воскресенье, 24 апреля 2011 г.

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ (1899-1972) / Պարուհին Իձուից


Թարգմ. Սեթ Կուրազյանի: Տպագրվել է «Նորք» հանդեսի 2005-ի 4-րդ համարում:

1

Ոլորապտույտ ճանապարհը զառիթափ լեռնալանջով ձգվում էր դեպի վեր: Երբ թվում էր, թե Ամագայի լեռնանցքն արդեն մոտիկ է, հանկարծ լեռան ստորոտում անտառը ճերմակեց, և ներքևում սկսված անձրևն արագորեն ձգվեց դեպի վեր` հետապնդելով ինձ:
Ես քսան տարեկան էի: Հագիս ճամբորդական զգեստ էր. Ուսանողական գլխարկ, կիմոնո` կոնհասուրի1, հակամա2, ուսիս` գրքերի պայուսակ: Արդեն չորրորդ օրն էր, որ ես միայնակ ճամփորդում էի Իձուի լեռներով: Առաջին գիշերն անցկացրի Սյունէնձի տաք աղբյուրների մոտ, երկու գիշեր` Յուհասիմայում, իսկ հետո հագա բարձրակրունկ գէտաներ և սկսեցի բարձրանալ լեռնալանջով` դեպի Ամագայի լեռնանցքը:
Ալիք-ալիք իրար վրա կիտված լեռները, խիտ անտառները, խոր կիրճերը թեև գերող էին` աշնանը բնորոշ գեղեցկությամբ գեղատես, բայց ես մի թաքուն հույսից մղվելով` շտապում էի առաջ:
Անձրևը տեղաց խոշոր կաթիլներով: Ես, ինչքան կարող էի արագ, ոլորապտույտ ճանապարհով վազեցի զառիթափ: Վերջապես շնչահեղձ հասա լեռան հյուսիսային կողմում գտնվող թեյարան-տնակին և քարացա շեմին. Բոլորովին անսպասելի, հրաշքի պես, իրականացել էր իմ հույսը` հանգստանալու համար թեյարան էին իջևանել թափառական թատերախմբի արտիստները:
Նկատելով ինձ` դեռատի պարուհին արագ վեր կացավ և բարձը, որի վրա նստած էր, հրեց դեպի ինձ:
_ Հը~մ~մ~մ~,- դժկամությամբ փնթփնթացի ես և նստեցի բարձին: Ես դեռ չէի կարողանում հանգիստ շնչել, շշմած էի անսպասելի հանդիպումից, և նույնիսկ «շնորհակալություն» հասարակ բառը չէր պոկվում շուրթերիցս:
Պարուհին նստեց հենց իմ դիմաց: Շփոթված պրպտելով թևքիս գրպանը` ի վերջո գլանակ գտա: Մոխրամանը, որ հարևանուհու դիմաց էր, նա մեկնեց ինձ: Բայց նաև դրանից հետո ես պապանձված էի:
Պարուհին արտաքինից մոտ տասնյոթ տարեկան էր: Նրա սև, խիտ մազափնջերով հյուսքերը` հնաոճ զարմանահրաշ մի սանրվածքում, որի նմանը ես երբևէ չէի տեսել, ձվի պես օվալաձև դեմքը, որ այնքան հմայիչ էր և շատ փոքր էր թվում, ամբողջապես համատեղված էին մի միասնական ներդաշնակ գեղեցկության մեջ և հիշեցնում էին փարթամ վարսադեզերով այն աղջիկներին, որ պատկերված են հնագույն վեպերի3 էջերում:
Ոչ մեծ այդ թատերախմբում, բացի պարուհուց, երեք կին էին. Մեկը հասակավոր` քառասունն անց, երկուսը երիտասարդ: նաև քսանհինգին մոտ մի տղամարդ` հագին բաճկոնակ` Նագաոկա տաք աղբյուրներին մերձակա հյուրանոցի խորհրդանշանով:
Արդեն երկու անգամ ինձ բախտ էր վիճակվել տեսնել այդ պարուհուն: Առաջին անգամ Յուհասիմայի կես ճանապարհին: Նրա հետ էին երկու երիտասարդ կին: Ես հասա նրանց և առաջ անցա Սյուձենձիից ոչ հեռու, Յահավայի վրա ձգված կամրջի մոտ: Պարուհին տանում էր մի մեշ թմբուկ: Ես անընդհատ շրջվում և նայում էի նրան: Այդ ժամանակ էր, որ ես իսկապես զգացի ճամբորդելու հմայքը:
Երբ երեկոյան վերադառնալով հյուրանոց հանկարծ նորից տեսա նրան, արդեն երկրորդ օրն էր, որ Յուհասիմայում էի:
Նա պարում էր նախասրահի տախտակե հատակին: Ես նստեցի սանդուխքի աստիճանին և չկարողանալով հայացքս շեղել , նայում էի:
«Երեկ` Սյուձենձիում, այս երեկո Յոհասիմայում,- ասացի ինքս ինձ,- իսկ վաղը հավանաբար նա կուղևորվի հարավ` Ամագայի լեռնանցքով դեպի Յուհանոյի տաք աղբյուրները: Ընդամենը յոթ ռի4 երկարությամբ լեռնային այդ ճանապարհի որևէ հատվածում ես անպատճառ կտեսնեմ նրան...»:
Ահա թե ինչ թաքւն հույսով էի ես այդքան շտապում, երբ անձրևն ինձ քշեց թեյարան-տնակը: Համենայն դեպս այդ անակնկալ հանդիպումն ամբողջությամբ գերեց ինձ. Շփոթմունքից պապանձվել էի:
բայց հենց այդ պահին տանտիրուհին ինձ հրավիրեց ուրիշ սենյակ: Ըստ երևույթին այդ սենյակից հազվադեպ էին օգտվում, բոլոր կողմերից բաց էր` ոչ դուռ, ոչ պատուհան: ներքևում փռված էր գեղատես լեռնահովիտն այնպիսի խտությամբ, որ հատակը չէր երևում::
Ցրտից պաշտպանվելու համար ծածկվել էի սագամաշկից պատրաստված բարակ ծածկոցով. Ես դողդողում էի, ատամներս կափկափում էին: Տանտիրուհին թեյ բերեց: Ես նրան ասացի, որ խիստ մրսած եմ:
_Ա~խ, պարո'ն,այո', դուք մինջև ոսկորները թրջված եք: Գնանք այնտեղ, դուք պետք է շատ շուտ չորանաք:
Եվ համարյա թևանցուկ նա ինձ տարավ դեպի իր սենյակը: Այնտեղ վառարան կար: Բաց դռնից տաքության ծանր հոտ էր փչում: Ես անվճռական կանգնեցի շեմին: վառարանի կողքին ամբողջապես ուռած և կապտած դեմքով` ինչպես ջրահեղձը, պպզել էր մի ծերունի: Նա ինձ նայեց հիվանդոտ, խամրած աչքերով: Թվաց, թե նույնիսկ բիբերը լցված էին դեղնավուն բծերով: Ծերունու շուրջը հին նամակների և ծրարների հսկա թղթակույտեր էին: կարծես նրան թաղել էին թղթերի կտորտանքների մեջ: Ոչ թե մարդ, այլ լեռնային զարմանաշարժ տեսարան էր: Այդ տեսարանի առջև ես անշարժացա` ինչպես պեղումից հայտնաբերված արձանի:
_ Խնդրում եմ ներեք ինձ, որ այսպիսի սահմռկեցուցիչ բան ցույց տվեցի: Մի' քաշվեք, նա իմ ծերուկն է: Նրան նայելն անդուր է, բայց ինչ արած... նա շարժվել չի կարողանում, եղեք գթասիրտ...
Եվ տանտիրուհին սկսեց պատմել, ահա արդեն երկար տարիներ է` անդամալուծությունը տկարացրել է նրան, մարմինը շարժել չի կարողանում: Իսկ այս թղթակույտերի ցանկապատը պատահական չէ: Երկրի բոլոր անկյուններից անդամալուծությունը բուժելու վերաբերյալ նամակներ են գալիս, ամեն կողմից դեղորայքով տուփեր են ուղարկում: Ծերունին ուշադիր լսում է լեռնանցքով անցնող-դարձող ճամփորդների խորհուրդները, հետևում է լրագրերի հրապարակումներին: Մի խոսքով, որևէ վստահելի միջոց կամ դեղուդարման գտնելու իր որոնումներում նա ոչինչ բաց չի թողնում: Նամակներն ու տուփերը չի թուլյատրում թափել, հավագել է շուրջը և աչքի է անցկացնում: Նրա ողջ կյանքն այժմ դրանում է: Տարիների ընթացքում այսպես աճել են ամեն տեսակ թղթերի այդ կույտերը:
Ես ասելու խոսք չգտնելով` տեղավորվեցի վառարանի մոտ: Տունը հանկարծ ցնցվեց, կողքով ավտոմեքենա անցավ:
«Այստեղ նույնիսկ աշնանն են այսպիսի ցրտեր լինում, երևի շուտով լեռնանցքը կթաղվի ձյան տակ,- մտածեցի ես,- տեսնես ինչո՞ւ ծերունին չի ուզում ապրել հովտում»:
Բայց վառարանից տաք օդ էր փչում: Իմ զգեստից սկսեց գոլորշի անջատվել, որը գլխացավ առաջացրեց:
Տանտիրուհին գնաց հյուրասենյակ և թափառական արտիստ կանանց հետ խոսակցության բռնվեց:
_Մի՞թե սա այն աղջիկն է: Տակավին աղջնակ էիր, երբ նախորդ անգամ այստեղ էիք: Տեսեք` ինչպես է աճել: Այո, դու արդեն հասուն աղջիկ ես, հրաշալի~, հրաշալի~ և ի~նչ դուրեկան: Աղջիկները... աղջիկները արագ են հասունանում:Որոշ ժամանակ անց լսեցի ճանապարհվելու պատրաստվողների աղմուկը:Հավանաբար թափառական թատերախումբն արդեն մեկնում էր...
Անհրաժեշտ էր չհապաղել: Առանց այն էլ սիրտս արագ էր բաբախում, բայց ես իմ մեջ տեղիցս վեր կենալու արիություն չգտա:
«Անշուշտ այդ կանայք սովոր են ճամփորդության, բայց միևնույն է, արագ քայլել չեն կարող: Թող ինձնից առաջ ընկնեն տասը թյո5, նույնիսկ` քսան, ես արագորեն կհասնեմ նրանց»,- մտածեցի` անհամբերությունից շարժվելով վառարանի կողքին:
Թափառական արտիստները պարուհու հետ միասին մեկնեցին: նույն պահին իմ երևակայությունը ազատվեց իր կապանքներից, և սլանալով նրանց ետևից, սկսեց իր չարաճճի պարը:
Տանտիրուհին ճանապարհեց նրանց և վերադարձավ:
_ Գիշերելու համար որտե՞ղ են կանգ առնելու այդ արտիստները,- հարցրեցի նրան:
_ Թափառաշրջիկի պես, ի՞նչ իմանաս: Որտեղ նրանց հրավիրեն, այնտեղ էլ կգիշերեն: Իրենք էլ նախապես չգիտեն:
տանտիրուհու արհամարական խոսքերը ինձ վրա հակադարձ ներգործությունն ունեցան. Իմ մեջ հույսեր բորբոքեցին: «Եթե այդպես է,- անրջեցի ես,- հենց այսօր պարուհուն պարուհուն կհրավիրեմ գիշերն ինձ հետ անցկացնելու»:
Անձրևը հանդարտվելով նվազեց, լեռնակատարներին երկինքը պարզվում էր: Տանտիրուհին ինձ առաջարկեց քիչ էլ սպասել` մինջև երկինքը լիովին մաքրվեր, բայց ես հանգիստ նստել ի վիճակի չէի:
_ Հայրի'կ պահպանեք ձեզ ձմռան ցրտերից,- սրտանց ասացի ես և վեր կացա:
Ծերունին դժվարությամբ ինձ վրա ուղղեց իր դեղնած աչքերը և թեթևակի գլխով արեց:
_ Պարո'ն, պարո'ն,- բղավելով` իմ ետևից շտապեց տանտիրուհին: _ Դուք չափազանց շատ դրամ եք շնորհել ինձ: Չե'մ վերցնի, խիղճս կտանջի:
Նա կառչեց պայուսակիցս` փորձելով կանգնեցնել ինձ, սպսռնաց, որ ինձնից պոկ չի գա: Կաղալով աճապարեց իմ ետևից, բավականին ճանապարհ անցավ` անվերջ կրկնելով.
_ Գոնե պատճառ լիներ: Ո'չ, ես այսքան գումար չեմ վաստակել: Բայց ես ձեզ բարի կհիշեմ: Անպայման նորից բարեհաճեք ինձ մոտ. Այն ժամանակ ես ձեզ կփոխհատուցեմ:
Եղած-չեղածը մի հիսուն սէննոց6 դրամ էր: Եվ հանկարծ այդքան շնորհակալություն: Ես, արտասվելու չափ, ապշած և ցնցված էի: Հազիվհազ քայլելով նա շարունակեց ուղեկցել ինձ, և դա ինձ համար վիրավորական էր: Վերջապես մոտեցանք լեռնանցքի գետնափոր հատվածին:
_ Շատ շնորհակալ եմ: Այժմ գնացեք տուն, ծերունուն շատ երկար մենակ թողնելը լավ չէ,- ասացի ես:
Ծեր կինը մի կերպ բաց թողեց պայուսակս:
Ես մտա մութ թունելը: Վերևից կտկտոցով ջրի սառը կաթիլներ էին ցած ընկնում: Առջևում, փոքր շրջագծով, վերևում էր Իձու թերակղզու հարավային մաս դուրս բերող լուսավոր ելքը:

2

Ճերմակ պատնեշով ճանապարհը, ինչպես կայծակի զիգզագ, մխրճվում է հովտի մեջ: Սանդղավոր լեռնալանջի ստորոտում նշմարվեցին թափառական արտիստների ուրվագշերը: Ես դեռ վեց թյո չէի անցել, երբ հասա նրանց: բայց չէի կարող դիտմամբ դանդաղեցնել քայլերս, որպեսզի քայլեի նրանց հետ, և անտարբեր առաջ անցա:
Երիտասարդ տղամարդը փոքր-ինչ առաջ ընկած էր քայլում: Նկատելով ինձ` կանգնեց:
_ Դուք շալ լավ հետիոտն եք: Եղանակն էլ բարեբախտաբար լավացավ...
Ես թեթևացած շնչեցի և քայլեցի նրա կողքին: Իմ ուղեկիցն սկսեց դեսից դենից հարցեր տալ ինձ: Տեսնելով, որ մենք զրուցում ենք, կանայք մանրաքայլ վազքով շտապեցին մոտենալ մեզ:
Տղամարդը շալակին կրում էր հյուսված մեծ զամբյուղ, հասակավոր կինը գրկել էր մի շան լակոտ, մյուսները տանում էին հիմնական բեռը. Ավագ աղջիկը` ծանրաշարժ նվագարանը, մյուսը` հյուսված զամբյուղ, պատանի պարուհին` թմբուկն իր տակդիրով:
Հասակավոր կինը, երբեմն, մեր զրույցին չառնչվող իր խոսքերով խառնվում էր մեր խոսակցությանը:
_ Նա բարձրագույն դպրոցի ուսանող է,- պարուհուն շշնջաց ավագ աղջիկը:
Ես նայեցի նրան և նա ծիծաղեց:
_ Ես այդպես եմ կարծում. Մեզ մոտ` կղզի, հաճախ են ուսանողները գալիս:
Ուղեկիցս պատմեց ինձ, որ նրանք բոլորը բնակվում են Օսիմա կղզու Հաբու նավահանգստի մոտ: Գարնանը լքում են կղզին, ամբողջ ամառը ճամփորդում են: Բայց արդեն ցրտերի շեմին ենէ, իսկ նրանք ձմեռային տաք հագուստներ չունեն: Մոտ տասը օր կանցկացնեն հարավում` Սիմոդում, հետո Իտո նավահանգստից կուղևորվեն տուն` իրենց կղզին:
Լսելով, որ պարուհին Օսիմա կղզուց է, ես առանձնահատուկ բանաստեղծական զգացողությամբ նայեցի նրա գեղեցիկ վարսերին: Իմ մեջ ցանկություն առաջացավ շատ բան իմանալ կղզու մասին` սկսեցի հարցեր տալ իմ զրուցակցին:
_ Ուսանողները հաճախակի են գալիս մեզ մոտ` ծովում լողալու,- ասաց պարուհին իր կողքինին:
_ Հավանաբար ամռանը,- շրջվելով դեպի նա, ասացի ես:
_ Ձմռանը նույնպես,- հազիվ լսելի արձագանքեց պարուհին:
_ Ի՞նչ, նույնիսկ ձմռա՞նը...
Նա նայեց մյուս աղջիկներին` զսպելով ծիծաղը:
_ Մի՞թե ձմռանը հնարավոր է,- կրկին հարցրեցի ես:
Պարուհին շիկնեց և շատ լուրջ տեսքով գլխով արեց:
_ Խենթւոկ է նա, բոլորովին երեխա,- ծիծաղեց հասակավոր կինը:
Մինչև Յուհանո դեռ երեք ռիից ավելի կար: Ճանապարհն իջնում էր ներքև` Կավացու գետի երկայնքով: Լեռնանցքը հետևում թողնելուց հետո մենք մեզ հարավում էինք զգում. Շրջակա լեռներն այլ տեսք ունեին, նեւյնիսկ երկնքի գույնն էր փոխվել:
Ես անդադար խոսում էի ուղեկցիս հետ: Մենք շատ շուտ մտերմացանք: Երբ ետևում մնացին Ահինորի և Նասիմոտո գյուղերը և հնարավոր դարձավ հովտում զանազանել Յուհանոյի ծղոտե կտորները, ես իմ նոր ընկերոջը վճռական հայտարարեցի, որ իրենց խմբի անդամների հետ կգնամ Սիմոդա: Նա անչափ ուրախացավ:
Յուհանոյում, հյուրանոցի մոտ, հասակավոր կինը նրբին վայելչությամբ ուզեց հայտնել ինձ, որ իրենք կամենում են հրաժեշտ տալ ինձ, բայց իմ ուղեկիցն ընդդիմացավ.
_ Պարոն ուսանողը ցանկանում էր իր ճամփորդությունը շարունակոլ մեզ հետ:
_ Շատ ուրախ եմ,- պարզասրտորեն բացականչեց կինը:- Ասում են` ճանապարհի բարի ուղեկիցը կյանքում կարեկից ընկեր է: մենք հասարակ մարդիկ ենք... Այդպես, իհարկե, կցրենք ճանապարհի ձանձրույթը: Եղե'ք բարեգութ, ներս գնանք, մեզ հետ կթոթափեք ճանապարհի հոգնությունը:
Աղջիկները լռել և ամոթխած նայում էին ինձ:
Աստիճաններով բարձրացանք հյուրասենյակ, նրանք իրերը դրեցին հատակին: Ստվարաթղթե հավաքովի միջնապատը և հատակին փռած խսիրը քրքրվքծ և կեղտոտ էին:
Պարուհին, մեզ մոտ` վերև, թեյ բերեց: Երբ նա ծունկի իջավ իմ առջև, նրա դեմքը շիկնեց, ձեռքերը դողացին, և բաժակը սկուտեղի վրա վտանգավոր թեքվեց: պարուհին բաժակն արագորեն դրեց խսիրին, և թեյը թափվեց:
_ Մի սրան տեսեք: Ա~յ քեզ հասունացած աղջիկ: Իսկը թղթե տոպրակ է... Ի՞նչ կասեք:-Հոնքերը կիտեց վրդովված հասակավոր կինը և պարուհուն նետեց սրբիչը: Պարուհին վերցրեց այն և սկսեց ջղաձգորեն սրբել խսիրը:
Այդ անսպասելի հայտարարությունը սթափեցրեց ինձ: Իմ բոլոր թաքուն հույսերը, որ ջերմացել էին թեյարանի տիրուհու հետ անբռնազբոս զրույցի ժամանակ, մի ակնթառթում հողմացրիվ եղան:
Հասակավոր կինն սկսեց վիճաբանել մյուս կանանց հետ.
_ պարոն ուսանողի կիմոնոն շատ լավն է,- նշեց նա` սևեռուն նայելով ինձ:-Խայտաբղետ նախշեր` ճիշտ այնպիսի, ինչպիսիք իմ Տամիձեի կիմոնոյինը: Այո, դա անվիճելի է, ճիշտ նույնն են, և առանձնապես ոչինչ չկա դրանում:
_ Իմ որդին մնացել է տանը, նա դպրոց է հաճախում,- ասաց և սկսեց ներկայացնել որդուն:_ Նայելով ձեր զգեստին` նրան հիշեցի, նրա կիմոնոն ձերի մնան է: Այսօր նույնիսկ կոնհասուրի գործվածքն է թանկ: Դա պարզապես անտանելի է:
_ Իսկ որտե՞ղ է նա սովորում:
_ Տարրական դպրոցի հինգերորդ դասարանում:
_ Արդեն հինգերո~րդ դասարանցի է...
_ Կոֆուում է դպրոց հաճախում: Արդեն վաղուց Օսիմա կղզում ենք բնակվում, բայց մեր ծննդավայրը Կաի գավառում գտնվող Կոֆուն է:
Երբ մոտ մեկ ժամ հանգստացել էի, ճանապարհին մտերմացախ իմ ընկերը ինձ տարավ մեկ այլ հյուրանոց: Մինջ այդ մտածում էի, որ բոլորի հետ կմնամ նրանց այդ աղքատիկ օթևանատանը:
Ներքև իջանք զառիթափի քարե աստիճաներով և անցանք հորդառատ տաք ակունքից բխող գետակի կամրջով: Կամրջի դիմաց հյուրանոցի այգին էր:
Ես գնացի լողալու: Ուղեկիցս իմ ետևից մտավ ջուրը: Հետո սկսեց պատմել իր կյանքի մասին: Քսանչորս տարեկան էր: Նրա կնոջ հետ արդեն երկու անգամ դժբախտություն էր պատահել. Վիժում, հետո` անժամանակ ծննդաբերություն: Երեխան մահացել էր...
Իմ նոր ծանոթը Նագաոկա հյուրանոցի խորհրդանշանով բաճկոն էր կրում. Այդ էր պտճառը, որ ես նրան տեղացի էի համարել: Դատելով արտաքինից և խոսելաձևից` նա տեղական կրթություն էր ստացել: Ես մտածեցի, որ նա իր հաճույքի համար է ճամփորդում լեռներում կամ գուցե սիրահարված է թափառական արտիստուհուն և գնում է նրա ետևից` նրանց իրերը տեղափոխելով:
Լողանալուց անմիջապես հետո ճաշեցի: Մենք Յուհասիմայից դուրս էինք եկել առավոտյան ժամը ութին, իսկ այժմ արդեն երեքն էր: Երբ մտանք այգի, իմ ուղեկիցը դարձավ ինձ և ասաց.
Ցտեսություն:
_ Սրանով որևէ բան գնեք... թեկուզ մի քիչ արմավ: Խնդրում եմ ներեք, որ այսպես անփույթ եմ հանձնում: _ Եվ նետեցի նրան ճմրթաց դրամների գունդը:
Ուղեկիցս ուզեց հրաժարվել, բայց գունդը չհասավ նրան և ընկավ գետնին: Նա ետ եկավ, վերցրեց ու նետեց ինձ.
_ Խնդրում եմ պետք չէ դա:
Դրամն ընկավ ծղոտե ծածկի վրա: Ես նորից նետեցի նրան, և այս անգամ նվերն ընդունվեց:
Երեկոյան ուժեղ անձրև տեղաց: Սարերը ճերմակեցին, և կորցնելով նախքին տեսքը, դարձան միօրինակ: բարձրաձայն աղմկեց գետակի պղտորված, գորշ ջուրը: «Թափառական արտիստները և պարուհին այս տեղատարափին չեն գա այստեղ»,- մտածում էի ես: Չէի կարողանում տեղումս նստած մնալ: Մի քանի անգամ լողալու գնացի: Սենյակում մութ էր: Միակ լամպը կախված էր հավագովի միջնապատի վերին ձողից` քառակուսի անցքի վերևում և երկու սենյակ էր լուսավորում:
Դըմբ-դըմբ-դըմբ. Անձրևի աղմուկի մեջ, ինչ-որ տեղից շատ թույլ լսվեց թմբուկի ձայնը: Ես այնքան ուժեղ քաշեցի լուսամուտի փեղկերը, որ քիչ մնաց կոտրեի, և գլուխս դուրս հանեցի: Դեմքիս խփեց անձրևախառն սըրնթաց քամին: Ես փակեցի աչքերս և լարեցի լսողությունս: Թմբկահարն արդյոք այստեղ չի՞ գալիս: Շուտով լսվեցին սյամիսէնի7 ձայն, կանանց երկարաձիք բացականչություններ և աշխույժ ծիծաղ:
«Թափառական արտիստներին հրավիրել են փողոցի մյուս կողմում, հենց հյուրանոցի դիմաց գտնվող ռեստորան»,- հասկացա ես: Արդեն հնարավոր էր տարբերել կանանց և տղամարդկանց ձայները: Ես շարունակում էի հուսալ, որ ընթրիքը շուտ կավարտվի, և արտիստները կգան ինձ մոտ: Բայց խնջույքը, ինչպես երևում էր, դուրս էր գալիս սովորական զվարճանքի սահմաններից և սպառնում էր վերածվել աղմկոտ գինարբուքի: Ժամանակ առ ժամանակ կանացի զրնգուն մի կանչ` ինչպես շանթ, ճեղքում էր լռությունը:
Նյարդային սպասման մեջ լարված, նստած էի փակ փեղկերի առջև: Ամեն անգամ, երբ ինձ էր հասնում թմբուկի ձայնը, ակամա արտաշնչում էի, և սիրտս թեթևանում էր:
«Ուրեմն` պարուհին դեռ նստած էր հյուրերի հետ: Նստել և թմբկահարում է»:
Սիրտս անտանելի ճմլվում էր, երբ լռում էր թմբուկը: Անձրևի աղմուկը ծանրանում և ինձ մղում էր դեպի անհատակ անդունդ:
Հանկարծ լսվեց անհամաչափ քայլերի թփթփոց. Այնտեղ իրար ետևից վազո՞ւմ էին, թե՞ պար էին բռնել: Հետո` ոչ մի ձայն: Հայացքս սևեռեցի մթությանը և կրակոտ աչքերով փորձեցի խավարի վարագույրի միջով գոնե ինչ-որ բան տեսնել: «Ինչո՞ւ ամեն ինչ լռեց: Մի՞թե այս գիշեր որևէ մեկը կապականի պարուհուն»,- ընկղմվեցի տանջալի գուշակությունների մեջ:
Ի վերջո ծածկեցի փեղկերը և անկողին մտա, բայց սիրտս մորմոքվում էր: Նորից գնացի տաք աղբյուրի ջրում լողալու: Երկար և խենթորեն ճղփացնում էի ջուրը: Անձրևը կտրվեց, լուսինը դուրս լողաց ամպերի միջից: Անձրևով լվացված երեկոյան երկինքը շողաց բյուրեղի պես պարզ: Ուզում էի դուրս թռչել լողարանից և պարուհու մոտ վազել ոտոբոբիկ: Բայց ի՞նչ կարող էի անել:
Արդեն գիշերվա ժամը երեքն էր:

3

Հաջորդ օրը առավոտյան ժամը իննին իմ ուղեկիցն այցելեց ինձ: Ես նոր էի վեր կացել և նրան հրավիրեցի աղբյուր: Լողարանից ներքև, անձրևից հորդացած գետը ջերմանում էր աշնանային անամպ երկնքի արևի տակ: Այդտեղ` հարավային Իձուում եղանակը գարնան պես մեղմ էր: Անցած գիշերվա տառապանքներն արդեն ինձ երազ էին թվում, բայց և այնպես ասացի.
_ Ձեր աղմկոտ երեկոն ուրախ անցավ` մինջև ուշ գիշեր:
_ Ի՞նչ: Դուք մեզ լսո՞ւմ էիք:
_ Իսկ հնարավո՞ր էր չլսել:
_ Ախ այդ տեղացիները: Ամեն ինչ մեծ աղմուկի են վերածում, որից ոչ մի օգուտ չունեն,- նկատեց նա, այստեղ այդ խնջույքներն իր համար սովորական բան են, և ես լռեցի:
_ Տե'ս, տե'ս, այն ափին են: Եկել են լողալու: Մեզ նկատեցին, ծիծաղում են:
Նա մատով ցույց տվեց գետակի մյուս ափի այն մասը, որտեղ ընդհանուր լողարանն էր:
Գոլորշու քուլաների մեջ աղոտ երևում էին յոթ-ութ մերկ մարմիններ:
Մշուշապատ լողարանից հանկարծ դուրս վազեց մի մերկ աղջիկ, ձեռքերը պահեց գլխավերևում և տախտակամած հարթակի եզրին անշարժացավ` պատրաստվելով ցատկի: Նա ձայն տվեց մեզ, բայց թե ինչ` չլսվեց: Պարուհին էր: Ես նայեցի նրա սլացիկ ոտքերին, նրա սպիտակ մարմնին, որ վեր էր ձգված` ինչպես մատղաշ սիրամարգածառ:
Եվ հանկարծակի ջրի զուլալ շիթերն ասես ողողեցին իմ սիրտը: Ես թեթևացած շնչեցի և երջանկացած ծիծաղեցի: Այո, իրոք նա երեխա էր: Ուրախացել էր, որ տեսնում է մեզ, մերկանդամ թռել էր արևի լույսի մեջ և կանգնել ոտքի մատների վրա: տակավին երեխա: Ես թեթև սրտով ծիծաղեցի: Իմ մտքերը զուլալվեցին, ինչպես խնամքով մաքրված ապակի: մեղմ ժպիտը շարունակում էր մնալ շուրթերիս:
Մինչ այդ ես կարծել էի, թե նա տասնյոթ-տասնութ տարեկան է: Եվ դա այն պատճառով, որ նա շատ բարձր սանրվածքով էր, և բացի այդ, նրան հասուն աղջկա նման էին հագցնում: Հիմարի պես սխսլվել էի:
Մենք դեռ չէինք հասցրել իմ սենյակը վերադառնալ, երբ թափառական թատերախմբի ավագ աղջիկը քրիզանթեմները դիտելու համար հայտնվեց այգում: Պարուհին նրան ուղեկցեց մինջև տախտակամածի կենտրոնը: հասակավոր կինը դուրս եկավ լողարանից և խստորեն նայեց երկուսին: պարուհին թոթովեց ուսերը և ժպտաց. իբր` «Ավելի առաջանալ չեմ համարձակվում», և ետ վազեց:
հասակավոր կինը մոտեցավ կամրջին և բարձրաձայն կանչեց ինձ.
_ Բարեհաճե'ք մեզ հուր գալ:
_ Բարեհաճե~ք մեզ հյուր գալ,- որպես արձագանք կրկնեց ավագ աղջիկը, և նրանք երեքով գնացին դեպի իրենց օթևանը:
Իմ ուղեկիցն ինձ մոտ մնաց մինչև մթնշաղ:
Ուշ երեկոյան,երբ ես գո8 էի խաղում թղթի մեծածավալ առևտրի գործակալի հետ, հանկարծ հյուրանոցի այգում հնչեց ծանոթ թմբուկի ձայնը: Ես ինքնաբերաբար պոկվեցի տեղիցս.
_ Երաժիշտներ են եկել:
_ Ի~նչ մի կարևոր բան է, ո՞ւմ են պետք այդ պնդերես մուրացիկները: Դե, ձեր քայլն է: ես խաղացի` ա'յ սա:
Խաղով հրապուրված թղթավաճառը խաղաքարն ուժգին թխկացրեց տախտակին: Մինչ ես շփոթահար տառապում էի, երաժիշտներն սկսեցին պատրաստվել ետ վերադառնալու:
Իմ ուղեկից բարեկամն ինձ ձայնեց այգուց.
_ Բարի երեկո':
Ես գնացի միջանցք և ձեռքով կանչեցի նրան: Թափառական արտիստները նախ փսփսացին իրար հետ, ապա քայլեցին դեպի հյուրանոցի շենքը: Իսկ երբ ջահել աղջիկները միասին կրկնեցին.
_ Բարի երեկո':
Մտնելով միջանցք` նրանք իմ առջև հանդիսաբար խոնհարվեցին մինչև գետին` ինչպես անում են պարուհիները:
Ընդ որում, այդ պահին խաղատախտակի վրա բարդ վիճակ էր. Ինձ պարտություն էր սպառնում:
_ Ոչինչ անել հնարավոր չէ: Պարտված եմ:
_ Չի կարող պատահել: Ախր ձեր համեմատ ես թույլ խաղացող եմ: Թողեք մտածեմ, այստեղ շատ նուրբ վիճակ է:
Նա նույնիսկ չնայելով երաժիշտներին, վերահաշվեց տախտակին մնացած բոլոր խաղաքարերը և առավել խորասուզվեց խաղի մեջ:
Աղջիկները թմբուկը և սյամիսէնը տեղավորեցին սենյակի անկյունում, ապա սկսեցին գոբանգ9 խաղալ, իսկ ես այդ ընթացքում բաց թողեցի աներկբա հաղթանակի հնարավորությունը:
_ Դե', եկ` ևս մեկ անգամ, վերջինը,- իր հորդորներով սկսեց ինձ նեղել իմ խաղնկերը:
Ես խոնարհաբար ժպտում էի: Վերջապես նա նահանջեց և վեր կացավ: Աղջիկները մոտեցան խաղատախտակին:
_ Այս երեկո նորի՞ց եք աշխատանք որոնելու...
_ Ընդհանրապես պետք է որ գնանք...- ասաց թափառական արտիստը և նայեց աղջիկներին:
_ Ահա թե ինչ. Ոչ մի տեղ մի' գնացեք, մնացեք այստեղ` որպես իմ հյուր:
_ Օ~, մեզ համար դա շատ ուրախալի է:
_ Իսկ դրա համար մեզ չի՞ պատժի,- հարցրին միմիանց:
_ Բայց չէ՞ որ ոչ ոք մեզ չվարձեց:
Աղջիկները գոբանգ խաղալով զվարճացան համարյա մինչև գիշերվա մեկը:
Վերջապես գնացին, բայց հետո ես քնել չէի կարողանում, հոգնություն չէի զգում, միտքս թարմ էր մնացել: _ Եվ ես գնացի միջանցք ու ձայնեցի.
_ Հա~, լսում եմ: _ Եվ ծերունին, որ ուր որ է վաթսունն էր բոլորելու, դուրս նետվեց իր սենյակից` միանգամայն մարտականորեն տրամադրված:
_ Ուրեմն խաղա'նք: Դե ինչ` խաղանք ողջ գիշերը, մինչև լուսաբաց:
Ես նույնպես տրվեցի խաղին:

4

Պայմանավորվել էինք Յուհանոյից դուրս գալ առավոտյան ութին: Ես գլխիս դրեցի ընդհանուր լողարանի կողքի կրպակից նախորդ օրը գնած որսորդական գլխարկը, իսկ իմ ուսանողականը խցկեցի պայուսակիս մեջ և գնացի օթևանատուն, ուր հանգրվանել էին իմ ուղեկիցները: Երկրորդ հարկի շարժական միջնորմապատը ամբողջ լայնությամբ բացված էր: Առանց երկար-բարակ մտածելու, աստիճաններով բարձրացա և շփոթված քարացա: Թափառական արտիստները դեռ չէին վեր կացել:
Հենց իմ ոտքերի մոտ պառկած պարուհին, կարմրելով ամոթից, ձեռքերով դեմքը ծածկեց: Նա կրտսեր աղջկա հետ նույն անկողնում էր տեղավորվել: Պարուհու դեմքին նախորդ օրվասպիտակ շպարից դեռ հետքեր կային: Շուրթերին և աչքերի անկյուններին վառ կարմիր ներկ էր քսված: Պառկած աղջկա գեղեցկությունը դյութեց ինձ: Հանկարծ նա արագորեն շրջվեց և շարունակելով դեմքը ձեռքերով ծածկած պահել, դուրս սողաց վերմակի տակից և հանդիսավոր դիրքով նստեց հատակին:
_ Շնորհակալություն երեկվա երեկոյի համար,- ասաց և վայելչագեղ խոնարհվեց իմ առջև:
Դա ինձ ծայրաստիճան անհարմար դրության մեջ գցեց:
Թափառական արտիստը պառկած էր ավագ աղջկա կողքին: Մինչ մտքովս բոլորովին չէր անցել որ նրանք ամուսիններ են:
_ Ներեցեք մեզ, ամոթ է, որ...- սկսեց ներողություն խնդրել հասակավոր կինը` նստելով անկողնում: _ Մենք պայմանավորվել էինք այսօր առավոտյան ճանապարհվել, բայց ասում են, որ վաղը հրավերքով ընթրիք է կայանալու, և ահա, որոշեցինք մնալ ևս մեկ օր:Եթե չեք կարող սպասել մեզ, կհանդիպենք Սիմոդում: Մենք միշտ կանգ ենք առնում Կոսյույա հյուրանոցում, այն հեշտությամբ կարելի է գտնել:
Ես ինձ լքված զգացի:
_ Բայց գուցե կսպասե՞ք մինչև վաղը: Մենք մեկ օրից ավել չենք ուշանա, մայրիկը թույլ չի տա: Ընկերներով ճանապարհ գնալը լավ է: Վաղը, առավոտյան բոլորս միասին կուղևորվենք,- առաջարկեց թափառական արտիստը, և հասակավոր կինը միացավ նրա առաջարկին:
_ Ինչ արած, ներողամիտ եղեք: Մեզ համար պատիվ է, որ Դուք կամեցաք մեր խմբի հետ ճամփորդել, և մենք շատ ենք ամաչում, որ Ձեր հանդեպ ճշտապահ չեղանք: Վաղն անպայման ճանապարհ կնկնենք, նույնիսկ եթե երկնքից նիզակներ տեղան: Վաղը չէ մյուս օրը քառասունիններորդ օրն է, որ մահացել է մեր մանկիկը: Մենք ավելի վաղ էինք որոշել այդ օրը Սիմոդում հիշատակի համեստ արարողություն կատարել. Եւահա շտապում ենք այդ օրն այնտեղ լինել: Ներեցեք համարձակությանս համար, բայց ինձ թվում է, որ ճակատագիրն անտեղի չի մտերմացրել մեզ: Հնարավո՞ր է, որ վաղը չէ մյուս օրը աղոթեք մեզ հետ միասին:
Ես խոստացա ուղևորվել իրենց հետ և իջա ներքև: Մինչ սպասում էի, որ կանայք հագնվեն ու դուրս գան, հյուրանոցի կեղտոտ գրասենյակում զրուցեցի կառավարչի հետ:
Եկավ իմ ուղեկից ընկերը և ինձ հրավիրեց զբոսնելու: Ընդհարձակ ճանապարհով մի քիչ անցնելուց հետո հասանք մի գեղեցիկ կամրջի: Հենվելով նրա բազրիքին` թափառական արտիստը պատմեց.
Երկար ժամանակ եղել է Տոկիոյի նորարարական դպրոցի թատրոնի արտիստներից: Այժմ մասնակցում է Օսիմա կղզում բեմականացվող ներկայացումներին: Երբեմն էլ հանդես է գալիս որևէ հյուրասրահում: Իր զամբյուղը բերնեբերան լցված է զգեստներով և սպասքներով` տարբեր բաժակներ, ամանեղեն...
_ Ես կործանեցի ինձ: ԻՄ ավագ եղբայրն այժմ Կոֆուում մեր ընտանիքի ղեկավարն է և տնտեսությունը լավ է վարում: Իսկ ես այնտեղ ավելորդ եմ...
_ Կարծում էի, թե դուք տեղացի եք` Նագաոկայից:
_ Ոչ: Երիտասարդ աղջիկներից ավագն իմ կինն է: Նա մի տարով փոքր է ձեզնից, տասնինը տարեկան է: Մեր թափառումների երկար ու ձիք ճանապարհներին արդեն երկրորդ անգամ ծննդաբերեց ժամանակից շուտ: Մանկիկը այս լույս աշխարհում ապրեց ընդամենը մեկ շաբաթ: Կինս մինչև հիմա դեռ լրիվ ուշքի չի եկել: Դե, իսկ հասակավոր կինը նրա հարազատ մայրն է: Պարուհին` իմ քույրիկը:
_ Այո, հիշեցի, դուք ասել եք, որ տասնչորս տարեկան քույր ունեք:
_ Նա հենց ինքն է: Ես անհնդատ մտածում եմ, թե ինչպես անեմ, որ քույրիկիս քարշ չտամ հետս, բայց, ինչ արած, ոչ մի կերպ չի ստացվում...
Նա ասաց, որ իր անունը Էյիկիտի է, կնոջը` Թիյոկո, իսկ պարուհու անունն է Կաորու: Իրենց թափառումներին մասնակցող սպասուհիՅուրիկոն տասնյոթ տարեկան է, իրենց հարազատներից չէ, ծնվել է Օսիմա կղզում: Էյիկիտին շատ հուզվեց, գետի ջրին այնպես էր նայում, որ կարծես ուր որ է արտասվելու էր:
Վերադարձի ճանապարհին տեսանք պարուհուն: Նա դեմքի շպարն արդեն լվացել էր և պպզած շոյում էր շնիկին: Ես նրան ասացի, որ գնում եմ հյուրանոց` իմ սենյակը:
_ Այցելեք ինձ,- ավելացրի:
_ Շատ կուզեի, բայց մենակ չի կարելի:
_ Իսկ դուք եկեք ձեր եղբոր հետ:
_ Հարմար պահի կգանք:
Սակայն Էյիկիտին ինձ մոտ եկավ մենակ:
_ Ո՞ւր են մյուսները:
_ Մայրիկը չթողեց:
Բայց երբ նստեցինք գոբանգ խաղալու, կանայք արագ անցան կամրջակն ու վազեցին վերև: Հարգալից խոնարհումից հետո նրանք անվճռական նստեցին նախասրահի հատակին: Առաջինը ոտքի ելավ Թիյոկոն:
_ Առանց ամաչելու մտեք ներս, սա իմ սենյակն է,- հրավիրեցի ես:
Մոտ մեկ ժամ ինձ մոտ լինելուց հետո թափառական արտիստները գնացին հյուրանոցին կից լողարանը: Նրանք ինձ առաջարկեցին գնալ իրենց հետ, բայց ես վերջին պահին տատամսեցի, քանի որ այնտեղ էին լինելու երեք երիտասարդ կին: Շուտով պարուհին ետ եկավ, բարձրացավ վերև և Թիյոկոյի անունից հրավիրեց.
_ Քույրիկս ասում է որ ձեր մեջքը կլվանա:
Բայց եց չգնացի, և առաջարկեցի գոբանգ խաղալ: Անսպասելի պարզվեց, որ նա ուժեղ հակառակորդ է: Առանց դժվարության հաղթում էր Էիյկիտիին և իր ընկերուհիներին: Ես լավ խաղացող էի, և քչերն էին կարողանում ինձ հետ մրցել: Բայց նա ուրիշ էր: Հաճելի էր, որ նրա հետ խաղալիս պետք չէր դիտմամբ թույլ քայլ անել:
Սկզբում պարուհին պատշաճ կարգով էր ձեռքը մեկնում հեռվից խաղաքար վերցնելու, բայց մենք մենակ էինք, և նա շուտով մոռանալով աշխարհում գոյություն ունեցող ամեն բանի մասին, շատ ցածր կռացավ տախտակին: Նրա խիտ վարսերի անբնականորեն գեղեցիկ հյուսքերը համարյա քսվեցին կրծքիս:
Հանկարծ նա շիկնեց:
_ Ներեցեք: Ինձ կնախատեն,- և ընդհատելով խաղը` սենյակից հապճեպ դուրս նետվեց:
Մայրը կանգնած էր ընդհանուր լողարանի առջև` գետակի մյուս ափին: Թիյոկոն և Յուրիկոն շտապով դուրս թռան հյուրանոցին կից լողարանից, և նույնիսկ առանց հրաժեշտ տալու ինձ, դեպի այնտեղ վազեցին:
Այդ օրը, առավոտից մինչև ուշ երեկո, Էիյկիտին անցկացրեց ինձ հետ: Հյուրանոցի պարզամիտ տիրուհին չզլացավ բարեհոգաբար ինձ ասել, թե` այդպիսի չնչին մարդկանց ընտիր սնունդով կերակրելն իզուր է, ավելորդ բան:
Երեկոյան ես գնացի օթևանատուն: Պարուհին հասակավոր կնոջ ղեկավարությամբ սյամիսէն նվագել էր սովորում: Տեսնելով ինձ` նա սյամիսէնը դրեց հատակին, բայց մոր հրահանգով նորից ձեռքն առավ:
Երբ սկսեց ինքն իր նվագին ցածրաձայն ձայնակցել, մայրը դիտողություն արեց.
_ Քե'զ են ասում, մի` երգիր:
Էիյկիտիին կանչեցին փողոցի մյուս կողմում գտնվող ռեստորան: Մեր մոտից ամեն ինչ երևում էր, և մեզ էր հասնում նրա ձայնը: Նա երկարացնելով ինչ-որ բան էր արտասանում:
_ Ի՞նչ է նա կատարում:
_ Ի՞նչ: Հա~, դա ուտաի10 է:
_ Ուտաի՞: Չէի սպասում:
_ Նա մեր բազմաշնորհ վարպետն է. Նախօրոք չես էլ իմանա, թե ինչ կսկսի անել:
Նրանց հարևանը` քառասունին մոտ մի մարդ, որ ինչպես լսել էի, թռչնավաճառ էր, այդ պահին շարժական միջնորմապատը մի կողմ հրեց, նայեց մեզ և աղջիկներին հյուրասիրելու հրավիրեց: Պարուհին վերցնելով պատառաքաղ-ձողիկներ` Յուրիկոյի հետ գնաց հարևան սենյակ: Այնտեղ նրանք սկսեցին թավայի մեջ հավի մսի համեղ կտորներ որոնել: Բայց ըստ էության թռչնավաճառը թավան արդեն կարգին դատարկել էր:
Երբ վերադառնալիս թռչնավաճառը թեթևակի թփթփացրեց պարուհու թիկունքին, մոր դեմքը ահավոր դարձավ:
_ Էյ', չհամարձակվեք նրան կպչել: Նա իմ աղջիկն է:
Պարուհին սկսեց առևտրականին թախանձել, որ բարձրաձայն կարդա «Միտո Կոմոնի ճամբորդությունը»11 գիրքը:
_ Հորեղբա'յր, հորեղբա'յր,- սիրալիր կրկնում էր նա:
Սակայն թռչնավաճառը շուտով գնաց: Պարուհին չհամարձակվեց ուղղակի դիմել ինձ, որ ես շարունակեմ, և սկսեց ինձ համոզել, թե մայրիկը սարսափելի նյարդայնանում է, երբ ինքն ուզում է ընթերցանություն լսել: Ես թաքուն հույսով վերցրի գիրքը: Իսկ պարուհին սկսեց քիչ-քիչ ավելի ու ավելի ձգվել դեպի ինձ. Գլուխը գրեթե հպեց ուսիս և շատ լուրջ արտահայտությամբ, իր կրակոտ, անթարթ աչքերը հառեց ինձ վրա: Ըստ երևույթին ընթերցանություն լսելիս նա միշտ այդպես էր անում: Երբ թռչնավաճառն էր նրա համար կարդում, նա իր դեմքը համարյա հպել էր նրա դեմքին:
Պարուհու խոշոր սև աչքերը, որ փայլում էին զարմանալի ցոլքով, արտասովոր հմայք էին հաղորդում նրա արտաքինին: Կոպագծերն աննկարագրելի գեղատես էին: Ծիծաղում էր` ինչպես ծաղիկ: Սա ճշմարտություն է:
Քիչ անց ռեստորանի սպասուհին եկավ պարուհուն կանչելու: Նա հագավ իր ամենահանդիսավոր զգեստն ու ինձ ասաց.
_ Ես շուտ կվերադառնամ: Խնդրում եմ սպսեք ինձ: Ես շատ եմ ուզում մինչև վերջ լսել:
Պարուհին գնաց նախասրահ և ծունկի իջնելով` շատ ցածր խոնարհվեց.
_ Թույլ տվեք կարճատեև բացակայել:
_ Միայն թե խելքիտ չփչի երգել,- հրահանգեց մայրը:
Աղջիկը թեթևակի գլխով արեց և վերցրեց թմբուկը:
Մայրը շրջվեց դեպի ինձ.
_ Հիմա նրա ձայնը փոխվելու շրջանն է:
Ռեստորանի սրահում պարուհին նստեց պատշաճ դիրքով և սկսեց նվագել: Ես նրան տեսնում էի մեջքի կողմից` այնքան մոտ, որ կարծես հարևան սենյակում լիներ: Թմբուկի ձայնն ստիպեց, որ սիրտս արագ բաբախի:
_ Թմբուկը միշտ աշխուժացնում է խնջույքի մասնակիցներին,- ասաց մայրը և հայացք նետեց դիմացի տանը` տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ:
Թիյոկոն և Յուրիկոն նույնպես գնացին ռեստորան: Որոշ ժամանակ անց երեքով վերադարձան:
_ Ահա', սա է միայն:- Պարուհին բացեց բուռը և մոր ափի մեջ գցեց մի հիսունոց սէն:
Ես շարունակեցի բարձրաձայն կարդալ «Միտո Կոմոնոյի ճամփորդությունը»:
Հետո նրանք սկսեցին պատմել ճանապարհին մահացած մանկան մասին: Նորածինը ծնվել էր` ինչպես զուլալ ջուր: Նույնիսկ ուժ չէր ունեցել լաց լինելու և մեկ շաբաթ անց դադարել էր շնչել:
Նրանք սովորական թափառական արտիստներ էին, հասարակության կողմից ստորադասվածներ, բայց ես այդ մասին մտածել բնավ չէի ուզում: Ինձ թվում էի` նրանք խորապես, ողջ հոգով հասկացել և զգում էին, որ իմ մեջ իրենց հանդեպ արհամարական ոչինչ չկար , և ոչ էլ` մակերեսային հետաքրքրասիրություն, այլ` անկեղծ բարեկամական զգացում:
Ես խոստացա, որ անպայման կայցելեմ նրանց կղզում:
_ Հարկավոր է նրան տեղափոխել պապի տանը, այնտեղ ընդհարձակ է: Իսկ պապը ժամանակավոր թող տեղափոխվի որևէ այլ տեղ , որպեսզի հյուրի համար հանգիստ լինի: Նա այնտեղ կկարողանա ուզած ժամանակ պարապել:-Նրանք քննարկում էին իրար մեջ, իսկ ինձ ասացին.- Մենք երկու տնակ ունենք. Լեռներում գտնվող տնակը շատ լուսավոր է:
Պայմանավորվեցինք, որ ես կոգնեմ իրենց, երբ Նոր տարվա տոներն նրանք ներկայացմամբ հանդես գան Օսիմայի ծովափնյա Հաբու բնակավայրում:
Թափառական արտիստների աստանդական կյանքն այնքան ծանր չէր, ինչպես ես կարծել էի: Ավելի շուտ անհոգ էր, այն իր հետ տանում էր մարգագետինների բույրը: Այդ փոքրիկ թատերախմբում բոլորն իրար հետ ամուր կապված էին հարազատի սիրով:Միայն սպասուհի Յուրիկոն էր իրեն օտարոտի և զուսպ պահում. հնարավոր է` դա ամաչկոտությունից էր:
Ես նրանց մոտից դուրս եկա կեսգիշերն անց : Աղջիկներն ուղեկցեցին ինձ մինջև դուռը: Պարուհին իմ գէտաները թաթերի կողմով շրջեց դեպի շեմը, որպեսզի հագնելիս ինձ հարմար լինի: Նա դռնից նայեց պարզ երկնքին և բացականչեց.
_ Ա-ա~, լուսինն ինչ պայծառ է~: Վաղը կլինենք Սիմոդում, ի~նչ լավ է: Կաղոթենք մահացած մանկան համար, իսկ մայրիկն ինձ սանր կգնի, և շատ ուրիշ հետաքրքիր բաներ կլինեն: Դուք ինձ կինո կտանեք:
Իձու և Սագամի լեռներում թափառող արտիստների համար նավահանգստային Սիմոդա քաղաքը ցանկալի հանգրվան էր, նրանից ասես հայրենիքի հոտ էին առնում:

5

Թափառական արտիստներից յուրաքանչյուրը բեռնավորվեց նույն այն իրերով, ինչ կրում էր Ամագայի լեռնանցքն անցնելիս:Մոր գրկում, փորձված ճամփոդի տեսքով` թաթերը կախած, շնիկն էր:
Հեռանալով Յուհանոյից` մենք նորից խորացանք լեռների մեջ: Առավոտվա արևը բարձրացել էր ծովի վրա և ջերմացնում էր հովիտները: Մենք նայեցինք արևելք: Կավաձուի գետաբերանի մոտ շողշողում էր լայնարձակ ծովակը:
_ Ա'յ, այնտեղ է մեր Օսիմա կղզին: Որ նայում ես` այնքա~ն մեծ է: Կգաք մեզ մոտ, լա՞վ,- խնդրեց պարուհին:
Աշնանային երկինքն անսովոր պարզ էր: Արդյոք դրանի՞ց էր, որ ծովի մակերեսին` այնտեղ, որտեղից արևն էր բարձրացել, ինչպես վաղ գարնանը, թեթևակի մշուշ էր սփռվել:
Մինչև Սիմոդա մնացել էր ևս հինգ ռի: Որոշ ժամանակ ծովը թաքնվեց լեռների հետևը: Թիյոկոն քթի տակ ինչ որ երգ էր երգում:
Ահա և ճանապարհը ճյուղավորվեց երկու մասի: Ինձ հարցրին` որո՞վ գնանք: Մեկը նեղ արահետ էր. Ձգվում էր ստվերախիտ ծառերի տակով, վախեցնում էր իր թեքությամբ, բայց միանգամից հանում էր լեռնալանջից այն կողմ: Մյուսը զառիվայր, ոլորապտույտ, երկար էր, բայց հեշտ: Ես ընտրեցի կարճ չանապարհը: Ստիպված եղանք համարյա մագլցելով բարձրանալ գրեթե ուղղաձիք արահետով, երբեմն էլ քայլելով ամենուրեք սփռված արմավների վտանգավոր, սայթաքուն տերևների վրայով: Շունչս կտրվում էր, բայց համառորեն շտապում էի առաջ` ամեն քայլափոխի ձեռքս հենելով ծնկիս: Մյուսները շատ հեռու էին մնացել ինձնից: Միայն պարուհին էր, որ կիմոնոյի փեշերը բարձրացրած հասնում էր իմ ետևից` առանց մոտենալու, բայց և չհեռանալով:
Երբեմն ես խոսում էի նրա հետ: Նա կանգնում էր և վախվորած ժպտալով պատասխանում ինձ: Ես սպասում էի, որ կարողանար հասնել ինձ, բայց նա տեղում քարանում և ճանապարհը ծարունակում էր միայն այն ժամանակ, երբ ես տեղիցս շարժվում էի: Արահետը թեքվեց և ավելի զառիվեր դարձավ, ես քայլերս ավելի արագացրի, բայց պարուհին իմ ետևից համառորեն բարձրանում էր լեռը` մեր միջև պահպանելով նույն տարածությունը: Լեռնալանջին անդորր էր: Մեր ուղեկիցները շատ հեռու էին մնացել. Նույնիսկ նրանց ձայներն այլևս չէին հասնում մեզ:
_ Տոկիոյում որտե՞ղ է ձեր տունը:
_ Օ~, ես ապրում եմ ուսանողական հանրակացարանում:
_ Ես եղել եմ Տոկիոյում: Մենք եկել էինք` պարերով հանդես գալու բալենու ծաղկման տոնակատարությանը: Ափսոս, շատ փոքր էի, ոչինչ չեմ հիշում:- Պարուհին մեկը մյուսի ետևից ինձ հարցեր էր տալիս:
_ Իսկ հայր ունե՞ք դուք: Եղե՞լ եք Կոֆուում:
Հարցնում էր, թե ես իրեն կհրավիրե՞մ կինո, կամ հանկարծ սկսում էր պատմել մահացած մանկան մասին:
Հասանք լեռան գագաթը: Պարուհին թմբուկը դրեց չորացած խոտերի մեջ գտնվող նստարանին և թաշկինակով սրբեց դեմքի քրտինքը: Հետո սրբեց ոտքերի փոշին և հանկարծ պպզելով իմ առջև, սկսեց թափ տալ իմ երկար հակամայի փոշին: Ես կտրուկ ետ քաշվեցի, և նա ակամա ծնկեց: Նա կռացած պտտվեց իմ շուրջը` շարունակելով մաքրել իմ զգեստը:
Վերջապես իջեցնելով վեր ծալած փեշը, կանգնեց և խորը շնչեց:
_ Նստեք, հանգստանանք,- ասաց նա:
Մոտիկից թռչունների երամ անցավ: Երբ նրանք իջնում էին ծառերի ճյուղերին, լսվում էր չոր տերևների շրշյունը: Հետո այնպիսի~ անդորր էր մեր շուրջը:
_ Ինչո՞ւի էիք այդքան արագ քայլում,- ասաց: Ակներև էր, որ շատ էր շոգել:
Ես մատներով թեթևակի թխկացրի թմբուկին, և թռչունները վախեցած վեր ճախրեցին:
_ Ա~խ, այնպես ծարավ եմ,- ասացի:
_ Սպասեք գնամ ջուր փնտրեմ:
Բայց շատ չանցած, պարուհին դեղնած ծառերի ետևից վերադարձավ դատարկ:
_ Իսկ ինչո՞վ եք զբաղվում, երբ Օսիմայում եք լինում:
Այդ հարցիս ի պատասխան, նա ոչ թե կղզու որևէ գյուղի կամ քաղաքի, այլ երկու-երեք կանանց անուններ տվեց և սկսեց նրանց մասին ինձ բոլորովին անհասկանալի ինչ-որ բան թոթովել: Թվաց, թե դա տեղի էր ունեցել Կոֆուում և ոչ թե Օսիմա կղզում: Հավանաբար պատմում էր իր ընկերուհիների մասին. Նա երկու տարի սովորել էր տարրական դպրոցում: Խոսում էր անկապ, ասում էր` ինձ միտքն էր գալիս:
Մենք բավական երկար սպսեցինք, մինչև մեր երիտասարդ ուղեկիցները հասան գագաթին: Մայրը մեզ հասավ շատ ավելի ուշ:
Երբ իջնում էինք, ես դիտմամբ ետ ընկա մյուսներից և Էյիկիտիի հետ անշտապ զրույց սկսեցի:
Բայց դեռ չէինք հասցրել երկու թյո անցնել, երբ պարուհին վազելով արահետով բարձրացավ վեր և մոտեցավ մեզ:
_ Այնտեղ` ներքևում աղբյուր կա, շտապե'ք: Ծարավից մեռնում ենք, բայց սպասում ենք ձեզ:
Ջուր...Ես անմիջապես շտապեցի ներքև: Ծառերի ստվերում ժայռից զուլալ աղբյուր էր բխում: Կանայք, ճանապարհ տալով ինձ, ետ քաշվեցին:
_ Խնդրում ենք առաջինը դուք խմեք: Որ ձեռք կպչի ջուրը կպխտորվի: մանավանդ մեզնից` կանանցից հետո աղբյուրը մաքուր չի մնա,- ասաց մայրը:
Սառնորակ ջուրը ես բռով խմեցի: Կանայք չէին ուզում հեռանալ այդտեղից: Պինդ քամելով սրբիչները` նրանք իրենց վրայից մաքրեցին առվի պես ծորացող քրտինքի կաթիլները:
Իջնելով սարից` հասանք Սիմոդա տանող լայնահուն ճանապարհին: Երևացին ածխագործների վառարաններից վեր բարձրացող ծխի քուլաները: Հանգստանալու համար նստեցինք ճամփեզրով ձգված փայտե հեծաններին: Պարուհին պպզելով ճանապարհի մեջտեղում, իր վարդագույն սանրով սկսեց սանրել շնիկի գզգզված մազերը:
_ Ատամները կկոտրես,- դիտողություն արեց մայրը:
_ Ոչինչ Սիմոդոյում նորը կգնենք:
Դեռ Յուհանոյում ես որոշել էի այդ սանրը նրանից խնդրել որպես հիշատակ: Պարուհին սանրը սովորաբար սանրվածքի առջևն էր խրում, և հանկարծ դրանով շանն սկսեց սանրել...«Էլ ո՞ւմ է պետք»,- վրդովվեցի ես: Ճանապարհի մյուս եզրին ցածրահասակ բամբուկի խուրձ էր դրված:
_ Որպես ձեռնափայտ դրանք շատ հարմար են,- ասացի ես, երբ Էյիկիտիի հետ առաջինը վեր կացանք ճանապարհվելու:
Քիչ անց պարուհին վազելով հասավ մեզ: Նրա ձեռքին իր հասակից երկար բամբուկի մի ձող կար:
_ Դա՞ ինչի համար է,- հարցրեց Էյիկիտին:
Աղջիկը, փոքր-ինչ շփոթված, ինձ մեկնեց բամբուկը:
_ Դե', դա բոլորովին իզուր է: Եթե նկատեն` վատ կլինի: Հենց հիմա ետ տար:
Պարուհին վերադարձավ այնտեղ, ուր բամբուկի կապոցն էր և ակնթարթորեն ետ սլսցավ մեզ մոտ: Այս անգամ նա ինձ տվեց մատից բարակ բամբուկի մի ձող, հետո մեջքի վրա մեկնվեց ճամփեզրի խոտերին և դժվարությամբ շնչելով սպասեց մյուսներին:
Ես և Էյիկիտին առանց կանգ առնելու անցանք հինգ-վեց կէն12:
Ի~նչ մի երանելի բան է... Կարելի է հանել տալ և տեղը ոսկյա գցել,- հանկարծ մեզ հասավ պարուհու ձայնը:
Ես շրջվեցի: Նա քայլում էր Թիյոկոյի կողքից, իսկ մայրը Յուրիկոյի հետ` մի փոքր հետ ընկած: Չնկատելով, որ նայում էի և լսում, Թիյոկոն պաշտպանեց նրան.
_ Ճիշտէ, ճիշտէ, հարկավոր է նրան ասել...
Պարզ էր, խոսակցությունն իմ մասին էր: Թիյոկոն ասել էր, թե իմ ատամները հավասարաչափ չեն, իսկ պարուհին առարկել էր, որ կարելի է փոխել ոսկե ատամներով: Քննարկում էին իմ արտաքինը, բայց դրանից ես չվիրավորվեցի, և դա չստիպեց ինձ զգուշանալ նրանցից, ընդհակառակը` ինձ պարուրեց մտերմության զգացումով:
Որոշ ժամանակ նրանք խոսեցին ցածրաձայն: Բայց մի պահ տարբերեցի պարուհու ձայնը.
_ Նա լա~վն է:
_ Դե ինչ, թող այդպես լինի: Լավի նման է:
Ձայնն այնքա~ն անկեղծ հնչեց...Բառերից հորդում էր նրա մանկական անկեղծ, սրտաբուխ զգացումը: Նա ստիպեց ինձ, որ ինքս էլ իսկապես հավատայի, որ ես լավ մարդ եմ: Ուրախությամբ նայեցի արևի լույսով ողողված սարերին: Կոպերիս տակ ինչ-որ բան ծակծկում էր:
Իմ քսան տարիները ենթարկելով անխնա վերլուծության, եկա եզրակացության, որ ողբերգությունն ի վերջո հոգեպես խեղել էր ինձ, և անզոր լինելով հաղթահարելու հուսահատության թախիծը` ուղևորվել էի ճամփորդելու Իձուով: Ահա թե ինչու էի այդպես անասելի երջանիկ: Նշանակում էր, որ ես սովորական մարդկանց աչքում լավ մարդ էի: Իսկ լեռներն այնպե~ս հիանալի էին երևում, կարծես հայտնում էին Սիմոդայի ծովածոցի մոտիկության մասին:
Թափահարելով բամբուկե ձեռնափայտը` ես թռցրի աշնանային ծաղիկների գլխիկները:
Ճանապարհին, ինչ-որ գյուղի մոտ, երբեմն աչքի էր զարնում մի ցուցատախտակ` վրան գրված. «Մուրացկանների և թափառական երաժիշտների գյուղ մտնելը խստիվ արգելվում է»:

6

«Կոսյույա» հյուրանոցը գտնվում էր Սիմոդայի հյուսիսային ծայրամասում: Ես իմ ուղեկիցների ետևից բարձրացա երկրորդ հարկի այն սենյակը, որ խցկված էր անմիջապես կտուրի տակ:
_ Ուսերդ չե՞ն հոգնել,- մայրը հոգատարությամբ մի քանի անգամ հարցրեց պարուհուն:
Ոչ, թերևս չեն ցավում:
Պարուհին ձեռքերով մի քանի գեղեցիկ շարժում արեց. Ասես հարվածում էր թմբուկին:
_ Չեն ցավում: Կարող եմ նվագել, աշկարո'ղ եմ:
Ես բարձրացրի թմբուկը:
_ Օ~, ինչ ծանր է:

_ Այո, ավելի ծանր է քան դուք կարծում եք: Ձեր պայուսակից ծանր է,- ծիծաղեց պարուհին:
Ուղեկիցներս աշխուժորեն ողջագուրվեցին հյուրանոցի կենվորների հետ: Նրանք իրենց մտերիմներն էին` թափառական արտիստներ և զավեշտախաղի ծաղրածուներ: Ըստ էության` Սիմոդա քաղաքն այդ չվող թռչուններին որպես բույն էր ծառայում: Ինչ-որ մեկի երեխան թփթփացնելով վազեց սենյակ: Պարուհին նրան պղնձադրամ տվեց:
Երբ դուրս էի գալու «Կոսյույա» հյուրանոցից, պարուհին ինձնից առաջ մտավ նախասենյակ և շեմի մոտ թողած իմ գէտաները թաթերի ուղղությամբ շրջեց դեպի ելքը:
_ Ինձ կինո տարեք,- շշնջաց նա` ասես ինքն իր հետ խոսելով:
Կողոպուտով զբաղվողի տեսքով ինչ-որ մեկը ինձ և Էյիկիտիին ուղեկցեց մինչև ճանապարհի կեսը: Մենք գնացինք մի հյուրանոց, որի տերը նախկինում քաղաքի կառավարիչն էր եղել: Ես լողացա և Էյիկիտիի հետ թարմ ձուկ ճաշակեցինք:
_ Վաղը մանկան հիշատակի ծիսակատարման սեղանին դնելու համար ծաղիկներ գնեք, թող դա լինի իմ կողմից,- հրաժեշտի պահին ասացի Էյիկիտիին և մի քիչ փող տվեցի նրան:
Հաջորդ առավոտյան շոգենավով մեկնելու համար ես դեռ պետք է վճարեի: Ինձ մոտ եղած դրամն արդեն սպսռվում էր, մինջդեռ հարկավոր էր Տոկիո հասնել: Թափառական արտիստներին ասացի, թե իբր ակամա ստիպված եմ ընդհատել ճամփորդությունս, քանի որ դասերից ուշանալ չի կարելի:
Երեք ժամ անց , ընթրիքից հետո, անցնելով կամրջով, գնացի քաղաքի հյուսիսային արվարձանը: Այնտեղ բարձրացա Սիմոդա-Ֆուձի լեռան գագաթը և հիացա նավահանգստի տեսարանով, իսկ վերադառնալիս ճանապարհս փոխեցի և քայլեցի դեպի «Կոսյույա» հյուրանոց:
Թափառական արտիստները հենց նոր էին ընթրիքի նստել: Նրանց առջև հավի մսով թավա էր դրված:
_ Ճաշակեցեք, թեկուզ մի քիչ: Ճիշտ է, մենք` կանայքս արդեն ձեռք ենք տվել, մեզանից հետո ուտելիքը մաքուր չէ, բայց ոչինչ, զվարճանալու համար կարելի է:
Մայրը զամբյուղից բաժակ, պատառաքաղ- ձողիկներ հանեց և Յուրիկոյին հանձնարարեց տանել լվանալու:
Մանկան մահանալու քառասունիններորդ օրվա նախօրեն էր, և բոլորը խմբով սկսեցին աղաչել ինձ` հետաձգել ուղևորությունս գոնե մեկ օրով, բայց ես պատճառաբանեցի, թե շտապում եմ անպայման պարապմունքների սկզբին հասնելու:
_ Դե, որ այդպես է,- ասաց մայրը,- մեզ մոտ եկեք ձմեռային արձակուրդներին:Մենք բոլորս կգանք շոգենավը դիմավորելու: Բայց անպայման մեզ նախօրոք տեղեկացրեք: Մենք կվիրավորվենք, եթե հանկարծ Դուք հյուրանոցում տեղավորվեք: Մենք Ձեզ կդիմավորենք:
Երբ սենյակում միայն Թիյոկոն և Յուրիկոն էին մնացել, ես նրանց կինո հրավիրեցի: Թիյոկոն ձեռքը դրեց որովայնին.
_ Վատ եմ զգում: Երկարաձիք ճանապարհը բոլորովին թուլացրել է ինձ:
Նրա գունատ, գրեթե կապտավուն դեմքին մահվան աստիճան հոգնություն էր դաջված: Յուրիկոն քարացած դեմքով հայացքն հարել էր հատակին:
Պարուհին խաղում էր երեխայի հետ: Նայելով ինձէ նա կախվեց մոր վզից և սկսեց ինձ հետ կինո գնալու թույլտվություն աղերսել, բայց քիչ անց ապարդյուն և մոլորված եկավ ու իմ գէտաները շրջեց դեպի ելքը:
_ Ի՞նչ է եղել: ինչո՞ւ նրան մենակ չի կարելի թողնել նրա հետ,- փորձեց մեր օգտին բարեխոսել Էյիկիտին, բայց մայրիկն անդրդվելի էր:
«Ինչո՞ւ նրան չի կարելի գալ ինձ հետ»,- մտածում էի ես տարակուսած: Նախասրահից դուրս ելնելիս ես տեսա, որ պարուհին շնիկի գլուխն էր շոյում: Նա իրեն օտարոտի պահեց և նույնիսկ իմ կողմը չնայեց: Եվ այդպես էլ ես չհամարձակվեցի նրան որևէ բառ ասել:
Կինո գնացի մենակ: Կին մեկնաբանը13 լապտերի լույսի տակ բացատրում էր բովանդակությունը: Շուտով ձանձրացա դիտելուց և վերադարձա հյուրանոց: Արմունկներս լուսամուտի գոգին հենած` երկար դիտում էի գիշերային քաղաքը: Փողոցը մութ էր: Ինձ թվաց, թե հեռվից թմբուկի թույլ ձայն է լսվում: Եվ հանկարծ ակամա աչքերիցս արցունքներ կաթեցին:

7

Երբ հաջորդ օրը առավոտյան մեկնելուց առաջ նախաճաշում էի, ճամը յոթին Էյիկիտին փողոցից ինձ ձայն տվեց: Հագին խորհրդանշաններով սև հաորի14 էր: Վայելչագեղ էր հագնվել, որպեսզի ինձ ճանապարհեր: Նրա հետ ոչ ոք չկար: Մենակության թախիծը պարուրեց ինձ: Էյիկիտին բարձրացավ վերև` ինձ մոտ:
Մերոնք բոլորն ուզում են ճանապարհել Ձեզ, բայց երեկ շատ ուշ պառկեցին քնելու, պարզապես անուժ էին` չափազանց հոգնած: Ինչ արած, ներեցեք: Խնդրեցին հաղորդել, որ ձմռանը անպայման կսպասեն Ձեզ:
Փողոցում աշնանային առավոտվա սառը քամի էր փչում: Ճանապարհին Էյիկիտին ինձ համար չորս տուփ «Սիկսիմա» ծխախոտ, մի քիչ արմավ և զովացուցիչ «Կաորու15» գնեց:
_ ԻՄ քրոջ անունը Կաորու է,- ասաց նա ժպտալով:- Նավի վրա մանդարինը վնասակար է, արմավը ծովային հիվանդության դեմ օգտակար է:
_ Իսկ այսպիսի նվերը պետք կգա՞:
Ես հանեցի որսորդական գլխարկս և դրեցի Էյիկիտիի գլխին, ապա պայուսակիցս դուրս քաշեցի ուսանողական գլխարկս և սկսեցի հարդարել: Երկուսս էլ ծիծաղեցինք:
Հասանք նավամատույցին: Ափին, շատ ցածր կռացած, նստած էր պարուհին: Նրա պատկերն ասես ճախրեց, մտավ իմ սիրտը: Մինչև իմ մոտենալը նա անշարժ էր: Երբ մոտեցա, լուռ խոնարհեց գլուխը: Նրա դեմքին նախօրդ օրվա շպարի հետքեր էին երևում: Աչքերի անկյունների կարմիր բծերը` իբրև զայրույթի արտացոլանքներ, նրա դեմքին պատանեկան արժանապատվություն էին հաղորդում:
Էյիկիտին հարցրեց.
_ Իսկ մյուսները գալո՞ւ են:
Պարուհին գլուխը բացասաբար շարժեց:
_ Ինչ է` դեռ քնա՞ծ են:
Նա գլխով արեց:
Երբ Էյիկիտին գնաց ինձ համար նավի և մինչև նավ տեղափոխող նավակի տոմս գնելու, ես փորձեցի խոսակցություն սկսել, սակայն պարուհին համառորեն նայում էր ներքև` այնտեղ, ուր ջրանցքը լցվում էր ծոց, և ոչ մի բառ չասաց:
Նույնիսկ մինչև վեևջ չլսելով ինձ, նա սկսեց ինքնաբերաբար` ինչպես քնի մեջ, գլուխը թափահարել:
Բայց հենց այդ պահին կողքիցս լսեցի.
_ Տատի'կ, արտաքինից նա բարի է:
Ինձ մոտեցավ հանքափորի տեսքով մի մարդ:
_ Պարո'ն ուսանող, դուք Տոկիո՞ եք մեկնում: Եղե'ք բարեգութ, ճանապարհին հոգացե'ք այս ծեր կնոջ կարիքները, մեղք է: Նրա որդին ածխատում էր Ռէնդայձիի արծաթի հանքում, այս համաճարակից մահացան և' որդին, և' հարսը: Մնացել են երեք թոռնիկները: Մենք քննարկեցինք վիճակը և որոշեցինք ողջ ընտանիքին ուղարկել իրենց ծննդավայրը` Միտո: Տատիկը գրեթե անգիտակից է: Երբ շոգենավը խարիսխ գցի Ռէիյգանսիմում, նրանց նստեցրեք Ուէնո կայարան տանող տրամվայ: Դա Ձեզ հոգս կպատճառի, բայց մենք խնդրում ենք Ձեզ, շա'տ ենք խնդրում: Օգնեք նրան, թե չէ` խիղճը կտանջի Ձեզ:
Ծեր կինը կանգնած էր ցրված տեսքով: Մեջքին կրծքի երեխա էր կապած: Ձախ ձեռքից երկու աղջնակ էին կառչել, մեծը հինք տարեկան էր, փոքրը` երեք: Կեղտոտ կապոցի մեջ երևում էր բրնձահաց և թթու դրած սալորներ:
Հանքագործների ողջ խումբը եկել էր ծեր կնոջը ճանապարհելու: Ես հոժարակամ հանձն առա օգնել նրանց:
_Շատ երախտապարտ ենք: Ինքներս պետք է մինչև Միտո Ուղեկցեինք նրանց, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէ:
Հանքագործներից յուրաքանչյուրն ինձ իր երախտագիտությունը հայտնեց: Նավակն ուժեղ օրորվեց ալիքների վրա: Պարուհին առաջվա պես շուրթերն ամուր սեղմած մի կողմ էր նայում: Ճոպանե աստիճաններից կառչած` ես ետ նայեցի: Նա կարծես թե ուզում էր ասել` «Գնաք բարով», սակայն միայն գլուխն ավելի ցած խոնարհեց: Էիյիկիտին փութաջանորեն թափահարում էր իմ նվիրած որսորդական գլխակը: Երբ արդեն բավականին հեռվում էր, պարուհին նույնպես ինչ-որ սպիտակ բան թափահարեց:
Շոգենավը հեռացավ Սիմոդա ծովածոցից: Քանի դեռ Իձու թերակղզու հարավային ափը չէր թաքնվել նավախելի ետևտ, ես, հոնաձողին կառչած, քաղցածի պես նայում էի բաց ծովին, ուր դեռ երևում էր Օսիմա կղզին: Այնպիսի զգացում ունեի, որ կարծես դեռահաս պարուհին մնացել էր ինչ-որ հեռավոր անցյալում:
Մտա հարևան նավասենյակը` ծեր կնոջը տեսնելու, բայց նրան արդեն շատ մարդ էր շրջապատել, և ամեն կերպ մխիթարում էին: Անհանգստությունս փարատվեց, գնացի իմ սենյակը:
Սագամի ծովում ուժեղ ալեկոծություն սկսվեց: Հատակին նստած` մեկ աջ, մեկ ձախ էի թեքվում: Ծովայիններից մեկը ուղևորներին փոքրիկ թասեր բաժանեց: Ես մեկնվեցի հատակին` բարձի փոխարեն գլխիս տակ դնելով պայուսակս: Գլխումս դատարկություն էր, չէր գիտակցվում, թե ժամանակն ինչպես է անցնում: Արցունքներս հոսում էին անզսպորեն: Այտիս տակ սառնություն զգացի, պայուսակս շրջեցի:
Իմ կողքին մի պատանի էր պառկած: Նա ձեռնարկատիրոջ զավակ էր, մեկնում էր Տոկիո բարձրագույն դպրոցի ընդունելությանը պատրաստվելու և, տեսնելով ուսանողական գլխարկս, իմ հանդեպ համակրանքով էր լցվել: Մենք զրուցեցինք:
՞ նչ է պատահել Ձեզ հետ, ինչ-որ դժբախտությու՞ն,-հարցրեց նա:
_Ոչ, ես հենց նոր բաժանվեցի մի աղջկանից,-պատասխանեցի պարզ և միանգամայն անկեղծորեն:
Ես չէի ամաչում իմ արցունքներից: Ոչ մի բանի մասին չէի մտածում: Հանգիստ սուզվել էի ինքնամոռացության մեջ, որ բերնեբերան լի էր թարմացնող սփոփանքով: Ես չնկատեցի, թե մթնշաղն ինչպես իջավ ծովի վրա: Եվ ահա Աձիրոյում և Ատամիում լույսերը վառվեցին:
Սկսեցի մրսել, քաղցած էի: Պատանին բացեց բամբուկի կեղևով փաթեթը: Կարծես մոռանալով, որ դա ոըրիշի է, ես կերա ծովակաղամբի թփով փաթաթված ձկան և բրնձահացի կտորներ և ծածկվեցի նրա դպրոցական թիկնոցով: Ես այնպիսի ջերմ բարեկամական հոգատարության մեջ էի, երբ ամեն բան թվում է հասարակ ու բնական:
«Վաղ առավոտյան ծեր կնոջը կուղեկցեմ մինչև Ուէնո կայարան և տոմս կգնեմ Միտո հասնելու համար»: Դա իմ պարտավորությունն էր: Ես զգում էի, որ ամեն ինչ ընթանում էր իր հունով:
Նավասենյակում լույսը հանգավ: Նավի վրա բարձված կենդանի ձկան և ծովի հոտն ավելի ուժեղացավ:
Անթափանց մթան մեջ, ես, կողքիս քնած պատանու ջերմությամբ տաքացած, արցունքներիս ազատություն տվեցի: Գլոիխս ասես զուլալ ջուր էր, կաթիլ առ կաթիլ թափվում էր: Հետո ոչինչ չմնաց – միայն քաղցած հանգստություն:

1926 թ.

1Թղթի և բամբակի հումքից պատրաստվող կապույտ, սլաքաձև սպիտակ նախշազարդերով կիմոնո:
2Լայն ծալքերով երկար տաբատ` նման երկտակ կիսաշրջազգեստի:
3Նկատի ունի 17-18-րդ դարերի` Տակահավայի ժամանակաշրջանի պատկերազարդումներով վեպերը:
41 ռին հավասար է 4 կմ:
51 թյոն հավասար է մոտ 110 մ:
6Մանրադրամ, 1 իենի 100-րդ մասը:
7Մանդոլինի նման երաժշտական գործիք:
8Տամայի նման Ճապոնական հինավուրց խաղ, որ խաղում են բազմավանդակ տախտակի վրա:
9Հինգ խաղաքարով խաղ` բազմավանդակ տախտակի վրա:
10Հատվածներ հնագույն թատրոնի պիեսներից, որ կատարում են առանձնահատուկ երգեցիկ արտասանությամբ:
11Կոնֆուցիական ուսմունքի հետևորդ և պատմիչ (1628-1700): Վիպակում խոսվում է նրա ճամփորդությունների վերաբերյալ բանասացների պատմություններից կազմված և մեծ տարածում ունեցող գրքի մասին:
121 կէնը հավասար է 1,8 մ:
13Համր կինոյի ժամանակներում Ճապոնիայում կինոնկարի ցուցադրումն ուղեկցվում էր բովանդակության բացատրությամբ:
14Շքեղ, հանդիսավր կիմոնո:
15Նշանակում է բուրմունք. համընկնում է վիպակի պարուհու հետ:

Комментариев нет:

Отправить комментарий