ...
Գարնանազմայլ զմրուխտ պարտեզում,
Երբ մենք միասին ճեմում էինք լուռ
Լիշանի լեռան գունեղ ծաղկունքով,
Օ~, ի~նչ տեսլաժամ, ի~նչ երանություն...

Բայց թարշամեցին աչկունքը ծաղկանց,
Փոխվեց ամեն բան և բաժանվեցինք...
Օ~, ահեղ դիպված...
Եվ ահա, աշնան պաղ քարանձավում,
Այս Անմահության երկրում հավերժի
Ես մեն ու մենակ զմայլվում եմ դեռ
Այս լուսնալույսի ցոլանքով մեղմիկ:
Օ~, շող լուսնային,
Եվ անկասելի լուրն այս իրապես
Տառապանքներ է հավելում սրտիս,
Երկրային սիրո վայելքներն անտես
Հոգիս խավարկոտ անդունդն են մղում:

ԿԱԽԱՐԴ
Ա~յ քեզ նորություն...
Անսպասելի հայտնություն էր սա,
Ինձ պետք է հիմա քիչ աճապարել,
Պատմել տիրոջն իմ, ինչ որ ես տեսա:
Մեկնելուց առաջ, տուր ինձ, խնդրում եմ,
Ծանոթ մի նվեր, գեթ մի նշանակ,
Որ հիշատակիդ խոսնակը դառնա:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Վերցրու, խնդրեմ, որպես հիշատակ,
Որպես իմ սիրո անշշուկ վկա,
Այս հերակալս մարգարտահատիկ:

ԿԱԽԱՐԴ
Օ~, ոչ, աշխարհում մարգարտաշարով
Անթիվ զարդեր կան: Ա~յ թե տանեի
Քո շշուկները` լույս-ծաղկաթերթիկ,
Այն բառ-գանձերը, որոնց զորությամբ
Հավատարմության երդում ենք տվել,
Որոնք հասու չեն օտար ունկերին...

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Իրավ ես, իրավ, խոսք է ճշմարիտ:
Հուշացոլքերը հառնում են իմ դեմ,
Լույս-ծաղկաթերթով ու բառագանձով
Երդվեցինք այդօր, աշնանամուտի
Օրն է յոթերորդ... Լուսնկա գիշեր,
Լոկ մի զույգ աստղի մունջ առկայությամբ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
ԹԵ ՈՐ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՍԻՐՈ ԵՐԿՐՈՒՄ,
ԹՈՂ ԼԻՆԵՆՔ ԵՐԿՃՅՈՒՂ ԾԱՌ ԻՐԱՐ ԳՐԿՈՒՄ,
ԹԵ ՈՐ ՄԵՆՔ ԼԻՆԵՆՔ ՇԱՓՅՈՒՂԱ ԵՐԿՆՈՒՄ,
ԹՈՂ ԼԻՆԵՆՔ ԹՌՉՆԻ ԹԵՎԵՐԸ ԵՐԿՈՒ:

Ահա այս երդմամբ երդվեցին նրանք,
Անտես, անվկա: Պատմիր այդ մասին,
Թոթովանքներով գաղտնի անարատ
Սեր շշնջացին մեկը մյուսին:
Օ~, այս անցավոր աշխարհում սակայն,
Այս ունայնության տարերքում անգո,
Կյանքի ու մահվան խորշում սառցակալ
Պտույտ է անում վիշտը չարագործ:
Սակայն այդ լուսե աճյունափոշին
Ցրվեց Մանգույան դաշտում արնամած,
Հոգին համբարձվեց թեպետ մշուշից,
Ճյուղերից մեկը կոտրված մնաց:
Հոսում են արնոտ ջրերը անսաստ,
Բայց հավերժող են սերերն անարատ,
Դու նրա վերջին աղոթքը անսա,
Հենց այդ մասին էլ կպատմես նրան:


ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

ԿԱԽԱՐԴ
Երջանկությունից տերն իմ կցնծար,
Բախտի դիպվածով նավակն այս թե որ
Ճեղքելով ծովը, որպես սուրբ ընծա
Քեզ նրա գիրկը հասցներ մի օր:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Կխարկվեմ այսպես մենության բոցում,
Անլուր տխրության ճիրանում դեղին,
Իմ այս մետաքսե սևսուգ թիկնոցում,
Քշվելով բախտի հորդուն հեղեղից:
Երկնում իմ աստղը աչք չի կկոցում,
Գալիքն անլույս է, անհայտ է ուղիս,
Անհույս օրերն այս իմ սիրտն են խոցում
Եվ թունոտ անձրև մաղում ուղեղիս:

(կախարդին)

Համբերիր սակայն, փորձում եմ հիշել
Մի լուսե պատկեր, սիրո մի գիշեր...

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Պալատում էր մարմարե,
Լիշան լեռան փեշերին,
Լուսնալույսն էր մարմրել,
Մերվել էինք գիշերին:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Ու պարում էի ինչպես ծաղկաթերթ,
Գլխիս` հերակալ մարգարտահատիկ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Նույն հերակալով, երկինքը վկա...

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Թիթեռի թև էր թիկնոցս մետաքս...

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Օ~, ծիածանված պարեր ոսկեթև,
Սահում էիր դու երազով օծուն...

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Ամեն ինչ պատիրք, տեսիլք էր թեթև,
Օ~, հեքիաթներն այդ իմ սիրտն են խոցում:
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Կորուսյալ անուրջ... Էլ ո՞ վ զարմանա,
Աշխա~րհ անցավոր, սուտ ու մոռացկուն,
Մեկ օրվա ցնորք, օ~, խեղճ փարվանա...

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Ու երբ խոկում ես անցյալի մասին,
Հասու չես լինում ծագումին նրա,
Ապագան նույնքան շարժում է մի սին,
Ուր կյանքն ու մահը ծանոթ չեն իրար:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Քսանհինգ ձև կա տարբեր կեցության,
Թող փորձի շեղվել մեկը դրանից,
Անճողոպրելի վախճանից հանկարծ,
Ի՞ նչ է սպասվում մահկանացուին:
Կա հինգ երկնաշխարհ... Եղծում կա, ավեր
Անգամ չորս ծանոթ տիրույթում Սյումի,
Հյուսիսաի մարդիկ ապրում են դարեր,
Չեն փրկվում սակայն ճիրանից մահի:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Դիցուհի էի երկնում այն օրից,
Բնակվում էի ոգիների հետ,
Մահկանացուի բաժին հասավ ինձ,
Ի~նչ ճակատագիր, ինչպիսի~ աղետ,
Ապրում էի ես գերդաստանում Յան,
Անծանոթ էի եկող-դարձողին,
Տերն իմ լսել էր իմ մասին սակայն,
Ինձ պալատ տարավ, պոկեց ինձ հողից:
Երդում տվեցինք մեկմեկու իրավ,
Անբաժան մնալ իրարից կյանքում,
Մեկտեղ դամբանվել, կամ փնտրել իրար
Երկնի ու երկրի գորշգույն սահանքում:
Բայց բախտն ինձ նետեց կղզին այս ամա,
Մատնեց մենության զազիր տաժանքին,
Ես տառապեցի խեղճ ու այսահար,
Որպես իմ սիրույն անարժան մի կին:
Ցողն ի՞ նչ է, անգո, և կա, և չկա,
մարմինն աշխարհիկ` զանգված է մի սին,
Էլ ու մնացին սեր ու անրջանք,
Որ չենք լինելու երբեք միասին:
Խոստովանության վայրկյան հմայուն,
Խոստովանության ի~նչ անդորր պահեր,
Հուշերիս բոցերն իմ միտքն են այրում,
Տեսել եմ հազար դժոխք ու մահեր:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Յոթերորդ օրն էր այն ամսի, իրավ,
Լուսկա գիշեր... Երդվեցիք իրար,
Որ դառնաք թռչնի թևերը երկու,
Կամ դառնաք երկճյուղ ծառ իրար գրկում:
Բայց ձեր խոսքերի ծաղկաթերթն ավա~ղ,
Շուրթերից պոկված շշունջը խաղաղ
Գիշերահավքի կանչի հետ կորան,
Աշխարհը դարձավ համակ բուք-բորան:
Ծպտյալ անուրջ էր և ուրիշ ոչինչ,
Երկնքից թափվող ասուպներ չնչին:
Օրենքն է կյանքի, օրենք մի դաժան,
Մեկ է, թե լինես արժան, անարժան:
«Թե լսեին ճիչն արդարի,
Կամ չլիներ երկրի վար
աժանման պահն աղետալի,
Կսիրեին մարդիկ իրար
Հազար-հազար-հազար տարի»...
Ու խառն են կյանքում օրենք ու դիպված,
Թող անսան կանչիս քնած թե արթուն,
Թե որ տված է վայելքն հանդիպման,
Բաժանումն անշուշտ տրված է մարդուն:

ՎԵՐՋԵՐԳ

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Եվ մետաքսե թևիկներով
Թափահարեց հուսահատ,
Սիրո վերջին կանչն էր գերող,
Սիրո պարն էր գերվհատ:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Մնաք բարյավ անցյալ հուշեր,
Մնաք բարյավ, սեր անցավ,
Երազի պես մի մութ գիշեր
Սիրո պարն այս վերջացավ:
Դարը դարին պատմել կտա,
Մարդ ու աշխարհ կիմանան,
Այս լուսահեղ արևի տակ,
Սիրո ասքն այս կմնա:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Հերակալն իր մարգարտակուռ
Դողով մեկնեց դեսպանին,
Եվ այդ պահից լացով թաքուն
Նրա ճամփան կպահի:

ՅԱՆ ԳՈՒՅ-ՖԵՅ
Գնաս բարյա~վ... Գնաս բարյա~վ...

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Չեն տեսնելու էլ մեկմեկու,
Օնչքան էլ որ լույս ծագի,
Սիրտը մահվան հիմնն է երգում
Ամեն սարսուռ լուսայգի:
Լուսապարար սեր էր սակայն
Ու բաժանում դառնաղի,
Աշխարհն ասես սևշոր հագավ
Ու սուգ մտավ չար խաղից:
Տեսարանն այս դառն էր անշուշտ,
Խառնակվել են սեր ու թույն,
Պատշգամբում մարեց անշունչ,
Լոտոս դարձավ ձյունաթույր...

Комментариев нет:

Отправить комментарий