Թարգ. Սեգեյ Ումառյանի
Մի գյուղում ապրում է մի տակառագործ: Մի անգամ նա մի մեծ տակառ է պատրաստում: Հենց նոր է սկսում օղակապերը ամուր-ամուր պնդացնել, որ մի օղակապ հանկարծ դուրս է թռչում և տակառագործին թռցնում երկինք:
Նա գնում է, գնու~մ երկնքով ու մտնում այն ապարանքը, որտեղ ապրում էին ամպրոպները:
Ամպրոպները զարմանում են.
_ Որտեղի՞ց հայտնվեց մարդը:
_ Ես Ճապոնիայից եմ, - պատասխանում է տակառագործը:
_ Ա'յ, ժամանակին ես եկել, մենք պատրաստվում էինք երկինքն անձրևով ջրել, բայց ոչ ոք չկար, որ մեր ետևից ջրի պարկեր բերի: Օգնիր մեզ:
_ Լա'վ, ես կծառայեմ ձեզ, - համաձայնում է տակառագործը:
Ամպրոպներն սկսում են խփել իրենց հսկա թմբուկները, իսկ տակառագործը նրանց հետ քարշ գալով պարկերից երկրի վրա է թափում անձրևի շիթեր: Մեծ տեղատարափ է սկսվում:
Իսկ ներքևում, երկրի վրա այնպիսի մի խառնաշփոթություն է սկսվում, որ մի տեղ տատիկը հավաքում է իր փռած սպիտակեղենը, մի այլ տեղ գյուղացիները շտապ վազում են դաշտ, վախենալով, որ բրնձի դաշտի հողաթմբերը ջրերը չողողեն: Տակառագործն այդ բոլորը այնպես պարզ է տեսնում ինչպես իր ափի մեջ:
Հրապուրվելով այդ տեսարանով, նա իրեն կորցրած վազում է ամպերի վրայով, մոռանալով, որ պետք է զգույշ լինել, սայթաքում է ու գլուխկոնձի տալով ամպերի արանքից ընկնում ներքև` գետնի վրա:
Նա ընկնում է ու կախվում մեծ տաճարի մոտ աճած բարձր ճյուղից: Տեսնելով, որ ծառից չի կարող իջնել, սկսում է բղավել, «Ազատեցե~ք, օգնեցե~ք»:
Տաճարից դուրս է գալիս վանահայրն ու նայում ծառի կատարին:
Տաճարից դուրս են գալիս և ուրիշ վանահայրեր և ասում են.
_ Սա ի՞նչ բան է: Ամպրոպի ժամանակ երկնքից մարդ է ընկել:
Վազում են բոլոր սպասավորները, հավաքվում է ժողովրդի մի հոծ բազմություն և ծառը բոլոր կողմից շրջապատում և այնպիսի մի աղմուկ, աղաղակ է բարձրանում:
Իսկ ծառի վրայից լսվում է. «Ազատեցե~ք, օգնեցե~ք»:
Մարդիկ ներքևում խորհրդակցում են.
_ Պետք է մի բան անել:
Նրանք ցանցը բերում են գցում ծառի վրա, մտածելով` տակառագործին ցանցով բռնել, ինչպես թռչուն են բռնում, բայց ոչինչ չի ստացվում:
_ Դ'ե, հիմա այ թե ինչ պետք է անենք, - որոշում են մարդիկ:
Տաճարից բերում են մի մեծ շոր և ծայրերից բռնելով ձգում են ու պահում:
_ Է'յ, է'յ, ծառի վրայի մարդ, թռիր այստեղ, թռի'ր այստեղ:
«Ինչ լինում է, թող լինի» - մտածում է տակառագործն ու թրմփով շորի վրա: Նրա ծանրությունից շորի մեջ փոս է ընկնում և ծայրերը բռնող մարդկանց ճակատներն այնպես են իրար կպչում, որ միայն ճայթյուն է լսվում: Հարվածից կայծեր են առաջանում ու ընկնում ծառի վրա և ծառն այրվում է: Այդ ժամանակից էլ այդ ծառն սկսեցին անվանել «Հրածառ» - Հինոկի1:
1Հինոկի` կիպարիսի մի տեսակը:
Комментариев нет:
Отправить комментарий