среда, 17 августа 2011 г.

Քրիստման Էրստրոյմ / Բամբուկե լապտերիկ

Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966 թվականին: Թարգմանությունը Հովհ. Ն. Ագուլյանի: Ստորև ներկայացվում է գրքի 
«Հեղինակի կողմից» առաջաբանը:




Հիսուն տարի առաջ մի հոռետես գրող հայտարարեց, թե ծաղիկների ճապոնական հռչակավոր տոները շուտով բոլորովին կվերանան։ Վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բուռն զարգացումը, իհարկե, արմատապես փոխեց Ճապոնիայի կյանքը, բայց ավանդական տոները շարունակվեցին, թեև այլ ձևով։ Փոխանակ հազարամյա տաճարի ստվերում շնչելով անցած հարյուրամյակների բուրմունքը, մարդ հանձնվի խաղաղ խորհրդածությունների կամ, հենվելով հնադարյան քարե լապտերին, հրճվի լոտոսի ծաղիկներով, որոնք տարածվում են դեպի գինգկո ծառի՝ խորհրդավորությամբ լի ճյուղերը, Տոկիոյում այժմ տոմս են գնում գերճեպընթացի համար, վեց ժամ անընդհատ ճանապարհ են անցնում Ֆուձիի շուրջը պտույտ գործող ուղիով՝ ժամում 175 կիլոմետր արագությամբ, գրոհում են աղաղակող բարձրախոս ունեցող գերժամանակակից ավտոբուսի վրա և 50 հազար այլ մարդկանց հետ միասին սլանում դեպի այգիները, ուր դեռևս պահպանվել է լոտոսը։ Այստեղ պատվիրում են գարեջուր ու վիսկի, երաժշտություն, հրավիրում են պարող կանանց, հիանում ծաղկող լոտոսով (բարեբախտաբար այն պաշտպանված է ցանկապատով), խռնվում են (մի քանի րոպե) «շտապ օգնության» մեքենաների մոտ, որոնք փոխադրում են ուժասպառված և հրհրոցից խեղանդամված լոտոսի սիրահարներին, նորից են գրոհում ավտոբուսի վրա և երեկոյան ճեպընթացով վերադառնում Տոկիո։ Տարեկան մեկ անգամ կատարված այսպիսի «ուխտագնացությունը» սովորաբար բավական է լինում, մնացած ժամանակը ծախսվում է հաջորդ ուղևորությունը նախապատրաստելու վրա։ Այսպիսով, Ճապոնիայի համար բնորոշ է նորագույն տեխնիկայի, գերբնակվածություն, գերժամանակակից տրանսպորտի, լոտոսի ծաղիկների և երկհազարամյա կուլտուրայի զուգակցումը։ Ասում են, որ Ճապոնիան յուրացրել է տեխնիկայի նոր նվաճումներից լավագույնը, ընդսմին պահպանելով իր կուլտուրայի լավագույնը։ Իրոք, ժամանակակից տեխնիկան և ճապոնական կուլտուրան ապրում են կողք-կողքի։


Վերցնենք Տոկիոյի ծառայողին, որը ամեն օր, առավոտվա ժամը 9-ին, գալիս է ծառայության։ Նա հագնված է արևմտյան ձևով՝ շլացուցիչ սպիտակ վերնաշապիկ, խնամքով կապած փողկապ, լավ արդուկած կոստյում։
Եթե նա մասնագիտությամբ քիմիկոս է, ապա աշխատանքային օրվա ընթացքում բարդ անալիզներ է կատարում, հնարամիտ դիագրամներ գծում, մի խոսքով, գիտական լուրջ խնդիրներ է լուծում։
Իսկ երեկոյան, տուն գալուց հետո, նա հանդես է գալիս ճապոնական կենցաղի համար բնորոշ իրադրության մեջ։ Տունը շինված է թղթից ու փայտից։ Հենց որ տանտերը շեմքից ներս է մտնում, հանում է կոշիկները, հագնում կիմոնո, նստում է հատակին՝ ցածլիկ սեղանի մոտ, սև լաքած փայտիկներով բրինձ է ուտում, ընթրիքից հետո պառկում է հատակին գցած դեղին ծղոտե խսրի վրա քնելու։ Նման խսիրներ կարելի է տեսնել ճապոնական ամեն մի ընտանիքում։ Ճապոնական հազարամյա տիկնիկային ինտերյերին ասես խիստ հակադրվում է սենյակի անկյունում դրված հեռուստացույցը։
Թե՛ մարդկանց մտածողության և թե այս կամ այն իրադարձության մեջ, ամենուրեք նկատելի են հակադրությունները ավանդական ճապոնականի և ժամանակակցի միջև։ Ոչ միայն խոշոր քաղաքները, այլև ամբողջ երկիրը հիշեցնում է ծխացող հրաբուխ, թղթի ու բամբուկի մեջ փաթաթված յուրատեսակ մի ֆուձի։ Երկհազարամյա բամբուկը և աստվածացման ու պաշտամունքի առարկա դարձած բարակ, նուրբ թուղթը (տների թղթե պատերը, թղթե լապտերները այգիներում, եկեղեցական պարեր կատարողների հովանոցները, այս ամենը միանգամից բռնկված է խռնվածության, հապճեպության, տեխնիկայի, հրհրոցի, վազքի հրաբխային ժայթքմամբ։
Իմ գրքի նպատակն է՝ փորձել ընթերցողին պատկերացում տալ մեր օրերի Ճապոնիայի մասին։ Քաղաքականությունը ինձ չի հրապուրում, տնտեսագիտությունից գլուխ չեմ հանում։ Իսկ դրանք այնպիսի հանգամանքներ են, որոնք, ավաղ, մեծ գլխացավանք են պատճառում ինձ։ Ես ուզում էի մի փոքր պատմել Ճապոնիայի մարդկանց մասին, նրանց առօրյայի, բնակչության կուտակվածաթյան, թայֆունների, տոնակատարությունների, քաղաքի ու գյուղի, ուրախության, երջանկության և վշտի մասին։
Ճապոնական կառավարության թոշակն ստանալով, ես երկու տարի անց եմ կացրել Ճապոնիայում։ Ուսումնասիրել եմ ճապոնական կուլտուրայի պատմությունը, պարապել ճապոներեն լեզվով։ Առաջին տարին ապրել եմ Տոկիոյում, երկրորդ տարին՝ Կիոտոյում։ Ժամանակի մոտավորապես կեսն անց եմ կացրել երկրում ճանապարհորդություններ կատարելով։ Իմ հաշվին ուղևորություններ եմ կատարել դեպի Ֆիլիպինյան կղզիները, Հոնկոնգ, Չինական Ժողովրդական Ռեսպուբլիկա, Հնդկաչին և Հնդկաստան։
Եթե այս գիրքը օգնի վերացնելու որոշ ոչ ճիշտ պատկերացումները Ճապոնիայի մասին, ապա ես հասած կլինեմ իմ նպատակին։

1 комментарий:

  1. Բարի օր, պարոն Գաբրիելյան և բլոգի հարգելի մասնակիցներ: Ուզում եմ ասել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հետևում եմ ձեր բլոգին ու մեծ հաճույքով եմ կարդում: Բայց հիմա հիացմունքս արտահայտելու համար չեմ գրում: Հիմա գրում եմ animelove.ucoz.net կայքի անձնակազմի անունից: Մենք մի խումբ պատանիներ ենք, ովքեր շատ են սիրում ճապոնական արվեստը, ինչպես նաև անիմեն ու մանգան, որոնք շատ հաճախ դուրս են մղվում արվեստի ոլորտից, մանավանդ մեծահասակների կողմից: Մեր թիմի անունից առաջարկում եմ (ինչ-որ տեղ նաև խնդրում եմ, որովհետև անձամբ ես շատ եմ ուզում) համագործակցել: Առաջարկում եմ մեր կայքում տեղադրել ձեր բաները, իսկ ձեր կայքում՝ մերը: Ինչպես նաև ուզում եմ հարցնել, դեմ չե՞ք լինի,եթե մենք ձեր որոշ նյութեր հրապարակենք մեր կայքում՝ իհարկե, նշելով աղբյուրի գործող հղումը:
    Կներեք, որ այսքան երկար եմ գրում: Ինձ կարող եք գրել arimotoka.sama@mail.ru հասցեով (երևի այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև գրածս ճապոնական գրականության հետ ոչ մի կապ չունի):
    Շնորհակալություն ուշադրության համար:
    P.S. Իսկական անունս Սոնա է)))

    ОтветитьУдалить