Տպագրվել է «Գարուն» ամսագրի 1977 թվականի 12-րդ համարում:
Ճապոնական ազգային մշակույթը, ինչպես նաև գեղեցիկի համազգային զգացողությունը, ծնվել է բրնձի վառ դաշտակտորներով շրջապատված գյուղական խրճիթներում: Անկասկած, այստեղից է ծագում և կիրառական արվեստը` սկսած հագուստի կտորի ձևվածքից, կավե ամանեղենից, փայտե սպասքից մինչև ճապոնական միակ կահկարասու` ցածրիկ սեղանների ու կոմոդների հարատևող ձևերը: Գյուղական բակերում խնամքով մշակված ծառեր են, ավելի հաճախ` կապույտ հորտենզիաների և շուշանների ծաղկամարգեր: Հարուստ տնտեսությունը կից շինություններից բացի ունի «քուրա»` չհրկիզվող շտեմարան, որտեղ տանտերը, բնակարանը չծանրաբեռնելու նպատակով, պահում է իր ունեցվածքը:
Մի անգամ Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքում` Կիոտոյում, մեզ իր տուն հրավիրեց ճապոնական դասական տուշե գեղանկարչության («Սույբուկո-գա») մի սիրահար` դիտելու իր հավաքածուն: Ընտանիքի կրտսեր անդամներից մեկը քուրայից բերեց նեղ ու երկար, խնամքով պատրաստված արկղերը: Այդ արկղերից տանտերը հանում էր ոլորված նկարները` «կակեմոնոները»: Դրանք փաթաթված էին նրբագույն սպիտակ թղթերով և կապված էին նեղ ժապավենով, որը բացելուց հետո որպես կախիչ էր ծառայում: Բամբուկե երկար ձողի օգնությամբ տանտերը կակեմոնոն կախում էր քիվին ամրացված կեռիկին և թողնում, որ նա ինքն իրեն դանդաղ բացվի: Այդ ամենը կատարվում էր լռության մեջ, և անհնար էր զսպել հիացմունքի ճիչը, երբ փաթեթի միջից հայտնվում էր հրաշքը: Տանտերը ուրախացած էր մեր հիացմունքի և այդ հրաշալիքների հետ իր հազվադեպ հանդիպման համար: Բացված կակեմոնոյի առաջին տպավորությունը կարելի էր համեմատել լռության մեջ հնչած երաժշտության հետ: Թղթի անբիծ ճերմակություն և տուշե հաստատուն բծեր` ինչպես կղզին լճի հարթության վրա: Տուշը խաղում էր իր բոլոր երանգներով` սևից մինչև թեթև ծխագույնը, որը հետզհետե ձուլվում է թղթի ճերմակությանը: Նկարներից հետո տանտերը ցույց տվեց հավաքածուի իր կարծիքով ամենաուշագրավ իրը` մի քանի փեղկերից բաղկացած շիրման: Այն հատկապես հիշվում է որպես սպիտակով սպիտակի վրա կատարված մի յուրատեսակ կոմպոզիցիա: Սպիտակ ֆոնի վրա հազիվ նկատելի մեծ սպիտակ թռչուններ էին` կարծեմ արագիլներ: Պարզորոշ երևում էին միայն նրանց կտուցները, բարալիկ ոտքերը և մի քանի սևավուն փետուր: Դա ամենաժլատ միջոցներով պատկերված գիշերվա նկար էր, ուր անհետացել են բոլոր առարկաները և երևում էին միայն որոշ բծեր: Ճերմակ երկնքի վրա ճերմակ շրջանակը անշուշտ մշուշապատ լուսինն է: Չեմ հիշում, հայտնի՞ էր արդյոք այդ նկարի հեղինակն ու ժամանակաշրջանը: Գուցե դա 16-րդ դարի վերջն էր կամ 17-րդ դարի սկիզբը` տուշե գեղանկարչության ուշ շրջանը:
Այդ գեղանկարչության` «Սույբուկո-գա»-ի հայրենիքը Չինաստանն է: Նրան հարող նկարիչները Հնդկաստանից եկող բուդդայական Զեն աղանդի ճգնավորներն էին, որոնք խզել էին իրենց կապերը բուդդայական դոգմաների ու ծեսերի հետ: Զեն փիլիսոփայությունը կոչ էր անում մարդկանց խորանալ ինքն իր մեջ, պարզեցնել կյանքը, վերադառնալ դեպի բնությունը և նրա խոր հայեցողությունը: Այստեղից էլ չինացի Զեն նկարիչների ոգեշնչվածությունը, նրանց պատկերած բնության վեհությունը. Բնապատկերներում անհասանելի բարձր լեռներն են, ջրային ու ցամաքային անընդգրկելի տարածություններ և այս ամենի ֆոնին` մարդու փոքր ֆիգուր:
Ճապոնիայի պատմահասարակական պայմանները նպաստում էին երկրում Զեն փիլիսոփայության և արվեստի տարածմանը: Ճապոնացի նկարիչները ընդօրինակեցին չինական տուշե գեղանկարչության ժամանակի փորձությանը դիմացած ավանդական կերպարները, վրձնի տեխնիկան և կոմպոզիցիայի օրենքները: Պահպանելով այդ նկարչության ոգեշնչվածությունը, ճապոնացի նկարիչները միաժամանակ բնության և մարդու կերպարներն այնքան են մոտեցրել իրենց իրականությանը, որ դարձրել են ազգային և հոգեհարազատ: Այդ իսկ պատճառով նրանց պատկերավոր մտածողության հիմքում մինչև այժմ էլ կենդանի են մնում այդ արվեստի տարրերը: Ճապոնիայում Զեն արվեստը ծաղկում է 15-16-րդ դարերում և կապվում է այնպիսի հռչակավոր նկարիչների անվան հետ, ինչպես Սեսյուն (1420-1506 թթ.) և նրա ուսուցիչ Սյուբունը:
Յուրաքանչյուր գրագետ ճապոնացի կարողանում է թեթև ուրվականներ անել և նույն վրձնով էլ տեղնուտեղը բանաստեղծություն` հոքու կամ թանկա հորինել: Մյուս կողմից, ճապոնական արվեստի յուրաքանչյուր կոթող` հնագույն տաճարից մինչև թղթի վրա կատարված վայելչագրությունը, գրանցված են որպես ազգային սեփականություն և ենթակա չեն երկրից դուրս վաճառվելու: Սակայն, դժբախտաբար, արվեստի այնպիսի գործ, ինչպիսին է կակեմոնոն, մնում է մասնավոր սեփականություն, ժառանգվում է սերնդից սերունդ և նրա ցուցադրումը հանրությանը կախված է սեփականատիրոջ բարի կամքից: Ճապոնիայում գտնվելուս երկար տարիների ընթացքում միայն մեկ անգամ կազմակերպվեց մասնավոր հավաքածուում գտնվող Սեսյուիի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Զմայլված դիտում էի Չինաստան կատարած ուղևորությունը պատկերող այդ նկարները, երբ ճապոնացի մի հայտնի արվեստաբան տարօրինակ հանդիսավորությամբ ասաց. «Նայեցեք և հիշեք, դուք տեսնում եք սրանք առաջին և վերջին անգամ»:
Տոկիոյում կազմակերպված մի ուրիշ ցուցահանդես այժմ հիշում եմ որպես հեռավոր ու անիրական երազ: Ցուցադրվում էին Կիոտոյի մերձակայքում գտնվող վանքին պատկանող հավանաբար 11 և 12-րդ դարերի հսկայական կակեմոնոները: Ցուցանմուշները հիանալի էին պահպանված, շնչում էին թարմությամբ: Ամբողջ հասակով պատկերված էին բուդդիզմի ուսուցիչները, կայսրեր և նշանավոր այլ անձինք: Ներդաշնակ, մեղմ գույները սփռվում էին հաջորդաբար, չծածկելով գծերն ու պատկերները: Մի ստեղծագործության մեջ գեղարվեստական գծանկարն ու թափանցիկ նուրբ հարթությունները միավորող այդ մաներան ճապոնիայում կիրառվում է ավելի ուշ` 18-րդ դարի փայտե փորագրություններում. Առավել հայտնի են Ուտամիրոյի (1754-1806 թթ.) փորագրությունները: Տոկիոյի և Կիոտոյի պետական թանգարաններում գտնվող արվեստի գանձերը հիանալի պահպանված և ուսումնասիրության համար մատչելի են, ցուցանմուշները փոխվում են ամեն ամիս: Ըստ ժամանակաշրջանների ու դպրոցների դասդասված այս ստեղծագործությունները գտնվում են հիանալի լուսավորված դահլիճների ցուցափեղկերում: «Սուբյոկու-գա» տուշե գեղանկարչության ծաղկման շրջանի` 15-16-րդ դարերի ցուցափեղկում տարբեր չափի կակեմոնոների կողքին հնագուն Զեն վանքի հիանալի նկարազարդված շարժական դռներն են: Բոլոր աշխատանքները պարուրված են օդով, խորությամբ, կյանքով. և' վեհաշուք բնանկարները, և' բնության փոքրիկ անկյունները` բալենու ծաղկած ճյուղը, վերընձյուղված հին կոճղը, քարի տակից դուրս պրծած ծաղիկը, ծառի չոր ոստից կախված բրդոտ կապիկը, ճյուղի ծայրին երգող թռչնակը:
Նույն սրահում, դիմացի ցուցափեղկի տակ բոլորովին այլ աշխարհ է: Այստեղ ոսկեգույն, վառ ու գունեղ հարթություններ են: Այդ ճոխ գեղանկարչությունը հատկապես բուռն զարգացում ապրեց 17-րդ դարի ֆեոդալների պալատներում, բազմափեղկ շիրմաների, շարժական դռների, իշխանական պալատների դահլիճների և ավելի ինտիմ հարկաբաժինների պաննո-ճարտարապետական մասերում: Իր սկզբնավորման վաղ շրջանում` Ճապոնիայի պատմության արշալույսին «Յամարո-է» (ճապոնական գեղանկարչություն) կոչվող այդ ուղղությունը ավելի քան համեստ էր: Մեզ հասած հնագույն նմուշները հիմնականում պատմական երկերի ձևավորումներ ու բուդդայական տաճարների ներքին զարդանախշեր են:
Սակայն այս հարուստ գեղանկարչությունը կոմպոզիցիոն առումով ազդվեց «Սույբոկու-գա»-ից, մանավանդ որ շատ նկարիչներ 16-րդ դարի վերջին ստեղծագործում էին երկու ուղղություններով միաժամանակ:
«Յամարո-է»-ն դիմում էր «Սույբոկու-գա»-ի տարածական ֆոնին, պատկերների ռիթմիկ դասավորությանը, համարձակ վրձնահարվածներին: Շնորհիվ այս ամենի, «Յամարո-է» գեղանկարչությունը ստանում էր մոնումենտալ-դեկորատիվ բնույթ, նրա բազմաթիվ խոշոր պլաններով պեյզաժները` դինամիկա և արտահայտման դրամատիզմ:
Այս ժամանակաշրջանում Ճապոնիայի կյանքն ու արվեստը դեռևս կրում էին Զեն փիլիսոփայության ազդեցությունը, թեև նկարիչ-կրոնավորներն ավելի ու ավելի էին պակասում: Ճապոնական արվեստի պատմաբանները վկայում են, որ նկարչությամբ զբաղվողները խիստզարգացած անձնավորություններ էին, նաև բանաստեղծներ: Ճապոնիայի արվեստը այս անգամ էլ կրում է Չինաստանի` այսպես կոչված «գրական դպրոցի» ազդեցությունը: Թշնամաբար վերաբերվելով գեղանկարչության ավանդական ակադեմիական դպրոցին, արհամարհելով նրա խիստ պահանջները, այդ շրջանի ճապոնական նկարիչները հպարտությամբ իրենց համարում էին «սիրողներ»: Երիտասարդ տարիներին նրանք առավել հայտնի էին դառնում որպես բանաստեղծ ու երաժիշտ և միայն հասուն տարիքում էին ամբողջապես նվօրվում գեղանկարչությանը: Նրանց թեման հիմնականում մնում էր բնապատկերը: Նրանց նկարներում դարձյալ ուս-ուսի բարձրացող երկնահաս լեռներն են, իսկ բազմափեղկ շիրմանների ու դռների վրա բնությունը սփռված է լայնքով: Այստեղ ծառերի փարթամ սաղարթը և բամբուկի ժանյակե թփուտները սկսում են ավելի մեծ դեր խաղալ, քան երկնքի ճերմակության մեջ անէացող լեռները: Չնայած Չինաստանի ազդեցությանը, հարազատ ազգային իրականությունը ավելի հաճախ է գրավում նկարիչներին: Հոյակապ բնապատկերների մեջ տեղ են գրավում նաև բրնձի ցանքսերը, որտեղ հազիվ են տեղավորվում աշխատող գյուղացին ու եզը, փոքրիկ բակն ու ձիուն ջրող ծերունին: Նկարիչները ներսի կյանքը ցույց տալու համար բաց են թողնում դռներն ու պատուհանները` մի պատուհանի մոտ հավաքվել են զրուցող ծերուկները, մյուսից երևում է նրանց համար թեյ պատրաստող կնոջ գլուխը: Հաջորդ նկարը նատյուրմորտ է` դատարկ սենյակում, սեղանի վրա ավանդական թեյնիկ, թեյի կլոր տուփ, բամբուկի ցողունից պատրաստված մոխրաման, բացված դռների մոտ, սանդղահարթակում` ածուխով լի ծղոտե պարկ...
Տուշե գեղանկարչության այս ուշ շրջանը իր մտերմիկ շնչով այնքան է տարբերվում հնից` կլասիկ «Սույկոբու-գա»-ից, որ ստացել է հատուկ անուն` «Նան-գա»: Չինարեն դա նշանակում է` հարավային գեղանկարչություն: «Սույոբու-գա»-ի հիմնական սկզբունքները` ռիթմը, դատարկ ֆոնի վրա գծերի տեղաբաշխումը, անցումը տուշի մուգ ֆոներից պայծառներին` այստեղ ևս գոյատևում են, բայց նոր, ավելի մտերմիկ բովանդակությունը հավանաբար պահանջում է այլ արտահատչաձև:
Վրձնահարվածը դառնում է ազատ, ավելի փափուկ և ինքնատիպ:
Ճապոնացի, ինչպես և «գրական դպրոցին» հարող չինացի նկարիչները ձգտել են ազատագրվել վրձնին տիրապետելու պարտադիր դասական վարպետությունից (ուժեղ ու թեթև վրձնահարվածների հաջորդականություն), որն արդեն կորցրել էր իր արտահայտչականությունը: Համեմատաբար վերջերս Մոսկվայում կազմակերպվեց «Նան-գա»-ին պատկանող Թոմիոկա Թեսսայի ցուցահանդեսը, որը մահացել է 1924 թվականին 88 տարեկան հասակում: Ուշադիր և անկանխակալ դիտողը նրա վրձնահարվածների անփութության, նույնիսկ կոպտության տակ կտեսներ թե' պեյզաժների և թե' ժանրային նկարների էքսպեսիվությունը: «Նան-գա» արվեստը մի առանձնահատկություն էլ ունի: Նկարիչը կոմպոզիցիայի մեջ է մտցնում նաև իր բանաստեղծությունները: Դա այնուամենայնիվ չինական «գրական դպրոցի» ազդեցությունն է: «Նան-գա»-ի ստեղծագործությունների մեջ հանդիպում են ոչ միայն կակեմոնո, այլ նաև առանձին փաթեթներ, գրքեր, որոնցում գլխավոր դերը տեքստինն է, իսկ նկարները ոչ այնքան ձևավորում են, որքան բովանդակությանը համապատասխան էսքիզներ: Հավանաբար «Նան-գա»-ի առավել տարածված ձևերը եղել են բանաստեղծությունները և գեղանկարչական էսքիզներ կրող առանձին թղթերը, որոնք կոչվում են «սիկիսի»: Մեր օրերում դրանք հանդիպում են ոչ թե ցուցահանդեսներում, այլ ընտանեկան խաղաղ հարկի տակ: «Սիկիսի»-ով զբաղվում են նկարչություն և պոեզիա սիրողները:
Անհնար է կանխագուշակել այն ուղին, որով զարգանալու է որևէ ազգային արվեստ, հատկապես հիմա, միջազգային կապերի հետզհետե ընդլայնման մեր ժամանաներում: Ի՞նչ ուղիով է ընթանալու Ճապոնիայի կերպարվեստը: Ես միայն մի նկարչի գիտեմ` արդեն տարիքն առած Մունակատա Սիկոյին, որը շարունակում է «Նան-գա»-ի ավանդույթները: Մունակատան բուդդիստ է: Նրա կերպարները հեռու են ժամանակակից Ճապոնիայի կյանքից, հակասություններից ու պայքարից: Բայց դինամիզմով լեցուն այդ այդ ստեղծագործությունները, այնուամենայնիվ, ոգով ժամանակակից են: «Նան-գա»-ի հին վարպետների նման Մունակատան էլ իր նկարների վրա բանաստեղծություններ է գրում: Նրան կարելի է համարել Թեսսայի թերևս միակ, գուց և վերջին ժառանգորդը: Մեր օրերում ճապոնական նկարիչների մի ամբողջ դպրոց էլ կա, որոնց միայն օգտագործած նյութերն են ճապոնական` ջրաներկ, թուղթ, մետաքս:
Комментариев нет:
Отправить комментарий