четверг, 28 апреля 2011 г.

ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ ՀԱՅԿԱԶՅԱՆ / Մի պտույտ քաղաքում

Ստորև ներկայացվում է 1905 թվականին Թիֆլիսում տպագրված Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ճապոնում (Իմ յուշերից եւ տպաւորութիւններից)» գրքի «Մի պտույտ քաղաքում» բաժինը (էջ 20-44, վերաբերում է Նագասակի քաղաքին): Տեքստը վերածված է ժամանակակից ուղղագրության:

Առավոտը շատ վաղ ջինրիկիշաները արդեն խմբվել էին լուսամուտների տակ, ուշադիր մեր դուրս հալուն, և հենց որ երևացինք դռների մեջ, նրանք ուրախ վազ տվին դեպի մեզ, իրար առաջը կտրելով:
Առանց վարանումի չէր, որ մենք տեղի տվինք նրանց խնդրանքին ու հեծանք թեթև կառքերը:
Ջինրիկիշաները իսկույն հանգստացան. Սրբվեց նրանց դեմքից պաղատանքի արտահայտությունը, և մեզ մի թեթև ու խնամածու ժպիտ ժպիտ ձոնելով` աշխույժ լծվեցին ու առաջ վազեցին:
Աջ ու ձախ երևում ու աչքից կորչում էին չինացի դերձակների ու կոշկակարների աշխատանոցները իրենց ցուցանակներով և այլ կարգի ուրիշ խանութներ, որոնք ծառայում էին եվրոպացիների պետքերին: Չինացիք շատ վարժ եվրոպական շորեր են կարում, ճարպիկ կերպով հարմարվելով մեր ճաշակին ու տարազին, որ նրանց համար այնքան խորթ է:
Այդ տեսակետից առանձին հաջողություն ունեն կնոջ հագուստ կարողները, այնպես որ եվրոպուհիք հոժարությամբ դրանց են հանձնում իրենց արդուզարդը:
Ուրախ է կյանքը եվրոպական թաղում:
Անթիվ գարեջրատների բաց դռներից դուրս են խուժում հարբած երեժիշտների հնչյունները, որի չափի տակ զվարթ պարում են գլուխները տաքացած օտարազգի նավաստիները:
Մենք արագ անցանք կամուրջով այն բազմաթիվ ջրանցքներից մեկը, որոնք ցանցի պես կտրում էին քաղաքը, և մտանք արդեն զուտ ճապոնական մասը:
Մի վայրկյան ամեն բան շուրջդ խաղալիքի տպավորություն է անում, ամեն ինչ այնքան մանր է ու փոքրադիր: Փողոցը այնպես նեղ է, որ եթե պատահմամբ եվրոպական մի կառք ներս մտներ, կխցեր ամբողջ փողոցի շարժումը. Էլ ի՞նչ ասել կուզի, որ շուռ տալ բացարձակապես կարող չէր լինի: Ինչքան էլ շատ փոքր լինեին մեր կառքերը, նորից ստիպված էինք իրար ետևից գնալու, ոտքով գնացողների ճամփան չփակելու համար: Սակայն փողոցը ոչ մութ էր թվում, ոչ էլ մռայլ շնորհիվ շենքերի ցածությանը: Տները բոլորն էլ անխտիր երկհարկանի են, կղմինդրե միօրինակ թեք կտուրներով և բամբուկը բարակ պատերով: Ցածի հարկում զետեղված էլինում խանութը կամ արհեստանոցը, վերևում ապրում է տերը: Ընդհանուր տպավորությունը մոտավորապես նույնն է, ինչ որ ասիական բազարը Կովկասում: Այստեղ էլ չկան արտաքին պատեր, այստեղ էլ ապրանքը դարսված է դուրսը: Ամեն ինչ բաց է, ամեն ինչ մատչելի ցանկացողի աչքին: Հիմնական մեծ տարբերությունն այն է, որ այստեղ հետք անգամ չկա ասիական համբավավոր անկարգության և կեղտի:
Շուրջդ ամեն բան փայլում է մաքրությունից: Շենքերը այնպես սեղմ ու անընդհատ կցված են իրար, որ մարդ ակամա սարսափումէ, մտածելով. Թե ինչ է լինելու քաղաքը, եթե հանկարծ հրդեհ ընկնի: Ի~նչ ճարակ կա այստեղ բոցերին: Կարտոնի նման բարակ տները չոր հարդի պես մի վայրկյանում կայրվեն: Բայց իսկապես հրդեհը այնքան էլ մեծ ու հաճախ չի լինում այստեղ համեմատաբար: Ճապոնացին կրակի հետ չափազանց զգույշ է:
Նա երբեք գիշերը չի թողնի նավթի լամպը վառ, այլ միայն յուղի կանթեղը, որ հեշտ է հանգչում:
Բացի այդ, իր թանկագին իրերը նա միշտ պահում է տան կից մի փոքրիկ քարաշեն մասում:
Իսկ հրդեհի ժամանակ նրանք խմբովին օգնության են վազում այրվող տան ներսը. Վերջն էլ օգնում են հրկիզյալին, ընդհանուր օժանդակությամբ նրա համար մի նոր տուն գնելով:
Տները խիստ էժան են և ծախվում են պատրաստ. Նրանց թեթևության ու կազմի պարզության պատճառով հեշտ է և տեղափոխելը:
Փողոցը լի է կյանքով:
Փափուկ գետնի վրայով արագ սլանում են ճարպիկ ջիները, քաշելով իրենց փոքրիկ կառքերի մեջ մի կոկետ ճապոնուհու կամ տուրիստների մի ամբողջ շարք:
Անց է կենում մանրավաճառը, կրելով իր ուսին` փայտից կախված զամբյուղները, որոնք լիքն են ամեն տսակ բանջարեղենով, պտուղով կամ ձկով:
Փողոցում անասուն գրեթե չես տեսնի: Սակավ, շատ սակավ է հանդիպում մի ձի կամ մի եզ, սմբակները հարդով կապած փայտի փոխարեն: Տիրոջ ցույց տված մեծ հոգածությունից պարզ երևում է, որ նրանք մի առօրյա երևույթ չեն ճապոնացու կյանքում:
Ահա մի փոքրիկ աղջիկ անփույթ կերպով իր լայն գոտու մեջ տանում է փոքրիկ եղբորը, որը հանգիստ նիհրում է նրա մեջքին. Մինչդեռ աղջիկը հետաքրքրությամբ կանգ է առնում գույնզգույն ապակե գնդակների դեմ, որ ծախու է դրել փողոցում թափառական մանրավաճառը:
Երիտասարդ ճապոնուհիները մանր քայլերով զգույշ անց են կենում, իրենց բարձր փայտե կոշիկները շարունակ թխկթխկացնելով: Նրանց մուգ սև մազերի հեղեցիկ շինեոնը հյուսված է կորոլներով, գլխարկ երբեք չկա. Պաշտպանվում են արևից ու անձրևից իրենց տարօրինակ ու գեղեցիկ հովանոցներով: հագի կիրիմոնը (խալաթ) գրկում է ճապոնուհու ճկուն մեջքը, սահում է ցած ու պինդ ջաթաթվում նրա ոտներին: Չունեն ոչ օղ, ոչ մատանի, ոչ էլ ընդհանրապես մեր կանանցից այդչափ սիրված մյուս ոսկեղեն զարդերը:
Նրանց գլխավոր հպարտությունն է կազմում գեղեցիկ օբին (գոտի), որ լայն շերտով մի քանի անագամ գալարված է նրա մեջքին և մի տեսակ կորսետի դեր է կատարում: Այդ գոտին նրա հոգածության մասնավոր առարկան է միշտ և նրա ճաշակի ու շնորհքի սովորական չափը:
Որքան օբիի կտորը գեղեցիկ է, որքան հարուստ է նրա բանվածքը և որքան շնորհալի կապվածքը, այնքան ավելի ընտիր է համարվում ճապոնուհու տուալետը և այնքան ավելի է իր ընկերուհիների նախանձը շարժում:
Տղամարդու կինոնոնը (խալաթ) կնոջինից շատ քիչ է տարբերվում, մանավանդ անվարժ աչքի համար. Նա էլ կապած գոտիով, միայն շատ ավելի նեղ, որը պարզապես կրեպ-դը-շինի մի նեղ շերտ է ներկայացնում:
Իսկ նրանց մինչև ականջները քաշած եվրոպական գլխարկը, հագի փայտե ծանր կոշիկների հետ միասին մի հետաքրքիր խառնուրդ է կազմում Եվրոպայի և Ասիայի: Անբաժան հովհարը կամ մի հովանոց բռնած ձեռքին` նրանք հանգիստ գնում են ու գալիս իրենց բարի ու մտածկոտ դեմքով:
Մի շատ բնորոշ դեմք էր ներկայացնում և ոստիկանը, որ ամբողջապես եվրոպական սպիտակ զգեստների մեջ, երկար սուրը մեջքին, կանգնել էր այնտեղ իր վսեմ պաշտոնի խորին գիտակցությունը երեսին:
Մոտիցս լսցում է հանկարծ զանգակի սուր հնչյունը: Մի բարձրահասակ մարդ կանգ է առել փողոցի ճիշտ մեջտեղը և թատրոնական վեհափառությամբ, հենած ձեռքի դրոշակին, որի վրա մի քանի ճապոնական տառեր են գրված, մի անբնական ձայնով ինչ-որ ասում է արագ, շարունակ դիմելով աջ ու ձախ շրջապատողներին, որոնք սակայն մի մեծ հետաքրքրություն չէին ցույց տալիս:
Կրկին զանգակ, և ձայնողը շարժվում է առաջ, տանելով հետը իր այդ ճարտասանական բացականչությունների հանելուկը:
Մի այլ տեղ բարձր պոռում է մի ուրիշը, երևի հանձնարարելով իր ձեռքի բռնած գիրքը. Մյուս կողմը մի մարդ անդադար զանգահարում է, անցորդների ուշքը իր ապրանքի վրա դարձնելու համար:
Քիչ հեռուն լսվում է հանկարծ մելամաղձոտ մի սուլուց. Եւերևում է մի կույր կերպարանք, հենած իր գավազանին, որ զգույշ առաջ է գալիս շուրջի իրարանցումի միջով: Դամի մասաժիստ է, որ իր սուլոցով իր անցնելն է հայտնում:
Այդ արվեստը Ճապոնիայում անհիշելի ժամանակներից կույրերի մենաշնորհն է կազմում:

***
Տները մասնավորապես հետաքրքիր են նրանով, որ դրսի պատ չունենալով անցորդին միջոց են տալիս ճապոնացու նիստն ու կացը կատարելապես ուսումնասիրելու և բաց են անում բնորոշ տեսարանների մի ամբողջ շարք:
Ամեն տուն կարծես մի շրջանակ լինի, որի մեջ պարզ ցուցադրված են նրանց բնակիչների կյանքն ու աշխատանքը:
Ահա այստեղ բոլորովին ճաղատ մի ճապոնացի շրջապատված թղթե լապտերների ու հովանոցների մի ամբողջ կույտով` մեծ հոգածությամբ նկարում է: Մի անսովոր լրջություն կա նրա դեմքին: այն բարեսիրտ ու միամիտ կենտրոնացումը, որով կատարում է նա իր աշխատանքը, քեզ ակամա երեխա է հիշեցնում:
Կից խանութում մետաքս են ծախում. Պատին կախված են կտորներ քմահաճ նկարներով: Գործավար ճապոնուհիները մեկը մյուսի ետևից բաց են անում հաճախորդի առաջ մետաքսի նեղ փաթեթները, մինչ տերը, չոք նստած իր մանրիկ սեղանի առջև, բոլորովին խորասուզվել է հաշիվների մեջ:
Մի քիչ դենը մոմ են պատրաստում. Խանութի մեծ մասը բռնում է կանաչ հեղուկով լիքը տաշտը, որի մեջ թաթախում են անդադար փոքր կլոր փայտեր. Չորացնում են, թաթախում նորից. և այսպես մի քանի անգամ, մինչև մոմը պատրաստ լինի:
Կողքին մի աշխատանոցում պատանիները իրենց ձեռագործի վրա ծռած ասեղնագործում են ոսկեթել քմահաճ նկարներ:
Ոսկերիչի խանութում շինում են գեղեցիկ գոտիներ, փոքրիկ բռոշներ, որոնք սուր են ներկայացնում, և այլ մանր զարդեր. Սրանց գլխավոր գնողները տուրիստներն են: Բայց այնտեղ բնավ չեք տեսնի թանկագին քարեր, որին ճապոնացին արժեք չի տալիս: Նրան գրավողը շինվածքի գեղարվեստական կողմն է:
Հաճախ աչքիդ հանդիպում է սափրիչ խանութներ, ուր հաճախորդները բոլոր ուժով գլուխները հետ ճկած նստած են մի հուսահատ դիրքով. Քթները հանձնած սափրիչի բարեհաճ տրամադրությանը. կամ մի ճապոնուհի, որ զբաղված է իր տուալետն ավարտելով:
Ապա նորից գալիս են խանութները:
Հովհարները, ափսեները, զամբյուղները, բոլորն էլ, կախված առաստաղից, ծածանվում են անցորդի քթի տակ: Նրանց ետևից նկատվում է մի ամբողջ շարք հարդե ոտնամանների իրենց թավշե գեղեցիկ օղակներովը. կամ մի չաստված, որ իր ահագին փորովը բազմած է սեղանի գլխին:
շատ են ժամագործները: Ժամացույցը արևելքում խիստ է հարգված: Չինացիք նկարվելու ժամանակ ժամացույցը դնում են իրենց մոտը սեղանի վրա, երբեմն նույն իսկ երկուսը, իրենց ավելի փառահեղություն տալու համար: Լուսանկարիչների ցուցանակներն էլ բավական հաճախ են աչքի ընկնում, մանավանդ եվրոպական թաղի մոտերը: Լուսանկարը շատ էժան է. 12 հատ գեղեցիկ գունավոր տեսարանը արժե 2 իեն (մոտ 2 ռուբլի): 12 փոքր նկար վիզիտ դիրքով այն էլ ամենալավ լուսանկարչի մոտ արժե նույնպես 2 ռ., իսկ աշխատանքը չափազանց մաքուր է ու սիրուն:
Ուտեստի շուկան նույնպես մոտիկ է եվրոպական մասին: Խանութները շարված են իրենց տեսակի համեմատ. մի շարք միայն միս են ծախում, վերջը բանջարեղեն, պտուղ, ձուկ և այլն:
Միսը դրված է ապակի զանգակների տակ, որ սաստիկ մաքուր են պահում:
Ձկան խանութը ներկայացնում էվրան ծածկված մի բակ, ուր խառն թափված են ձկան կույտերը քարե հատակին: Եվ ինչ երկկենցաղ ասես, որ այդտեղ չլինի. Ահագին քանակությամբ ժժմակներ, ճիճուներ, խեչափառներ և այլն, որին եվրոպացին նայել անգամ չէր կարող:
Առհասարակ ձուկը ճապոնացու գլխավոր ու նախընտիր կերակուրն է, և բրնձից հետո առաջին տեղն է բռնում:
Ձուկը ուտում են մեծ մասով հում: Մեխխով տալիս են գլխին, նրա տանջանքին վերջ տալու համար, հանում են փորոտին, կտրատում են, դնում պնակի մեջ և հրամցնում:
Այսպես պատրաստված ձուկը նրանց սիրելի կերակուրն է իբրև դեսսերտ:
Միս ուտում են չափազանց քիչ, գերադասում են պտուղն ու բանջարը: Պտուղներից սովորական են բանան, անանաս, կոկոս և երեխի գլխի մեծությամբ ահագին նարինջները (պապելմուս), այլ և յամամո, որը մի մեծ ելակի է նման ու մի տեսակ ձյութի հոտ ունի:
Շատ կան նույնպես քաղցրավաճառներ. Ճապոնացին սիրում է անուշեղեն. Խմորեղենը լինում է թե հում, թե եփած: Նրանց կարկանդակների ու շաքարեղենի տեսքը այնքան էլ գրավիչ չէ մեզ համար: Միայն խիստ համեղ է «կաստերա» ասված տորտը. այն էլ սպանական ծագում ունի:

***
Բոլոր տուրիստները, մանավանդ ռուսները, իրենց պարքն են համարում այցելել Նագասակիի հռչակը կազմող վարպետ Իեզակիի արհեստանոցը, ուր կիրայի պատյանից գեղեցիկ իրեր է պատրաստում:
Իեզակին, որին ամենքը «Ժեներալ Կրիա» են անվանում սովորաբար, հաստլիկ, կարճլիկ մի մարդ է բարի դեմքով: Մեզ ընդունեց մեծ սիրով, սեղմեց ձեռքերնիս եվրոպավարի, բարևեց մեզ մի թոթով ռուսերենով. և իսկույն հրամայեց թեյ բերեն:
ճապոնական թեյը հրամցնում են փոքրիկ գավաթիկներով և առանց շաքարի. բայց համեղ կաստերան լիուլի փոխարինում է շաքարի պակասը:
Թեյից հետո Իեզակին մեզ առաջնորդեց վերի հարկը, ուր իրերն էին ցուցադրված: Փղոսկրի քանդակումը հիանալի է ուղղակի իր նրբությամբն ու գեղեցկությամբը: Ամենից ավելի աչքի ընկնող տեղում զետեղված էին կրիայի պատյանից շինած ճապոնական ու եվրոպական մի քանի ռազմանավեր:
Կայմերը իրենց կայաններով, պարանները, ելարանները, մինչև անգամ սանուխի յուրաքանչյուր աստիճանը դուրս էր բերված զարմանալի ճշտությամբ ու մաքուր:
Իեզակիի այդ մանրանկար գեղարվեստական փոքրիկ աշխարհից մենք ընկանք ուղղակի ժողովրդական ու եռուն առևտրի տաճարը, ճապոն-բազարը, որ մեր կարավանսարային համապատասխանող մի բան է:
Դա մի մեծ կլոր շենք է, ուր խանութների շարքը ձգվում էճառագայթի ձևով դեպի կենտրոնը, ապա կենտրոնից դեպի շրջագիծը, կազմելով մի նեղ անընդհատ անցք, որից չես կարող դուրս գալ, մինչև որ այդ ամբողջ լաբիրինթը անց չկենաս իր բոլոր անկյուններովն ու թեքումներովը, եթե միայն, հուսահատված, կես ճամփիցդ հետ չդառնաս:
Ապրանքի տեսակները շատ չեն և շարունակ կրկնվում են: Մասնավորապես շատ կան զանազան գույնի թավշյա քսակներ, զարդ հերկալներ, և անթիվ անհամար թղթե հովհարներ ամեն տեսակ ֆանտաստիկ նկարներով ծածկված:
Պատերից կախված են ճապոնական տիկնիկներ, աչքերը չռած և մոնղոլական տիպիկ դեմքերով: Մեծ տեղ է բռնում գրքերի խանութը:
Նրանց գրքերն էլ են իրենց տեսակի: Թուղթը ավելի հաստ է ու խորթուբորդ, տպել կարելի է միայն մի երեսի վրա, այնպես որ մեր թերթին համապատասխանում է նրանց կրկնատակ ծալած երկու երեսը: Կազմն էլ տարօրինակ է. Թղթերը կարում են մետաքսե թելով, որ դրսից մի գեղեցիկ հանգույց է կազմում:
Ծախողները կին են մեծ մասամբ: Օտար անցորդներին նրանք կանչում են անգլերեն կամ ռուսերեն, բավական հաջող գուշակելով նրանց ինչ ազգից լինելը:
Նագասակիում օտար լեզուներից ամենից ավելի տարածվածը ռուսերենն է. դրան նպաստում էԿամավոր ֆլոտի հաճախակի երթևեկը և ռուս ռազմանավերի այցը:
Բացի դրանից մի ամբողջ ռուսական գաղութ էլ կա Ինոսա, որ գտնվում է ծոցի մյուս կողմը:

***
Նագասակիի փողոցներով իմ անցնելը ոչ ոք ուշադրություն չէր գրավում: Եվրոպացիներին ընտելացել են արդեն:
Միայն երբ երկար կանգ էի առնում մի որևէ խանութի առաջ, դիտում էին ինձ ոտից գլուխ` զարմանալով երևի, թե ինչն էր ինձ այդպես հետաքրքրողը:
Մի ճապոնուհի նկատելով, որ հայացքս մի մասնավոր հետաքրքրությամբ եմ շեշտում խանութի խորքը, խնդրեց, որ ներս մտնեմ նրա բնակարանը, եթե կհաճեմ:
Եվ ինչ ասել կուզի, որ մեծ ուրախությամբ ընդունեցի նրա առաջարկը, և նրա հետ մի նեղ ու փոքր անցքով մտանք ետևի մասը: Դա արդեն բնակարանն էր, մի մեծ սենյակ, որ հեշտությամբ կարելի է մի քանիսի վերածել շարժական թեթև պատերի միջոցով: հատակը այդտեղ քիչ բարձր է նախասենյակից: Հետևելով տեղական քաղաքավարությանը, հանեցի կոշիկներս սանդուխի գլխին և գուլպաներով կոխեցի սենյակի մաքուր խսիրըԼ
Շուրջը ամեն ինչ մաքրությունից փայլում էր: Թղթե պատերին նկարված էին արագիլներ: Անկյունում զետեղված էր սիրուն երկթև ճենապատը և մի փոքրիկ թաղար` մեջը մանրադիտական մի ծառով: Սենյակի խորքում պատի մեջ ծալքն էր, ուր ցերեկները անկողիներն են դարսում: Ճապոնացին, ինչպես հայտնի է, կահ-կարասի չի սիրում, ասելով թե դրանք փոշի հավաքելուց զատ ուրիշ բանի պետք չեն:
Անկողինը փռում են գետնին խսիրի վրա. Ճաշում են չոք նստած և ամեն մեկի առաջ մի մի ցածլիկ փոքրիկ սեղան, կամ հաճախ ուղղակի գետնին:
Սենյակից դուրս գալով, մտանք ցանկով շրջապատված փոքրիկ բագիկը, իր մանրիկ պարտեզիկով, ուր բանդարկված էր պտուղներով ծանրաբեռնված մանդարենի մի ծառ, կարծես վանդակի մեջ:
Այդ պարտեզիկի կենտրոնում ցոլցլում էր մի ավելի փոքրիկ լճակիկ, մեջն էլ մանրադիտական մի ժայռիկ, որի վրա հպարտ վեր էր բարձրանում մի մանր-մանր գաճաճ ծառիկ:
ճապոնացին շատ է սիրում բնությունը. գյուղերում նա աշխատում է շինել իր բնակարանը կարկաչուն առվակի ափին, կամ սարի սիրուն լանջին, որտեղից լայն գեղեցիկ տեսարան է բացվում: Իսկ քաղաքում հեռու այդ բոլորից նա ուզում է բնության գոնե մի նմուշի, մի փոքրիկ կտոր իր մոտը ունենա:
Ճապոնացու տանը, թե ներսը, թե բակում, ամեն բանի վրա մի մասնավոր դրոշմ կա գոհունակության, չափավորության և գեղարվեստական պարզության:

Комментариев нет:

Отправить комментарий