Հատվածը վերցված է Իգոր Մոժեյկոյի "7 և 37 հրաշալիք" գրքից (Երևան, 1984): Թարգմ. Ա. Ա. Ասլանյան:
Ժողովուրդների մշակույթներն անխուսափելիորեն հանդիպում են միմիանց, «փորձ են փոխանակում», ձուլվում իրար: Ճարտարապետությունն ու արվեստը աշխարհով մեկ տարածել են վաճառականներն ու ուխտավորները, գիտնական վարդապետները և փախստական զինվորները...Նվաճողներն իրենց հետ հետ գեղեցկության նոր չափանիշներ են բերել և պարտվածներին ստիպել են հրապարակներում մեհյաններ բարձրացնել ի փառս իրենց աստվածների: Պատերազմական արշավանքներից տուն վերադառնալով թագավորները ստրուկներ են բերել, որոնց մեջ, դարեր ի վեր, ամենից արժեքավոր են համարվել գիտնականներն ու նկարիչները: Ստրկության մեջ նկարիչները շարունակել են աշխատել և ճտար քաղաքում կառուցած մեհյանը կամ պալատը ձեռք են բերել նոր գծեր: Ազդեցությունը փոխադարձ է, և դրսից բերածը ժամանակի ընթացքում լուծվում է ժողովրդի փորձի մեջ, հարստացնելով նրա մշակույթը, բայց երբեք չփոխարինելով նրան:
Ժամանակի բուդդայականության հետ միասին Չինաստան և Ճապոնիա են թափանցել բուդդայական մեհենական շենքերի կառուցվածքի մասին շատ հասկացություններ: Չինացի ուխտավորներն այցելել են Հնդկաստան, իսկ հնդիկ վաճառականները հասել են մինջև Երկնային կայսրության արևելյան շայրամասերը: Բայց ճարտարապետության և արվեստի վերաբերյալ բուդդայական դոկտրինաները, արմատավորվելով չինական և ճապոնական հողում, կորցնում են իրենց զուտ հնդկական գծերից շատերը, որոնք այստեղ անհասկանալի էին և հոսում էին ճապոնական մշակույթի հունով, մի մշակույթ, որը ծնունդ էր առել բուդդայականության լույս աշխարհ գալուց շատ ու շատ առաջ:
Հնդկաստանի ստուպան, դագոբան, որ առաջացել էին գերեզմանաբլուրներից, տեղաշարժվելով դեպի հարավ և արևելք` Լանկայում կիսագնդի ձևի վերձգտումից, Բիրմայում վերածվեց կոնի, Թաիլանդում «կեգլիի», Չինաստանում և Ճապոնիայում բազմահարկ աշտարակ-պագոդաների: Հետագայում նա Չինաստանից պետք է վերադառնար Բիրմա և գոյակցեր Հնդկաստանից փոխառնված պագոդայի հետ, լոկ փոքր ինչ փոփոխելով իր տեսքն ու իր ֆունկցիաները. Քարի փոխարեն նա պետք է դառնար փայտ, և նրա ներսում, ծածկույթի տակ` ինչպես մեհյանում, պետք է դրվեին Բուդդայի արձաններ:
Փա~յտ: Ահա թե որն է հիմանական տարբերությունը Հարավային ու Հարավարևելյան Ասիայի և հեռավոր Արևելքի ճարտարապետությունների միջև: Թե Չինաստանում և թե Ճապոնիայում, անշուշտ, կան բավական թվով քարե շենքեր, մեհյաններ ու ամրոցներ, բայց, այնուամենայնիվ, երբ մտածում ենք ճապոնական մեհյանի մասին, ապա երևակայության մեջ պատկերանում է վաղուց ձևավորված տիպարը` փայտե սյուներ, բարակ պատեր և մեծ, դեպի վեր ծռված եզրերով կղմինդրե տանիք, գուցե նույնիսկ մի շարք տանիքներ` մեկը մյուսի վրա` հետզետե փոքրացող չափերով: Պատկերացումը հուշում է նաև պարտադիր այգու մասին` կանոնավոր խնամված, մեծ ու փոքր քարերով /որոնք թվում են անկանոն ցրված, բայց իրականում դասավորված են պլանով/, մամուռներով և ցածրահասակ կորաբուն սոճիներով:Եթե Հնդկաստանի ճարտարապետությունը ծնվել է ժայռերից ու քարանձավներից և նրանց հետքերը պահպանվել են շատ դարեր, ապա Ճապոնիայի ճարտարապետությունը անտառին մոտիկ ապրող, անտառապահ հովիտների բնությունը և ծովային հողմերն սովոր ժողովրդի ճարտարապետությունն է:
Հնդկական մեհյանը մարդուն անջատում է բնությունից, նրան պարփակում իր մեջ: Մեհյանի պատերը հոըսալի պատնեշ են և նրա դռները հրակնատների նման նեղ:
Ճապոնացի ճարտարապետները խնդիր են դրել շենքը դարձնել բնության մի մասը: Ճապոնական մեհյանը անտառ է. Նրա յուները նուրբ ու թեթև ծառերի բներ են, ընդհարձակ ու ճոխ. Տանիքը ծառի սաղարթապսակն է, իսկ ներսը ընդհարձակ է, լուսավոր ու մաքուր: Այգին կամ պուրակը, որ ամեն մի շինության անկապտելի մասն է, այնպես է գցված, որ թվա ոչ թե մարդու ձեռքի գործ, այլ բնության մի մասը: Այդ տեսակետից հետաքրքրքկան և բնորոշ է ճապոնական ճարտարապետության մեջ մշակված ուսմունքը քարերի մասին: Նրանում քարը դիտվում է իբրև կենդանի էակ, բայց այնքան ժամանակ, քանի դեռ տաշված չէ: Մշակված քարը մեռած է: Ճապոնիայի պուրակային ճարտարապետության մեջ հայտնի են քարերի տասնյակ տիպաբանական անուններ, ինչպես օրինակ` Կրիայի գլխի քար, Լուսնային ստվերի քար, Խայտացող ձկների ստվերի քար, Մռախուղի ծածկույթի քար,, Վագրերի կիրճի քար... Գոյություն ունի այգու մի տիպ, որը կոչվում է «Գետի ծանծաղուտով անցնող ջահել վագրերի այգ»: Քարերից մեկը մյուսից մեծ է` դա մայր վագրն է, մնացածը շարքով հետևում են նրան: Այդ քարերը «ծանխաղուտն» ավազածածկ մի հարթության վրայով: Այգում քարերն այնքան մեծ դեր են խաղում, որ 15-րդ դարի ճապոնական ճարտարապետներից մեկը իր աշխատության մեջ տալիս է օրինակելի այգու տիպարը, և նրա նկարագրության մեջ քարերից ու ավազից բացի ոչինչ չկա: Ավազապատ հարթակների վրայով անց են կացվում շավիղներ, որտեղ ամեն մի քայլի վրա դրված է մի գլաքար: Հարթակների եզրին կան ծառեր, լճակներ, փոքրիկ շինություններ, և այդ բոլորը մեհյանի կամ պալատի հետ կազմում են մի կոմպլեքս:
Երկար կարելի է պատմել Ճապոնիայի ճարտարտարապետության, նրա արվեստի մասին, բայց այստեղ խոսքը աշխարհի հրաշալիքների մասին է: Հատկապես նրանցից մեկի` նարայում գտնվող Թոդայձիի մեհյանի մասին, Բուդդայի մեհյանի մասին, որի համար և կառուցվել է այդ մեհյանը: Այն ամենը, ինչ ասվեց վերևում, վերաբերում է այս մեհյանին, ինչպես նաև ճապոնական մյուս մեհյաններին, որոնցից սա տարբերվում է միայն նրանով, որ աշխարհի ամենախոշոր փայտե շինությունն է և որ նրա մեջ գտնվում է աշխարհի խոշորագույն բրոնզաձույլ արձանը:
...Բուդդայականությունը Ճապոնիա է եկել Չինաստանից և Կորեայից, 5-րդ դարում: Նրա հանդես գալն ու հաստատվելը հարթ ու խաղաղ չանցավ: Բուդդայականության բարդ փիլիսոփայությունը ոչ միայն հետևորդներ է ունեցել, այլև կատաղի հակառակորդներ, հատկապես այն քրմերից, որոնց երկրպագում էին հին, սովորական աստվածներին:
Սակայն շուտով վեճը լուծվեց հօգուտ բուդդայականության: 8-րդ դարում, այսինքն` Ճապոնիայում երևան գալուց երկու հարյուր տարի հետո բուդդայականությունը այնտեղ իր ծաղկմանը հասավ: Եվ այդ ծաղկումը կապված էր Նարա քաղաքի հետ: Յոթանասունչորս տարի շարունակ Նարան Ճապոնիայի մայրաքաղաքն էր: Այդ ժամանակամիջոցում արքայական գահի վրա միմիանց հաջորդեցին յոթ կայսրեր, որոնցից մեկը, Շոմուն, 700-ական թվականների կեսերին բուդդայականությունը հռչակեց պետական կրոն:
Այն ժամանակ Ճապոնիան բավական սերտ կապերի մեջ էր Չինաստանի հետ, որտեղից բուդդայականությունը «օգնական ուժեր» էր ստանում: Նոր կրոնը հաստատելու համար կայսրը չէր խնայում ոչ' միջոցներ, ոչ' ջանքեր: Նա որոշեց իր մայրաքաղաքում այնպիսի հուշարձան ստեղծել, որի հավասարը աշխարհում չլիներ (կայսրերին այդպես մտածելը հատուկ է):
Տեմպիոյի դարաշրջանի տասնհինգերորդ տարվա (743 թ) հոկտեմբերին Շոմու կայսրը շնորհագիր հրատարակեց, որում կարգադրություն էր արվում ստեղծել Բուդդայի հսկայական բրոնզաձույլ արձանը: Ընտրվեց մայրաքաղաքից ոչ հեռու մի տեղ, որտեղ վարպետները սկսեցին կառուցել արձանի փայտյա մոդելը, իսկ չորս տարվա անհընդատ աշխատանքից հետո տասնվեց մետր բարձրությամբ արձանն արդեն պատրաստ էր: Այն մաս առ մաս փոխադրեցին մայրաքաղաք: Արձանն այնքան մեծ էր, որ Նարայի բնակիչներն մինջև այժմ էլ ասում են. «Արձանի քթանցքով կարելի է երթևեկել առանց հովանոցը ծալելու»: Արձանի կաղապարումը տևեց ևս երկու տարի: Կայսրության բոլոր ծայրերից պղնձահանքերը մետաղ էին ուղարկում և պատմում են, որ ինքը` կայսրը նույնպես մասնակցում էր աշխատանքներին և իր կիմոնոյի լայն թևքերով հող էր կրում կաղապարկղերի համար:
Վերջապես Տեմպիո-Շոհո դարաշրջանի առաջին տարվա (այսինքն` 749թ) հոկտեմբերին աշխատանքներն ավարտվեցին, և ձուլող վարպետները կաղապարեցին, իսկ քանդակագործները վերջացրին արձանի հղկումը, անհարթությունների վերացումը, համարյա աննշմարելի դարձնելով արանքները, սերտագուցելով օղակաշերտերը, որոնցից բաղկացած էր բրոնզե հսկան: Բուդդայի պատրաստման համար օգտագործվեց հինգ հարյուր տոննա բրոնզ, իսկ աշխատանքը տևեց ուղիղ վեց տարի:
Նորաձույլ փայլուն Բուդդան նստած էր բլրի գագաթին, ոտքերը խաչաձևած. Ձախ ձեռքը դրած էր ծնկին, ափը դեպի վերև բացած, որ նշանակում է, թե պետք է աղոթել: Աջ ձեռքը բարձրացրել էր և ափը պարզել դեպի առաջ: Այդ շարժումը նշանակում էր` փրկություն սին հոգսերից և հոգու խռովքից: Նրա աչքերը, կկոցված լայն կոպերի ներքո, թվում էր`ուղղված էին դեպի հեռուն, իսկ հստակ գծագրված բերանը, թեթևակի վերև ծռված շուրթերի անկյուններով` ժպիտի տպավորություն էին ստեղծում: Բուդդան հանելուկային էր և անվրդով:
Նրա տասնվեց մետրանոց զանգվածը հինգ հարկանի շենքից բարձր էր և երևում էր Նարայի բոլոր կողմերից: Բայց ինչպե՞ս պաշտպանել նրան վատ եղանակից, փրկել փչացումից:
Եվ կայսեր հրամանով շուտով սկսեցին կառուցել մեհյան, որպեսզի Բուդդան կարողանր թաքնվել:
Նարայում Թոդաձիի «Բրոնզե աստծո տան» կառուցումը տևեց ևս վեց տարի: Երբ վերջապես ավարտվեց, նրա բարձրությունը հասավ քառասունվեց մետրի, երկարությունն ու լայնությունը` հիսունական: Իր բարձրությամբ նա հավասար էր ներկայիս տասնվեց հարկանի տանը: Նրա մակերեսն էր երկու հազար հինգ հարյուր քառակուսի մետր: Եվ այդպիսի շինարարության համար ոչ մի քար չպահանջվեց
Կայսրը համոզված էր, որ մեհյանն ու նրա մեջ ամփոփված արձանը կհանդիսանան նոր կրոնի վեհության խորհրդանիշը և նրա ու իր դինաստիայի համար կապահովեն հավիտենական թագավորություն Նարայում:
Սակայն այդպիսի բան տեղի չունեցավ: մեհյանը և ինքը` արձանը երկար չդիմացան: Մեհյանին զարմանալի ու դրամատիկ ճակատագիր էր սպասվում: Նրան վիճակված էր երկու անգամ ոչնչանալ և երկու անգամ մոխիրներից հարություն առնել:
8-րդ դարի վերջին ճապոնական ֆեոդալների դիրքերն ամրապնդվեցին: Նրանք սկսեցին ավելի ու ավելի շատ սահմանափակել կայսեր իշխանությունը, մինջև որ վերջապես այն լիկվիդացրին: Դինաստիայի վերջին կայսրերը պատվավոր գերիներ էին դարձել Ֆուձիվարայի ֆեոդալական հզոր տոհմի ձեռքին, իսկ մայրաքաղաքը Նարայից տեղափոխվեց Կիոտո քաղաքը (այն ժամանակ կոչվում էր Հեյան-կե): Այնտեղ նույնպես մեհյաններ և արձաններ էին ստեղծվում և պատմում են. Թե Կիոտոյի Բուդդան, որը սակայն չի պահպանվել, իր չափերով գերազանցում էր Նարայի կուռքին:
Նրան, որը շարունակում էր մնալ իբրև խոշոր քաղաք, համեղ պատառ էր ֆեոդալական խմբավորումների համար: Երկպառակիչ պատերազմում կրոնական նկատառումները հաճախ ետին պլան էին նահանջում. Թե' վանքերը, թե' մեհյանները ֆեոդալներին ավելի շատ հետաքրքրում էին իբրև օգուտ ձեռք բերելու համար:
1180 թ. Դեկտեմբերի 28-ին, երբ Թայրայի տոհմը իր բանակով գրոհում էր Նարայի վրա, քաղաքում բռնկվեց հսկայական հրդեհ: Այրվում էր աշխարհի ամենախոշոր փայտե շինությունը: Հարյուրամյակներով չորացած ընտիր գերանները լուցկիների նման բոցավառվում էին: հեծանները խորտակվում էին և, խփվելով Բուդդայի բրոնզե գանգին, կայծերի հրավառություն են առաջացնում. Կրակի լեզվակներից աստվածության անվրդով ու ինքնամփոփ դեմքն աշխուժանում և կարծես կծկվում ու ծամածռվում էր:
Հրդեհը պատահականություն չէր: Թայրայի գործակալները մատնել էին, որ Թոդայձիի մեհյանի քրմերը գաղտնի դաշնակցում են Մինամոտո տոհմի հետ, որը Թայրայի թշնամին էր: Հսկայակն մեհյանի կորշանման համար Թայրան ուղարկեց քառասուն հազար զինվորից բաղկացած մի ջոկատ: Նրանք հրամանը կատարեցին: Մեհյանից մնաց մոխրակույտ, որը զինվորները խնամքով հողին հավասարեցրին: Զինվորները և նրանք, ովքեր հրաման էին տվել` բուդդայականներ էին: Բայց դա ոչ մի դեր չխաղաց:
Մոխրի ու ածուխների միջից ցցված էր մնացել ծխից սևացած բրոնզե մի վիթխարի զանգված` գլխատված ու այլանդակված արձանը:
Թոդայձիի մեհյանի ոչնչացումը Թայրայի բանակի վերջին սխրագործությունն էր: Շուտով Մինամոտոյի զորքերը նրանց ջախջախեցին և այդ տոհմի գլխավորը` Յուրիտոմո Մինամոտոն, փաստորեն գործից հեռացնելով կայսրին, ինքն սկսեց կառավարել երկիրը, մայրաքաղաքը տեղափոխելով Կամակուրա:Կամակուրան կամ Ուռենու մայրաքաղաքը սամուրայների քաղաք էր, որոնք հռչակված էին իրենց բարքերի պարզությամբ և օրենքների խստությամբ: Այստեղ Բուդդայի նոր արձան կանգնեցրին. Այն պահպանվել է մինջև օրս և նույնիսկ ավելի է հռչակված, քան Նարայի արձանը, որովհետև գտնվում է բաց երկնքի տակ և Ճապոնիա այցելող շատ զբոսաշրջիկներ տուն են վերադառնում Ուռենու քաղաքի Բուդդայի բազմաթիվ լուսանկարներով բեռնավորված:
Սակայն Մինամոտոները չսահմանափակվեցին իրենց մայրաքաղաքում բուդդայականությունը ծաղկեցնելով: Թերևս Թոդայձիի քրմերի օգնության դիմաց վարձահատույց լինելու համար, կամ գուցե առհասարակ կրոնի նկատմամբ հոգատարոիթյուն ցուցաբերելով, սյոգունը` երկրի կառավարողը, հրամայեց Նարայի մեհյանը վերականգնել: Եվ այդպիսով մեհյանը վերստին կառուցվեց: Ճիշտ է, այն շատ ավելի փոքր էր, քն առաջ, քանի որ բուդդայի գլուխը հալվել էր, իսկ նոր գլուխ նրան չդրեցին. Բրոնզը ծախսվել էր նրա մրցակցի` Կամակուրյան Բուդդայի համար:
Մեհյանը նորից դարձավ Ճապոնիայի բուդդայականության կարևոր կենտրոներից մեկը, աստիճանաբար վերականգնվեցին նաև շրջապատի շենքերը: վանքերն ու մեհյանները հարստացան և ընդհարձակեցին իրենց տիրույթները...
Մեհյանի վրա անսպասելիորեն նոր դժբախտություններ թափվեցին, թեպեդ այդ անսպասելիությունը սովորական կարգի էր: Նորից նարայի շրջակայքում Ֆեոդալների միջև ճակատամարտ էր բորբոքվել և զինվորները տեղից տեղ էին վազում, թաքնվելով մեհյանի այգու ծառերի ետևում: Նետերից մեկի այրվող ծայրը մխրճվեց մեհյանի փայտամածի տակ: Քրմերը, որոնք պատրաստի կանգնած էին ջրով լի տակառների մոտ, նույնիսկ չհասցրին բարձրանալ տանիք. Մեհյանը բռնկվեց: Թոդայձիի երկրորդ ծննդյան օրից արդեն երեք հարյուր տարի էր անցել և գերանները հիանալի չորացել էին... Այդ պատահեց 1567թ.: Մեհյանը նորից այրվեց մինջև վերջ: Եվ նորից Բուդդան անգլուխ, ճակատամարտերից ու հրդեհներից քրքրված, միայնակ մնաց հրդեհավայրում:
Այս անգամ մեհյանը երկար ժամանակով չէին կարողանում վերականգնել. Երկրում չկար ուժեղ կենտրոնական իշխանություն, որն ընդհունակ լիներ այդպիսի ծախսեր կատարելու:
Հարյուր հիսուն տարի քրմերը իրենց արարողությունները կարարում էին մոտակայքի փոքր մեհյաններում, որոնք փրկվել էին կրակից, իսկ խեղանդամված Բուդդան չորս կողմից շրջապատվել էր թփերով ու բարձր ծառեչով, որոնք ծածկել էին հսկայի ձեռքերն ու իրանը:
Փյունիկ մեհյանի երկրորդ և վերջին վերականգնումը տեղի ունեցավ 1907թ.:
Մեհյանի առաջին ծնունդից հետո անցած հազար տարում քիչ բան էր փոխվել: 1907թ. Ճապոնիան մնացել էր նույն ինքնամփոփ, արտաքին աշխարհից կտրված պետությունը: Պետք է անցներ ևս հարյուր հիսուն տարի, մինչև որ 1868թ. Հեղափոխությունը ջնջեր ֆեոդալական հնոտին և Ճապոնիան, արթնանալով, առաջ նետվեր` հասնելու մնացած աշխարհին:
Մեհյանը կառուցվեց ճիշտ նույն տեսքով, ինչ անցյալ և նախանցյալ անգամները: Եվ ոչ միայն այդ պատճառով, որ ճարտարապետները ցանկացել էին վերականգնել հինավուրց սրբավայրը: 18-րդ դարում ևս ամբողջ Ճապոնիայում կառուցված մեհյանները Թոդայձիի նման էին:
1709թ. Բուդդայի խանձված մարմնին զոդեցին-կպցրեցին նոր գլուխ: բայց չենք սխալվի, եթե ասենք, թե Թոդայձիի մեհյանը, այն, որ գտնվում է Նարայի ծայրամասում, կառուցվել է ոչ թե 18-րդ, այլ 17-րդ դարում:
Ճիշտ է, ուշադիր աչքը կնկատի, որ արձանի գլուխն ավելի «թարմ» է, քանն իրանն ու ձեռքերը, իսկ այն մի քանի փոքրիկ մեհյաններն ու շինությունները, որոնք գտնվում էին Թոդայձիի շրջապատում, շատ ավելի հին են քան մեծ մեհյանը:
Նարայում, բացի արձանով մեհյանից, քիչ չեն նաև ուրիշ հիասքանչ հուշարձանները: մեհյանին պատկանող երեսունվեց հեկտար տարածությամբ պուրակում գտնվում են հարյուրից ավելի ճարտարապետական և քանդակագործական հոըշարձաններ, որոնք հայտարարված են Ճապոնիայի ազգային սեփականություն: Այդտեղ գտնվում են և' հինավուրց գանձատունը, և' Նանդայմոնը` համակառույցի մեծ դարպասը, ինչպես նաև բուդդիստավանների, աստվածային պահապանների և բուդդայական դիցարանի այլ անդամների չափազանց հետաքրքրական արձանները:
Այդ արձանների մասին Իլյա Էրենբուրգը գրել է. «Նարայի թանգարանում Բուդդիստավայրի սքանչելի գլխի կողքին գտնվում են նաև նրա աշակերտների արձանները. Յուրաքանչյուր արձան մի կենսագրություն է, և բնավորության և ճակատագրի բացահայտում: Ես չգիտեմ, արդյոք, յոթերորդ դարում «ռեալիզմ» բառը գոյություն ունեցել է թե ոչ, բայց ռեալիզմը գոյություն ունեցել է. Բավական է միայն նայել Նարայի քանդակագործությանը»:
... Եթե այսօր մտնենք Բուդդայի մեհյանը շրջապատող այգին, անցնենք փայտե բարձր դարպասով, որի տանիքը մեհյանների տանիքների կրկնությունն է, անցնենք հում աղյուսից շարված պարսպի մոտով, ապա դուրս կգանք գլխավոր մեհյանի առջև: Նրա տանիքը երկհարկանի է, եզրերը պսակված ոսկեզօծ զարդաձիերով, սակայն այդ զարդաձիերից բացի, մեհյանի ոչ տանիքի և ոչ պատերի վրա ոչ մի գրամ ներկ չի օգտագործված: Ի տարբերություն Չինաստանի, ճապոնական ճարտաչապետները չէին սիրում նյութի մշակվածքը` լինի դա փայտ, գործվածք, թե քար, պճնազարդել վառ գույնի ներկաշերտերով: Ճապոնացիները վաղուց են սովորել իրերի իսկական թովչանքը տեսնել նրանց բնականության մեջ և շատ թանկ են գնահատում այն:
Հարևան փոքր շենքերից մեկում դուք կարող եք դիտել հին արձանիկները: Երկնքի պահապանները կրում են ճապոնական միջնադարյան ֆեոդալներին հատուկ զրահներ, նրանք չարադեմ են, մարտաշունչ և անդրդվելի: Թերևս նկարիչը այստեղ հատւոկ պատվեր է կատարել. Հավատացյալը, զգալով երկնքի պահապանների և երկրի վրա իր բախտը տնօրինողների միջև եղած կապը, պետք է ավելի հնազանդ դառնար: Երկնային պահապանները, շուրթերի անկյունները ցած կորացնելով, վերևից են նայում մարդկանց: Զբոսաշրջիկներին նրանք չեն սիրում:
Մեհյանի մոտ դուք կհանդիպեք եղջերուների: Նարայի որոշ երկրպագուներ հավատացնում են, որ քաղաքն ու մեհյանները իրենց հրապույրի կեսը կկորցնեին, եթե նրանց մոտ եղջերուներ չլինեին: Եղջերուները թափառում են պուրակում, վազում մեհյանների ներսը և փողոցներում հանգիստ առաջկտրուկ են անում ավտոմեքենաներին: Եղջերուները գիտեն, որ քաղաքում տերն իրենք են, և ոչ թե մունիցիպալիտետը, բազմաթիվ զբոսաշրջիկները կամ քրմերը:
Եղջերուները Նարա են եկել մեծն Բուդդայի հետ միաժամանակ և նրա հետ միասին առաջին տեղն են գրավում քաղաքի տեսարժանությունների մեջ: Թոդայձիի մոտ կառուցված է Կասուգա ոչ մեծ մեհյանը: Դա Ֆուձիվարա տոհմի սրբավայրն էր: Եթե հավատանք հին առասպելին, Կասուգա մեհյանի հովանավոր աստվածությունը Նարա է ժամանել հեռավոր երկրներից, եղջերուի վրա հեծած: Այդ պատճառով այդ ֆեոդալական մեծազոր տոհմի անդամները եղջերուներին համարեցին սրբազան կենդանիներ և մի քանի կենդանի բռնելով բնակեցրին մեհյանի շրջակայքում: Եղջերուները բնակիչներին դուր եկան, վարժվեցին նրանց, և ազատ ապրում էին քաղաքում, մոտավորապես նույն իրավունքներով ինչ որ կովերը` Հնդկաստանում: Միջին դարերում եղջերուներին նույնիսկ ավելի լավ էին վերաբերվում, քան մարդկանց: Հայտնի է, որ մի քանի հարյուր տարի առաջ Նարայի բնակիչներից մեկը գլխատվեց այն բանի համար, որ եղջերու էր սպանել... Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները, կենդանիներին հանդիպելով, պատգարակներից իջնում էին, որպեսզի խոնարհվեն նրանց առջև:
Նարայում հիշում են նաև մի հեքիաթ կամ առասպել, որը շատ ճշմարտանման է և ավելի շուտ տխուր է, քան ծիծաղելի: պատմում են, որ նարայի բնակիչները քնից արթնանում էին շատ ավելի վաղ, քան Ճապոնիայի մյուս քաղաքացիները: բայց ոչ թե աշխատասիրությունից մղված: Պարզապես ամեն մեկը ցանկանում էր լուսաբացին տեսնել, թե արդյոք իր տան մոտ չկա՞ սատկած, կամ որևէ մեկի կողմից սպսնված եղջերու: Մեռնելն այն բանի համար, որ իր տան մոտ սատկած եղջերու է գտնվել, ոչ ոք չէր ցանկանում... Իսկ եթե պատահում էր, որ, իսկապես, դռան առջև եղջերու էր ընկած, ապա տան տերը շտապում էր նրան տանել և թողնել ամենակատաղի թշնամու դռան մոտ:
Եղջերուները հանգիստ ապրեցին ավելի քան հազար տարի, բայց վերջին հարյուր տարվա մեջ նրանք երկու անգամ համարյա բնաջնջվեցին:
Առաջին անգամ նրանց գոյության վրա վտանգ կախվեց 1868թ., Մեյձիի հեղափոխությաքն տարում: Ֆեոդալական իշխողների անկումից հետո նրանց նեցուկ հանդիսացած կրոնի հեղինակությունն արագ անկում ապրեց: Նարայի բնակիչներն սկսեցին վրեժ լուծել անմեղ կենդանիներից, նրանց հետ կապելով իրենց անցյալի ձախորդությունները: Եղջերուներին սպանել սկսեցին բոլորը, մանավանդ որ կենդանիները ձեռնասում էին և սովոր էին մարդկանց բարեկամ համարել: Հեղափոխությունից տասը տարի անց հազար կենդանուց մնացել էր միայն երեսունութը: Այն ժամանակ նահանգապետը հատուկ դեկրետ հրատարակեց եղջերուների պահպանության մասին: Հոտի մնացորդները փրկվեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նրանց թիվը նորից հասավ մի քանի հարյուրի: Սակայն պատերազմի ժամանակ արգելքի մասին մոռացան, մարդիկ սովի էին մատնվել և որսագողություն էին անում պուրակներում: Չնայած դրան, մի քանի եղջերուներ փրկվեցին. Նրանք վայրենացել էին և մարդկանց մոտիկ չէին թողնում: Պատերազմից հետո ստեղծվեց Նարայաի եղջերուների պահպանման ընկերություն և այժմ կենդանիների գլխաքանակը նորից հասել է հազարի:
Որքան էլ տարօրինակ է, բայց եղջերուների ճակատագիրը ինչ-որ չափով նման է Թոդայձիի մեհյանի ճակատագրին: Թե եղջերուները և թե մեհյանը Նարայում հայտնվեցին հազար երկու հարյուր տարի առաջ: Նրանց երկու անգամ ոչնչացրել են, և նրանք երկու անգամ վերադարձել են քաղաք:
Թոդայձիի մեհյանը հինավուրց քաղաքից վեր է բարձրանում պարզ ու գեղեցիկԼ Այն սքանչելի է թե' ցերեկը, թե' երեկոյան ր թե' լուսաբացին: Բայց Նարան առավել գեղեցիկ է հունվարի 15-ին, երբ այստեղ անց է կացվում Վակակուսա լեռան հրկիզման փառատոնը:
Այդ լեռը, ավելի ճիշտ բլուրը, կես , կես կիլոմետրից մի քիչ պակաս բարձրությամբ, սապատի նման բարձրացվել է քաղաք ծայրամասին: Նրա վրա ծառեր չկան, լանջերը ծածկված են միայն խիտ, փարթամ խոտով: Եվ ահա մի քանի հարյուր տարի է, այդ գիշեր քրմերը բարձրանում են լեռը և կրակ տալւիս չորացած խոտը: Այդ ժամանակ լեռը նարնջի գույն է ստանում, որի ֆոնին բարձրանում են մեհյանների սիլուետները և հրթիռների նման երկինք սլացող կայծերի հեղեղն առաջացնում է հեքիաթային հրավառություն:
Комментариев нет:
Отправить комментарий