Ստորև ներկայացվում է 1905 թվականին Թիֆլիսում տպագրված Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտոյտ Ճապոնում (Իմ յուշերից եւ տպաւորութիւններից)» գրքի «Նագասակիի ծոցը» բաժինը (էջ 5-19): Տեքստը վերածված է ժամանակակից ուղղագրության:
Հունիսի առավոտը նոր էր ծագում, երբ մեր առջևը ծովի մեջ նկարվեցին ճապոնական լեռների անորոշ գծերը:
Առավոտը թարմություն ու զով էր շնչում:
Եվ կուրծքը ազատ ու թեթև էր շունչ քաշում:
Անընդհատ շարքով ձգվում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչև որ երկու կողմից մեզ բոլորովին մեջ առան:
Մտանք նագասակիի ծոցը, Ճապոնիայի նախադուռը:
Սքանչելի է այդ ծոցը:
Նա սուր գալարուն օձի պես խոչը խրվում է ցամաքի մեջ և ձեզ միանգամից փոխադրում է մի այլ, ուրույն աշխարհ, ուր ամեն-ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատյուր չափերով:
Բաց ծովը թողնելուց հետո շոգենավը մտնումէ նեղ ու երկար նեղուցը և առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզյակների ամբողջ մի լաբիրինթոսի միջով:
Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցվում են ջրի մեջ, ծածկում են ծովի ամբողջ մակերեսի` ջրի մեջ մի նոր ցոլածու անտառ կազմելով:
Շոգենավը առաջ է գնում այդ իրար հյուսող կանաչի խիտ ցանցի միջով, համառ ու անխնա պատռտելով նրան:
Կղզյակները առաջ են վազում աջից, ձախից, դեմ են տալիս իրանց կուրծքը նրա ճամփին, կարծես ուզում են առաջը կտրեն, կանգնեցնեն շոգենավի արագ ընթացքը: Բայց հանկարծ նորից բացվում է բարակ նեղուցը- և նորից առջևդ զմրուխտ կղզիներ:
Վերջ չկա քմահաճ գալարներին: Շոգենավի պտուտակի ամեն դարձին տեսարանը փոխվում է: Դեմ եկող ամեն մի հրվանդան բերում է իր հետ և մի նոր անակնկալ:
Երբեմն նավակների մի ամբողջ շարք է, որ խմբվել է մանրիկ խորշում ձկնորսի խրճիթի տակ, երբեմն մի գերզմանոց, որ սարն ի վեր է մագլցում, կամ ճգնավորի լռիկ խուցը, որ գաղտուկ ցած է նայում անտառակի թաքուն անլյունից:
Թեև օրը շատ վաղ էր դեռ, բայց մեր շոգենավի ամբողջ բնակչությունը դուրս էր թափվել տախտակամածը, որ զմայլվի առատորեն մեր դեմ բացվող տեսարանով ու այդ սար ու ծովի իրար գրկող գույներով, որոնք ավելի էին գեղեցկացել «ծագող արևի» ճառագայթների տակ:
Մի առանձին պարզություն, փափկություն ու իդիլիկ անդորրություն է բուրում այդ ոչ բարձր կենսուրախ սարերից, այդ օրորուն մեղմ ծովից և երկնքի ջինջ կապույտից:
Ոչ մի խիստ բեկվող գիծ չի խանգարում նկարի փափուկ ներդաշնակությունը, չի գրգռում դիտողի երևակայությունն ու ջիղերը:
Ամեն ինչ կարծես ձգտում էր ճամփորդին էլ ներշնչելու մի խաղաղ ու զվարթ տրամադրություն` այդ ժպտուն, կանաչ աշխարհը մտնելիս:
Կյանքը հետզհետե զարթնում էր ծոցում: Ջոնկերը ծալավոր առագաստները բացած սլանում էին մեր մոտից ու շտապում բաց ծովը ձկան որսի:
Ճապոնական երկճեղ վերջով նավակները ճոճվելով լող էին տալիս ամեն ուղղությամբ: Ծովի կապույտի վրա որոշակի գծագրվում էրղեկավարի բնորոշ կերպարանքը, որը կանգնած կառավարում էր միակ թին, որը միևնույն ժամանակ և ղեկի պաշտոն էր կատարում:
Նրա ընկերները մեկը մյուսի ետևից դուրս էին սողում փոքրիկ խցիկից, որ անխուսափելի է ճապոնական ամեն մի նավակի վրա, և սիրալիր ժպտով նայում էին մեր ետևից:
Մի ոլոր էլ, և ահա երևացին ռեյդում կանգնած մեծ նավերի կամերն ու ծխնելույցները. Սա` Նագասակիին մոտ լինելու նշանն էր:
Նեղուցը հանկարծ բացվում է:
Քաղաքը ինքը մեր դեմ է լողում և շուտով պատում է մեզ օղակի պես:
Ամերիկյան կրեյսերը, որի մոտով մենք անցնում ենք, նվագում է ի պատիվ մեզ ռուսական օրհներգը, որին շուտով հաջորդում է ամերիկյան ազգային երգը, հնչուն ու սահուն կերպով փռվելով ծովի վրա: Բայց ընդհանրապես շատ քիչ շարժում կա ծոցում ամառվա շնորհիվ:
Ռեյդում կանգնած են մի քանի կետորս նավեր, երկու-երեք ճապոնական սովորական շոգենավ, այլ և լայն ծոցի խորքում միայնակ կանգնած է ֆրանսիական մի գեղեցիկ զրահակիր:
Բոլորովին այլ պատկեր է ձմեռը, երբ այդ ծոցի մեջ աշխարհի ամեն կողմից հավաքվում են ռազմական տորմիղները: Այն ժամանակ օդի մեջ ծածանվում են հազարավոր գույնզգույն դրոշակներ. ծովը կենդանանում է փորձեր անող մակույկներով. Սուր ճչում են շոգեմակույկների սուլիչները, որոնք զինվորական մի նավից մյուսն են փոխադրում. Նրանց ետևից թնդում է հրազենների զարկը, որը մի ճշմարիտ թնդանոթաձգություն է դառնում, երբ ծոց է մտնում մի նոր կրեյսեր:
Իսկ այժմ ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ:
Լսվում է միայն ջրերի ճողփյունը մոտից սլացող ջոնկի տակ, և կրկին լուռ է:
***
Խարիսխ ձգեցինք:
Ճապոնական նավակների, «ֆունեների» մի ամբողջ արշավ շրջապատում է մեզ ու տիրում է մեր նավին:
Ամեն կողմից առջևդ բուսնում են փոքրիկ շարժուն մարդիկ իրենց երկար շորերով ու խոր ծունկի տալով` բարևում են քեզ իրանց բարի ժպիտովը:
Ոմանք գալիս են հանձնարարական քարտերով, որոնց վրա գրված է ռուսերեն, թե պ. Տակասիմա կամ Մերուտակի լավ լվացք է անում, արագ ու վարպետորեն կարում է հագուստ, կամ կարող է հիանալի առաջնորդ դառնալ ու ցուց տալ քաղաքի բոլոր նշանավոր տեղերը:
Քարտի տակը փայլում է հանձնարարողի ստորագրությունը, սովորաբար մի ծովային սպայի:
Սակայն խուժողների մեծ մասը ապրանք է բերում: Նրանք տիրում են տախտակամածին, բաց են անում իրենց անհամար կապոցները, արկղները, և ճամփորդի զարմացած հայացքի դիմաց դուրս են գալիս մեկը մյուսի ետևից սիրուն օրիժինալ փոքրիկ իրեր:
Տախտակամածը ամբողջովին մի եռուն խանութի է փոխարկվում: Ամեն կողմ կանոնավոր կերպով շարված են հատակին սափորներ, ալբոմներ, արկղիկներ, և նրանց մոտ ճապոնացին, որ ծունկի նստած հանգիստ սպասում է հաճախորդին:
Ինձ ամենից շատ զարմանք է պատճառում այդ իրերի չափազանց էժանությունը, որ բնավ չէր համապատասխանում աշխատանքի մեծությանը: Ու բոլորովին անհասկանալի էր թվում, թե ինչպե՞ս նրանք կարողանում են դիմանալ, երբ այդքան ցած են գնահատում իրենց աշխատանքը:
-Ասացեք խնդրեմ,- դարձա ես վերջապես իմ ծանոթ մի նավսպայի, որ մտազբաղ կանգնած էր այդ ընդհանուր շարժման մեջ.-ի՞նչն է ստիպում ճապոնացուն, որ այդպես քիչ գնահատի իր աշխատանքը: Ի՞նչ է մնում նրան այս առուտուրից:
-Դուք մոռանում եք, ազնիվ օրիորդ,- առարկեց ինձ նավսպան մի մեղմ ժպիտով.- մոռանում եք, որ ճապոնացու կյանքը շատ է պարզ. ի՞նչին է հարկավոր շատ ստանալը, երբ իր պետքերն էլ ամենևին բարդ չեն:
-Իսկն ասած, այդ իրերը ավելի չարժեն,- միջամտեց արհամարհոտ շեշտով մի նիհար ու մաղձոտ պարոն, որ կանգնած էր քիչ հեռուն.- դրանք այժմ գրավում են ձեզ իրանց գեղեցիկ հույներովն ու էժանությամբը. Միայն գիտե՞ք, ի~նչպիսի շուտ են կոտրվում: Արդեն նրանց ոչ մի բանը դիմացկուն չէ: Ապա, որ ասում եմ, այս ժողովուրդը չափազանց անբարեխիղճ է:
-Ինչպե՞ս կարող եք այդպես թեթև կերպով պախարակել մի ամբողջ ժողովուրդ,- տաքացավ նավասպան.- կարո՞ղ եք ուրանալ, թե այս իրերի վրա մեծ աշխատանք է դրված, այն էլ ի~նչ նստուկ, մանր ու համառ աշխատանք: Ոչ, պարոն, ճապոնացու անբարեխղճության մասին խոսելն անգամ մեղք է: Դուք մեղադրում եք, որ նրանց ծինածը հավիտենական չէ: Բայց իզուր: Մենք, իբրև եվրոպացիք, ամենից առաջ տևական ու դիմացկուն լինելու ետևից ենք ընկնում, դիզում ենք այնքան անպետք ու ավելորդ առարկաներ, որոնք մեզանից շատ ավելի են ապրելու: Մենք ընդհանրապես խիստ ենք կապված կյանքին ու կյանքի մանր բաներին. Այդ պատճառով էլ մահը մեզ համար կարծես միշտ հանկարծակի է գալիս, իբրև մի անակնկալ, երկնքից ընկած բան: Այլ է ճապոնացու հայացքը: Նա հենց մանկությունից նայում է իր կյանքին, ինչպես մի արագ անցնող ու ժամանակավոր բանի, ու դրա համար մեզպես երբեք մեծ կարևորություն չի տալիս այս աշխարհի բաներին: Ինչու՞ այդչափ հոգ տանենք իրերի տևականության մասին, մտածում են նրանք, երբ մենք ինքներս տևական չենք:
-Գիտեք, օրիորդ,,- խոսքը շարունակեց նա դառնալով ինձ.- այս տեսակետից խիստ բնորոշ է ճապոնական այբուբենը:
-Ինչպե՞ս.
-Լսած չե՞ք. Դա մի ոտանավոր է . այ, մոտավորապես կարելի է թարգմանել. «Գույնն ու բույրը կորչում են. Մեր կյանքում ի~նչն է մշտական: Այսօրն էլ սուզվեց ոչնչության անդունդը. Դա երազի մի անկայուն նմանություն էր և իր ետևից ոչ մի հետք չթողեց»: Այս խոսքերը երեխաները կրկնում են շարունակ դպրոցում, և այս խոսքերի դրոշմը մնում է նրանց սրտում ամբողջ կյանքի մեջ: Այդ կնքիքը դրված է նրանց բովանդակ կենցաղի վրա, նրանց պարզ ու ազատ նիստ ու կացի, նրանց բնակարանների վրա, որոնք այն աստիճան թեթև և օդային են, որ ամեն մի անգլիացի նավաստի ուսովը կարող է տեղից հանել. Նույն կնիքն է նրանց ամուսնական կապերի վրա, որ այնպես հեշտ խզելի է:
-Զարմանալի է,- ընդհատեցի ես,- որ այս տեսակ հայացքը նրանց մռայլ չի դարձնում:
-Ինչու՞. Ընդհակառակը, դա շատ բնական է: Ապագայի խախուտ լինելը մարդ որքան խորն է գիտակցում, այնքան ավելի սիրով է փարում ներկային:
***
Մինչդեռ վերնայուտում (տախտակամածի ետևի մասում) առևտուր էր տիրել, սպարդեկի (միջի մասի) վրա եռում էր աշխատանքը: Այստեղ ածուխ են բեռնում, մյուս կողմից ջուր են քաշում շոգենավ:
Ածուխի նավը կանգնած է մեր շոգենավին կից, ու մի երկու տասնյակ ճապոնացի հարդե գլխարկները գլխներին կանգնած են խիտ շարքով նեղ տախտակի վրա` ածխանավի գոգից սկսած մինչև շոգենավի տախտակամածը: Նրանք անց են կացնում ձեռքե ձեռք ածուխի զամբյուղները, որոնք կարծես սլանում են օդի մեջ, և գործը առաջ է սլանում մի զարմանալի աշխույժով:
Ջուրը քաշում են մի փոքր նավակից, ուր բանում էին մարդ ու կին, ամեն մեկը իր ջրմուղի գլխին: Կինը մարդուց պակաս չէր աշխատում, մերթ ընդ մերթ նայում էր դեպի մեզ մի լայն ժպիտով, որի միջից, ավա~զ, երևում էին մուրի նման սև ատամները, իբրև ամուսնական հավատարմության գերագույն նշան: Դա մի սովորույթ է Ճապոնիայում, որ կինը ցույց տալու համար, որ բացի իր մարդուց ոչ ոքի դուր գալու ցանկություն չունի, սևացնում է իր ատամները:
Հասավ ժամանակը ափը ելնելու:
Իմ ուղեկիցներին ճանկել էր արդեն մի ճապոնացի, որ խոստանում էր մեզ առաջնորդել ռուսական խոհանոց ունեցող մի հյուրանոց:
Սանդուղքի տակ նավակների մի այնպիսի խիտ բազմություն էր հավաքվել , որ ստիպված էինք անցնելու մի ամբողջ շարքի վրայից հասնելու համար վերջապես ետևի ազատ նավակներից մեկը:
Նավավարը թռավ նավի վերջը, ձեռք առավ թիակը, որ միաժամանակ ղեկի դեր էր կատարում, ու մեր նավակը թափ-թափ տալով դեպի ափը շարժվեց:
Սրախոսները Վլադիվոստոկում ֆունեին «юлижли» են ասում, որովհետև գնալիս այնպես է ճոճվում, որ որոշ աստիճանի հմտություն պիտի ունենաս առանց մի բանից բռնելու ոտքի վրա մնալու համար:
Եվ ահա ավելի ու ավելի մոտենում է մեզ տափարակ ափը իր փայտակերտ շենքերով:
Մաքուր քարափը ձգվում է եզերքին` խուզված ծառերով ստվերավորված:
Այստեղ են ընդհանրապես եվրոպական առևտրական հաստատությունները, բանկերն ու զանազան այդ կարգի շենքերը: Իսկ ավելի վեր, սարի լանջին, ցրված են եվրոպական վիլլաներն ու դեսպանատները իրենց զանազանագույն ծածանվող դրոշակներով:
Շենքերը թեև եվրոպական են, բայց նրանց վրա մի ինչ-որ ճապոնական դրոշմ կա: Նրանք բոլորը աչքի են ընկնում իրենց շինվածքի մի առանձին թեթևությամբ, որի շարժառիթը Ճապոնիայում հաճախ կրկնվող երկրաշարժերն են:
Մենք կանգ առանք վերջապես քարե նավամատույցի առաջ: մեր ափի վրա երևալը ամեն կողմից դեպի մեզ քաշեց լծվորների (ջինրիկիշաների) մի ահագին բազմություն, որոնք ճարտարախոս ժպիտով մատնանիշ էին անում իրանց մանրիկ կառքերի վրա:
Անշուշտ լսել եք, որ Ճապոնիայում, ձիերի սակավության պատճառով, ամբողջ մի դասակրգ կա, որ նրանց պաշտոնն է կատարում:
Կառքերը խիստ փոքր են, միայն մի մարդու նստելու համար. Ջենրիկշան բռնում է նրա երկայն թևերից և արագ վազ է տալիս, ոտքերը թափահարելով իսկական ձիու պես:
Բոլորովին հարթ ու հարմար խճուղին ձգվում է ժապավենի պես, որի վրայով երկանիվ թեթև կառքը գլորվում է շատ հեշտ ու առանց ջանքի: Այդ պատճառով ջինրիկիշայի աշխատանքը նրա ուժերից վեր չէ, անասնական մի բան չի համարվում. Չի ճնշում, չի նվաստացնում նրա մարդկային արժանապատվությունը: Նա միշտ ուրախ ու բավական է և մի առանձին հոգածությամբ է վարվում իր հեծնորդի հետ:
Նրա առածն էլ մեծ բան չէ. մեկ մեքսիկական դոլարով (ռուբլի) կարելի է նրան ամբողջ օրով վարձել: Եվ նա բացարձակ հոժարությամբ կատարում է ձեր բոլոր պատվերները, քաշում է, կանգնում կամ անփույթ նստած իր կառքի առջևի մասում` սպասում է ձեզ, մինչև որ դուք ձեր գոշը վերջացնենք:
Եվրոպացին իր երկրի հասկացողությամբ չի կարող մի ռուբլին բավական համարել այդ աշխատանքի համար, և տալիս է ընդհանրապես ավելի: Դրա համար էլ օտար եկվորների տեսքը մագնիսի ազդեցություն է անում, իսկույն թափվում են գլխիդ և համառ հետևում են քեզ, մինչև որ ձանձրանաս ու զիջես նրանց խնդրանքին:
Բայց այս անգամ նրանց համառությունը հաջողություն չունեցավ:
Մենք մեր ճապոնացու առաջնորդությամբ վճռաբար անցանք նրանց միջով, քարափից մտանք մի կողմնակի փողոց ու կանգ առանք մի փոքր երկհարկանի տնակի առջև, որի ետևը սեպ քարաժայռի գլխին գեղեցիկ եվրոպական վիլլաներն էին բազմած:
Այս տան տերը մի ռուս էր, որ սենյակներ էր տալիս վարձու գլխավորաբար Վլադիվոստոկից եկողներին:
Վերցրինք երկու սենյակ, մարդագլուխ երկու դոլար, ուտել-խմելով:
Հազիվ էինք տեղավորվել, որ մեզ ճաշի կանչեցին: Սեղանին նախագահում էր տեսքով ու բարձրահասակ տանտիկինը, ծագումով սիբիրուհի: Նա արդեն վաղուց էր ապրում Ճապոնիայում և ծառաների հետ բոլորովին ազատ խոսում էր ճապոներեն:
Սեղանակիցները բացառապես ռուսներ էին, որոնք ոչ մի կերպ չէին կարողացել ընտելանալ անգլիական կերակուրներին, քանի որ շոգենավներում ամեն տեղ ճաշը անգլիական է, և հիմա բոլոր սրտով ուրախ էին, որ վերստին սեղանի վրա տեսնելու են ռուսական կաշան ու շչին:
Խոսակցությունը բնականաբար դառնում էր գլխավորապես Ճապոնիայի շուրջը:
Տանտիկինը բացատրում էր իր տեսությունները ճապոնացիների մասին, ասում էր, թե նրանք խիստ փափկանկատ են և ծիծաղելի դառնալու չափ քաշվող են փողային հարցերում:
-Գալիս է օրինակ մի արհեստավոր կամ բանվոր վարձը ստանալու. Փոխանակ ուղղակի իր գալու նպատակը հայտնելու, նա քաշքշվում է, հազում: -Ի՞նչ ես ուզում, հարցնում ես զարմացած: Պատասխան` ոչ մի բառ: Նա միայն ոտից ոտ է անցնում, ու լսվում է նրա թեթև չոր հազը, մինչև որ նրա դեմքին դրոշմված շփոթությունից, վերջապես գլխի ես ընկնում, թե բանն ինչումն է:
Երբ սեղանից ելանք, դուրսն արդեն կիսով չափ մութ էր: Փափուկ ջերմ գիշերը իջնում էր Նագսակիի վրա և շուտով բոլորովին պարուրեց ամբողջ քաղաքը:
Բայց մինչև ուշ գիշեր կյանքը չէր դադարում փողոցներում: Շարունակ փայլկտում ու արագ անց են կենում վազող ջիների թղթե լապտերները. Հեռվից լսվում են օտարազգի հարբած նավաստիների խռպոտ ձայները և փողոցային մանրավաճառի ականջ ծակող ճռռանի ձայնը:
Մեր հանդիպակաց տան բաց պատուհաններից դեպի մեզ էին գալիս մի երգի հստակ ուժեղ հնչյունները, որոնց ընկերակցում էր ֆիս-հարմոնիայի ներդաշնակ նվագը:
-Երգողն ո՞վ է.- հարցրի տանտիկնոջից:
-Գիտեք,- ասաց նա,- այդ տան մեջ հավաքվում են քաղաքում մնացած անգլիացի նավաստիները, և անգլուհիք գալիս են երգելու հարբեցողությունից նրանց քիչ հեռու պահելու համար:
Մեր փողոցի դուռը ամբողջ գիշեր բաց էր. Բաց էին նաև բոլոր պատուհանները, և ես իմ անկողինը մոծակներից պաշտպանող ցանցի տակից երկար ժամանակ լսում էի փողոցից անցնող ճապոնացիների փայտե կոշիկների թխթխկոցը:
Ուրիշի սեփականությունը սուրբ է համարվում ճապոնացու աչքում, և կարող ես հանգիստ քնել պատուհաններդ բաց:
Комментариев нет:
Отправить комментарий