пятница, 4 марта 2011 г.

ԿՈՒԶԻԿ ԾԻՏԻԿԸ (ճապոնական հեքիաթ)


Թարգ.` Սերգեյ Ումառյանի

Հին ժամանակներում, մի գյուղում ապրում էր մի բարի պառավ: Գարնան մի օր, մի պարզ արև օր, նա գնում է այգի, որ տերևների ու ծաղիկների վրայից հավաքի վնասատու թրթուրները: Հանկարծ որտեղից-որտեղ թռչում` գալիս է ծիտիկը: Թռչկոտում է, ծլվլում և իր համար կեր փնտրում, իսկ այդ ժամանակ ցանկապատից այն կողմ` խաղում էր հարևանի երեխան: Նա տեսնում է ծիտիկին և քարը շպրտում նրա վրա: Այ քեզ դժբախտություն` քարն ուղիղ կպչում է ծիտիկին, ջարդում նրա մեջքը: Լալագին ծվծվում է ծիտիկը և ուզում է թռչել, բայց չի կարողանում, միայն թևերը թափահարելով պտտվում է գետնի վրա: Այդ պահին նրան նկատում է մի մեծ ագռավ: Ծառի վրայից թռչելով մոտենում է նրան և քիչ էր մնում, որ կտցահարի:
Բարի տատիկը տեսնելով այդ, խղճում է ծիտիկին:
_Վա~յ, խեղճ ծիտիկ... Ոչի'նչ, ես քեզ չեմ թողնի այստեղ:
Այս խոսքերով նա քշում է ագռավին, գետնից վերցնում է ծիտիկին ու դնում ափի վրա: Իսկ ծիտիկը բոլորովին թուլացած, ընկնում է ձեռքի վրա և հազիվ շնչում` ախր նա ագռավից շատ էր վախեցել: Պառավը փչում է, իր շնչով տաքացնում նրան ու տուն տանում, հետո բրինձ է ծեծում և ծիտիկին կերակրում: Եվ որպեսզի գիշերը կատուներն ու առնետները չմոտենան նրան, զամբյուղի մեջ նրա համար բույն է շինում:
Առավոտյան արթնանալուն պես, պառավը կանաչը մանր կտրատում է ու խառնելով հատիկներին` տալիս ծիտիկին: Պառավը ծիտիկին խնամում էր հիվանդ երեխայի պես, իսկ տղաներն ու թոռները նախատում էին նրան և ծիծաղում:
_Այդ ի՞նչ է, տատիկ, դու խելքդ բոլորովին թռցրե՞լ ես: Ինչի՞ համար ես կերակրում այդ ծիտիկին:
Իսկ պառավը տանում է բոլոր ծաղրանքները և առաջվա պես խնամում ծիտիկին: Ծիտիկն սկսում է լավանալ, թեև բոլորովին դեռ կազդուրված չի լինում, բայց տան մեջ կարողանում է թռչկոտել:
Ծիտիկը շատ ուրախ էր, որ կենդանի մնաց: Նա դրա համար սիրում էր պառավին: Բայց պառավն էլ էր սովորել իր ծիտիկին: Եթե նա տանից բացակայում էր, ուրեմն տնեցիներին անպայման հանձնարարում էր.
_Ծիտիկին կնայեք, չմոռանաք կերակրել:
Եվ այնպես նա իր զգուշացումներով բոլորին, որ տնեցիները նրա վրա փնթփնթում էին: Բայց պառավը պատասխանի փոխարեն միայն ծիծաղում էր և ասում.
_Մի՞թե չեք խղճում այդ խեղճ ծիտիկին: Նա ու՞մ է խանգարում:
Վերջապես, պառավի լավ խնամքի շնորհիվ ծիտիկը բոլորովին կազդուրվում է և սկսում է թռչել: Մի անգամ սովորականի պես, պառավը ծիտիկին դնում է ափի վրա և դուրս գալիս պատշգամբ:
_Հը', կարո՞ղ ես թռչել,- հարցնում է նա ծիտիկին: Եվ ծիտիկը թևերը տարածելով թռչում է ձեռքից ու ճախրում դեպի երկինք: Պառավը շփոթված նայում է նրա ետևից:
_Ուրեմն, այնուամենայնիվ, թռչում ես գնա՞ս: Ես շատ կտխրեմ առանց քեզ: Էլ ու՞մ պիտի խնամեմ: Բայց դու նորից եկ ինձ մոտ, լսու՞մ ես:
Պառավի այս ասածի վրա բոլորը ծիծաղում են.
_Լսեցե'ք, թե նա ինչ է ասում: Խելքը բոլորովին թռցրել է:
Դրանից հետո էլ պառավն ամեն ժամ հիշում էր ծիտիկին: Այդպես անցնում է քսան օր:
Եվ ահա մի անգամ առավոտյան իր պատուհանի առաջ մի ծիտիկ էր բարձր ծվծվում:
Արդյոք սա իմ ծիտիկը չէ՞, - մտածում է պառավը և դուրս է գալիս նայելու: Եվ իսկապես դա իր ծիտիկն էր:
_ Շնորհակալ եմ քեզնից, որ չես մոռացել, - ողջունում է պառավն իր ծանոթին:
Իսկ ծիտիկը, կարծես ցանկանալով ինչ-որ բան ասել, նայում է նրա երեսին, պատշգամբում գցում կտուցով բերած կորիզը և նորից թռչում է գնում:
_ Օ~, նա ինչ-որ բան է թողել ինձ համար, - նկատում է պառավը: Մոտենում է և տեսնում դդումի սպիտսկ մի կորիզ է:
«Երևում է հենց այնպես չի բերել»-մտածում է պառավը: Նա զգուշությանբ վերցնում է կորիզը և թաքցնում դիպակե քսակում: Իսկ տանը բոլորը ծիծաղում են.
_ Տարօրինակ է մեր տատիկը, տարվել է մի ինչ-որ կորիզով, կարծես մի թանկագին բան է:
_ Սա հասարակ կորիզ չէ, ծիտիկն է բերել, - պատասխանում է պառավը,- սրանից լավ դդումներ կստացվի:
Եվ նա դդումի կորիզը տնկում է այգում:
Աշունը վրա է հասնում և իսկապես, որ այդ կորիզից ստացվում են հրաշալի դդումներ` տերևների արանքից շողշողում են անհամար թվով ահագին դդումներ:
պառավն ուրախանում է, դդումով կերակրում իր բոլոր որդիներին ու թոռներին, հյուրասիրում հարևաներին և դեռ այնքան շատ է մնում, որ չի իմանում, թե որտեղ տեղավորի: Նա դդումից բաժին է հանում ամբողջ գյուղին, իսկ ամենամեծերից մի յոթ-ութ հատ էլ կախում է պատշգամբում` չորոցնելու:
Անցնում է մոտ մեկ ամիս: «Գնա'մ, - մտածում է պառավը, - մի տեսնեմ, երևի դդումներս արդեն չորացած կլինեն»:
Դդումներն իջեցնում է ներքև և ա'յ քեզ զարմանք` դրանք ոչ թե թեթևացել, այլ անհամեմատ ավելի էին ծանրացել:
«Սա ի՞նչ հրաշք է» - զարմանում է պառավը: Նա կտրում է մի դդումը և հանկարծ նրա միջից թափվում է ընտիր, սպիտակ բրինձ:
Ուրախանում է նա և դդումը շուռ է տալիս դատարկ տակառի մեջ: Մի վայրկյանում տակառը լցվում է, իսկ բրինձը անընդհատ թափվում է ու թափվում: Նա առաջ է քաշում մեծ տաշտը և աչքը դեռ չբացած, տաշտն էլ է լցվում: Իսկ դդումի մեջ բրինձը չի պակասում: Պառավը ծակում է մյուս դդումները, պարզվում է, նրանք էլ են բրնձով լիքը: Պառավը դատարկում է բրինձը, բայց դդումները ինչպես կային, այդպես էլ լիքը մնում են, կարծես անսպառ անոթ լինեին:
պառավի տնեցիները ապրում էին լի ու առատ և գյուղում նրանից հարուստ մարդ չկար:
Իսկ նրա կողքին ապրում էր մի ժլատ ու ագահ պառավ: Տեսնելով հարևանի բախտավորությունը, ժլատ պառավը նախանձից քիչ է մնում տրաքվի: Եվ ահա մի անգամ նա չի համբերում, գնում է իր բախտավոր հարևանի մոտ ու հարցնում.
_ Ասում են ծիտիկը ձեր տունը երջանկություն է բերել: Ճի՞շտ է:
_ Ճիշտ է, - պատասխանում է հարևանուհին: _ Ծիտիկը դդումի սերմ բերեց, դե մենք էլ ապրում ենք էլի~...
Ժլատ պառավը դրանով չի բավարարվում և ուզում է ամեն ինչ իմանալ:
«Իսկ ինչու՞ թաքցնեմ», մտածում է հարևանուհին և սկսում է պատմել թե ինչպես է ինքն ազատել ծիտիկին և այն ամենը ինչ-որ եղել է:
Բայց դա էլ չի բավարարում ժլատ պառավին:
_ Այդ երջանիկ կորիզից ինձ էլ չե՞ս տա, - խնդրում է նա:
_ Ծիտիկը միայն մի կորիզ էր բերել, - պատասխանում է բարի պառավը, - ես այն տնկեցի, դրանից այլևս չունեմ: Ա'յ, կարող եմ քեզ բրինձ տալ:
_ Ի՞նչ արած, գոնե բրինձ տուր, - դժգոհ մրթմրթում է ժլատը և պարկը բերնե-բերան լցնում ու տուն գնում:
Այնուհետև նա սկսում է մտածել ու գուշակել, թե ինչպես անի, որ կուզիկ ծիտիկին գտնի: Սկսում է նա ամեն առավոտ վաղ զարթնել ու շրջել իրենց տան հետևում եղած այգում: Նայում է, նայում, բայց կուզիկ ծիտիկին այդպես էլ չի տեսնում: Ջղայնանում է պառավը, քարը վերցնում ու շպրտում մի քիչ այն կողմ թռչկոտող ծտերի վրա:
Քարը կպչում է մի ծտի ու վայր գցում: Պառավը բռնում է վիրավոր ծտին ու ջարդում ոսկորը, այնպես որ այդ խեղճը նստել էլ չի կարողանում, իսկ հետո տանում է տուն ու առաջը կուտ լցնում:
_ Ահա, վերջապես իմ բախտավորությունն իմ ձեռքում է, - ուրախանում է դաժան պառավը: Բայց ժլատին այդ բոլորը քիչ էր:
_ Իմ հարևանուհին մի ծիտ ուներ և տես թե նրան ինչքան հարստություն բերեց: Նշանակում է երեք-չորս ծտի բերած բախտավորությունն էլ երեք-չորս անգամ ավելի շատ կլինի, - մտածում է նա:
Պառավը նորից գնում է այգի, այնտեղ բրինձ է շաղ տալիս ու սպասում: Ինչպես միշտ, ծտերն իսկույն թափվում են հատիկների վրա: Իսկ պառավը քարեր է հավաքում ու սկսում է շպրտել նրանց վրա: Շպրտում է, շպրտում և երկու ծիտ էլ է խփում: Ուրեմն դառնում է երեք ծիտ: Պառավն ուրախանում է.
_ Ա'յ, հիմա կապրե~մ:
Դժբախտ ծտերին նա դնում է տակառի մեջ և սկսում է նրանց խնամել ու կերակրել:
Անցնում է մի ամիս, ծտերը լավանում են: Պառավը նրանց ազատ է արձակում, նրանք թռչում, գնում են: Պառավը նայում է նրանց ետևից ու մտածում.
«Հիմա ես հանգիստ եմ: Այսպիսի բարության համար ինձ անպայման կհատուցեն»:
Իսկ ծտերն, իհարկե, սարսափելի ջղայնացած էին: Նրանք թռչում էին ու անիծում նրան.
_ Այդ քյավթառ վհուկը մեզ հաշմանդամ դարձրեց և մի ամբողջ ամիս էլ տակառի մեջ պահեց: Մեզ հետ երբեք այդպիսի դժբախտություն չէր պատահել:
Այն ժամանակվանից պառավը սպասում էր, թե ե՞րբ պետք է ծտերը գան և իր համար կորիզ բերեն: Նա ամեն օր դուրս էր գալիս տնից ու նայում երկնքին` չե՞ն գալիս արդյոք ծտերը: Եվ ահա տասներորդ օրը, երեկոյան, վերջապես երեք ծտերն էլ գալիս են և ամեն մեկի կտուցին մի դդումի կորիզ է լինում: Նրանք կորիզները գցում են պառավին ու իրենք թռչում, գնում են:
Տանն իրարանցում է սկսվում` «Աստված մեզ էլ բախտ շնորհեց»: Իսկ պառավը կորիզները շտապ հավաքում է և իսկույն տնկում իր այգում:
Անցնում է վեց ամիս և այնտեղ բարձրանում են երեք հսկա դդումների ցողունները` փարթամ տերևներով: Բայց չգիտես ինչու՞ նրանց վրա բերք քիչ է լինում` ընդամենը վեց-յոթ հատ և բոլորն էլ մի տեսակ թառամած:
Պառավը դրանից էլ չափից դուրս գոհ է լինում ու ամեն տեղ հպարտանում է.
_ Ա'յ, հիմա մենք հարևանից էլ լավ կապրենք:
Բայց այ քեզ դժբախտությո~ւն` դդումները քիչ էին: Ժլատ պառավը, որպեսզի շատ բրինձ ստանա, նա ինքն էլ չի ուտում, ուրիշներին էլ չի տալիս: Այդ ժամանակ նրա որդիները սկսում են նրան ասել.
_ Եթե ժլատություն անես, դու երջանկություն չես ունենա: Ա'յ, մեր հարևանուհին, հարևաններին էլ կերակրեց, ինքն էլ կերավ, դրա համար էլ նա ամեն ինչ էլ շատ ունի:
«Եվ իսկապես- մտածում է պառավը: _ Ստիպված եմ ես էլ առատաձեռն դառնալ»:
Նա կանչում է իր բոլոր բարեկամներին և մեծ դժկամությամբ նրանց մոտ կտրում է դդումը:
Հյուրերը տեսնում են որ պառավն ուզում է իրենց միայն մի դդումով հյուրասիրել, ջղայնանում են ու գնում տուն: Մնում են միայն ամենաժլատները: Նրանք սկսում են դդումն ուտել, բայց այնքան դառն ու զզվելի է լինում, որ ասելու չի:
Այդ բոլորը դեռ ոչինչ, բայց հետո սկսվում է ուժեղ փորացավը, կարծես թե մեկը դանակով կտրելիս լիներ:
Հյուրերը վախենում են.
_ Այս ինչո՞վ է մեզ կերակրել:
Բոլորը միասին սկսում են պառավի հայհոյել, բայց պառավի ու նրա տնեցիների վիճակն էլ լավ չի լինում: Նրանք բոլորը սողում են սեղանի շուրջը, տանջվում են ցավերից և անհանգիստ շարժումներ են անում; Քիչ է մնում կռիվ բացվի: Հյուրերը նախատում են, հայհոյում ու ցրվում ամենքն իրենց տները: Բայց երեք օր դեռ հիվանդ էին:
Ու ժլատ պառավն այդպես էլ օգուտ չունեցավ: Մի քանի օրից հետո նա մոռանում է թե ինչ չարչարանքներ է կրել ծտերի դդումներից:
_ Դդումներից պետք է բրինձ ստացվեր, իսկ մենք այն կերանք, - մտածում է պառավը: _ Ահա~ թե ինչ ստացանք մենք մեր ծառայության համար: Ես այլևս ոչ ոքի դդում չեմ տա:
Նա թելով կապում է մնացած դդումները և կախում մեխից:
Անցնում է էլի մոտ մեկ ամիս: Պառավն անհամբեր սպասում է, թե երբ է դդումից բրինձ թափվելու: Եվ մի օր էլ այլևս չի համբերում. «Ժամանակն է դդումները ցած բերել», - մտածում է նա: Դդումներն իջեցնում է հատակին, իսկ կողքին շարում է տանը եղած բոլոր դատարկ տակառները` չէ՞ որ բրինձը շատ պետք է լինի...
Պառավը վերցնում է դդումը, ծակում ու շուռ տալիս տակառի վրա: Սպասում է, թե ուր որ է հիմա սպիտակ բրինձը պիտի թափվի: Բայց ահա, սպիտակ բրնձի փոխարեն սկսում են թափվել բոռեր, պիծակներ ու զանազան թունավոր ճանճեր: Դրանք թափվում են պառավի վրա, խայթում ու կծում են: Նայել անգամ սարսափելի էր, իսկ պառավն ասես ժլատությունից կուրանում է, նրան թվում է, թե բրինձն է այդպես թափվում: Նա քշում է բոռերին ու ճանճերին և մեկը մյուսի ետևից կտրում է դդումներն ու շարունակ կրկնում.
_ Ծտե~ր, ծտե~ր, բրինձն այդպես մի շաղ տվեք, կամաց լցրեք:
Բայց հենց որ նա յոթերորդ դդումն է կտրում, այնտեղից դուրս են սողում թունավոր օձեր և կծում դաժան ու ժլատ պառավին:
Պառավը մահանում է:

Комментариев нет:

Отправить комментарий