воскресенье, 27 февраля 2011 г.

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ԵՎ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ - 3


Ճապոնական առածներն ու ասացվածքները վերցված են 1969-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» գրքից: Թարգմանությունը` Ս. Ա. Բունիաթյանի:

Խոսելը հեշտ է, գործելը` դժվար:
Խոր գետերը հանդարտ են հոսում:
Ծաղիկը ծաղկում է հին արմատի վրա, թռչունը բնավորվում է հին բնում:
Ծաղիկները շատ են, պտողները` քիչ:
Ծովի մասին ձկնորսից պիտի հարցնել:
Կանաչ ակնոցների միջից ամեն ինչ կանաչ կերևա:
Կատվին մի' քշիր, ավելի լավ է ձուկը լավ պահիր:
Կատուն ձուկ բռնելիս ճանկերը թաքցնում է:
Կարևոր այն չէ, թե ով է ծնել, կարևորն այն է, թե ով է դաստիարակել:
Կեղծ ընկերը անկեղծ թշնամուց վտանգավոր է:
Կերակրի համն իմացվում է ուտելու ժամանակ:
Կհարգես` կհարգվես:
Կյանքը կարճ է, ցանկությունները` շատ:
Կնոջ այտերի փոսիկների մեջ ամրոցներ են կործանվում:
Կռվում ընկերները կողք կողքի են կանգնում:
Կռունկը հազվագյուտ է կանչում, բայց ձայնը հեռուն է լսվում:
Կրակը կրակով չես հանգցնի:
Կուզես ծիծաղիր, կուզես լաց, մի կյանքից ավելի չես ապրելու:
Կույրից ճանապարհ չեն հարցնի:
Հազար մղոն ճանապարհն էլ սկսում է մի քայլից:
Հաղթում է նա, ով ճանաչում է ոչ միայն իր հակառակորդին, այլև ինքն իրեն:
Հայացքների տարբերությունը օտարացման սկիզբն է:
Հավատ որ լինի, աստվածներ կճարվեն:
Հարկավոր էր` առյուծ դարձրին, տեղը եկավ` ձուկ դարձրին:
Հարյուր ճակատամարտ, հարյուր պարտություն:
Հարստացար, աղքատության մասին մի' մոռացիր:
Հարստությունը զարդարում է տունը, առաքինությունը` մարդուն:
Հարցնելն ամոթ չէ, տգետ մնալն է ամոթ:
Հարևանի ծաղիկները գեղեցիկ են երևում:
Հիմար շունը բարձր է հաչում:
Հիմարը վազում է, խելոքը` նրա ետևից:
Հիմարների մեջ խելոքն ավելի է աչքի ընկնում:
Հին ձին ճանապարհը չի մոռանա:
Հին հիվանդությունը դժվար կբուժվի:
Հոգսը հիվանդությունների աղբյուր է:
Հոգսը և հավատարիմ շունը քեզանից չեն հեռանա:
Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է:
Հովանոցը մինչև թրջվելն է հարկավոր:
Հոր բարությունը լեռան պես բարձր է, մոր սերը` ծովի պես խոր:
Ձիուց իջավ, գոմեշ նստեց:
Ձվով քար չես ջարդի:
Ճահճի հատակում ասեղ է փնտրում:
Ճանապարհի համար ուղեկից է հարկավոր, կյանքի համար` ընկեր:
Ճնճղուկը չի հարցնում թե ուր նստի:
Ճշմարտության աստծու առաջ կեղծ խունկ մի' ծխիր:
Մակընթացությանը տեղատվություն է հաջորդում:

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ / ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ («Ջրոգիների երկրում», «Ատամնանիվները»)


Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի, «Արտասահմանյան գրականություն», 2002, թիվ 1:

Թալեսը չափում էր բուրգից ընկած ստվերը, որպեսզի հաշվարկի նրա բարձրությունը. Պյութագորասն ու Պլատոնը ուսուցանում էին հոգու վերաբնակեցման մասին, յոթանասուն մեկնիչները, որ սփռված էին զատ-զատ Ֆարոս կղզում, յոթանասունամյա անընդմեջ աշխատանքից հետո արեցին Հնգամատյանի բացարձակ միանման թարգմանություններ. Վերգիլիոսը «Գեորգիկների» երկրորդում փառաբանեց չին վարպետների մշակած նրբագույն մետաքսը, իսկ օրերս հեծյալների մի խումբ Նուենոս Այրեսի ծայրագավառից մարտնչում էր պարսկական «պոլո» խաղի առաջնության համար: Արժանահավատ են դրանք թե պարականոն, բոլոր տարաբնույթ տեղեկությունները, որոնք ես հենց նոր մեջբերեցի (և ի հավելումն որոնց,անհամար այլ բաների կողքին արժե հիշատակել Աթիլլի հայտնվելը, «Մեծ Էդդայի» երգերում),- և դրանք միմյանց հաջորդող խճճված, բազմադարյան և ցայսօր չավարտված փուլերի գործընթացը ցուցանող ուղենիշներն են` Արևելքի հայտնագործումը Արևմուտքի ժողովուրդների կողմից: Այդ գործընթացն ունի, և հասկանալի է, որ ունի հակառակ կողմը` ինքն Արևմուտքն է հայտնագործվել Արևելքի կողմից: Դրանց թվում են դեղնազգեստ քարոզիչները, որոնց բուդդիստական կայսրը ուղարկել էր Ալեքսանդրիա, քրիստոնեական Իսպանիայի զավթումը իսլամի մարտիկների կողմից և Ակուտագավայի դյութիչ, իսկ երբեմն սահմռկեցուցիչ գրքերը:
Հստակորեն տարբերակել արևելյանն ու արևմտյանն Ակուտագավայի պարագայում, թերևս, անհնար է, և հենց տերմիններն էլ, ի վերջո, միմյանց չեն բացասում` քրիստոնեությունը, որը սեմիտների ժառանգությունից է ծագում, այսօր բնորոշում է Արևմուտքը: Եվ համենայն դեպս, ես չէի վիճի այն պնդման դեմ, թե Ակուտագավայի թեմաներն ու զգացմունքներն արևելյան են, իսկ պոետիկայի որոշ հնարքներ` արևմտյան: Այսպես, օրինակ` «Կես և Մորիտո» և «Ռասյոմոն» նովելներում մեր առջև տարբեր հերոսների պատմած միևնույն սյուժեի մի քանի տարբերակներ են, հնարք, որը գործածել է Բրաունինգը «Մատանին և գիրքը» երկում: Ընդհակառակը, մի տեսակ թաքուցյալ պատմությունը, ուշադրությունն առ արտաքինի, նրբագծի թեթևությունը, ինձ թվում է` ամենայն` ամենայն թարգմանության անխուսափելի թերացումների հետ մեկտեղ, տիպիկ ճապոնական հատկանիշներ են: Ակուտագավայի էջերում սփռված է անսովորն ու զարհուրելին, սակայն ոչ նրա ոճում, որը միշտ պահպանում է թափանցիկությունը:
Ակուտագավան ուսումնասիրում էր անգլիական, գերմանական և ֆրանսիական գրականությունները, նրա թեկնածուական դիսերտացիայի թեման Ուիլյամ Մորիսի ստեղծագործությունն էր. Նա մշտապես անդրադառնում էր Շոպենհաուերին, Յեյթսին և Բոդլերին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ նա իր առջև դնում էր` իր ժողովրդի ավանդույթների և սովորույթների նոր, հոգեբանական մեկնաբանությունն էր:
Ըստ Թեքքերեյի` Սվիֆթի մասին մտածելը` նույնն է, թե մտածես կայսրության անկման մասին: Հենց այդ ամենակուլ քայքայման և հոգեվարքի ընթացքն է բացում ընթերցողի առաջ, այս գիրքը կազմող երկու վիպակներում: Առաջինում հեղինակը դիմում է մարդկային ցեղի դատափետմանը`ֆանտաստիկ կենդանիների երևույթի ներքո, Անատոլ Ֆրանսի պինգվինները կամ էլ արտասովոր արքայությունները, որոնցով ճամփորդում է հայտնի բուդդիստական այլաբանության քարե կապիկը: Պատմելու ընթացքում Ակուտագավան մոռանում է երգիծական ժանրի պայմանականությունների մասին, կապպաները նրա մոտ դառնում են մարդիկ և դույզ ինչ չվարանելով` Մարքս, Դարվին ու Նիցշե են ցիտում: Ըստ գրականության կանոնների` դա, իհարկե, վրիպանք է, բայց իրականում վիպակի վերջին էջերը տոգորված են անարտահայտելի մելամաղձության, քանզի զգում ես, որ հեղինակի երևակայության մեջ ամենայն ինչ խամրում է` թե' շրջապատող իրականությունը և թե' իր սեփական արվեստի երազանքները: Քիչ անց Ակուտագավան վերջ տվեց կյանքին. «Ջրոգիների երկրում»-ի եզրափակիչ հեղինակի համար` կապպաների և մարդկանց աշխարհը, աշխարհ, որն ապրում է առտնին հոգսերով և գեղագիտության կանոններով` հավասարապես անիմաստ է ու վաղանցուկ: Նրա գիտակցությունը գրավող մթամածությունը վկայող առավել ակնառու փաստ է «Ատամնանիվներ» վիպակը: Ինչպես Ա. Սթրինբերգի «Դժոխքը», այս վիպակը` ուղեղի մթագնության անողոք և մեթոդիկ օրագիր է:
Ես կասեի, որ երկու մշակույթների հանդիպումը անխուսափելիորեն ողբերգական է: 1868 թվականին ձեռնարկած ցատկից հետո Ճապոնիային հաջողվեց դառնալ խոշորագույն ռազմական տիրություններից մեկը, պարտության մատնել Ռուսաստանին և դաշինք կնքել Մեծ Բրիտանիայի և երրորդ Ռեյխի հետ: Հրաշքի հանգույն նորոգմանը հետևեց, բնականաբար, կործանարար և տանջալից հոգևոր ճգնաժամը: Այդ կերպափոխության հանճարներից և զոհերից մեկը դարձավ 1927 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացած Ակուտագավան:

ՕՀԱՐԱ ՄԻՅՏՈ / «Ատոմային ռումբի ծաղիկ»




Հայերեն տպագրվել է 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Սիլվա Կապուտիկյանի թարգմանությամբ:


Դանդաղ օրորվում է ջրի մակերեսին
Ինչ որ ծաղիկ` բացած կարմիր թերթեր:
Ու զարթնում է իր մեջ նույն այն մորմոքը հին
Որ տարիներ հետո նվում է դեռ:

Կարմիր այս ծաղիկը...
Երբ շեն քաղաքը մեր
Ահեղ մի վայրկյանում դարձավ կործան.
Ինչ-որ մի հրաշքով պարտեզի մեջ ավեր
Նա շողում էր կարմիր բոցի նման:
Ես թափառում էի ճամփաներով խափան,
Ճամփաներով` այրված մեր քաղաքի.
Ամեն քարի ետև փնտրում էի նրան,
Փնտրում էի կորած հորս կրկին,-
Հանկարծ աչքիս ընկավ այս ծաղիկը կարմիր,
Երբեք նա չէր եղել այդքան զվաթագեղ.
Նա` աշխարհի համար այդ ահավոր ժամին
Ծիծաղու~մ էր` հանդգնորեն շքեղ:
Թվաց, չէր սեղմվել այդպես սիրտս ցավից
Ու չէր նայել աչքս` այդքան մռայլ...
Եվ արդ` ամեն անգամ, երբ տեսնում եմ նորից,
Այս ծաղիկն եմ տեսնում` ծաղկած շռայլ,-
Նորից ինձ զայրույթն է խեղդում, և ակամա
Սեղմվում է ձեռքս` դարձած բռունցք.
Ինչպե՞ս վարվել,
Պոկե ՞լ այս ծաղիկը հիմա,
Ծո ՞վը նետել կարմիրն այս չարաշուք.
Բայց գալ տարի նորից նա կծաղկի այգում,
Որպես խորհրդանիշ աղետալի.
Զուր չէ, որ կոչում են նրան մեր քաղաքում
«Ատոմային ռումբի ծաղիկ»:

суббота, 26 февраля 2011 г.

ԱՄԵՆԱԼԱՎ ԱՅԳԵՊԱՆԸ / ճապոնական հեքիաթ` ըստ Կացուա Տանակայի





Թարգմանությունը` Աշոտ Գաբրիելյանի

Մի ժամանակ Ճապոնիայի հեռավոր լեռնային գյուղերից մեկում ապրում էին բարի ծերունին ու իր կինը: Մի անգամ, երբ ծերունին աշխատում էր բրնձի արտում, նրա մոտ վազեց մի սպիտակ շնիկ: Շնիկը կաղկանձում և վնգստում էր, նրան տանից վռնդել էր ագահ հարևանը: «Ախ դու խեղճ շնիկ»,-ասաց բարի ծերունին: Նա վերցրեց շնիկին և նրան անվանեց Սիրո1:
Ծերունին ու իր կինը շատ սիրեցին Սիրոյին: Սիրոն էլ կապվեց ծերունիներին և օգնում էր ծերունուն ամենօրյա աշխատանքներում: Սիրոն լավ ուտում էր և արագ վերածվեց մեծ ու գեղեցիկ շան:
Եվ ահա օրերից մի օր Սիրոն ծերունու հետ գնաց զբոսնելու: Երբ նրանք հասան բլուրի գագաթը, Սիրոն կանգնեց և սկսեց բարձր հաչալ. «Հաֆ-հաֆ, այստեղ փորի'ր, հաֆ-հաֆ, այստեղ փորի'ր»:
Երբ բարի ծերուկը սկսեց փորել այն տեղը, որը ցույց էր տալիս Սիրոն, զարմանքով տեսավ, որ հողից ոսկեդրամների շատրվան է ցայտում:
Այս հրաշքի մասին լսում է ագահ հարևանը: Նա ներխուժում է բարի ծերունու տուն և բացականչում. «Մի ժամանակ այս շունն իմն է եղել: Նրան մեկ օրով փոխարինաբար ինձ տուր»: Այնուհետև բռնեց Սիրոյին, հագցրեց նրան ամուր վզնոցը և քարշ տվեց բլրի գագաթը:
«Որտե՞ղ է ոսկին»,- գոռում էր չար հարևանը թշվառ շան վրա: Խեղճ շունը վախից վնգստալով ասում է. «Ահա այստեղ է»: Ագահը հրճվանքով սկսում է փորել: Սակայն ոսկու փոխարեն գետնից դուրս է գալիս օձերի, որդերի և աղբի շատրվան:  
«Ինչպե՞ս համարձակվեցիր, լակո'տ»,- կատաղությամբ բացականչեց հարևանը և սպանեց խեղճ շանը:
Ծերունին կնոջ հետ շատ արտասվեց, երբ իմացավ սիրելի շան մահվան մասին: Նրանք որոշեցին Սիրոյին թաղել: Հաջորդ օրը Սիրոյի գերեզմանին մի մեծ ծառ աճեց:
Մի օր ծերուկն ասաց. «Մեր Սիրոն շատ էր սիրում բրնձե բլիթներ: Արի թխենք ու մի քիչ տանենք նրա գերեզմանին»: Այնտեղ ծերունին կտրում է Սիրոյի գերեզմանին աճած ծառը և հավանգ է պատրաստում: Հետո սկսեցին հավանգը գործածել: Բայց, երբ ծերունին բրինձը լցրեց հավանգի մեջ, այն վերածվեց ոսկեդրամների:
Ագահ հարևանը, այդ մասին իմանալով, ծերունուց խնդրեց հավանգը և բերեց տուն: Տանը նա սկսեց հավանգի մեջ բրինձ լցնել, բայց ոսկու փոխարեն նրա աչքի առաջ բրինձը վերափոխվում էր սև տիղմի: «Ի~նչ է սա»,- այսպես բացականչելով նա հավանգը փշրեց մանր կտորների և այրեց:
Բարի ծերունին զգուշությամբ հավաքեց հավանգի մոխիրը, լցրեց տուփի մեջ և այրեց:
Հանկարծակի պոռթկումով քամին բարձրացրեց մոխիրի ամպեր և այն տարավ չորացած ծառի վրա: Ի զարմանս ծերունու` մահացած բալենին հանկարծակի փթթեց ապշեցուցիչ գեղեցիկ ծաղիկներով: Այդ ժամանակ նա սկսեց այդ մոխրից շաղ տալ բոլոր չորացած ծառերին, և անկենդան պուրակը վերածվեց ծաղկած բալենու այգու: Շուտով այս հրաշքի լուրը հասնում է կայսրին, և նա ուղարկում է ծերունու հետևից:
«Ցու'յց տուր ինձ քո արվեստը»,- հրամայեց կայսրը: Երբ բարի ծերուկը մոխիրը շաղ տվեց ծառերի կանգնած շարքի վրա, նրանց վրա կախարդական ծաղիկներ հայտնվեցին. «Գերազանց է: Դու ամբողջ Ճապոնիայի ամենալավ այգեպանն ես»:
«Ո'չ, ես եմ Ճապոնիայի ամենալավ այգեպանը»,- ճղճղոց լսվեց: Ագահ հարևանն էր հայտնվել: Նա իր հետ բերել էր կախարդական հավանգի մնացած մոխիրը և սկսեց արագ-արագ այն շաղ տալ շուրջը: Բայց այդ մոխիրը այդպես էլ մոխիր մնաց և լցվեց կայսեր աչքերը և քիթը:
«Դու այգեպան չես, դու պարզապես անպատկառ տխմար ես»,- ասաց կայսրը և ագահ ծերունուն զնդան նետեց:

1Ճապոներեն նշանակում է սպիտակ:

пятница, 25 февраля 2011 г.

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ / ԱՊԱԳԱՆ





Հայերեն տպագրվել է «Ցոլքեր» հանդեսի 2010-ի 2-րդ համարում` Կարինե Աշուղյանի թարգմանությամբ:

Ես չեմ սպասում, որ ապագայում ճանաչում կգտնեմ, հանրության պատկերացումները երբեք չեն խփում թիրախին:
Մեր ժամանակների հանրության մասին որ խոսել իսկ չարժե: Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե որքան հեռու էին հանրության կատարելատիպից Պերիկլեսի ժամանակվա աթենացիները և Վերածննդի շրջանի ֆլորենտացիները: Եթե այդպիսին է այսօրվա և երեկվա հասարակությունը, ապա հեշտ է ենթադրել, թե ինչպիսին կլինի վաղվա հանրային ըմբռնումները: Որքան էլ ցավալի է, ես չեմ կարող թերահավատ չլինել, որ թեկուզ հարյուր տարի անց մարդիկ կկարողանան ոսկին զանազանել ավազից:
Ենթադրենք` հնարավոր է կատարյալ հասարակության գոյությունը, բայց հնարավո՞ ր է արդյոք արվեստի աշխարհում բացարձակ գեղեցկության գոյությունը: Այսօրվա իմ աչքերն ընդամենն այսօրվա աչքերն են, այլ ոչ թե վաղվա: Եվ իմ աչքերը ճապոնացու, այլ ոչ թե եվրոպացու աչքեր են: Ուրեմն` ինչու՞ ես պետք է հավատամ ժամանակից և տեղից վեր բացարձակ գեղեցկության գոյությանը: Ճշմարիտ է, դանթեական դժոխքի բոցից այսօր էլ սոսկում են Արևելքի զավակները: Բայց այդ բոցի ու մեր միջև մշուշի նման ձգվում է 14-րդ դարի Իտալիան, այդպես չէ՞:
Առավել ևս` ես, մի սովորական գրող: Թող որ գոյություն ունի համընդհանուր գեղեցկություն, բայց ես չեմ թաքցնում իմ ստեղծագործությունները սարի գլխին: Պարզ է, որ ես չեմ սպասում, թե առաջիկայում ճանաչված կլինեմ: Երբեմն ես պատկերացնում եմ, որ տասնհինգ, քսան, իսկ առավել ևս հարյուր տարի անց իմ գոյության մասին այլևս ոչ ոք չի իմանա: Այդ ժամանակ իմ ստեղծագործությունների ժողովածում Կունդի հնագրավաճառի մի կորած դարակում, փոշու մեջ կորած, ապարդյուն կսպասի իր ընթերցողին: Իսկ գուցեև ինչ-որ գրադարանում իմ որևէ հատորյակը գրքի անկուշտ որդերի կեր կդառնա և այնպես կծվատվի-կկրծոտվի, որ տառերն էլ չեն կարդացվի: Եվ, սակայն...
Ես մտածում եմ` և, սակայն... Թերևս հնարավոր է, որ ինչ-որ մեկը պատահաբար կնկատի իմ գրքերը և կկարդա որևէ կարճ պատմվածք կամ թեկուզ մի քանի տող: Եվ (ես թաքուն փայփայում եմ քաղցր հույսը), մեկ էլ տեսար, այդ կարճ պատմվածքը կամ մի քանի տողերը, ապագայի ընթերցողին պարուրեն, թեկուզ` հպանցիկ, չքնաղ երազով:
Ես չեմ սպասում, որ ապագայում ճանաչված կլինեմ: Ուստի հասկանում եմ, թե նման երազանքները որքան են հակասում իմ համոզմունքին:
Եվ, այնուամենայնիվ, ես պատկերացնում եմ. Պատկերացնում եմ ընթերցողին, որ հեռավոր ժամանակներում, հարյուրավոր տարիներ անց, ձեռքը կառնի իմ ստեղծագործությունների ժողովածուն: Պատկերացնում եմ, թե ինչպես այդ ընթերցողիս հոգու մեջ մշուշոտ, ինչպես տեսիլքը, կհառնի իմ կերպարը...
Ես հասկանում եմ, որ խելոքները կծիծաղեն իմ հիմարության վրա: Բայց ծիծաղել ես ինքս էլ եմ կարողանում, դրանում ես չեմ զիջի ոչ ոքի: Եվ սակայն, ծիծաղելով իմ սեփական հիմարության վրա, ես չեմ կարող չխղճալ ինքս ինձ այս հիմարությանը կառչած իմ սեփական հոգեկան տկարության համար: Ես չեմ կարող ինձ հետ միասին չխղճալ հոգեպես տկար մյուս բոլոր մարդկանց...

1922-26 թթ.

ՍԻՄԻՁՈՒ ՏԱԿԱՆՈՐԻ / Աշխարհի մարդկանց («Հիրոսիմայի երգեր» շարքից)





Հայերեն տպագրվել է 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Սիլվա Կապուտիկյանի թարգմանությամբ:

Մարդի'կ,
Ներե~ք մեզ,-
Թող Հիրոսիման երգի իր վիշտը.
Դուք կսիրեք այդ երգը տխրակեզ,
Դուք կպարզեք մեզ ձեր ձեռքն ու սիրտը:

Օ~, ո'չ,
Աշխարհի մարդիկ, իզու'ր է,
Մեր շուրթը երգել մի՞ թե կարող է,
Մի՞ թե երգ ունեն նրանք, որ ողջ-ողջ
Գետնի տակ անցան` թողած այս բողբոջ
Այգին, անտառը, արևի շողը...

Մի՞ թե երգ ունեն նրանք, որ հիմա
Մեռած աչքով են զգում այս կյանքը,
Երբ լոկ հուշով են տեսնում երկինքը,
Երբ լոկ մոխրով է լի նրանց համար
Օթան` մեր կապույտ, մեր ջինջ գետակը...

Մեր շուրթը երգել մի՞ թե կարող է.
Նրանք, որ լուռ են, ինչպես այս հողը,
Նրանք էլ ոչինչ չունեն, օ~, մարդի~կ,
Նրանց մնում է ձեր կարեկցանքը,
ձեր տաք արցունքը...
Խավարով լցված աչքերի համար
Չկա ուրիշ լույս, քան այն աչքերը,
Որ ողողված են սիրով մի անմար,
Որ նայում են մեզ ցավով վշտահար:
Մեզ հարկավոր չէ պարգև մի ուրիշ,
Քան ձեր մեծ սերը, մարդի'կ, ձեր սերը,
Միայն ձեր սե~րը.
Մարդուն առավել սիրելու համար`
Պետք չէ մոռանալ անցյալի սևը...

Մարդի'կ,
Ներե~ք մեզ,
Թող Հիրոսիման երգի իր վիշտը...
Դուք մեզ մոտ եկեք, բա~ց ` մեր սիրտը,
Եկե~ք, էլ այստեղ ծուխ ու բոց չկա,
Մեր քաղաքը ձեզ գուցե դուր կգա,
Եվ դուք կտեսնեք ինչքան վճիտ է
Հիրոսիմայի երկի~նքը կապույտ,
Հիրոսիմայի գետակը կապույտ...

четверг, 24 февраля 2011 г.

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ԵՎ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ - 2





Ճապոնական առածներն ու ասացվածքները վերցված են 1969-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» գրքից: Թարգմանությունը` Ս. Ա. Բունիաթյանի:

Գյուղում լինել, գյուղավարի ապրել:
Գողն էլ է իր դուռը փակում:
Գործն սկելիս մտածիր նրա վերջանալու մասին:
Գորտից գորտ կծնվի:
Դատարկ սեղանի առաջ զրույցն անհետաքրքիր է:
Դեղնախտ ունեցողի աչքին ամեն ինչ դեղին կերևա:
Դժոխքն էլ, դրախտն էլ մարդու սրտումն են:
Դրախտը` դրախտ, բայց փողն ավելի լավ է:
Դրախտն էլ, դժոխքն էլ երկրի վրա են:
Եթե ժամանակին դանակով չկտրես, հետո կացնով պիտի կոտրես:
Եթե շուն պիտի լինել, լավ է մեծ տան շուն լինել:
Եթե փայլեցնեն, աղյուսն էլ թանկագին քար կդառնա:
Եղբայրներն իրար հետ կռվում, բայց թշնամու դեմ միասին են լինում:
Եղջերվի ետևից ընկնողը նապաստակին չի նկատի:
Երբ բախտը ժպտա, երկաթն էլ ոսկի կդարձնեն:
Երբ երկու սիրտ միացած են, հողն էլ ոսկի կդարձնեն:
Երբ կողմերից մեկը զիջում է, վեճը դրանով էլ վերջանում է:
Երբ հիվանդությունը հայտնի է, բուժելը հեշտ է:
Երիտասարդությունը չի կրկնվում:
Երկինքն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում:
Երկրորդ հարկից հիվանդի աչքի մեջ դեղ է ուզում կանգնեցնել:
Զամբյուղով ջուր չես վերցնի:
Զարկեց ճնճղուկին, կպավ կռունիկին:
Էժան կգնես, քիթդ կկախես:
Ընկերով դժոխք գնալն էլ ուրախություն է:
Թագավորների և իշխանների համար դեպի հանդերձյալ կյանք` հատուկ ճանապարհ չկա:
Թեկուզ ծնկներիդ հետ` խորհրդակցիր:
Թեկուզ հազար ներքնակ էլ ունենաս, մեկի վրա ես քնելու:
Թիթեռնիկն էլ մի ամբողջ կյանք է ապրում:
Թռչունը փակված վանդակում կապույտ երկինքն է երազում:
Թույլ հակառակորդիդ մի' արհամարհիր, ուժեղից էլ մի' վախենա:
Ժամանակը մարդուն չի սպասում:
Ժամանակը որ հասնի, շվաքում էլ դեղձը կհասնի:
Ժլատից նարինջի սերմ էլ չես ստանա:
Ժպիտի տակ սուր է թաքցրել:
Իմաստունն էլ հազարից մեկ կարող է սխալվել:
Ինչ որ սրտումն է, նույնն էլ լեզվին է:
Ինչքան մոտիկ արևելքին, այնքան հետու արևմուտքից:
Ինչքան ուժեղ է սերը, նույնքան ուժեղ է ատելությունը:
Իրավունքը միշտ հաղթող բանակի կողմն է:
Լավ աղջիկը լավ էլ կին կլինի:
Լավ լողվորն էլ է խեղդվում, լավ ձիավորն էլ է ձիուց ընկնում:
Լավ սկիզբը լավ էլ վերջ կունենա:
Լավ է աքաղաղի կտուց լինել, քան եզան պոչ:
Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:
Լինում է, որ սատանան էլ է արցունք թափում:
Լվի գլուխը կացնով չեն ջարդի:
Լուսամուտներն աչքեր ունեն, պատերն` ականջներ:
Խայտառակությունը մահից վատ է:
Խելոք մարդու բերանը փակի տակ է:

среда, 23 февраля 2011 г.

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ (1925-1970) / ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ





Ստեղծագործությունը հայերեն տպագրվել է «Արտասահմանյան գրականություն» հանդեսի 2001-ի 2-րդ համարում: Թարգմանությունը` Անահիտ Ադամյանի:

1
1936 թվականի փետրվարի 28-ին, հայտնի իրադարձությունների երրորդ օրը, գվարդիական տրանսպորտային գումարտակի պորուչիկ Սինձի Տակեյաման ցնցված այն լուրից, որ իմ մտերիմ ընկերները հայտնվել են խռովարարների թվում, չհնազանդվելով խռովարարությունը ճնշելու հրամանին` իր առանձնատան սենյակներից մեկում (Աօբա փողացի վեցերորդ տուն, Յոցույա շրջան), խարակիրի արեց սեփական սրով. Րեյկոն` նրա տիկինը, հետևից սիրելի ամուսնու օրինակին ու նույնպես ինքնասպան եղավ: Պորուչիկի հրաժեշտագրում ընդամենը մեկ նախադասություն էր. «Կեցցե' կայսերական բանակը»: Կինը ևս նամակ էր թողել, ուր ծնողների ներումն էր հայցում այն բանի համար, որ նրանցից շուտ հեռանում է կյանքից` նամակն ավարտելով այս խոսքերով. «Եկավ այն օրը, որին պետք է պատրաստ լինի ցանկացած սպայի կին»:
Քաջարի զույգի կյանքի վերջին րոպեները կցնցեին նույնիսկ ամենաքար սիրտը: Լրացել էր պորուչիկի երեսունմեկ տարին, Րեյկոյի` քսաներեքը: Նրանց հարսանիքից կես տարի էլ չէր անցել:

2
Նրանք, ովքեր ներկա էին եղել պսակադրությանը կամ գոնե տեսել էին հարսանեկան լուսանկարը, անխտիր հիանում էին երիտասարդ զույգի գեղեցկությամբ: Հարսնացուի կողքին տոնական համազգեստով հպարտ կանգնած էր պորուչիկը, աջը` երախակալին, ձախ ձեռքում` գլխարկը: Դեմքը խստիվ էր, բոց ու կրակ աչքերում` խիզախում ու շիտակություն: Իսկ ձյունաճերմակ կինոնոյով հարսնացուի հմակքն ուղղակի աննկարագրելի է. Կամար հոնքեր, մեծ աչքեր, նրբագիծ քիթ, հյութեղ շուրթեր, դիմագծերում անկրկնելիորեն ներդաշնակվում էին զգայնությունն ու վեհանձնությունը: Կիմոնայի թևքից երևում էր դաստակը, հովհարը բռնած նուրբ մատները լուսնածաղկի քնքուշ թերթիկների էին նման:
Ամուսնական զույգի ինքնասպանումից հետո,նայելով հիշատակի լուսանկարին,մարդիք կսկիծով ասում էին, որ նման` առաջին հայացքից իդեալական թվացող միությունները, միշտ դժբախտություններ են բերում:
Թվում էր, թե ոսկեզոծ վարագույրի առաջ քար կտրած ջահելները իրենց ջինջ աչքերով վաղաժամ մահվան դեմքն էին տեսնում:
Նորապսակները տեղավորվել էին Աօբա փողոցի առանձնատանը, որ նրանց համար փնտրել, գտել էր խնամախոսներից մեկը` գեներալ-լեյտենանտ Օձէկին: Ընդ որում առանձնատուն ասվածը ընդամենը ոչ մեծ մի տնակ էր, փոքրիկ այգիով: Առաջին հարկի երկու փոքր սենյակները համարյա թե արև չէին տեսնում, ուստի և ամուսինները որոշեցին իբրև ննջարան ծառայեցնել երկրորդ հարկը: Աղախին նրանք չունեին և տնտեսությունը Րեյկոն էր վարում:
Հայրենիքի համար դժվարին ժամանակներ էին, և ուրեմն որոշված էր հրաժարվել հարսանեկան ճամփորդությունից: Առաջին գիշերն նորապսակներն անցկացրին նոր տանը: Մինջև անկողին մտնելը պորուչիկը մերկացրեց սուրը, դրեց ծնկին և Րեյկոյի առաջ կարճ խոսք ասաց. «Սպայի կինը միշտ պետք է պատրաստ լինի, որ իր ամուսինը զոհվելու է: Հնարավոր է դա լինի վաղը չէ մյուս օրը: Չես տատանվի դու, արդյոք, երբ գա ճակատագրական այդ օրը»:
Ելնելով տեղից, Րեյկոն պահարանի դարակից հանեց օժիտի ամենաթանկագին իրը` դաշույնը, որն իրեն մայրն էր վստահել: Ամուսնու նման նա ևս իր ծնկին դրեց մերկ սեպը: Ամուսինների միջև լուռ համաձայնություն էր կնքված, ու պորուչկին այլևս երբեք փորձության չենթարկեց իր երիտասարդ կնոջը:
Հարսանիքին հաջորդած վերջին ամիսներին Րեյկոն գեղեցկությունից փթթել ու շողշողում էր, ինչպես անձրևից հետո երկնակամարում հայտնված մի լուսին:
Նրանք երիտասարդ էին, ավյունով լեցուն և նրանց կիրքը չէր հանդարտվում: Սիրուն նրանք տրվում էին ոչ միայն գիշերները, հաճախ, դառնալով ծառայությունից, պորուչիկը չէր հասցնում նույնիսկ վրայից դեն նետել փոշեծածկ մունդիրը, այնքան որ չէր համբերում գիրկն առնել երիտասարդ կնոջը: Րեյկոն պատասխանում էր ոչ պակաս կրքոտությամբ: Ամուսնության առաջին իսկ ամսում նա ըմբոշխնել էր անմեկնելի երանությունը, և գիտենալով այդ` պորուչիկը երջանիկ էր: Րեյկոյի գեղեցիկ, սպիտակ մարմինը, պիրկ կրծքերը` անարատ և անձեռնամխելի, մեկընդմիշտ տրվելով սիրուն` զգայացունց կրակով էին բռնկվել: Նրանք քնքշանքին էին տրվում վախեցնող լրջությամբ, որ չէր լքում նրանց նույնիսկ երանության վերջին պահին:
Զինավարժությունների դադարի կարճ պահերին պորուչիկը մտածում էր կնոջ մասին: Տանը մենակ մնացած Րեյկոյի առջև մշտապես սիրեցիալի պատկերն էր: Հերիք էր հայացք նետեր հարսանեկան լուսանկարին և նա համոզվում էր, որ իր երջանկությունը երազ չէ: Րեյկոյին ամենևին էլ տարօրինակ չէր թվում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ միանգամայն օտար տղամարդը դարձել էր մի արև, որ լուսավորում էր իր աշխարհը:
Ամուսինների հարաբերությունները բարոյական ամուր հիմքերի վրա էին խարսխված. չէ՞ որ կայսեր հաստատած օրենքն ասում էր. «Այր ու կին պետք է ապրեն անխախտ ներդաշնակության մեջ»: Րեյկոն երբեք և ոչնչում չէր հակաճառում ամուսնուն և պորուչիկը բնավ առիթ չէր ունեցել դժգոհ լինելու նրանից:
Առաջին հարկի հյուրասրահում սեղանին դրված էր կայսերակն ընտանիքի լուսանկարը և ամեն առավոտ, պորուչիկի ծառայության մեկնելուց առաջ, երիտասարդ զույգը խոնարհվում էր լուսանկարին: Րեյկոն ամեն օր ջրում էր սակակի սրբազան փոքրիկ ծառը, որն աճում էր սեղանի առջև դրված չանում և որի կանաչը միշտ թարմ ու փարթամ էր:

3

Պորուչիկի տունը գտնվում էր մամուլի նախարար-պահապան Սայգոյի առանձնատնից ոչ հեռու, բայց կրակոցները, որ արձակվեցին փետրվարի 26-ի լուսաբացին, ամուսինները չէին լսել:
Ողբերգական այդ դրվագը տաս րոպեից ավելի ձգվեց, ու պորուչկին արթնացրել էր ոչ թե հրաձգությունը, այլ շեփորի ձայնը, որ տագնապ էր գուժում` ճեղքելով ձյունաշղարշ աղջամուղջը: Սպան մի ոստյունով վեր թռավ անկողնուց, անխոս վրան քաշեց համազգեստը, ձեռքն առավ կնոջ մեկնած սուրը և դուրս թռավ ձյունածածկ, մութ փողոց:
Մինջև 28-ի երեկոն Րեյկեն նրան այլևս չտեսավ: Կատարվածի մասին նա իմացավ ռադիրհաղորդագրությունից: Այդ երկու օրը նա անցկացրեց խաղաղ միայնության մեջ` պինդ գոցված դռների ետևում:
Դեպի ձյունը և մթությունը շտապող ամուսնու դեմքին Րեյկոն կարդաց մահվան ընդառաջ գնալու ամուսնու վճռականությունը: Եթե նա ողջ չվերադառնար, Րեյկոն պատրաստ էր հետևել նրան: Անշտապ նա սկսեց կարգի բերել իր իրերը: Տոնական կիմոնոները նա որոշեց հիշատակ թողնել դպրոցական ընկերուհիներին և զգեստները փաթաթելով թղթի մեջ` վրաները գրեց անուններն ու հասցեները: Ամուսինը նրան սովորեցրել էր երբեք չմտածել վաղվա օրվա մասին, այլ ապրել այսօրով, դրա համար էլ Րելկոն օրագիր չէր պահում, ուստի և զրկված էր վերջին ամիսների երջանիկ հուշերի էջերը վերընթերցելու հաճույքից` թերթ առ թերթ հանձնելով դրանք կրակին:
Ռադիոընդունիչի մոտ շարված էր Րեյկոյի փոքրիկ հավաքածուն. ճենապակե շունը, նապաստակը, խլուրդը, արջը, աղվեսը նաև մրգաման ու սափորիկ:
Երիտասարդ կինը մտածեց, որ այդ իրերը դժվար թե հարմար գան իբրև հիշատակ նվիրելու համար: Անհարմար է նաև խնդրել, որ դրանք իր հետ հողին հանձնեն: Րեյկոյին թվաց, թե ճենապակե գազանիկների մռութները աղիողորմ և խռոված ծամածռվում են: Նա ձեռքն առավ խլուրդին, բայց մտովի արդեն հեռու էր իր մանկական հրապուրանքից: Նրա աչքերը տեսնում էին Բարձրագուկն Մտքի կուրացուցիչ փայլատակումը, որի մարմնավորումն իր ամուսինն էր: Նա պատրաստ էր արևային հաղթակառքով մահվան ընդառաջ գնալ, բայց դեռ մի քանի ժամ ուներ հաճելի մանրուքներով զբաղվելու համար: Ճիշտն ասած, այդ սիրունիկ մանր-մունր իրերը նրան սիրելի էին երբեմնի, այսօր նա սիրում էր լոկ հիշողությունն այդ անմեղ կապվածության: Սիրտն համակված էր շատ ավելի այրող մի կրքով, անդիմադրելի մի զգացողությամբ, քանզի Րեյկոն հողեղեն ուրախությունների մասին չէր մտածում` իբրև սովորական հաճույքների:
Փետրվարյան ցուրտը, հպումը ճենապակուն սառեցրին նրա բարակ մատները, բայց հերիք էր Րեյկոն հիշեր ամուսնու ուժեղ ձեռքերը, որ գիրկն էին առնում իրեն, և անմիջապես, ինչ-որ տեղ ներքևից` նախշազարդ կիմոնոյի անթերի ծալքերի խութերից հորդում էր տաք, թաց խոնջանքը, որն ի զորու էր հալեցնել ցանկացած ձյուն ու սառույց:
Կողքին թևածող մահը չէր սարսափեցնում Րեյկոյին. սպասելով սիրեցյալին, նա համոզված էր, որ այն ամենը, ինչ հիմա զգում և մտածում է նա, նրա տառապանքն ու տանջանքը, ու նաև ամուսնու մարմինը, որ իրեն երջանկություն էր պարգևել, իրենց ետևից մղում են դեպ այն վայելքը, որի անունն է «մահ»: Նա զգում էր, որ այդ մտքի մեջ, նույնիսկ այդ մտքի մի հյուլեում դյուրաբար կարող է տարրալուծվել իր ամբողջ էությունը:
Լուրերի տեսությունից նա իմացավ, որ խռովարարների շարքում են նաև ամուսնու լավագույն ընկերները: Այդ լուրը ոչնչացրեց նրա վերջին տարակուսանքը: Նա դեռևս մեծ անհամբերությամբ սպասում էր կայսերական շնորհագրին` տեսնելով, որ ապստամբությունը, որն ի սկզբանե կոչում էին «ազգային վերածնության շարժում», կամաց-կամաց խռովության անարգալից կնիքն են դրոշմում:
Պորուչիկի զորամասից ոչ մի լուր չկար: Ձյան տակ թաղված քաղաքը րոպե առ րոպե սպասում էր ռազմական գործողությունների:
Փետրվարի 28-ի մայրամուտին, Րեյկոն սարսափահար դռան ուժեղ թակոցը լսեց: Նա վազեց միջանցք և դողահար ձեռքով փորձեց բացել սողնակը: Ում անշարժ ուրվագիծը աղոտ գծագրվում էր փայլատ ապակու ետևից` լռում էր, բայց Րեյկոն միանգամից ճանաչեց ամուսնուն: Երբեք սողնակն այդքան ամուր չէր թվացել նրան, այն ոչ մի կերպ չէր ուզում բացվել:
Դուռը դեռ լրիվ չէր բացվել, պորուչիկն արդեն գորշ-կանաչավուն շինելով և ձյունակոլոլ կրնկակոշիկներով միջանցքում էր: Նա փականը ձգեց և պտտեցրեց բանալին: Րեյկոն անմիջապես չհասկացավ այդ ժեստի նշանակությունը:
_ Բարի երեկո,- խոնարհվեց նա,- բայց պորուչիկը չպատասխանեց ողջույնին: Նա հանեց սուրը և սկսեց հանվել: Րեյկոն օգնում էր նրան: Շինելը թաց և սառն էր. դրանից ձիանոցի հոտ չէր գալիս` ինչպես չոր, արևոտ օրերին: Այսօր այն Րեյկոյին անսովոր ծանր էր թվում: Կինը կախեց շինելը և թևատակին սեղմելով սուրն ու սուսերակալը, հետևեց ամուսնուն դեպի ներքնահարկի հյուրասրահ:
Վառ լամպի լույսի տակ ամուսնու թավ դեմքը Րեյկոյին օտար թվաց: Այտերը փոս էին ընկել ու գունատվել: Սովորաբար ծառայությունից վերադառնալով լավ տրամադրությամբ, նա նախ և առաջ հագնում էր տնային շորերը և պահանջում անհապաղ ընթրիք մատուցել: Պորուչկին այսօր սեղան նստեց հենց համազգեստով` ընկճված, գլուխը հակելով սեղանին: Րեյկոն նույնիսկ չհարցրեց, թե արդյոք ժամանակը չէ սեղան գցելու:
Փոքր-ինչ լռելով, ամուսինը խոսեց:
_ Ես ոչնչի մասին չգիտեի: Նրանք ինձ իրենց հետ չէին կանչել: Երևի նրա համար, որ վերջերս էի ամուսնացել... Այնտեղ են Կանոն և Խոմման, և Յամագուտին...
Րեյկոն կարծես արթմնի իր առջև տեսավ երիտասարդ սպաների շառագունած դեմքերը. դեմքերն իր ամուսնու ընկերների, ովքեր այնքան հաճախ էին լինում իրենց տանը...
_ Վաղը հրապարակելու են բարձրագույն շնորհագիրը: Նրանց խռովարար կճանաչեն: Ես ստիպված պետք է նրանց դեմ հանեմ իմ զինվորներին: Ես չեմ կարող այդ անել չեմ կարող:
_ Ինձ փոխարինել են պահակախմբում,- շարունակեց նա դադարից հետո,- թույլատրել են այս գիշեր անցկացնել տանը: Վաղն առավոտյան ստիպված ենք հարձակվել: Րեյկո, դա իմ ուժերից վեր է:
Րեյկոն նստած էր դեմ-հանդիման, աչքերը հակած: Նա հրաշալի հասկանում էր, որ ամուսինն իրեն տեղեկացնում է մեռնելու իր որոշման մասին:
Վճիռն արդեն ընդունված էր:
Ձայնը նրա հնչում էր մի առանձնահատուկ անդրդվելիությամբ` քանզի նրա բառերի ետևում կանգնած էր մահը` այդ մռայլ և անշարժ պատկերը: Պորուչիկը խոսում էր իր հոգու տվայտանքների մասին, բայց նրա սիրտը անկոտրում էր:
Լռությունը, որ տիրել էր հյուրասրահում, մաքուր ու թափանցիկ էր, ինչպես լեռներից հոսող ձնհալքի առվակներ: Առաջին անգամ, երկու օրվա անընդմեջ տառապանքից հետո, երիտասարդ, հիասքանչ կնոջը դեմառդեմ, սեփական տան մեջ պորուչիկը զգաց, թե ինչպես էր իր հոգուն հանդարտություն իջնում: Գիտեր, որ կարելի է այլևս ոչինչ չբացատրել, նա առանց այդ էլ ամեն ինչ հասկանում է:
_ դե ինչ,- պորուչիկը բարձրացրեց աչքերը, չնայած անքուն գիշերներին, հայացքը սուր էր և անպղտոր: Աչքերն այժմ ուղղված էին Րեյկոյի դեմքին:
_ Այս գիշեր ես խարակիրի կանեմ:
Րեյկոն անդրդվելի էր: Նրա խոշոր աչքերում այնպիսի մի լարվածություն կար, որ թվում էր, թե հայացքն այդ ուր որ է կղողանջի զանգակի պես:
_ Ես պատրաստ եմ,- ոչ միանգամից ասաց նա,- թույլ տուր ինձ հետևել քեզ:
պորուչիկը զգաց, որ այդ հայացքի ուժը համարյա թե ճզմում է իրեն:
Բառերը զառանցանքի պես ինքնակամ դուռս թռան շուրթերից:
_ Լավ, թող այդպես լինի, ուրեմն` միասին: Բայց ես ուզում եմ, որ դու տեսնես, թե ինչպես եմ մեռնելու: Համաձայն ե՞ ս:
Իր համար էլ անհասկանալի էր, թե ինքն ինչպես կարող էր այդպես հեշտ ու անհոգ թույլատրել նրան դիմել այդ սարսափելի քայլին: Բայց երբ բառերն արդեն ասված էին, նրանց երկուսի սրտերն էլ ողղեցին երջանկության տապ ալիքով: Րեյկոն զգացված էր ամուսնու անվերապահ վստահությունից: Նա գիտեր, թե ամուսնու համար ինչքան կարևոր էր, որ մահվան արարողությունը անթերի լիներ:
Խարակիրին անպայման պետք է վկա ունենա և, որ նա այդ դերի համար իրեն էր ընտրել, հարգանքի բարձրագույն աստիճանի մասին էր վկայում: Եվ վստահության ևս մեկ վկայություն էր այն, որ պորուչիկը չէր ստիպում նրան մեռնել առաջինը` զրկելով իրեն ստուգելու հնարավորությունից, թե կկատարի արդյոք կինն իր խոստումը: Լիներ նա սովորական, կասկածամիտ մի ամուսին, Րեյկոն նրանից առաջ կզոհվեր` ինչպես և սովորաբար լինում է կրկնակի անձնասպանների դեպքում:
Պորուչիկն համոզված էր, որ առաջին գիշերվա Րեյկոյի երդումն հաստատող որոշումը իր դաստիարակության և խրատների արդյունքն է: Միտքն այդ նրան հպարտություն էր ներշնչում: Ինքնասիրահարվածությունից զերծ պորուչիկի մտքովն անգամ չէր անցնում, որ կինն ի զորու է մեռնել իր հանդեպ տածած սիրուց:Նրանց հոգիներն համակած հրճվանքն այնքան մեծ էր ու անկեղծ, որ երկուսի դեմքերն էլ ողողվել էին ժպիտով: Րեյկոն այնպիսի զգացողություն ուներ, որ իրենց ևս մեկ առաջին գիշեր է սպասում: Առջևում` ոչ ցավ, ոչ մահ – միայն ազատ ու անեզր տարածություն:
_ Բաղնիքը պատրաստ է: Լոգանք կնդունե ՞ ս:
_ Այո:
_ Իսկ ընթրելու՞ ես:
Բառերն այդ այնքան առտնին էին, որ պորուչիկին մի պահ թվաց, նախընթաց ամեն ինչն իր երևակայեւթյան պտուղն է:
_ Ուտել, թերևս չարժի: Այ, սակե, վատ չէր լինի խմել:
_ Լավ:
Րեյկոն ոտքի ելավ, որ պահարանից հանի ամուսնու խալաթը և խնդրեց նրան անցնել ներս:
Պորուչիկը մոտեցավ և անձայն կարդաց Րեյկոյի ընկերուհիների հասցեները, որ գրված էին զգեստների փաթեթների վրա: Տեսնելով կնոջ աներերության ևս մեկ ապացույց, նա ամենևին չտխրեց` միայն սիրտը լցվեց առավել քնքշությամբ: Րեյկոն հիմա այնքան նման էր գեղանի մի կնոջ, որն հպարտությամբ ամուսնուն ցույց էր տալիս իր սիրելի, անիմաստ գնումները, և չկարողանալով զսպել սերը` նա ետևից գրկեց ու համբուրեց կնոջը: Չսափրած դեմքը ծակծկեց նրա պարանոցը: Րեյկոյին, ում համար հպումն այդ մի ամբողջ կյանք արժեր, համբույր, այդ արտասովոր թվաց, չէ որ շուտով ամեն ինչ վերջանալու էր: Ակնթարթները ներծծվում էին ավյունով, մարմնի յուրաքանչյուր բջիջ զարթոնք էր ապրում: Րեյկոն ձգվեց պարանոցը մոտեցնելով ամուսնու շուրթերին;
_ Սկզբում լոգանք, հետո սակէն, իսկ դրանից հետո...անկողինը վերևում է,- շշնջաց նրա ականջին պորուչիկը: Րեյկոն գլխով արեց:
Նա դեն նետեց մունդիրը և մտավ լոգարան: Ականջը ջրի ճողփյունին` Րեյկոն հյուրասենյակում թավան դրեց կրակին և սկսեց տաքացնել սակէն: Ապա նա լոգարան տարավ ամուսնու խալաթը, գոտին, ներքնաշորերը ու հարցրեց, թե արդյո՞ ք ջուրը տաքացել է: Պորուչիկը գոլորշու քուլաների մեջ նստած սափրվում էր. զորեղ թիկուքին, մկանները ձեռքերի շարժումներին համընթաց` խաղում էին: Իսկ ամեն ինչ սովորականի նման էր: Ձեռքի տակ եղածից Րեյկոն սկսեց արագորեն ուտելիք պատրաստել: Ձեռքերը չէին դողում, գործն առաջ էր գնում, նույնիսկ ավելի արագ, քան սովորաբար: Բայց միևնույն է, սրտի խորքում տարօրինակ թռթիռ կար: Մի պահ դղրդում էր` ինչպես հեռահար կայծակ ու անմիջապես չքանում: Իսկ մնացյալը` ինչպես միշտ:
Լողարանում սափրվելիս, պորուչիկը զգում էր, թե ինչպես է կասկածներից և հոգեկան տանջանքներից վրա հասած հոգնությունը լքում տաքացող մարմինը: Ի հեճուկս սպասվելիք վախճանի, սպան ամբողջովին համակված էր ուրախության սպասումով:
Սենյակից լսվեցին կնոջ անդադրում քայլերը, և նրա մեջ առաջացավ առողջ ֆիզիկական ցանկություն, որի մասին վերջին երկու օրերին նույնիսկ մոռացել էր մտածել:
Պորուչիկը կասկած իսկ չուներ, որ ուրախությունը, որով նրանք մահվան վճիռ էին կայացրել, անկեղծ էր: Նրանք չէին մտածում այդ մասին, բայց այդ պահին երկուսն էլ զգում էին, որ բոլորից թաքուն իրենց երջանկությունը Բարձրագույն Արդարադատության, Աստվածային Կամքի, Անխախտելի Բարոյականության հուսալի պաշտպանության ներքո է:
Մեկմեկու աչքերում կարդալով մահն արժանավայել ընդունելու պատրաստակամությունը` պորուչիկն ու կինը կրկին գիտակցեցին, թե ինչ հզոր պողպատե պատ, Ճշմարտության և Գեղեցիկի ինչ ամրակուռ զրահ է պահպանում իրենց: Հենց դրա համար էլ պորուչիկը համոզված էր, որ մարմնի կանչի և հայրենասիրության միջև ոչ մի հակասություն չկա, ընդհակառակը, այդ երկու կրքերը բնական կերպով միաձուլվել են:
Սևեռուն հայացքը` գոլորշուց մշուշված ճաքած հայելուն, պորուչիկը ածելին շատ զգուշությամբ էր բանեցնում: Շուտով այս դեմքի վրա կսառի մահվան դիմակը, դրա համար էլ ցանկալի չէր, որ դեմքն այլանդակեին կտրվածքները: Սափրված դեմքը ջահելացել էր և ասես լույս էր ճառագում. Նույնիսկ խունացած հայելին էր լուսավորվել:
Մահվան և շողարձակող այս ջահելության մեջ աննկարագրելի վեհություն կար: Միթե այս դիմագծերը շուտով մահվան «ստվերով են ծածկվելու»: Արդեն իսկ դեմքը կիսով չափ կարծես դադարել էր պատկանել պորուչիկին, ավելի շուտ` զոհված մարտիկի հուշարձանի քարաշունչ կերպար էր ստացել: Սպան մեկ վայրկյան փակեց աչքերը. աշխարհը կորսվեց խավարի մեջ և տեսնել կարող էր միայն ապրողը:
Երբ պորուչիկը դուրս եկավ լոգարանից, նրա ածիլված այտերը երկնագույն երանգ էին ստացել: Նստեց թավային մոտիկ, որի մեջ սակէն էր տաքանում: Րեյկոն պատրաստել էր ամեն ինչ և նույնիսկ հասցրել էր իրեն կարգի բերել:Նրա այտերը ծածկել էր նուրբ վարդագույնը, շուրթերը խոնավ փայլ ունեին. Պորուչիկը կնոջ դեմքին տխրության նշույլ իսկ չգտավ: Գոհանալով կնոջ զսպվածությամբ, նա ևս մեկ անգամ մտածեց, որ իր ընտրության մեջ չի սխալվել:
Պարպելով գավաթը` պորուչիկը այն նորից լցրեց և մեկնեց կնոջը: Րեյկոն երբևէ գինի փորձած չկար. Նա հնազանդ սակէն մոտեցրեց շուրթերին և զգուշորեն կում արեց:
_ Արի մոտս,- կանչեց պորուչիկը:
Րեյկոն մոտեցավ ամուսնուն, կռացավ և նա ամուր գրկեց կնոջը: Կուրծքը նրա թրթռաց, ուրախությունն ու թախիծը միախառնվեցին ու խլրտացին` թունդ սակէով ջերմացած: Պորուչիկը վերևանց հայացք ձգեց կնոջ աչքերին: Վերջին կանացի դեմքը, վերջին մարդկային դեմքը, որ վիճակված էր նրան տեսնել:Նա անշտապ ու ուշադիր նայում էր նվիրական դիմագծերին` ինչպես մի ճամփորդ, որն հիանում է գեղեցիկ բնապատկերով, որն այլևս երբեք չի տեսնելու: Պորուչիկը նայում ու չէր հագենում. Փափուկ շուրթերը ջերմացնում էին այդ գեղեցկության սառն անխախտությունը: Նա կռացավ ու համբուրեց կնոջ շուրթերն ու հանկարծ նկատեց, որ թեպետ դեմքի և ոչ մի մկան չի շարժվում, սակայն գոց աչքերից փայլփլելով` արցունքներ են հոսում:
_ Գնանք ննջարան,- առաջարկեց պորուչիկը: Սակայն Րեյկոն ասաց, որ մինջև այդ լոգանք կնդունի; Նա վերև բարձրացավ մենակ, մտավ ննջարան, որն արդեն ջերմացրել էր գազի վառարանը, և փռվեց անկողնուն:Ամեն ինչ սովորականի պես էր, նույնիսկ` ժամը. Քանի~ երեկո էր նա այդպես պառկած սպասել կնոջը: Ձեռքերը գլխատակին` պորուչիկը նայում էր առաստաղին. այնտեղ մթին էին տալիս տախտակները:
Ինչի՞ էր նա սպասում- մահվան, թե՞ խելահեղ վայելքի: Մի սպասումը դարսվեց մյուսի վրա և թվաց, որ հենց մահն է նրա միակ տենչանքը:
Համենայն դեպս, պորուչկը դեռևս երբեք ազատության այդպիսի զգացում չէր զգացել:
Պատուհանի տակով ավտոմեքենա անցավ` սահելով ձյունածածկ սալահատիկի վրայով: Շենքերի պատերը արձագանքեցին մեքենայի շչակին:
Հենց ծովը շարունակում էր առտնին ունայնությամբ սահմանված իր գոյությունը, միայան այստեղ սենյակում, մի միայնակ կղզյակ կար:
Նրա սահմաներից անդին` հսկա, խռովահույզ երկիրն էր ծավալվում, որին պորուչիկը իր սիրտն էր տվել, հանուն որի նա իր կյանքն էր զոհաբերում: Կնկատի՞ արդյոք հայրենին վախճանը նրա, ով կսպանի իրեն հանուն գաղափարի: Թող չնկատի: Պորուչիկի ճակատամարտը չի պսակվի փառքով, նրան վիճակված չէ արիություն ցուցաբերել մարտում, սակայն հենց այստեղ է նրա հոգու ճակատային գիծը:
Լսվեցին աստիճաներով բարձրացող Րեյկոյի քայլերը: Ուղղաձիգ, հին աստիճանները ճռռում էին նրա ոտքերի տակ: Պորուչիկը սիրում էր այդ ձայնը. որքան հաճախ էր նա անկողնում սպասել հին աստիճանների գեղեցիկ երաժշտությանը: Մտածելով, որ հիմա նա ծանոթ ճռռոցը լսում է վերջին անգամ, պորուչիկը համակ լսողություն էր. նա տենչում էր վայելել յուրաքանչյուր ակնթարթը և ակնթարթներն այդ առկայծում էին փայլաքարերի գույնով:
Րեյկոն լողախալաթի վրայից կապեց ալ գոտին, որ ննջարանի կիսախավարում համարյա սաթին էր տալիս: Պորուչիկը ձգվեց դեպի հանգույցը, Րեյկոն օգնեց նրան և գոտին օձագալար սահեց հատակին: Նա ձեռքերը խրեց խալաթի լայն թևքերի մեջ, կինը արմունկներով նրա ափերը սեղմեց մարմնին և պորուչիկը` զգալով տաք մարմնի հպումը, հալվեց կրքից:
Նրանք իրենք էլ չնկատեցին, թե ինչպես մերկ մնացին:
Երկուսի հոգիներն ու մարմինները համակված էին այն մտքով, որ դա վերջին անգամն է: Ասես մի անտեսանիլի վրձին էր նրանց մաշկին գրել ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ բառերը:
Պորուչկինը իրեն սեղմեց երիտասարդ կնոջը, և համբույրը միաձուլեց նրանց: Նրա լեզուն սահում էր կնոջ բերանում, դեռևս անիմանալի մահվան տառապանքը սրում էր զգացողությունները. կանխահաս հոգևարքը վայելքին դեռևս չճանաչված անմեղություն էր հաղորդում:
_ Ցույց տւոր մարմինդ, ուզում եմ հիանալ նրանով վերջին անգամ,- շշնջաց պորուչկինը: Նա լամպը շրջեց ալնպես, որ լույսը ընկնի անկողնու վրա:
Րեյկոն անշարժ, աչքերը փակ պառկած էր: Կողքից թափանցող լույսը ընդգծում էր հիասքանչ սպիտակ մարմնի գոգավորություններն ու խորքերը: Եսասիրական բավարարվածությամբ պորուչկինը մտածեց, որ առաջինը մեռնելով` չի տեսնի այս գեղեցկության վախճանը:
Անշտապ նրա հիշողության մեջ դրոշմվում է հոյակերտ պատկերը. մի ձեռքով նա շոյում էր Րեյկոյի մազերը, մյուսով` սիրելի դեմքը, շրթունքները համբուրում էին կոպերը, պարզ, բարձր ճակատը... Երկար թարթիչների ստվերը` բարակ հոնքերի ներքո, անթերի քիթը, ատամների խոնավ ճերմակը, այտերի նրբին վարդագույնը, նրբագեղ ծնոտը... Մեկեն պորուչիկի առջև հառնեց մահվան փայլատակող պատկերը և նա անհոգորեն սկսեց համբյուրներով հեղեղել այն կոկորդը, ուր շուտով դաշույն էր խրվելու: Հետո նա դարձավ շրթունքներին և սկսեց քնքուշ ու ռիթմիկ համբուրել:
Եթե աչքերը փակվեին, ապա կարելի էր պատկերացնել, որ ամբողջ աշխարհն է հանդարտ ճոճվում ալիքների վրայով:
Ապա պորուչիկի շրթունքները խոնարհ հետևեցին հայացքին, համբյուրներից պրկված պտուկները, որ զարդարում էին բարձր կրծքերը, լեռնային բալենու բողբոջների էին նման: Ուսերից թևերը կորասահ գծերով աստիճանաբար նեղանում էին մինչև դաստակները: Բարալիկ մատները, այն մատները, որ հարսանեկան լուսանկարում հովհար էին բռնել, պորուչիկի տաք համբույրներից ամոթխածորեն թաքնվում էին ափերի մեջ. կրծքից մինջև փորը ճկունությունն ու առաձգական ուժն էին հարևանում. ավելի ցած սկսում էին ազդրերի սլացիկ կորերը, բայց այստեղ մարմինը դեռևս զսպվածությանն էր ենթարկվում; Փորի կուրացուցիչ ճերմակը աղոտ լամպալույսի տակ կաթով լեցուն լայն ափսեի էր նմանվում: Մեջտեղում փոքրիկ փոսիկը ասես անձրևի կաթիլի հետք լիներ: Ավելի ներքև, ուր ստվերները թանձրանում էին, մի փոքրիկ մազափունջ սևին էր տալիս: Թրթռուն կրքով արբեցած մարմնից զգլխիչ բուրմունք էր տարածվում: Դողացող ձայնով Րեյկոն արտաբերեց.
_ Ես էլ եմ ցանկանում... վերջին անգամ...
Նա առաջին անգամն էր ամուսնուն դիմում նման խնդրանքով, ասես ինչ-որ բան, որ մինչև հիմա կոծկել էր ամոթխածությունը, ազատորեն պոռթկաց:
Պորուչիկը հնազանդ մեկնվեց մեջքի վրա. Կանացի սպիտակ մարմինը վեր ելավ... Ցանկանալով ամեն ինչում նմանվել ամուսնուն, Րեյկոն նրբին մատներով ծածկեց անդադար իրեն նայող աչքերը: Քնքշանքի պոռթկումից շառագունած, նա կրծքին սեղմեց ամուսնու կարճ խուզած գլուխը. թավ հոնքեր, գոցված կոպեր, մեծ քիթ, ամուր սեղմված գեղեցիկ շուրթեր, ածիլվելուց հետո սնդուսի-կապույտ այտեր...Րեյկոն համբուրում էր սիրելի դիմագծերը, ապա ամրակուռ վիզը, լայն ուսերը:
Թևատակերից, որ ստվերվել էին ուսերի և կրծքի հզոր մկանունքից` քաղցր, թախծավուն հոտ էր գալիս, որում տարօրինակորեն ջահել մարմնի մահվան կանխազգացում կար:
Պորուչիկի մաշկը հասած հացահատիկիգույն ուներ: Նայելով այս ամրակուռ մարմնին, Րեյկոն այն բզկտված պատկերացրեց:
Արցունքները շարան-շարան հոսում էին և նա երկար համբուրում էր ամուսնու փորը: Զգալով մաշկին թափվող արցունքները` պորուչիկը մի նոր արիությամբ համակվեց, այժմ նա չէր կասկածում, որ պատրաստ է ցանկացած տառապանքի:
Ավելորդ է պատմել, թե ամուսինները ինչ վայելք էին ապրում նման հրաժեշտից հետո:
Պորուչիկը գիրկն առավ ու ամուր սեղմեց դառն արտասուք թափող կնոջը. երկուսի դեմքերը աննկարագրելի ուժով սեղմվել էին մեկմեկու: Րեյկոն ամբողջովին դողում էր. Քրտինքի մեջ կորած մի մարմին միաձուլվում էր մյուսին, և թվում էր, այլևս ոչինչ չի կարող նրանց բաժանել, նրանք վերածվել էին մի ամբողջության: Րեյկոն ճիչ արձակեց. Նա կարծես մեծ արագությամբ անձայն գահավիժում էր ու այնուհետ մեկեն թև առնելով` բարձրանում վեր: Պորուչիկը շնչահեղձ էր լինում` ինչպես գնդի դրոշակակիրը քայլարշավի ժամանակ...
Տարփանքի մի ալիք փոխարինվում էր մյուսով ու երիտասարդ զույգը նորանոր բարձրունքների ձգտելիս` հոգնություն չէր զգում:

4

Պորուչիկը վերջապես պոկվեց Րեյկոյի մարմնից, բայց դա ամենևին չէր նշանակում, թե նա հագեցել էր: Նա վախենում էր, որ կսպառեր ուժերը, որոնք իրեն պետք էին խարակիրի համար: Եվ մեկ էլ նա չէր ցանկանում, որ իրենց սիրո վերջին, հիասքանչ վայրկյանները խամրեին գերհագեցած տարփանքից:
Տեսնելով, որ ամուսինը ետ է քաշվում, Րեյկոն, ինչպես միշտ, անմիջապես հնազանդվեց նրա կամքին:
Մորեմերկ, ձեռք-ձեռքի, մեջքի վրա պառկած` նրանք նայում էին առաստաղին: Քրտինքն արդեն պաղել էր, սակայն բոցավառվող վառարանը չէր թողնում մրսել: Գիշերը խաղաղ էր, փողոցում շարժումը դադարել էր, և Յոցույա կայարանի տրամվայների և գնացքների դղրդյունը` կորչելով Ակասակա պալատի այգու աղմուկում, նրանց չէր հասնում: Մայրաքաղաքի այս խաղաղ անկյունում դժվար էր հավատալ, որ հիմա ինչ-որ տեղ մարտի են պատրաստվում երկու իրար թշնամի բանակային խմբավորումներ:
Ամուսինները անշարժ պառկած էին` ըմբոշխնելով ներսից եկած ջերմությունն ու նորեն վերապրելով դրախտային երանության վայրկյանները. Յուրաքանչյուր պահը, անմոռանալի համբույրի համը, մարմինների հպանքը, երջանկության զգացողությունը, որից սիրտն է նվաղում: Բայց առաստաղի մութ տախտակներից արդեն նրանց էր նայում մահվան դեմքը:
Վայելքն ավարտվել էր և երբեք այլևս ետ չէր դառնալու: Երկուսն էլ մտածեցին, որ եթե անգամ իրենց երկար մի կյանք տրված լիներ, այդպիսի էքստազ նրանք այլևս չէին ապրելու:
Եվ նրանց ագուցված մատները – դրանք ևս շուտով զատվելու են իրարից:Այլևս չի լինելու փայտե զարդանախշը առաստաղին. Մոտալուտ մահը ամեն վայրկյան ավելի ակնառու էր դառնում: Եվ ժամանակ էլ չէր մնացել: Հարկ էր զինվել արիությամբ և ըհդառաջ գնալ մահվանը:
_ Դե ինչ, պատրաստվելու ժամանակն է ,- լռությունը խախտեց պորուչիկը:
Ամուսնու ձայնի մեջ վճռականություն կար, բայց Րեյկոն չէր հիշում, որ երբևէ ամուսնու ձայնը այդքան քնքուշ ու վճռական լիներ:
Նրանք վեր կացան: Առջևում շատ անելիք կար: Պորուչիկը երբեք չէր օգնել կնոջը անկողինն հարդարելիս: Այժմ սակայն ինքն արագ բացեց պահարանն ու այնտեղ սեխմեց ճմրթված ֆուտոնները: Անջատեց վառարանը, լամպը դրեց տեղը և սենյակը, որ Րեյկոն կարգի էր բերել դեռևս կեսօրին, մի այնպիսի տեսք ստացավ , կարծես ընտանիքը մի ինչ-որ կարևոր հյուրի էր սպասում:
_ Ինչքա~ն ենք այստեղ խմել,- հոգոց քաշեց պորուչիկը,- Կանոյի, Խոմմայի, Նոգատիի հետ:
_ Այո, նրանք սիրում էին քեֆ անել...
_ Ոչինչ, շուտով մենք նրանց կհանդիպենք: Պատկերացնում եմ, թե ոնց են ինձ ձեռ առնելու, որ քեզ էլ եմ հետս տարել:
Առաջին հարկ իջնելուց առաջ պորուչիկը շրջվեց և մի հայացք ձգեց հավաք, վառ լուսավորված սենյակին:Մտովի նրա առջև հառնեցին ընկերների` երիտասարդ սպաների դեմքերը, նրանց աղմկոտ, կիսահարբած զրույցները, միամիտ սնապարծությունը: Այն ուրախ խնջույքների ժամանակ մտքովն էլ չէր անցել, որ մի գեղեցիկ օր, հենց այս սենյակում նա կբացի իր փորը:
Իջնելով ներքև` ամուսինները սկսեցին նախապատրաստվել; Այդ ընթացքում Րեյկոն խնամքով ծալեց ամուսնու լողախալաթը, բաղնիք բերեց նրա համազգեստն ու օսլայած ազդրակապը:
Փոքր հյուրասենյակի սեղանին թղթեր դրեց` մահառաջ գրվելիք նամակների համար;
Իր համար նա արդեն որոշել էր, թե ինչ էր գրելու; Րեյկոյի տուշի փայտիկով քերծեցին տուշամանի ոսկե տառերը, և ջուրը նրա մեջ պղտորվեց ու սևացավ: Րեյկոն իրեն արգելում էր մտածել այն մասին, որ իր մատների համաչափ շարժումների միալար շրշյունը ծառայում էր մի նպատակի` մերձեցնել վախճանը:
Ոչ, դա սովորական տնային գործ էր, ժամանակ անցկացնելու միջոց, որ մնացել էր մահվան հետ հանդիպումից առաջ: Գրչի դյուրաթեքությունը, որն արագորեն սահում էր թանաքամանում, տուշի ուժեղացող հոտը նրան սարսափելի ու չարագույժ էին թվում:
Լողասենյակից դուրս եկավ պորուչիկը, որն համազգեստն հագել էր մերկ մարմնի վրա:
Նա լռելայն նայեց, վերցրեց գրիչը և անվճռական նայեց սպիտակ թղթին:
Րեյկոն գնաց հագնելու սպիտակ կիմոնոն:Երբ նա լվացված և թեթևակի շպարված վերադարձավ սենյակ, պորուչիկի հրաժեշտի նամակն արդեն գրված էր:

«Կեցցե' Կայսերական բանակը: Պորուչիկ Սինձի Տակեյամա»:
Րեյկոն նստեց ամուսնուն դեմ հանդիման և ինքն էլ սկսեց գրել:
Պորուչիկը չափազանց լուրջ ու ուշադիր նայում էր, թե ինչպես են կնոջ սպիտակ մատները թղթին հիերոգլիֆներ թողնում: Հետո նա ամրացրեց թուրը, Րեյկոն դաշույնը մտցրեց գոտու տակ, և ապա մահառաջ գրված նամակները ձեռքերին` ամուսինները մոտեցան զոհասեղանին և ծնկեցին լռելայն աղոթքի:
Հանգցնելով առաջին հարկի լույսը` պորուչիկը բարձրացավ վերև. կեսից նա շրջվեց. կնոջ գեղեցկությունն ասես շանթահարեց նրան. աչքերը խորարհելով` կինը խավարի հետևից նրան իր ձյունաճերմակ հանդերձով: Նամակները կողք-կողքի դրեցին երկրորդ հարկի տոկոմանայի մեջ: Պորուչիկը կամեցավ պատից հանել կակեձիկան, սակայն միտքը փոխեց. այնտեղ կար ընդամենը մի հատիկ սրբազան բառ- «Հավատարմություն», և նա մտածեց, որ իրենց խնամախոս, գեներալ-լեյտենանտ Օձելին, որ գրել էր այդ հիերոգլիֆները, կների իրեն, եթե փաթեթեին արյան շիթեր ցայտեն:
Պորուչիկը նստեց մեջքով դեպի պատը և սուրը դրեց ծնկներին: Րեյկոն դանդաղ իջավ հարևան տատամիին: Սպիտակ հանդերձանքն ալ շուրթերը կուրացուցիչ պայծառ էր դարձել:
Ամուսինները նստել էին կողք-կողքի և նայում էին մեկմեկու աչքերի: Հայացք ձգելոց սրին, որ ամուսնու ծնկներին էր, Ռեյկոն հիշեց իրենց առաջին գիշերը. Տխրությունն այլևս անտանելի դարձավ: Որոշ ժամանակ անց պորուչիկը ճնշված ձայնով ասաց.
_Ես մարտավկա չունեմ և ուրեմն խորը կպատռեմ: Հավանաբար հաճելի տեսարան չի լինի, բայց դու մի վախեցիր: յուրաքանչյուր մահ կողքից տեսնողի համար սարսափելի `: Թող այն քեզ չզրկի քաջությունից: Եղա՞ վ:
_Լավ,-գլուխը խոնարհեց Րեյկոն: Նայելով կնոջ սլացիկ մարմնին, որ պարուրված էր սպիտակներով` պորուչիկը հանկարծ մի տարօրինակ արբեցուցիչ գրգիռ զգաց: Այժմ կինն իրեն ամուսնուն կտեսնի նոր դրսևորմամբ` զինվորական իր պարտքը կատարելիս, քամզի իր սպասող մահը պակաս պատվաբեր չէ, քան մարտադաշտում զոհվելը: Նա ցույց կտա կնոջը, թե ինչպես կպահեր իրեն ճակատամարտում:
Մի գայթակղիչ անրջանք գրավեց պորուչիկի երևակայությունը: Միայնակ վախճանը ճակատամարտում և անձնասպանությունը գեղեցիկ կնոջ աչքի առաջ. Նա կարծես պատրաստվում էր մահանալ երկու չափումներում միանգամից, և այդ զգացողությունը նրան երանության բարձրակետին հասցրեց: Ահա իսկական երջանկությունը,-մտածեց պորուչիկը: Նահատակվել կնոջ հայացքի առաջ` նույնն է թե մեռնել ըմբոշխնելով ափազեփյուռի բուրմունքը: Նրան մի առանձնահատուկ շնորհ է բաժին ընկել, որը հասու չէ ուրիշ որևէ մեկին:
Ասես մի նորահարս, նրա ճերմակ անշարժ ֆիգուրը պորուչիկի համար մարմնավորում էր այն ամենը, հանուն որի նա ապրում էր. Կայսերը, հայրենիքը, մարտադրոշը: Սրբազան այդ խորհրդանիշերը նրան էին նայում կնոջ ջինջ հայացքով:
Մահվանը պատրաստվող ամուսնուն հետևելով, Րեյկոն ևս մտածում էր, որ դժվար թե աշխարհում առավել հիասքանչ մի արարողություն: Համազգեստը միշտ էր սազել պորուչիկին, սակայն հիմա երբ նա խոժոռելով հոնքերը և շուրթերը` սեղմած, նայում էր մահվան աչքերին, դեմքին այրական անկրկնելի գեղեցկություն էր իջել:
_Վերջ, ժամանակն է,-ասաց պորուչիկը:
Րեյկոն մինչև գետին խոնարհվեց նրան: Մեկեն ուժերն իսպառ լքեցին կնոջը. Նա ոչ մի կերպ չէր կարողանում ուղղվել: Լաց լինել չի կարող,-ասաց նա ինքն իրեն,-դեմքս շպարված է: Բայց արցունքներն իրենք իրենց հեսում էին: Երբ նա վերջապես ուղղվեց, ասես արցունքների շղարշի միջով տեսավ, որ ամուսինն արդեն մերկացրած սուրը փաթաթում է սպիտակ կտորով, ու ընդամենը մի քսան սանտիմետր է մնացել:
Վերջացնելով այդ գործը և սուրը դնելով գետնին, պորուչիկը խաչեց ոտքերը և արձակեց համազգեստի օձիքը: Կնոջը նա այլևս չէր նայումԼ Մատները մեկը մյուսի ետևից արձակում էին պողպատե ողորկ կոճակները: Մերկացավ խաթ կուրծքը, ապա` փորը: Պորուչիկը հանեց գոտին, իջեցրեց շալվարը – երևաց ազդրակալի ճերմակ կտորը: Նա իջեցրեց ազդրակալը, ավելի մերկացնելով մարմինը: Անթարթ աչքերը հառած մերկ փորին, նա ձախ ձեռքով թեթևակի շոյում էր գոտկատեղից քիչ ներքև:
Անհանգստանալով, թե արդյոք շեղբը բավականաչափ սուր է, սպան կիսով չափ իջեցրեց շալվարը և թեթևակի քերծեց ոտքը: Մաշկին կարմիր սպի բացվեց, և արյան բարակ շիթեր հոսելով ազդրի վրայով` կայծկլտում էին էլեկտրական վառ լույսի տակ:
Րեյկոն առաջին անգամ տեսնելով ամուսնու արյունը` շնչակտուր էր լինում: Նա նայեց ամուսնու դեմքին, որը գնահատող հայացքով կտրվածքն էր զննում: Րեյկոն միանգամից հանդարտվեց, չնայած հասկանում էր, որ թեթևության այդ զգացումը կեղծ էր:
Պորուչիկը բարձրացրեց աչքերը` բազեի խիստ հայացքով հառեց կնոջ դեմքին:
Նա սեպը կանգնեցրեց իրենից առաջ, իսկ ինքը այնպիսի դիրք գրավեց, որպեսզի մարմինը կախվի սրի վրա: Կիտելի տակ պրկված մկաններից երևում էր, որ պորուչիկը հավաքել է իր բոլոր ուժերը:: Նա մտադիր էր ածելին խրել փորի ներքևի ձախ մասը` հնարավորին չափ խորը: Ցասումնալի ճիչը խախտեց սենյակի լռությունը: Թեպետ պորուչիկն ինքն էր հարվածը հասցնողը, նրան թվաց, թե մեկ ուրիշն է խոցել իր մարմինը հաստ երկաթյան ձողով: Աչքերի առաջ մթնեց և մի քանի ակնթարթ նա դադարեց հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ: Մերկ պողպատը մինչև կոթը խրվել էր մարմինը և պորուչիկի բռունցքը, որ սեպը մեջտեղից սեղմել էր, հասել էր փորին:
Գիտակցությունը ետ եկավ:
Սեպը բացել է որովայնս. Կասկած չկա,-մտածեց նա: Դժվարությամբ էր շնչում, կուրծքը ծանր վեր ու վար էր անում:
Անհանարին էր, որ դա իր մարմնում լիներ, ինչ-որ տեղ հեռվում, մի հրեշավոր երկրում, ուր ասես ճաքել էր հողը և ճեղքերից կրակի լավա էր ժայթքում:
Սարսափելի արագությամբ ցավը ավելի ու ավելի էր մոտենում: Զսպելով ճիչը, պորուչիկը ատամներով սեղմեց ներքևի շրթունքը: Ահա ինչպիսին է նա, խարակիրին,-մտածեց նա: Ասես ամբողջ աշխարհը շուռ էր եկել ու երկինքը թափվել էր գլխին:
Կամքը և արիությունը, որ անդրդվելի էին թվում մինչ այն պահը, երբ սեպը խրվել էր մարմինը, այժմ պրկվել էին բարակ պողպատյա լարի պես, և միտքն այն մասին, որ ամեն գնով, մինչև վերջին ճիգը պետք է կառչել այդ թելից` պորուչիկի սիրտը լցվեց մի տագնապոտ թախծով: Բռունցքը, որ բռնել էր սուրը, ամբողջովին թաց էր: Սպան տեսավ, որ ձեռքը և սպիտակ կտորը արնաշաղախ են:
Ազդրակալը ևս ալ կարմիր էր: Տարօրինակ է կրել այս ցավը և այսպես տեսնել ամեն ինչ և աշխարհը գոյություն ունի, ինչպես առաջ,-մտածեց նա:
Դեմքը սարսափելի գունատվել էր, կարծես դեմքին սպիտակ վարագույր էր իջել:
Րեյկոն ամեն գնով զսպում էր դեպի ամուսինը նետվելու անկասելի պոռթկումը: Դա անել չի կարելի: Նա պետք է նստի և նայի: Ինքը վկա է, այդ պարտականությունը նրան ստանձնել է իր ամուսինը: Նա կողքին էր, հարևան տատամիի վրա. Հստակ տեսնում էր նրա աղավաղված դեմքը, որի վրա անտանելի տառապանք էր դրաշմված. Սակայն Րեյկոն չգիտեր, ինչպես օգնել սիրեցյալին:
Պորուչիկի ճակատին քրտինքի կաթիլներ էին փայլում: Նա փակեց աչքերը, նորից բացեց: հայացքը կորցրել էր իր մշտական պարզությունը և փոքրիկ գազանիկի նման դատարկ ու անիմաստ էր: Ամուսնու տառապանքները ամռան բարկ արևից էլ վառ էին փայլում. Նրանք ընդհանուր ոչինչ չունեին այն վշտի հետ, որ կրծում էր Էեյկոյի հոգին:
ցավը գնալով սաստկանում էր: պորուչիկը այլևս այլ մի աշխարհի էակ էր, նրա գոյության ողջ իմաստը խտացել էր տառապանքի մեջ, և Րեյկոյին թվաց, որ ամուսինը գերի է` բանտված ցավի վանդակում ու նա այլևս անհասանելի էր: Նրա ցավը մարմնական տանջանք չէր, չէ որ ինքը ցավ չէր զգում: Րեյկոն այնպիսի զգացողություն ուներ, որ իր և ամուսնու միջև մի ապակե պատ էր գոյացել:
Հարսանիքի օրվանից ի վեր Րեյկոյի կյանքի ողջ իմաստը ամուսնու մեջ էր պարփակված, նրա ամեն շունչը իր շունչն էր, իսկ այժմ նա գոյություն ուներ իրենից անկախ, գերեվարված իր տառապանքին, և նա` տրված իր ողբին, չէր զգում հողը ոտքերի տակ:
Պորուչիկը փորձեց փորը լայնակի պատռել, բայց սուրը խրվել , մնացել էր ներսում, և ներքին օրգանները համառորեն սեպը առաջ չէին թողնում:
Նա հասկացավ, որ պետք է երկու ձեռքով կառչել երկաթից և ավելի խորը մտցնել: Այդպես էլ արեց: Սեպն իր սպասվածից ավելի դժվարությամբ էր առաջ գնում. ստիպված էր ամբողջ ուժը կենտրոնացնել աջ ձեռքի դաստակում:
Շեղբը մի տասը սանտիմետր առաջ շարժվեց: Ցավը հեղեղի պես վրա տվեց, ավելի ու ավելի ծավալվելով: Թվում էր, թե որովայնը շնչում էր, ինչպես մի ահռելի զանգ, ո'չ, հազարավոր զանգերի պես, որ զարկերակի ամեն հարվածի, ամեն շնչի հետ բզկտում էին պորուչիկի ողջ էությունը:
Տնքոցները պահելը այլևս անտանելի էր: բայց պորուչիկը հանկարծ տեսավ, որ սեպը հասել է փորի կեսին, և նա բավարարվածության ու քաջության նոր լիցքերով համակվեց:
Արյունը հեղեղվելով հորդում էր վերքից: շուրջբոլորը կարմիրով էր ծածկվել, կանաչավուն շալվարի վրայով արյան գետեր էին հոսում: Արյան մի քանի կաթիլ, ասես փոքրիկ թռչնակներ, թռան հասան հարևան տատամիին` ցայտելով րեյկոյին ձյունաճերմակ փեշերին:
Երբ պորուչիկը ածելին հասցրեց որովայնի աջ կողմը, սեպն արդեն այնքան էլ խորքում չէր, և արյունից ու ճարպերից պլստուն ածելին համարյա թե վերքից դուրս էր պրծել: Սրտխառնուքը բռնեց կոկորդը և պորուչիկը խռխռալով բառաչեց: Կծկումներից ցավն ավելի անտանելի դարձավ, պատռվածքի եզրերը բացվեցին, և փորոտիքը դուրս թափվեց: Աղիքների պետքը չէր իրենց տիրոջ տառապանքը. Առողջ և ողորկ նրանք թափվեցին:
Գլուխը կախ ընկավ, ուսերը վեր ելան, աչքերը նեղացան` վերածվելով ճեղքերի, բերանից թքալորձ էր ծորում: Համազգեստի ուսադիրները ոսկի էին շողարձակում:
Պորուչիկը` մի ձեռքով հենված հատակին, արյան լճի մեջ ընկրկում էր:
Սենյակում գարշահոտություն տարածվեց, ստխառնուքը շարունակվում էր, ուսերն անդադար ցնցվում էին: Սեպը, որն ասես փորից դուրս էր մղվել, անշարժացել էր անկյանք ձեռքում:
Հանկարծ սպան մեկեն ուղղվեց. Ինչի հետ կհամեմատվեր կամքի այս անհավանական լարումը: Կտրուկ շարժումից գլուխը ետ մղվեց և ծոծրակով ուժեղ կպավ պատին:
Րեյկոն, որ ասես քար կտրած միայն արյան գետերին էր նայում, որ դանդաղորեն հոսելով ծնկներին էր հասնում, զարմացած բարձրացրեծ աչքերը:
Դիմակը, որ տեսավ, նման չէր մարդկային դեմքի: Աչքերը դուրս էին պրծել, մահացու չորությունը պատել էր մաշկը, այտոսկրերը և բերանը` երբեմնի այնքան գեղեցիկ, չորացած կեղտի գույն էին ստացել: Պորուչիկի աջ ձեռքը գերագույն ջանքով բարձրացրեց ծանր սուրը: Անվստահ ու դանդաղ լարովի տիկնիկի շարժում էր հիշեցնում: Պորուչիկը ջանում էր անհնազանդ ածելին մոտեցնել կոկորդին: րեյկոն կենտրոնացած հետևում էր, թե նա ինչպես է ի կատար ածում իր կյանքի ամենավերջին, աներևակայելի դժվար արարքը: Մեկը մյուսի ետևից կոկորդին ուղղված լպրծուն շեղբը վրիպում էր: Պորուչիկին ուժերը իսպառ լքում էին: Չնայած ճարմանդն արձակած էր, բայց օձիքը ծածկել էր վիզը և ածելին դեմ էր առնում կոշտ կոկորդին:
Րեյկոն այլևս անկարող էր տանել այս տեսարանը: Նա ուզում էր ամուսնուն օգնության հասնել, բայց բարձրանալու ուժ չուներ: Չորեքթաթ նա սողաց դեպի արյան լիճը: Սպիտակ կիմոնոն կարմիրով էր ծածկվել: Հասնելով ամուսնու թիկունքին, նա հեռացրեց օձիքի եզրերը: դա այն ամենն էր, ինչով նա օգնեց ամուսնուն: Վերջապես դողդողացող ածելին կտրեց մերկ պարանոցը: ռեյկոյին թվաց, թե ինքն ամուսնուն հրեց առաջ, բայց ոչ, ինքը` պորուչիկը, վերջին ճիգով նետվեց շեղբին ընդառաջ: Պողպատը մինչև ծոծրակը կտրեց վիզը: Արյան շատրվանը ցայտեց և պորուչիկը մարեց: ծոծրակին ցցված պողպատը լամպալույսի տակ կապույտին էր տալիս:

5.
Րեյկոն դանդաղ իջավ աստիճաններով: Արյունով ներծծված տաբիները սղում էին. Երկրորդ հարկում մահացու լռություն էր իշխում: Նա վառեց լույսը վերևում, փակեց գազի ծորակը և մխացող ածուխների վրա ջուր շաղ տվեց: Հետո կանգ առավ փոքրիկ սենյակի հայելու առջև և բարձրացրեց կիմոնոյի փեշերը: Արյան շիթերը տարօրինակ նախշերով էին պատել սպիտակ գործվածքը: Նա դողահար նստեց գետնին. Ամուսնու արյունով թրջված փեշերը սառեցնում էին ոտքերը: Երկար շպարում էր դեմքը` այտերն ու շուրթերը վառ ներկելով: Գրիմը սիրելիի համար չէր, այլ այն աշխարհի, որ շուտով նա լքելու էր: Դրա համար վրձնի շարժումներում ինչ-որ վեհաշուք բան կար:
Երբ Րեյկոն կանգնեց տատամիի վրա, հայելու առջև արյան հետք կար, բայց նա նույնիսկ հայացք չձգեց: Այնուհետև երիտասարդ կինը մտավ լոգարան և վերջապես կանգ առավ միջանցքում:
Երեկոյան պորուչիկը, պատրաստվելով մահվան, շքամուտքի դուռը կողպել էր: Որոշ ժամանակ Րեյկոն երկմտում էր. Եթե դուռը փակ լինի, հարևանները շուտ չեն իմանա երիտասարդ զույգի մահվան մասին, նա չէր էլ ցանկանա, որ մարդիկ իրենց մարմինները քայքայված գտնեն: Ավելի լավ է բաց թողնել... Րեյկոն պտտեցրեց բանալին և փոքր-ինչ բացեց դուռը: Միջանցքը լցվեց սառը քամիով, գիշերային փողոցը դատարկ էր, ծառերի կատարներից վեր, որոնք շրջապատում էին դիմացի առանձնատունը, շողում էին աստղերը:
Րեյկոն նորից բարձրացավ վերև: Արյունը տաբիների վրա արդեն չորացել էր և ոտքերը այլևս չէր սայթաքում: Աստիճանների կեսից սուր հոտ զգաց: Պորուչիկը բերանքսիվայր պառկած էր արյան լճակում: Սրի ծայրն էլ ավելի էր դուրս ցցվել նրա ծոծրակից: Րեյկոն հանգիստ կտրեց-անցավ արնաշաղախ սենյակը: Նստեց մեռած ամուսնու կողքին և կռանալով կողքից նայեց նրա դեմքին: Պորուչիկի լայն բացված աչքերը հմայված նայում էին մի կետի: Րեյկոն բարձրացրեց անկյանք գլուխը, թևքով սրբեց արնաշաղախ դեմքը և հրաժեշտի համբույրով դրոշմեց ամուսնու շուրթերը:
Արագ վեր կենալով նա բացեց պահարանը, այնտեղից հանեց պարան և սպիտակ ծածկոց: Ծածկոցը խնամքով, որպեսզի կիմոնոն չճմրթվի, փաթաթեց գոտկատեղին, պարանը կապեց դրա վրայից: Րեյկոն նստեց գետնին, ամուսնու դիակից մեկ քայլ այս կողմ: Գոտկատեղից հանեց դաշույնը, լեզվով հպվեց փայլող պողպատին: Ողորկ մետաղը փոքր-ինչ քաղցրահամ էր:
Երիտասարդ կինը վայրկյան իսկ չէր տատանվում: Մտածեց, որ ամուսնուց բաժանվող տառապանքը կլինի նաև իրենը, որ մերձենում է սիրեցյալի հետ հանդիպման պահը, ու նրա սրտում միայն բերկրանք կար: Պորուչիկի դեմքին նա ինչ-որ խորհրդավոր անբացատրելի բան էր տեսնում: Հիմա նա կպարզի այդ առեղծվածը: Րեյկոն հասկացավ, որ միայն հիմա է զգում Մեծն իմաստի քաղցր կորուստը, որին հավատում էր ամուսինը: Եթե նա առաջ այդ նվիրական իմացության մասին գիտեր միայն պորուչիկից, ապա այժմ ինքը կճաշակի դրա համը: Րեյկոն դաշույնը մտցրեց կոկորդը և սեղմեց: Վերքը շատ փոքր էր: Գլուխը տաքացավ, ձեռքերը դողացին: Նա շեղբը կտրուկ դուրս քաշեց: Ներսից ինչ-որ տաք բան լցվեց կոկորդը, աչքերի առաջ ամեն ինչ կարմրով ներկվեց, վերքից արյուն էր հորդում: Րեյկոն հավաքեց ողջ ուժերը և դաշույնը մինչև երախակալը խրեց կոկորդը: