Թարգմանությունը` Նաիրի Զարյանի
***
Ամառային խոտեր:
Ահա նրանք, ընկած զինվորի
Փառքի երազանքները:
***
Դաժա~ն ճակատագիր:
Այս փառավոր սաղավարտի ներքո
Այսօր ծղրիդն է ծղրտում:
***
Ի~նչ լուռ է այս այգին:
Ժայռերի սիրտն է թափանցում
Ծղրիդների խաղաղ երգը:
***
Գարու հասկից
Ես բռնեցի, որ վայր չընկնեմ...
Ինչքան դժվա~ր է բաժանման րոպեն:
***
Ձկնորսի խրճիթին մոտիկ,
Խեցու կույտերին խառնված,
Իր երգն է ծորում մի ճպուռ:
***
Օ~, այս ամայի ճանապարհը:
Խտանում է մշուշը աշնան,
Եվ չկա մի շունչ կենդանի:
***
Մի ճյուղից մյուսի վրա
Կաթիլն է հոսում կամացուկ...
Օ, գարնան անձրև:
***
Լուսինը ինչքա~ն է պայծառ...
Մակընթացության ալիքը
Կարծես մոտեցել է սեմին...
***
Այգում ձմեռվա գիշեր:
Նուրբ թելից է կարծես և' լուսինը.
Ե'վ ճպուռը հազիվ լսելի:
***
Լուսինն է սուրում ամպերի միջով,
Մինչ ամենուրեք ծառերը կանաչ
Շարունակում են անձրև թոթափել:
***
Մերկ ճյուղի վրա
Նստած է մենակ մի ագռավ...
Աշնան երեկո...
***
Ծովի հեռուն մթնում է գնալով:
Միայն վայրի բադերն այնտեղ
Կռնչում են պղտոր-ճերմակ:
ՄԱՀԱՄԵՐՁԻ ԵՐԳԸ
Իմ ճանապարհին ես հիվանդացա:
Եվ երազի մեջ ես թափառում եմ
Արևից այրված արտերի վրա:
Խեղճ Բասյո:
ОтветитьУдалить