воскресенье, 25 августа 2013 г.

ՕՆԻՑՈՒՐԱ


ՕՆԻՑՈՒՐԱ

Ո՞ւր թափեմ հիմա
Այս թասի ջուրը...
Ամենուր ծղրիդներն են երգում:

Թարգմ. Այդին Մորիկյան

среда, 17 августа 2011 г.

Քրիստման Էրստրոյմ / Բամբուկե լապտերիկ

Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966 թվականին: Թարգմանությունը Հովհ. Ն. Ագուլյանի: Ստորև ներկայացվում է գրքի 
«Հեղինակի կողմից» առաջաբանը:




Հիսուն տարի առաջ մի հոռետես գրող հայտարարեց, թե ծաղիկների ճապոնական հռչակավոր տոները շուտով բոլորովին կվերանան։ Վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բուռն զարգացումը, իհարկե, արմատապես փոխեց Ճապոնիայի կյանքը, բայց ավանդական տոները շարունակվեցին, թեև այլ ձևով։ Փոխանակ հազարամյա տաճարի ստվերում շնչելով անցած հարյուրամյակների բուրմունքը, մարդ հանձնվի խաղաղ խորհրդածությունների կամ, հենվելով հնադարյան քարե լապտերին, հրճվի լոտոսի ծաղիկներով, որոնք տարածվում են դեպի գինգկո ծառի՝ խորհրդավորությամբ լի ճյուղերը, Տոկիոյում այժմ տոմս են գնում գերճեպընթացի համար, վեց ժամ անընդհատ ճանապարհ են անցնում Ֆուձիի շուրջը պտույտ գործող ուղիով՝ ժամում 175 կիլոմետր արագությամբ, գրոհում են աղաղակող բարձրախոս ունեցող գերժամանակակից ավտոբուսի վրա և 50 հազար այլ մարդկանց հետ միասին սլանում դեպի այգիները, ուր դեռևս պահպանվել է լոտոսը։ Այստեղ պատվիրում են գարեջուր ու վիսկի, երաժշտություն, հրավիրում են պարող կանանց, հիանում ծաղկող լոտոսով (բարեբախտաբար այն պաշտպանված է ցանկապատով), խռնվում են (մի քանի րոպե) «շտապ օգնության» մեքենաների մոտ, որոնք փոխադրում են ուժասպառված և հրհրոցից խեղանդամված լոտոսի սիրահարներին, նորից են գրոհում ավտոբուսի վրա և երեկոյան ճեպընթացով վերադառնում Տոկիո։ Տարեկան մեկ անգամ կատարված այսպիսի «ուխտագնացությունը» սովորաբար բավական է լինում, մնացած ժամանակը ծախսվում է հաջորդ ուղևորությունը նախապատրաստելու վրա։ Այսպիսով, Ճապոնիայի համար բնորոշ է նորագույն տեխնիկայի, գերբնակվածություն, գերժամանակակից տրանսպորտի, լոտոսի ծաղիկների և երկհազարամյա կուլտուրայի զուգակցումը։ Ասում են, որ Ճապոնիան յուրացրել է տեխնիկայի նոր նվաճումներից լավագույնը, ընդսմին պահպանելով իր կուլտուրայի լավագույնը։ Իրոք, ժամանակակից տեխնիկան և ճապոնական կուլտուրան ապրում են կողք-կողքի։


Վերցնենք Տոկիոյի ծառայողին, որը ամեն օր, առավոտվա ժամը 9-ին, գալիս է ծառայության։ Նա հագնված է արևմտյան ձևով՝ շլացուցիչ սպիտակ վերնաշապիկ, խնամքով կապած փողկապ, լավ արդուկած կոստյում։
Եթե նա մասնագիտությամբ քիմիկոս է, ապա աշխատանքային օրվա ընթացքում բարդ անալիզներ է կատարում, հնարամիտ դիագրամներ գծում, մի խոսքով, գիտական լուրջ խնդիրներ է լուծում։
Իսկ երեկոյան, տուն գալուց հետո, նա հանդես է գալիս ճապոնական կենցաղի համար բնորոշ իրադրության մեջ։ Տունը շինված է թղթից ու փայտից։ Հենց որ տանտերը շեմքից ներս է մտնում, հանում է կոշիկները, հագնում կիմոնո, նստում է հատակին՝ ցածլիկ սեղանի մոտ, սև լաքած փայտիկներով բրինձ է ուտում, ընթրիքից հետո պառկում է հատակին գցած դեղին ծղոտե խսրի վրա քնելու։ Նման խսիրներ կարելի է տեսնել ճապոնական ամեն մի ընտանիքում։ Ճապոնական հազարամյա տիկնիկային ինտերյերին ասես խիստ հակադրվում է սենյակի անկյունում դրված հեռուստացույցը։
Թե՛ մարդկանց մտածողության և թե այս կամ այն իրադարձության մեջ, ամենուրեք նկատելի են հակադրությունները ավանդական ճապոնականի և ժամանակակցի միջև։ Ոչ միայն խոշոր քաղաքները, այլև ամբողջ երկիրը հիշեցնում է ծխացող հրաբուխ, թղթի ու բամբուկի մեջ փաթաթված յուրատեսակ մի ֆուձի։ Երկհազարամյա բամբուկը և աստվածացման ու պաշտամունքի առարկա դարձած բարակ, նուրբ թուղթը (տների թղթե պատերը, թղթե լապտերները այգիներում, եկեղեցական պարեր կատարողների հովանոցները, այս ամենը միանգամից բռնկված է խռնվածության, հապճեպության, տեխնիկայի, հրհրոցի, վազքի հրաբխային ժայթքմամբ։
Իմ գրքի նպատակն է՝ փորձել ընթերցողին պատկերացում տալ մեր օրերի Ճապոնիայի մասին։ Քաղաքականությունը ինձ չի հրապուրում, տնտեսագիտությունից գլուխ չեմ հանում։ Իսկ դրանք այնպիսի հանգամանքներ են, որոնք, ավաղ, մեծ գլխացավանք են պատճառում ինձ։ Ես ուզում էի մի փոքր պատմել Ճապոնիայի մարդկանց մասին, նրանց առօրյայի, բնակչության կուտակվածաթյան, թայֆունների, տոնակատարությունների, քաղաքի ու գյուղի, ուրախության, երջանկության և վշտի մասին։
Ճապոնական կառավարության թոշակն ստանալով, ես երկու տարի անց եմ կացրել Ճապոնիայում։ Ուսումնասիրել եմ ճապոնական կուլտուրայի պատմությունը, պարապել ճապոներեն լեզվով։ Առաջին տարին ապրել եմ Տոկիոյում, երկրորդ տարին՝ Կիոտոյում։ Ժամանակի մոտավորապես կեսն անց եմ կացրել երկրում ճանապարհորդություններ կատարելով։ Իմ հաշվին ուղևորություններ եմ կատարել դեպի Ֆիլիպինյան կղզիները, Հոնկոնգ, Չինական Ժողովրդական Ռեսպուբլիկա, Հնդկաչին և Հնդկաստան։
Եթե այս գիրքը օգնի վերացնելու որոշ ոչ ճիշտ պատկերացումները Ճապոնիայի մասին, ապա ես հասած կլինեմ իմ նպատակին։

понедельник, 15 августа 2011 г.

ԱԿՈւՏԱԳԱՎԱ / Թավուտում

ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՓԱՅՏԱՀԱՏԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՄՈՏ, ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Ճիշտ այդպես։ Ես եմ գտել դիակը։ Այսօր առավոտյան, սովորականի պես, ծառ կտրելու նպատակով ես ավելի հեռու լեռները գնացի։ Եվ հանկարծ լեռան ստորոտի անտառում մի դիակ տեսա։ Ասում եք՝ որտե՞ղ։ Յամասինա տանող բանուկ ճանապարհից մոտավորապես չորս-հինգ տյո1 հեռավորության վրա։ Դա անմարդաբնակ մի վայր է, որտեղ բամբուկ է աճում ու մեջ-մեջ էլ մատղաշ կրիպտոմերիաներ։
Դիակի հագին կար բաց կապույտ սույկան2 և կիսամաշ էբոսի գլխարկ3, նրանից, որ դնում են մայրաքաղաքում։ Նա պառկած էր մեջքին։ Այ թե մաքուր գործ է՜ր. մարմնի վրա միայն մի վերք կար. այն էլ ճիշտ կրծքին, իսկ շուրջը թափված բամբուկի չոր տերևները կարծես կենաբարով էին ներծծված։ Ոչ, էլ արյուն չէր հոսում։ Վերքը երևի արդեն չորացել էր։ Հա, մի բան էլ ասեմ, որ վերքի վրա, իմ քայլերից բոլորովին չանհանգստացած, նստել էր մի բոռ։
Ասում եք սուսեր կամ նման որևէ բան չկա՞ր։ Ոչ, այնտեղ ոչինչ չկար։ Միայն կրիպտոմերիայի բնի մոտ, որտեղ դիակն էր, մի պարան էր ընկած։ Եվ մեկ էլ... հա՛, հա՛, բացի պարանից կար նաև մի սանր։ Պարանից և սանրից բացի դիակի մոտ էլ ոչինչ չկար։ Իսկ խոտն ու թափված տերեները չորս կողմը տրորված էին, երևի սպանվածը կյանքը էժան չէր տվել։ Ի՞նչ, արդյոք ձի չի՞ եղել։ Ախր այնտեղ ոչ մի ձի էլ չի հասնի։ Ձիու ճամփան ավելի հեռու է, անտառի հետևը։

ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԿՈՒՍԱԿՐՈՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Սպանվածին ես երեկ եմ հանդիպել։ Երեկ... կարծես թե կեսօրին։ Որտե՞ղ։ Սեկիյամայից Յամասինա տանող ճանապարհին։ Ձի նստած մի կնոջ հետ նա գնում էր Սեկիյամա։ Կինը ծածկոցով լայնեզր գլխարկ էր դրել, այնպես որ նրա դեմքը ես չտեսա։ Երևում էր միայն խագիի4 ծաղիկների բանվածքով մետաքսյա շրջազգեստը։ Ձին շիկավուն էր, խոզած բաշով։ Հասա՛կը։ Սովորականից մոտավորապես չորս սուն բարձր... Ես ախր կուսակրոն եմ, այդպիսի բաներից գլուխ չեմ հանում։ Տղամարդու մո՛տ... այո, նրա մոտ սուր կար՝ գոտուց կախ, իսկ մեջքին՝ նետ ու աղեղ։ Հիմա էլ լավ հիշում եմ, թե ինչպես սև լաքած կապարճից մոտ քսան նետ էր դուրս ցցվել։
Նույնիսկ մտքովս էլ չէր անցել, որ այդպես կվերջանար։ ճշմարիտն ասած, մարդկային կյանքը անհետանում է վայրկենաբար, ինչպես ցողը, ինչպես կայծակը։ Ա՛խ, ա՜խ, անկարելի է ասել, թե այս ամենը ինչքան ցավալի է։

ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՊԱՀԱՊԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՄՈՏ, ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այս մա՞րդը, որին ես բռնել եմ։ Սա նշանավոր ավազակ Տաձյոմարան է։ Երբ ես սրան բռնեցի, ձիուց վայր ընկավ և տնքալով պառկեց քարե կամուրջի վրա, այն կամուրջի, որը Ավադագուտայի մոտ է գտնվում։ Ե՞րբ։ Երեկ գիշեր, առաջին պահակության ժամին։ Անցյալ անգամ, երբ մազ էր մնացել, որ նրան բռնեի, հագին նույն կապույտ սույկանն էր և գոտուց կախած սուրը։ Իսկ այս անգամ, ինչպես տեսնում եք, նրա մոտ նետ ու աղեղ էլ կա։ Ահա թե ինչ։ Դրանք սպանվածի մոտ եղածնե՞րն են։ Դե, այդ դեպքում, անկասկած, սպանությունը կատարել է Տաձյոմարան։ Աղեղը, կաշեպատ, սև լաքած կապարճը, բազեի փետուրներով տասնյոթ նետերը, բոլորը, ուրեմն, պատկանելիս են եղել սպանվածին։ Այո, ձին, ինչպես բարեհաճեցիք ասել, շիկավուն էր, խուզված բաշով։ Երևի այնպես էր վիճակվել, որ ձին նրան թամբից ցած գցի։ Կամուրջից ոչ հեռու ձին խոտ էր պռճոկում, և հետևից քաշ էին գալիս երկար երասանները։
Այս նույն Տաձյոմարան, որ նման չէ մայրաքաղաքում թրևող մյուս ավազակներին, կանանց համար մեռած է։ Հիշո՞ւմ եք, անցյալ տարի լեռան վրա, Բինձուրային նվիրված Ակիտորիբե տաճարի հետևում, մի կնոջ սպանեցին աղջկա հետ, ըստ երևույթին ուխտագնացներից։ Ասում էին, որ դա նրա ձեռքի գործն է։ Ահա և այս կինը, որ գնում էր շիկավուն ձիով։ Եթե Տաձյոմարան է սպանել տղամարդուն, ապա ո՞ւր է կորել կինը, ի՞նչ է պատահել նրան: Անհայտ է։ Ներեցեք, որ խառնվում եմ ձեր գործերին, բայց հարկավոր է դա հետաքննել։

ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՊԱՌԱՎԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այո, այս դիակը այն նույն մարդունն է, որի հետ ամուսնացած էր իմ աղջիկը։ Միայն թե նա մայրաքաղաքից չէ։ Նա սամուրայ5 էր՝ Կոկուֆուից, որ գտնվում է Վակասայում։ Նրա անունը Կանաձավա Տակեխիրո է, նա քսանվեց տարեկան է։ Ոչ, նա չէր կարող որևէ մեկի չարությունը իր վրա հրավիրել. նա շատ մեղմ բնավորություն ուներ։
Իմ դո՛ւստրը։ Նրա անունը Մասագո է, տասնինը տարեկան է։ Նա բնավորությամբ խիզախ է՝ տղամարդուց ոչ պակաս։ Տակեխիրոյից առաջ նա երբեք սիրած չի ունեցել։ Նա թուխ է, ձախ աչքի անկյան մոտ խալ ունի, դեմքը փոքր է և երկարավուն։
Երեկ Տակեխիրոն աղջկանս հետ ուղևորվեց Վակասա։ Ո՞ր մեղքերիս համար մեզ այսպիսի դժբախտություն հասավ։ Ի՞նչ է պատահել իմ աղջկան։ Փեսայիս ճակատագրի հետ հաշտվել եմ, բայց աղջկաս համար ունեցած տագնապը ինձ հանգիստ չի տալիս։ Ես՝ պառավս, աղաչում եմ ձեզ այն ամենի անունից, ինչ որ սուրբ է, խուզարկեք բոլոր անտառները և մարգագետինները, միայն թե գտեք իմ աղջկան։ Ի՞նչ չարագործն է այդ ավազակը, Տաձյոմարա էիք ասում, ինչ էիք ասում։ Ոչ միայն փեսայիս, այլև աղջկաս... (Որևէ բառ ասելու ուժ չունենալով, լաց է լինում):

ՏԱՁՅՈՄԱՐԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈւՆԸ

Այդ մարդուն ես եմ սպանել։ Բայց կնոջը չեմ սպանել։ Ո՞ւր է կորել նա։ Ինձ էլ հայտնի չէ։ Սպանեցեք։ Ինչքան էլ տանջեք ինձ, միևնույն է, ես չեմ կարող ասել այն, ինչը չգիտեմ։ Քանի որ այսպես դասավորվեց, ես այլևս վախենալու մտադրություն չունեմ և ոչինչ չպետք է թաքցնեմ։
Ես այդ տղամարդուն և նրա կնոջը հանդիպել եմ երեկ, կեսօրից քիչ անց։ Ուժեղ քամուց մետաքսե ծածկոցը իսկույն ետ գնաց, և մի ակնթարթ երևաց կնոջ դեմքը։ Մի ակնթարթ միայն, երևաց ու անմիջապես էլ նորից ծածկվեց, և գուցե մասամբ դրանից էր, որ դա ինձ բոդիսատվայի6 դեմք թվաց։ Եվ ես տեղնուտեղը որոշեցի, որ պետք է տիրեմ այդ կնոջը, թեկուզև անհրաժեշտ լինի տղամարդուն սպանել։
Ձեզ սարսափելի՞ է թվում։ Դատարկ բան. տղամարդուն սպանելը հասարակ գործ է։ Երբ ցանկանում են կնոջը տիրել, տղամարդուն միշտ սպանում են։ Միայն թե ես սպանում եմ սրով, որ գոտուս տակ է, իսկ ահա դուք ոչ մեկդ չեք ապավինում սրին, սպանում եք իշխանությամբ, փողով, իսկ երբեմն էլ պարզապես շողոքորթ բառերով։ ճիշտ է, այդ դեպքում արյուն չի թափվում, տղամարդը մնում է կենդանի, բայց համենայն դեպս դուք նրան սպանում եք։ Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր՝ ձե՞րը, թե իմը, ով գիտե։ (Հեգնական քմծիծաղ
Բայց դա չի նշանակում, թե ես դժգոհ եմ լինում, եթե առանց տղամարդկանց սպանելու հաջողվում է կանանց տիրանալ։ Իսկ այս անգամ ես ուղղակի որոշեցի առանց արյուն թափելու տիրանալ կնոջը։ Միայն թե բանուկ ճանապարհի վրա այդպիսի խաղը գլուխ չի գա։ Ուստի մտածեցի, թե ինչպես նրանց երկուսին քաշեմ անտառի խորքը։
Այդ դժվար չեղավ։ Ներկայանալով որպես ուղեկից, սկսեցի նրանց պատմել, որ դիմացի լեռան վրա դամբանաբլուր կա, որ ես դա պեղել եմ, այնտեղ գտել եմ շատ սրեր ու հայելի7 և այդ բոլորը հորել լեռան մոտի անտառում, որպեսզի ոչ ոք չտեսնի, և որ, եթե մուշտարի գտնվի, էժան գնով կվաճառեմ ցանկացած իրը։ Տղամարդը սկսեց կամաց-կամաց ենթարկվել խոսքերիս ազդեցությանը։ Եվ ի՞նչ եք կարծում։ Ճիշտ եմ ասում, ահավոր բան է ընչաքաղցությունը։ Չէր անցել նույնիսկ կես ժամ, որ նրանք շրջեցին իրենց ձիու գլուխը և ինձ հետ արահետով ուղղվեցին դեպի լեռը։
Երբ մենք մոտեցանք անտառին, ես ասացի, որ իրերը թաղված են հենց թավուտում և նրանց առաջարկեցի գնալ տեսնել։ Ագահությունը տղամարդուն ուտում էր, և նա, իհարկե, չհակառակեց։ Բայց կինը ասաց, որ ինքը ձիուց չի իջնի, կսպասի այդտեղ։ Դա նրա կողմից միանգամայն բանական էր, որովհետև նա տեսնում էր, որ անտառը շատ խիտ է։ Ամեն ինչ շատ լավ էր գնում, և ես կնոջը մենակ թողնելով, տղամարդուն տարա թավուտ։
Մացառուտի ծայրին միայն բամբուկ էր աճում։ Բայց երբ անցանք մոտավորապես կես տյո, կրիպտոմերիաներ էլ պատահեցին։ Իմ մտադրության համար դրանից ավելի հարմար տեղ չկար։ Ճյուղերը հեռացնելով, ես ճշմարտանման պատմություն էի անում, թե իբր գանձերը թաղված են կրիպտոմերիաների տակ։ Տղամարդը ինձ ունկնդրելով՝ արագ առաջ էր գնում, գնում էր այնտեղ, որտեղ երևում էին այդ ծառերի բարակ ցողունները։ Բամբուկը ավելի ու ավելի սակավ էր հանդիպում, չորս կողմը արդեն կրիպտոմերիաներ էին բարձրանում, և, հենց այդտեղ էլ ես անակնկալ նետվեցի նրա վրա ու գետին տապալեցի։ Մի վայրկյան հետո նա արդեն կապկպված էր ծառին։ Ասում եք, որտեղի՞ց պարանը... Ո՞ր ավազակն է առանց պարանի լինում։ Պարանը գոտուս տակ էր. չէ որ ցանկապատի վրայից անցնելու համար դա ինձ միշտ պետք է գալիս։ Որպեսզի նա չկարողանար գոոգոռալ, հասկանալի է, ես նրա բերանը բամբուկի տերևներ խցկեցի, որից հետո նրանով զբաղվելու հարկ չկար։
Տղամարդու հետ հաշիվը փակելով՝ ես վերադարձա կնոջ մոտ և ասացի, որ նրա ուղեկիցը անակնկալ տկարացել է, և որ հարկավոր է գնալ տեսնել, թե ինչ է պատահել։ Ավելորդ է նույնիսկ ասել, որ այս անգամ էլ ես իմն արեցի։ Նա հանեց իր լայնեզր գլխարկը և, ձեռքս բաց չթողնելով, քայլեց դեպի անտառի խորքը։ Բայց երբ եկանք հասանք այնտեղ, ուր ամուսինը կապված էր ծառից, նա ձեռքը տարավ թևի տակ և մի դաշույն դուրս քաշեց։ Դեռ երբեք չէի տեսել այդքան անսանձ ու խիզախ կին։ Թե որ զգաստ չլինեի այն ժամանակ, անպայման մահացու վերք կստանայի փորիս։ Դրանից ես մի կերպ խույս տվեցի, բայց նա անողոք հարվածներ էր հասցնում, չքաշվելով վիրավորել ուր որ պատահի։ Սակայն հո իզուր չի, որ ես Տաձյոմարան եմ։ Ինձ վերջապես հաջողվեց, առանց սուրը հանելու, դաշույնը ցած գցել նրա ձեռքից։ Իսկ առանց զենքի ամենախիզախ կինն էլ ոչինչ չի կարող անել։ Եվ, վերջ ի վերջո, ինչպես և ցանկանում էի, տղամարդուն կյանքից չզրկելով, կարողացա կնոջը տիրանալ։
Այո, տղամարդուն կյանքից չզրկելով։ Ես դրանից հետո էլ չէի պատրաստվում նրան սպանել։ Բայց երբ ուզեցի անտառից չքվել, թողնելով պառկած կնոջը՝ արցունքն աչքերին, հանկարծ նա խելագարի նման կախվեց թևքիցս և, շնչահեղձ լինելով, բղավեց. «Կամ դուք կմեռնեք, կամ ամուսինս... երկուսիցդ մեկը պետք է մեռնի... Երկու տղամարդու աչքի առաջ խայտառակվելը մահից վատ է... Ձեզանից մեկը պետք է մեռնի... իսկ ես նրա մոտ կգնամ, ով որ կենդանի կմնա»։ Եվ ահա այդ ժամանակ էլ ցանկացա սպանել տղամարդուն։ (Մռայլ հուզմունք):
Այժմ, երբ այս բանն ասացի ձեզ, երևի, թվում է, որ ես դաժան մարդ եմ։ Ձեզ, անշուշտ, այդպես է թվում, որովհետև դուք այդ կնոջ դեմքը չեք տեսել: Որովհետև դուք չեք տեսել նրա վառվող աչքերը։ Երբ մեր հայացքները հանդիպեցին իրար, ես ցանկացա իմ կինը դարձնել նրան, թեկուզս, կայծակն ինձ տեղնուտեղը շանթի։ Իմ կինը դարձնել նրան՝ գլխումս միայն և միայն այդ միտքն էր պտտվում։ Ոչ, դա գռեհիկ վավաշոտություն չէր, ինչպես դուք կարծում եք։ Եթե միայն վավաշոտությունը լիներ, ես կնոջը քացով դեն կշպրտեի և կհեռանայի։ Այդ դեպքում տղամարդն էլ ստիպված չէր լինի սուրս իր արյունով ներկել։ Բայց այն պահին, երբ թավուտի աղջամուղջում դիտեցի կնոջ դեմքը, վճռեցի, որ մինչև տղամարդուն չսպանեմ, չեմ գնա այդտեղից։
Չնայած որոշել էի նրան սպանել, բայց ստորաբար սպանել չէի ուզում։ Ես նրա կապերը արձակեցի և ասացի, պետք է մենամարտենք սրերով։ Այն պարանը, որ գտել եք ծառի բնի մոտ, հենց իմ շպրտածն է։ Տղամարդը այլայլված դուրս քաշեց ծանր սուրը և իսկույն էլ, առանց ծպտուն հանելու, կատաղորեն նետվեց ինձ վրա։ Կարիք էլ չկա ասելու, թե ինչով վերջացավ այդ մենամարտը։ Քսաներեքերորդ շարժմանը սուրս ծակեց նրա կուրծքը։ Քսաներեքերորդ շարժմանը՝ խնդրում եմ չմոռանաք։ Դա ինձ մինչև հիմա էլ զարմանք է պատճառում, ամբողջ աշխարհում նա միակն էր, որ քսան անգամ իր սուրը խաչեց իմի հետ։ (Ուրախ ժպիտ):
Հենց որ նա ընկավ, արյունաշաղախ սուրը ձեռքիս, շրջվեցի դեպի կինը։ Բայց, պատկերացնո՞ւմ եք, նա արդեն չկար։ Ես նրան սկսեցի փնտրել ծառերի մեջ։ Սակայն բամբուկի թափված տերևների վրա որևէ հետք չէր մնացել։ Իսկ երբ ես ականջ էի դնում, լսում էի միայն տղամարդու կոկորդից եկող հոգեվարքի խռխռոցը։
Գուցե երբ մենք սկսեցինք մենամարտել, կինը թավուտից ծլկել էր, որպեսզի օգնություն կանչի։ Հենց որ դա մտքովս անցավ, ես հասկացա, որ բանը կյանքիս է վերաբերում։ Ես սպանվածից վերցրի սուրը, աղեղն ու նետերը և անմիջապես նախկին արահետը դուրս եկա։ Այնտեղ կնոջ ձին առաջվա նման խաղաղ խոտ էր պռճոկում։ Խոսել այն մասին, թե ինչ եղավ հետո, կնշանակի ջուր ծեծել։ Միայն մի բան։ Մայրաքաղաք մեկնելուց առաջ այդ սուրը արդեն ինձ մոտ չէր։ Ահա և իմ ամբողջ խոստովանությունը։ Ամենադաժան պատժի ենթարկեք ինձ. ախր ես միշտ գիտեի, որ օրերից մի օր իմ գլուխը ստիպված կլինի ցցի վրա բարձրանալ։ (Գրգռիչ տեսք

ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ԿԻՆԸ ԿԻՅՈՄԻՁՈւ ԵԿԵՂԵՑՈԻՄ։ ԽՈՍՏՈՎԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Տիրանալով ինձ՝ կապույտ զգեստով այն տղամարդը դարձավ կապկպված ամուսնուս և ծաղրանքով հռհռաց։ Երևի, շատ ծանր էր ամուսնուս համար։
Բայց նա ինչպես էլ որ գալարվում էր, պարանը միայն ավելի խորն էր մտնում մարմնի մեջ։ Ես ինքնաբերաբար ձգվեցի նրա կողմը, ոչ, ես նոր միայն ուզում էի ձգվել, բայց այն տղամարդը ոտքով խփեց ու մի ակնթարթում ինձ գցեց գետին։ Հենց այդ ժամանակ էլ դա պատահեց։ Այդ պահին ամուսնուս աչքերում մի աննկարագրելի փայլ տեսա։ Աննկարագրելի... նույնիսկ այժմ հիշելով այդ աչքերը, ես չեմ կարողանում իմ մեջ դողը խեղդել։ Ուժ չունենալով արտաբերել մի հատիկ բառ, ամուսինս հայացքի մեջ զեղեց իր ամբողջ հոգին։ Բայց նրա աչքերը ցասում, տառապանք չէին արտահայտում, դրանցում շողշողում էր իմ նկատմամբ սառը մի արհամարհանք, ահա թե ինչ էին արտահայտում դրանք։ Ոչ թե այն տղամարդու քացուց, այլ այդ հայացքի սարսափից ինձ կորցրած, ես գոռացի ու ուշաթափ եղա։
Երբ ես ուշքի եկա, կապույտ հագած այն տղամարդը արդեն գնացել էր։ Միայն ամուսինս առաջվա նման կապված էր կրիպտոմերիայի բնին։ Բամբուկի թափված տերևների վրայից դժվարությամբ բարձրանալով, ես ուշադրությամբ նայեցի նրա դեմքին։ Բայց նրա հայացքը գրեթե չէր փոխվել։ Նրա աչքերը առաջվա պես արտահայտում էին սառը արհամարհանք և զսպված ատելություն։ Չգիտեմ ինչպես ասեմ, թե այն ժամանակ ես ինչ զգացի... և՛ ամոթ, և՛ վիշտ, և՛ ցասում... Օրորվելով ոտքի կանգնեցի և մոտեցա ամուսնուս։ «Լսեք։ Այն բանից հետո, ինչ որ պատահեց, ես ձեզ հետ այլևս չեմ կարող ապրել։ Ես որոշել եմ մեռնել։ Բայց... բայց դուք էլ մեռեք։ Դուք տեսաք իմ խայտառակությունը։ Դրանից հետո ես չեմ կարող ձեզ կենդանի թողնել»։
Մեծ դժվարությամբ, բայց ահա թե ինչ ասացի ես նրան։ Եվ, համենայն դեպս, ամուսինս առաջվա նման զզվանքով էր նայում ինձ։ Զսպելով հուզմունքս, որից կուրծքս քիչ էր մնում պւսյթեր, ես սկսեցի փնտրել նրա սուրը։ Բայց, հավանաբար, ավազակը բոլորը հափշտակել էր. ոչ միայն սուրը, այլև նետն ու աղեղը ոչ մի տեղ չէին երևում։ Միայն դաշույնն էր, բարեբախտաբաո, ոտքերիս մոտ ընկած։ Ես վերցրի դաշույնր և մեկ անգամ էլ ասացի ամուսնուս. «Հիմա ես ձեզ կսպանեմ։ Եվ իսկույն էլ կսպանեմ ինձ»։
Ամուսինս հազիվհազ շարժեց շրթունքները,երբ լսեց այս խոսքերը։ Հասկանալի է, ձայն դուրս չեկավ, որովհետև նրա բերանը խցկված էր բամբուկն տերևներով։ Բայց երբ նայեցի նրա շրթունքներին, իսկույն հասկացա, թե ինչ էր ասել։ Իմ նկատմամբ ունեցած նույն արհամարհանքով նա արտաբերեց մի բառ. «Սպանի'ր»։ Եվ գրեթե անգիտակցաբար ես դաշույնը խոր մեխեցի նրա կուրծքը, որ ծածկած էր բաց կապույտ զգեստով։
Կարծեմ այստեղ նորից գիտակցությունս կորցրեցի։ Երբ ուշքի եկա ու շուրջս նայեցի, ամուսինս, առաջվա նման կապկպված, այլևս չէր շնչում։ Բամբուկի բներին փաթաթված կրիպտոմերիաների խիտ ճյուղերի արանքից նրա գունատ դեմքին ընկավ մայր մտնող արևի ճառագայթը։ Հեկեկանքս զսպելով՝ ես դիակի վրայից արձակեցի պարանը։ Եվ հետո... ի՞նչ պատահեց հետո։ Խոսելու ուժ չունեմ այլևս։ Ինչ էլ որ անում էի, մեռնելու վճռականություն չէի գտնում իմ մեջ։ Ես դաշույնը մոտեցնում էի կոկորդիս, ջանում էի խեղդվել լեռան ստորոտի լճակում, փորձում էի... Բայց ահա չմեռա, մնացի կենդանի և դրանով չեմ կարող հպարտանալ։ (Տխուր ժպիտ)։ Գուցե գթասիրտ, կարեկցող աստվածուհի Կաննոն երես դարձրեց այնպիսի փուչ էակից, ինչպիսին ես եմ։ Բայց հիմա ես ի՞նչ անեմ, ես, որ սպանել եմ իմ ամուսնուն, անարգվել եմ ավազակի կողմից, ես ի՞նչ անեմ։ Ես ինչ... Ես... (Միանգամից հուսակտուր հեկեկանքներ):

ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՍՊԱՆՎԱԾԻ ՈւՐՎԱԿԱՆԸ ԳՈԻՇԱԿՈւՀՈւ ՇՐԹՈւՆՔՆԵՐՈՎ

Տիրանալով կնոջս՝ ավազակը նստեց և սկսեց նրան հանգստացնել։ Իմ բերանը, պարզ է, խցկված էր։ Ես կապված էի ծառի բնին։ Բայց ամբողջ ժամանակ կնոջս աչքով-ունքով նշաններ էի անում. «Մի՛ հավատա նրան։ Ինչ ասում է՝ սուտ է»։ Ահա թե ինչ էի ուզում նրան հասկացնել։ Բայց կինս, թափված տերևների վրա տխուր նստած, իր ծնկներից աչքը չէր բարձրացնում։ Ճիշտ է, կարելի էր ենթադրել, որ նա ուշադիր լսում է ավազակի խոսքերը։ Ես խանդից գալարվում էի։ Իսկ ավազակը խոսքը ճարպկությամբ նպատակին էր հասցնում։ Մեկ անգամ անարատությունը կորցնելուց հետո՝ ամուսնու հետ յոլա գնալը դժվար կլինի։ Ավելի լավ չի՞ լինի իր՝ ավազակի կինը դառնալ, քան այդպես մնալ ամուսնու հետ։ Չէ՞ որ նա անվայել արարքի դիմեց հատկապես այն պատճառով, որ կինը դուր էր եկել իրեն... Ահա թե ինչ աստիճան հանդուգն էր խոսում նա։
Ավազակին լսելով՝ կինս վերջապես դեմքը մւոախոհ բարձրացրեց։ Ես երբեք նրան այդպես գեղեցիկ չէի տեսել։ Բայց ի՞նչ պատասխանեց ավազակին իմ գեղեցկուհի կինը, երբ ես՝ կապկպվածս, նրա կողքին էի։ Այժմ ես դեգերում եմ չգոյության մեջ, սակայն ամեն անգամ, հենց որ հիշում եմ նրա այդ պատասխանը, զայրույթը այրում է ինձ։ Ահա թե ինչ ասաց կինս. «Դե, ուրեմն, տարեք ինձ, ուր որ ուզում եք»։ (Երկար լռություն):
Բայց նրա մեղքը միայն դրանում չէ։ Այդ մեկի պատճառով ես, երևի, խավարում թափառելով, այսպես չէի տանջվի։ Ահա թե ինչ կատարվեց, կինս, ինչպես երազում, հետևեց ավազակին, որը նրան թևանցուկ էր արել, և արդեն պատրաստվում էր դուրս գալ անտառից, երբ հանկարծ անասելի գունատվելով, մատնացույց արեց ինձ՝ ծառին կապկպվածիս։ «Սպանեք դրան։ Ես չեմ կարող ձեզ հետ լինել, քանի դեռ նա կենդանի է...»,— մի քանի անգամ խելագարի պես աղաղակեց նա։ «Սպանեք դրան», այս բառերը դեռ հիմա էլ փոթորկի նման քշում են ինձ դեպի խավարի խորխորատները։ Արդյոք երբևիցե այդպիսի նողկալի բառեր դուրս եկե՞լ են մարդկային շրթունքներից։ Արդյոք այդպիսի զզվելի բառեր երբևէ հասե՞լ են մարդկային լսելիքին։ Արդյոք թեկուզ երբևէ... (Կծու քրքիջի անակնկալ պոռթկում): Այդ խոսքերի վրա նույնիսկ ավազակը գունատվեց։ «Սպանե՛ք դրան»,— նրա թևքից կառչած, գոռում էր կինս։ Ակնապիշ նրան նայելով՝ ավազակը ոչ հա ասաց, ոչ էլ՝ չէ, և հանկարծ քացով խփեց գցեց նրան թափթփված տերևների վրա։ (Նորից կծու քրքիջի պոռթկում)։ Ձեռքերը խաչելով կրծքին՝ նա դարձավ դեպի ինձ։ «Ինչպե՞ս վարվել այս կնոջ հետ։ Սպանե՞լ, թե ներել։ Պատասխան տալու համար՝ գլխով անել։ Սպանե՞լ»։ Միայն այդ բառերի համար ես պատրաստ եմ ամեն ինչ ներել երան։ (Կրկին երկար լռություն
Մինչ ես տատանվում էի, կինս հանկարծ բղավեց ու նետվեց թավուտի խորքը։ Ավազակը նույն վայրկյանին ընկավ նրա հետևից, բայց, ինչպես երևում էր, չկարողացավ հասնել։ Ինձ թվում էր, թե այդ բոլորը զառանցանքի մեջ եմ տեսնում։
Երբ կինս փախավ, ավազակը վերցրեց իմ սուրը,նետերն ու աղեղը և մի տեղից կտրեց վրայիս պարանը։ Հիշում եմ, թե ինչպես անտառից ծլկելով նա փնթփնթաց. «Հիմա պետք է քո մասին էլ մտածես ախպերս»։
Երբ նա հեռացավ, շրջապատում ամենուրեք լռություն տիրեց։ Ո՛չ, ոչ ամենուրեք, կողքիս լսելի էր ինչ-որ մեկի հեկեկանքը։ Պարանը քանդելով՝ ես ուշադիր ականջ դրեցի։ Եվ ի՞նչ։ Ես հասկացա, որ այդ ինքս եմ հեկեկում։ (Երրորդ անգամ երկար լռություն) :
Վերջապես, ես դժվարությամբ ծառաբնից անջատեցի չարչարված մարմինս։ Իմ առջև փայլում էր դաշույնը, որ կինս էր վայր գցել։ Ես դա վերցրի և մի արագ շարժումով խրեցի կուրծքս։ Եվ զգացի, թե ինչպես արյան ինչ-որ կծիկ գլորվեց դեպի կոկորդս, բայց դրանում տանջալից ոչինչ չկար։ Երբ կուրծքս սառեց, շուրջս ավելի խոր լռություն իջավ։ 0~, ինչպիսի լռություն էր։ Այդ լեռնային անտառում չէր դայլայլում ոչ մի թռչուն։ Միայն կրիպտոմերիայի ու բամբուկի ճյուղերի վրա վառվում էին մայր մտնող արևի տխուր ճառագայթները։ Մայր մտնող արևի... բայց և նրանք էլ կամաց-կամաց աղոտանում էին։ Ոչ ծառերը և ոչ էլ բամբուկը այլևս չէին երևում։ Եվ ինձ, որ փռված էի գետնին, պարուրեց մի խոր անդորրություն։
Եվ ահա այդ ժամանակ ինչ-որ մեկը գաղտագողի մոտեցավ ինձ։ Ես ուզեցի տեսնել, թե ով է։ Բայց աղջամուղջը շուրջս ամեն ինչ ծածկեց։ Եվ ինչ-որ մեկը... այդ ինչ-որ մեկը իմ կրծքից անտեսանելի ձեռքով հանեց դաշույնը։ Նույն պահին բերանս նորից լցվեց հորդող արյունով։ Եվ դրանից հետո ես առհավետ ընկղմվեցի չգոյության խավարի մեջ։

1922

Թարգմ. Նորայր Ադալյանի

1Տյո – երկարությն չափ. Հավասար է 109 մետրի:
2Սույկան – կիմոնոյի տեսակ:
3Բարձր, փափուկ գլխարկ, որ կրում էին ազնվականները:
4Խագի – ճապոնական պոեզիայում առանձնապես սիրված ծաղիկներից մեկը:
5Սամուրայ – զինվորական կաստա հին Ճապոնիայում:
6Բոդիսատվա – բուդդաներին նախորդող աստվածություն: Այստեղ դա համապատասխանում է հրեշտակային դեմք արտահայությանը:
7Հայելիները հնում մետաղյա էին:

воскресенье, 14 августа 2011 г.

ԱԿՈւՏԱԳԱՎԱ / Օրիորդ Ռոկունոմիան





1
Օրիորդ Ռոկունոմիայի հայրը ծագում էր մի հին ու նշանավոր տոհմից։ Բայց հին կերտվածքի և դարից ետ մնացած մարդ լինելով, նա խյոբունոդայուի1 աստիճանից այն կողմ չանցավ։ Օրիորդը հոր և մոր հետ ապրում էր Ռոկունոմիայից ոչ հեռու գտնվող ցածրիկ մի տան մեջ և այդ վայրի անունով էլ նրան կոչեցին օրիորդ Ռոկունոմիա։
Ծնողները նրան փայփայում էին։ Բայց և այնպես, դարձյալ հին սովորության համաձայն, իրենց սեփական ցանկությամբ ոչ մեկին ցույց չէին տալիս։ Նրանք միայն հույս ունեին, որ մեկնումեկը իրենց դստեր համար հարսնախոսաթյան կգա։ Եվ օրիորդը իր օրերն անց էր կացնում պատշաճորեն, պարկեշտ, ինչպես սովորեցրել էին ծնողները։ Դա առանց որևէ դառնության, բայց և առանց որևէ ուրախության մի գոյություն էր։ Սակայն, քանի որ օրիորդը բոլորովին չէր ճանաչում կյանքը, ուստի դժգոհ էլ չէր։ «Միայն թե հայրս ու մայրս ողջ լինեն»,— մտածում էր նա։
Հինավուրց լճակի վրա կռացած բալենիները տարեցտարի գնալով ավելի քիչ էին ծաղիկներ տալիս։ Մինչ այդ, օրիորդի գեղեցկությունը հանկարծակի հասունության ինչ-որ երանգ ստացւսվ։ Հայրը՝ նրա նեցուկը, որը իր ծերության տարիներին սակեի հանդեպ հատուկ մոլուցք ուներ, անակնկալ վախճանվեց։ Կես տարի հետո անդարձ կորստի մշտական ողբով նրան հետևեց նաև մայրը։ Օրիորդը ոչ այնքան վշտացավ, որքան շփոթվեց։ Եվ իսկապես նրա՝ փայփայանքով մեծացած աղջկա համար բացի դայակից ամբողջ աշխարհում ոչ մի մտերիմ մարդ չմնաց։
Դայակը արիաբար, առանց ուժերը խնայելու, բանում էր օրիորդի սիրույն, բայց սերնդից սերունդ պահպանված սադափե զարդատուփերը և արծաթե մոխրամանները հերթով անհետանում էին տնից։ Եվ նույն ժամանակ էլ ծառաներն ու աղախինները սկսեցին աշխատանքից հեռանալ։ Օրիորդն սկսեց քիչ-քիչ հասկանալ կյանքի դժվարությունները, բայց ոչնչով չէր կարողանում գործին օգնել։ Եվ վհատ հանգստության մեջ նա, ինչպես վաղեմի ժամանակներում, օրն անց էր կացնում նույն միօրինակզվարճալիքներով` կոտո2 էր նվագում և թանքա3 էր հորինում։
Մի անգամ էլ աշնանը, աղջամուղջին, դայակը մոտեցավ օրիորդին և դանդաղ, ընդմիջումներով նրան այսպես ասաց.
Իմ ազգականներից մեկը, մի վանական, խնդրել է ինձ. նա ասում է, որ մի ազնիվ մարդ՝ Տամբա նահանգի նախկին կառավարիչը, ձեզ հետ հանդիպելու թույլտվություն է խնդրում։ Ինքը լավն է, բարի հոգի ունի, և հայրն էլ բարձր աստիճանավոր է, ինքը ծագում է պալատական ավագանուց, չէի՞ք բարեհաճի նրա հետ հանդիպել։ Այսպիսի նեղվածքում ապրելուց հո ավելի լավ կլինի...
Օրիորդը կամացուկ լաց եղավ։ Այդ մարդուն հանձնվելը նույնն էր, ինչ զզվելի կարիքից ազատվելու համար սեփական մարմինը վաճառելը։ Իհարկե, նա գիտեր, որ աշխարհում դա էլ է հաճախ պատահում։ Բայց նրա վիշտը մեծ էր, քանի որ հենց իր համար այդպես էր դասավորվել։ Եվ, դայակի դիմաց նստած, պուերարիայի4 տերևների արանքով թափանցող քամու սուլոցի տակ, օրիորդը թևքով երկար ժամանակ ծածկել էր դեմքը...

2

Համենայն դեպս, նրանք սկսեցին ամեն գիշեր հանդիպել։ Ասպետը, ինչպես դայակն էր ասում, մեղմ բնավորություն ուներ։ Ե՛վ դեմքով, և՛ կեցվածքով գեղեցիկ էր, ինչպես և վայել էր նրան։ Բացի այդ, գրեթե բոլորի համար պարզ էր, որ ի սեր օրիորդի գեղեցկության նա ամեն ինչ մոռանում էր աշխարհում։ Օրիորդը, իհարկե, նրւս նկատմամբ նույնպես ատելություն չէր տւսծում։ Երբեմն նրա մասին մտածում էր նույնիսկ որպես իր նեցուկի։ Բայց երբ, կանթեղների լույսից աչքերը կկոցելով, նրա հետ պառկում էր մահճին՝ թիթեռնիկներով և ծաղիկներով զարդարուն վարագույրի հետևում, օրիորդը ոչ մի գիշեր ուրախություն չէր զգում։
Նույն այդ ժամանակ տունը կամաց-կամաց զվարթացավ։ Մեջտեղ եկան սև լաքած նոր գզրոցներ և բամբուկե վարագույրներ։ Ծառաների թիվը շատացավ։ Դայակը, հասկանալի է, տնտեսությունը առաջվանից ավելի ժրաջանորեն էր վարում։ Բայց նույնիսկ այդ բոլոր փոփոխությունները տեսնելուց հետո էլ օրիորդը տրտմում էր միայն։
Մի անձրևային գիշեր օրիորդի հետ սակե խմելիս, ասպետը սարսափելի մի բան պատմեց, որը, իր ասելով, Տամբա նահանգում էր պատահել։ Ինչ-որ ուղևորներ մայրաքաղաքից Իձումոձի գնւսլիս, ճանապարհին իջևանում են Օեյամա լեռան ստորոտում։ Հյուրանոցի տիրոջ կինը հենց այդ գիշեր բարեհաջող կերպով աղջիկ էր ծնել։ Եվ ուղևորները տեսել էին, թե ինչպես ծննդկանի սենյակից արագ քայլերով դուրս էր եկել բոլորին անծանոթ մի տղամարդ։ Ասելով՝ «Ծննդից ութ տարի անց... ինքնասպան լինել...», նա հանկարծ անհայտացել էր։ Ութ տարի հետո ուղևորները, այս անգամ Կիոտո գնալիս, գիշերում են նույն տանը։ Եվ ի՞նչ, իսկապես պարզվում է, որ աղջիկը ութ տարեկան հասակում վախճանվել էր տարօրինակ մահով։ Ծառից վայր էր ընկել, ու կոկորդը դեմ էր առել մանգաղին։ Ահա թե ինչ պատմեց ասպետը։
Լսելով այս պատմությունը՝ օրիորդը սարսափեց մարդկային կյանքի ունայնությունից։ Այն աղջկա ճակատագրի համեմատությամբ՝ ասպետի նման նեցուկ ունենալով ապրելը, անկասկած, երջանկություն էր։ «Հարկավոր է ամեն ինչ հանձնել բախտի տնօրինությանը, էլ ի՞նչ է մնում ինձ»։ Այսպես մտածելով, նա շրթունքներով ժպտում էր թովիչ։
Ձեղուններից կախված սոճիների ճյուղերը մեկ անգամ չէ, որ կռացան ձյան ծանրության տակ։ Ինչպես հին ժամանակներում, ցերեկը օրիորդը կոտոյի լարերին էր խփում և կամ սուգորոկու5 խաղում։ Իսկ գիշերները, ասպետի հետ միևնույն մահճում պառկած, լսում էր, թե ինչպես են բադերը իջնում լճակի վրա։ Դրանք գրեթե առանց վշտի, բայց և անուրախ օրեր էին։ Սակայն այդպիսի տրտում հանգիստը օրիորդին առաջվա պես խաբուսիկ գոհացում էր բերում։
Սակայն անսպասելիորեն արագ վրա հասավ նաև այդ հանգստության վերջը։ Վաղ գարնան մի երեկո օրիորդի հետ մենակ մնալով, ասպետը դժվարությամբ ասաց. «Զեզ հետ վերջին գիշերն եմ հանդիպում»։ Նրա հայրը Մուցու գավառի կառավարիչից նոր նշանակում էր ստացել։ Ասպետը նույնպես պետք է մեկներ այդ ձյունաշատ և հեռավոր վայրը։ Իհարկե, օրիորդից բաժանվելը նրա համար շատ ծանր էր։ Բայց քանի որ նա հորից գաղտնի էր նրան իր կինը դարձրել, այժմ ոչ մի կերպ չէր ուզում բացել գաղտնիքը։ Օրիորդի հետ նա երկար, շատ երկար խոսեց այդ մասին, ընդհատելով իր խոսքը ծանր հոգոցներով։
Բայց հինգ տարի հետո ծառայության ժամկետը կլրանա։ Առանց թախծելու սպասեք։
Օրիորդը երեսնիվայր պառկել ու արտասվում էո։ Ասպետից բաժանվելը նրա համար անասելի ծանր էր, թեև նրա մասին մտածում էր ոչ թե սիրելով, այլ իբրև իր նեցուկի։ Ասպետը շոյում էր նրա մեջքը և մխիթարում ու քաջալերում։ Սակայն յուրաքանչյուր երկրորդ բառի վրա արցունքներից իր ձայնն էլ էր դողում։
Այդ պահին ոչինչ չկասկածող դայակը երիտասարդ աղախնի ուղեկցությամբ մատուցարաններ և սակեով լցված սափորներ ներս բերեց, պատմելով այն մասին, որ հինավուրց լճակի վրա կռացած բալենիները բողբոջներ են արձակել...

3

Անցավ հինգ տարի և նորից գարուն եկավ։ Բայց ասպետը, որը գնացել էր հյուսիս, չվերադարձավ Կիոտո։ Այդ ժամանւսկամիջոցում ծառաները ցրվեցին տարբեր կողմեր, իսկ այն օթևանները, որոնցում օրիորդն էր ապրում, մի անգամ փոթորկից փլվեցին։ Այդ պւսհից սկսած օրիորդը իր դայակի հետ միասին բնակվում էր ծառաների համար կառուցված տան կողքի շինությունում։ Չնայած շինությունը բնակարան էր կոչվում, բայց նեղ էր ու լքված, միայն մի կերպ պաշտպանում էր անձրնից ու ցողից։ Երբ նրանք տեղափոխվեցին այդ շինությունը, դայակը խղճահարությունից չէր կարողանում առանց արցունքների նայել օրիորդին։ Բայց պատահում էր նաև, որ նա առանց պատճառի բարկանում էր։
Ինչ խոսք, ծանր էին ապրում նրանք։ Զարդաքանդակ պահարանները վաղուց արդեն ծախվել և վերածվել էին բրնձի ու բանջարեղենի։ Օրիորդի շորերից բան չէր մնացել, բացի հագի շրջազգեստից։
Պատահում էր նաև, երբ ցախը չէր հերիքում, դայակը գնում էր տան վրայից փտած տախտակներ պոկելու։ Սակայն օրիորդը, ինչպես այն վաղեմի ժամանակներում, կոտո նվազելով ու թանքաներ հորինելով էր հոգեպես հանգստանում և անդադար սպասում էր ասպետի վերադարձին։
Եվ ահա նույն տարվա աշնանը, մի լուսնյակ գիշեր, դայակը մոտեցավ օրիորդին ու դանդաղ, ընդմիջումներով այսպես ասւսց.
Նորին պայծառափայլությունը, երեի, չի վերադառնա։ Ի՞նչ կլինի, եթե դուք հաճեիք մոռանալ նորին պայծառափայլությանը։ Ի դեպ, բժշկական վարչության կրտսեր մի կառավարիչ միշտ կտրում Է ճամփաս, ցանկություն հայտնելով ձեզ հետ տեսակցել...
Լսելով այդ խոսքերը, օրիորդը հիշեց այն, ինչ տեղի էր ունեցել վեց տարի առաջ։ Վեց տարի առաջ նա այնքան տխուր էր, որ ինչքան էլ լաց էր լինում, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ։ Իսկ հիմա և՛ մարմնով, և՛ հոգով սաստիկ հոգնած էր։ «Միայն թե մարդ հանգիստ ծերանա...»,— ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում։ Լսելով դայակին, նա նիհարած դեմքը բարձրացրեց դեպի սպիտակ լուսինը և տխուր օրորեց գլուխը։
Այլևս ոչինչ չեմ ուզում։ Թեկուզ ապրեմ, թեկուզ մեռնեմ` միևնույն է ինձ համար։
***
Հենց այդ նույն ժամին Խիտատի հեռավոր գավառում ասպետը իր նոր կնոջ հետ սակե էր խմում։ Կինը հոր սրտովն էր. նա այդ գավառի կառավարչի դուստրն էր։
Այս ի՞նչ է, լսո՞ւմ ես,— հանկարծ վախեցած ասաց ասպետը, նայելով տանիքի քիվին, որը ամբողջովին ողողված էր լուսնի լույսով։ Այդ պահին, չգիտես ինչու, նրա աչքերի առաջ պարզորոշ գծագրրվեց օրիորդի կերպարանքը։
Երևի շագանակ ընկավ։
Այսպես պատասխանելով, խիտատցի կինը սակեի սափորը անշնորհք ձնով կռացրեց թասի վրա։

4

Ասպետը Կիոտո վերադարձավ ինը տարի հետո, ուշ աշնանը։ Իր խիտատցի կնոջ ու նրա ազգականների հետ Ավաձու գնալիս անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի օր նա մնաց ճանապարհին։ Նրանք դիտմամբ Կիոտո ժամանեցին մթնշաղին, որպեսզի մարդկանց ուշադրությունը չգրավեն։ Հեռավոր վայրում ապրելով, ասպետը երկու-երեք անգամ իր կիոտոցի կնոջը քնքուշ նամակներ էր ուղարկել։ Բայց մեկ սուրհանդակը ետ չէր եկել, մեկ՝ մյուսը վերադարձել էր առանց օրիորդին գտնելու, և ասպետը ոչ մի անգամ պատասխան չէր ստացել։ Այդ պատճառով էլ երբ նա Կիոտո հասավ, նրա սերն ավելի ուժեղ բորբոքվեց։ Կնոջը բարեհաջող կերպով հասցնելով հոր պալատը, նա, նույնիսկ ճանապարհի զգեստները չփոխելով, իսկույն ուղևորվեց Ռոկունոմիա։
Երբ նա Ռոկունոմիա եկավ, տեսավ, որ և՛ չորս սյուների վրա կանգնած դարբասը,և՛ խինոկի կեղևով ծածկված տունը, և՛ օրիորդի օթևանները՝ բոլորը անհետացել են, մնացել է միայն փլաւոակների մի կույտ։ Ասպետը կանգնել էր մինչև ծնկները հասնող խոտի մեջ և շփոթված հայացքը շրջում էր այն վայրերով, որտեղ մի ժամանակ այգի էր եղել։ Կիսով չափ լցված լճակում բոշխ ու կնյուն էին աճել, որոնք նորալուսնի փայլի տակ մեղմ սոսափում էին։
Նա ծառայողների նախկին բնակարանից ոչ հեռու նկատեց տախտակե թեքված մի տնակ։ Երբ մոտեցավ, այնտեղ վայրկենաբար երևաց ինչ-որ մեկի ստվերը։ Խավարի մեջ նայելով՝ նա կամաց ձայն տվեց։ Լուսնի լույսի տակ օրորվելով դուրս եկավ մի պառավ միանձնուհի, որը ծանոթ թվաց նրան։
Երբ ասպետը տվեց իր անունը, միանձնուհին առանց մի խոսք ասելու երկար ժամանակ լաց եղավ։ Այնուհետև նա կերկերուն ձայնով պատմեց օրիորդի մասին։
Ձերդ ողորմածությունը, երևի, ինձ մոռացել է: Ես այն կնոջ մայրն եմ, որը տիրուհու մոտ էր ծառայում։ Աղջիկս դեռ հինգ տարի էլ ծառայեց այն բանից հետո, երբ ձերդ ողորմածությունը բարեհաճեց մեկնել Կիոտյից։ Իսկ հետո այնպես եղավ, որ նա ամուսնու հետ գնաց Տաձիմա, և այն ժամանակ ես խնդրեցի՝ ինձ ու աղջկաս ազատել։ Բայց վերջերս ես անհանգստացա օրիորդի համար և մենակ եկա Կիոտո։ Եվ ի՞նչ, ինչպես կբարեհաճեք տեսնել, ախր նույնիսկ տունն էլ է կորել։ Թե որտեղ է հիմա օրիորդը, ճիշտն ասած, վաղուց է չգիտեմ։ Ձերդ ողորմածություն, հավանաբար, չգիտեք, որ երբ աղջիկս ծառայության մեջ էր, օրիորդն այնպես վատ էր ապրում, որ էլ ասել չի լինի...
Այս բոլորը լսելուց հետո ասպետը հանեց իր ներքնազգեստներից մեկը և տվեց կորացած միանձնուհուն։ Իսկ հետո գլուխը կախ գցած, խոտերի միջով լուռ հեռացավ։

5

Սկսած հաջորդ օրվա առավոտից, օրիորդին որոնելով ասպետը ոտքի տակ տվեց ւսմբողջ մայրաքաղաքը, բայց ոչ մի կերպ չկարողացավ իմանալ, թե որտեղ է նա և ինչ է պատահել։
Եվ ահա մի քանի օր անց, իրիկնադեմին, անձրևի շիթերից պատսպարված, նա կանգնել էր Արևմտյան պատկերասրահի ծածկի տակ՝ Սուձակումոնի դարբասի դիմաց։ Նրանից բացի այդտեղ անձրևի կտրվելուն էր սպասում նաև աղքատի տեսքով մի կուսակրոն։ Անձրևը տխրագին մաղում էր լաքած դարբասի ծերպից։ Աչքի ծայրով նայելով կուսակրոնին, ասպետը, ջանալով ցրել ձանձրույթը, ետ ու առաջ էր քայլում սալահատակի վրա։ Հւսնկարծ նրա լսողությունը որսաց, որ պատկերասրահի կիսամութ պատուհանի ճաղերի հետևում ինչ-որ մարդ կա։ Եվ նա անտարբեր մի հայացք գցեց պատուհանին։
Միանձնուհին, պատուհանի տակ ծակոտկեն խսիրներն ուղղելով, խնամում էր մի հիվանդ կնոջ: Նույնիսկ մթնշաղի թույլ լույսի տակ նրա դեմքը սարսափելի նիհար էր: Բայց մի հայացքն էլ բավական էր, որպեսզի նա ճանաչեր օրիորդին։ Ասպետը ցանկացավ խոսել նրա հետ, բայց օրիորդի կերպարանքը այնքան խղճալի էր, որ ձայնը կտրվեց։ Իսկ օրիորդը, չիմանալով, որ նա իր կողքին է, ծակոտկեն խսիրի վրա շուռումուռ գալով, տանջալից լարումով արտասանեց այսպիսի մի թանքա.
Գլխավերևում
Սառը քամին է
Շվվոցով շաչում ճղակների մեջ։
Իսկ դու համբերում ես,
Մարմին՝ խաղալեք ունայն այս կյանքում...
Այդ լսելով ասպետը ինքնաբերաբար տվեց նրա անունը։ Օրիորդը բարձրացրեց գլուխը։ Բայց ասպետին տեսավ թե չէ, թույլ ճիչով երեսնիվայր կրկին ընկավ խսիրի վրա։ Միանձնուհին՝ նրա հավատարիմ դայակը և ներս վազող ասպետը վախեցած նետվեցին, որ նրան բարձրացնեն։ Բայց երբ ուսերից բռնած բարձրացրին նրան ու նայեցին դեմքին, ավելի շատ վախեցան։
Դայակը ցնորվածի պես նետվեց դեպի աղքատ կուսակրոնը և նրան խնդրեց մեռնողի վրա աղոթք կարդալ։ Կուսակրոնը համաձայնեց և նստեց օրիորդի գլխավերևում։ Բայց աղոթելու փոխարեն նա դիմեց աղջկան այսպիսի խոսքերով.
Կյանքը և մահը մարդու իշխանությանը ենթակա չեն։ Առանց ուժերդ խնայելու կոչիր Ամիդա բուդդային։
Ասպետի գրկի մեջ՝ օրիորդը հազիվ լսելի արտասանեց բուդդայի ւսնունը։ Բայց անմիջապես էլ վախեցած աչքերը հառեց մութ առաստաղին։
Ա՛հ, այնտեղ հրե կառք կա6։Մի՛ վախենա։
Աղոթիր բուդդային, և լավ կլինի քեզ համար։
Կուսակրոնը ձայնն իջեցրեց։ Օրիորդը մի քիչ սպասեց և, ասես հարթմնի զառանցելով, մրմնջաց,
Ես ոսկե լոտոս եմ տեսնում7: Վիթխարի լոտոս, որ նման է սրբազան հովանոցի։
Կուսակրոնն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չհասցրեց։ Ընդհատվող ձայնով օրիորդը շւսրունակեց.
էլ չեմ տեսնում լոտոսը։ Հիմա խավար է, միայն քամին է սուլում խավարում։
Ամբողջ սրտով կոչիր բուդդային։ Ինչո՞ւ դու բուդդային չես կանչում։
Կուսակրոնը խոսում էր գրեթե զայրացած։ Բայց օրիորդը, ասես վերջին շնչում, կրկնում էր միշտ միևնույնը.
Ոչինչ... ոչինչ չեմ տեսնում։ Խավար է... Միայն քամին... միայն սառը քամին է սուլում խավարում։
Ասպետը և դայակը, արցունքները կուլ տալով, կիսաձայն շշնջացին Ամիդայի անունը։ Կուսակրոնը, բարեպաշտորեն ձեռքերը ծալած օգնում էր օրիորդին՝ աղոթելու։ Եվ այդպես, ծակոտկեն խսիրի վրա, անձրևի խշշոցին միախառնված աղոթքի խոսքերով, օրիորդը կամաց-կամաց մեկնեց մահվան թագավորությունը...

6

Մի քանի օր հետո լուսնյակ գիշերին, գջլտված կուսակրոնը, որը օրիորդին աղոթելու կոչ էր անում, կրկին ծնկները գրկած նստել էր Արևմտյան պատկերասրահում՝ Սուձակումոնի դարբասի դիմաց։ Անհոգորեն ինչ-որ բան երգելով, լուսնի լույսի տակ, ճանապարհով անցնում էր սամուրայը։ Կուսակրոնին տեսնելով, նա կանգ առավ և անտարբեր ասաց.
Ասում են, վերջին ժամանակներս այստեղ, դարբասի մոտ կնոջ լացի ձայն է լսվում։ Հա՞...
Շարունակելով նստած մնալ՝ կուսակրոնը մի բառով պատասխանեց.
Լսի՛ր։
Սամուրայը ականջ դրեց։ Սակայն, բացի ծղրիդների թույլ խշխշոցից, ոչինչ չէր լսվում։ Գիշերային օդում տարածվում էր միայն սոճիների խեժահոտը։ Սամուրայը ցանկացավ խոսել։ Բայց նա չհասցրեց մի բառ էլ արտասանել, երբ հանկարծ ինչ-որ տեղից լսելի եղավ կանացի մեղմ, շատ մեղմ հառաչանք։
Սամուրայը ձեռքը տարավ սրին։ Բայց ձայնը, իր հետևից թողնելով երկար ու ձիգ մի արձագանք, կամաց-կամաց ինչ-որ տեղ անհետացավ։
Աղոթի՛ր բուդդային։ — Կուսակրոնը դեմքը բարձրացրեց դեպի լուսինը։—Դա չնչին կնոջ ոգին է, որը ոչ դժոխք է ընկել, ոչ դրախտ։ Աղոթի՛ր բուդդային:
Բայց սամուրայը, առանց պատասխանելու, նայում էր կուսակրոնի դեմքին։ Եվ հանկարծ, զարմացած մոտենալով, բռնեց նրա ձեռքը։
Չէ՞ որ դուք պատվարժան Նայկին եք։ Ինչո՞ւ այսպիսի տեղում...
Նա, որին անվանեցին «պատվարժան Նայկի», օծվելուց առաջ՝ Յոսիսիգե Յասուտանե8 անունով, ամենաբարեպաշտ բուդդայական կուսակրոնն էր, մինչև իսկ սուրբ Կույայի աշակերտների մեջ փառաբանված։
1922
1 Խյոբունոդայու – 8-12-րդ դարերում պալատական ամենացածր կոչումներից մեկը Ճապոնիայում:
2 Կոտո – կիթառի տիպի լարային երաժշտական գործիք:
3 Թանքա – դասական պոեզիայի ամենատարածված ձևերից մեկը Ճապոնիայում:
4 Պուերարիա – հոտավետ լիանայի տեսակ:
5 Սուգորոկու – դերփողով վեգախաղ:
6 Հրե կառք – բուդդայական պատկերացմամբ, դժոխքի շրջաններից մեկը` կրակե դժոխքի խորհրդանիշը:
7 Ոսկե լոտոս – բուդդայական պատկերացմամբ` դրախտի խորհրդանիշը:
8 Յոսիսիգե Յասուտանե (934-937) – նշանավոր անձնավորությունը, որ հայտնի է իր բուդդայական ստեղծագործություններով:

Թարգմ. Նորայր Ադալյանի

суббота, 13 августа 2011 г.

ԱԿՈւՏԱԳԱՎԱ / Տարօրինակ պատմություն

Մի երեկո իմ հին ընկեր Մուրակամիի հետ զբոսնում էի Գինձայում։
Հանկարծ, ասես պատահականորեն հիշելով, Մուրակամին խոսեց Սասեբոյում ապրող իր կրտսեր քրոջ մասին։
Մի բանի օր առաջ Տիեկոյից նամակ եկավ։ Նա քեզ բարևում է։
Սան-Տիեկոն ողջ-առո՞ղջ է։
Այո, վերջերս կազդուրվել է։ Իսկ երբ ապրում էր Տոկիոյում, նրա նյարդերը թուլացել էին։ Այն ժամանակ դու հանդիպո՞ւմ էիր նրան։
Հանդիպում էի։ Բայց նյարդերի մասին...
Մի՞թե չգիտեիր։ Այն ժամանակ նա իսկական խելագար էր։ Մեկ լաց էր լինում, մեկ՝ ծիծաղում։ Տարօրինակ պատմություն է...
Տարօրինակ պատմությո՞ւն։
Նախքան պատասխանելը, Մուրակամին հրեց սրճարանի ապակեպատ դուռը։ Մենք դեմառդեմ նստեցինք սեղանի մոտ, որտեղից երևում էր փողոցը։
Այո, տարօրինակ պատմություն։ Ես դեռ չե՞մ պատմել քեզ։ Այդ մասին նա ինձ պատմեց Սասեբո մեկնելուց առաջ։
Ինչպես գիտես, Տիեկոյի ամուսինը զորախմբի սպա էր N զրահանավում, որը եվրոպական պատերազմի ժամանակ ուղարկվել էր Միջերկրական ծով։ Նրա բացակայության ժամանակ քույրս տեղափոխվել էր ինձ մոտ, և երբ պատերազմը իր ավարտին էր հասնում, նրա նյարդերը հանկարծ խախտվեցին։ Գլխավոր պատճառը, թերևս, այն էր, որ ամուսնու՝ մինչ այդ ամեն շաբաթ եկող նամակները անսպասելիորեն ընդհատվեցին։ Դե, քանի որ Տիեկոն ամուսնուց անջատվել էր հարսանիքից ընդամենը կես տարի հետո, ապա ծիծաղել այն բանի վրա, որ նա ուրախանում էր նրա նամակներով, նույնիսկ ինձ նման անպատկառին դաժան էր թվում։
Ահա այդ ժամանակ էլ դա պաւոահեց։ Մի անգամ... Այո, դա Կիգենսեցուի տոնին էր, օրը ցուրտ էր, առավոտից անձրև էր մաղում, բայց Տիեկոն ասաց, որ ուզում է գնալ Կամակուրա, վաղուց այնտեղ չի եղել։ Կամակուրայում էր ապրում նրա դպրոցական ընկերուհիներից մեկը, որը ամուսնացած էր մի գործարարի հետ։ Տիեկոն ուզում էր նրան հյուր գնալ, բայց քանի որ այդպիսի անձրևին անպայման Կամակուրա հյուր գնալն անհրաժեշտություն չէր, ապա մենք՝ և՛ ես, և՛ կինս, մի քանի անգամ ասացինք, թե արդյոք ավելի լավ չէ՞ր լինի վաղը գնալ։ Բայց Տիեկոն համառորեն պնդում էր, որ ուզում է անպայման այսօր գնալ։ Եվ վերջապես, զայրանալով, արագ պատրաստվեց ու տնից դուրս եկավ։
«Կարող է պատահել գիշերն այնտեղ մնամ և վերադառնամ վաղն առավոտյան»։— Այս խոսքերով նա գնաց, բայց թե քիչ անց ի՞նչ պատահեց նրան։ Վերադարձավ մինչև ոսկորները թրջված և գունա՜տ-գունատ։ Ի միջի այլոց, պարզվեց, որ Կենտրոնական կայարանից մինչև տրամվայի Խորիբատա կանգառը նա գնացել էր առանց անձրևանոցի։ Ինչո՞ւ։ Հենց դրանումն է տարօրինակ պատմությունը։
Երբ Տիեկոն մոտեցել էր Կենտրոնական կայարանին... Բայց, ոչ, դրանից առաջ նրա հետ ահա թե ինչ էր պատահել։ Նա տրամվայ նստեց, բայց դժբախտաբար, բոլոր տեղերը զբաղված էին։ Երբ նա ձեռքով փոկը բռնեց, պատուհանի հետևը, ուղիղ նրա աչքերի առաջ տարտամորեն գծագրվեց ծովը։ Քանի որ տրամվայն այդ ժամանակ ընթանում էր Ձիմբոմատիով, ծովը, իհարկե, ոչ մի կողմից չէր կարող երևալ։ Այնուամենայնիվ պատուհանից պարզ երևում էր, թե ինչպես են փողոցի երկարությամբ ծփում փախչող ալիքները։ Իսկ երբ պատուհանին ընկնում էին անձրևի կաթիլներ, մառախուղի մեջ նույնիսկ հորիզոնի հազիվ նկատելի գիծն էր նշմարվում։ Հենց միայն սրանից կարելի է ենթադրել, որ արդեն այն ժամանակ Տիեկոյի նյարդերը կարգին չէին։
Երբ նա մոտեցավ Կենտրոնական կայարանին, դռան մեջ կանզնած կարմիր գլխարկով բեռնակիրը հանկարծ խոնարհվեց նրան և ասաց. «Ձեր ամուսնուն որևէ նոր բան չի՞ պատահել»։ Դա, իհարկե, տարօրինակ էր։ Բայց ավելի տարօրինակն այն էր, որ Տիեկոն այդ հարցում ոչ մի տարօրինակ բան չգտավ։ Նա նույնիսկ պատասխանեց. «Շնորհակալություն։ Միայն վերջերս, չգիտեմ ինչու, նրանից ոչինչ չեմ ստանում»։ Այն ժամանակ բեռնակիրն ասաց. «Այդ դեպքում ես նրա հետ կտեսնվեմ»։ Տեսնվե՞լ։ Բայց չէ՞ որ ամուսինը հեռու է։ Միջերկրական ծովում... Միայն հիմա Տիեկոն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ այդ անծանոթ բեռնակիրը ինչ-որ տարօրինակ բաներ է ասում։ Բայց մինչև նա պատրաստվեց նորից հարցնել, բեռնակիրը թեթևակիորեն խոնարհվեց ու կորավ ամբոխի մեջ։ Եվ ինչքան էլ Տիեկոն փնտրեց, այլևս չտեսավ այդ կարմիր գլխարկը։ Ոչ միայն գլխարկը չտեսավ, այլ, որ զարմւսնալի է. բեռնակրի դեմքը նա ոչ մի կերպ չէր կարողանում վերհիշել։ Այդ պատճառով էլ չէր կարողանում գտնել նրան, և ամեն անգամ կարմիր գլխարկ տեսնելիս, կարծում էր այն նույն բեռնակիրն է։ Բացի այդ, նա, չգիտես ինչո՛ւ, այնպիսի զգացում ուներ, կարծես թե այդ խորհրդավոր բեռնակիրը ամբողջ ժամանակ իրեն է հետևում։ Նրա համար արդեն ոչ միայն Կամակուրա գնալը, այլ նույնիսկ կայարանում մնալն էլ դժվար էր: Վերջ ի վերջո, նույնիսկ անձրևանոցը չբացելով, նա, ինչպես երազում, հորդառատ անձրևի տակ փախավ այդտեղից։
Հասկանալի է, որ այս ամբողջ պատմությունը նրա հետ պատահեց պարզապես նյարդերի պատճառով։ Բայց այդ զբոսանքի ժամանակ Տիեկոն մրսել էր։ Հաջորդ օրվանից սկսած երեք օր նա բարձր տաքություն ուներ և անվերջ զառանցում էր։ Նա, կարծես դիմելով ամուսնուն, մերթ ասում էր՝ «Ներեցեք», մերթ՝ «Ինչո՞ւ չեք վերադառնում»։ Բայց Կամակուրա գնալու չարաբաստիկ պատմությունը սրանով չվերջացավ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ փտածությունն անցավ, բավական էր, որ Տիեկոն լսեր «բեռնակիր» բառը, ամբողջ օրը հուզվում էր և գրեթե ոչ մի խոսք չէր ասում։ Մի անգամ նույնիսկ ծիծաղելի դեպք պատահեց, տրանսպորտային ինչ-որ գրասենյակի ցուցանակին բեռնակիր էր նկարված, երբ նա այդ բանը տեսավ, այլևս ճանապարհը չշարունակեց ու վերադարձավ տուն։
Սակայն անցավ մի ամիս և բեռնակրի հանդեպ նրա վախը կամաց-կամաց չբացավ։ «Քույրիկ, Կյոկայի պատմվածքներից մեկում խոսվում է կատվի կերպարանքով մի բեռնակրի մասին։ Գուցե ինձ հետ այդ տարօրինակ կատակը պատահեց այդ պատմվածքի ընթերցանությունի՞ց»։ Բայց մարտին բեռնակիրը նրան նորից վախեցրեց։ Եվ այդ օրվանից մինչև ամուսնու վերադարձը Տիեկոն ոչ մի դեպքում, եթե նույնիսկ անհրաժեշտ էր, կայարան չէր գնում։ Եվ քեզ էլ ճանապարհելու չեկավ, որովհետև բեռնակրից վախենում էր։
Մարտյան մի օր, երկու տարվա բացակայությունից հետո Ամերիկայից վերադարձավ նրա ամուսնու ընկերը։ Տիեկոն առավոտից գնացել էր նրան դիմավորելու։ Ինչպես գիտես, այդ թաղամասը նույնիսկ ցերեկն էլ սակավամարդ է։ Ամայի փողոցի մայթեզրին խաղալիք-աղորիքների շարժական մի կրպակ կար, որ ասես լքված լիներ։ Օրն ամպամած էր, քամի էր փչում, և կրպակին հարմարեցված գունավոր պտուտանները մոլեգնորեն պտտվում էին։ Այդ տեսարանից չգիտես ինչու Տիեկոյի սիրտը ճմլվեց։ Երբ կրպակի մոտով անցնելիս նա պատահաբար բարձրացրեց աչքերը, մեջքով դեպի իրեն մի մարդ էր պպզել՝ կարմիր գլխարկը գլխին։ Հավանաբար, դա պտուտաններ վաճառողն էր կամ նրա նման մեկը, որ նստել էր ծխելու։ Բայց երբ Տիեկոն տեսավ այդ մարդու կարմիր գլխարկը, չգիտես ինչու, տարօրինակ մի նախազգացում համակեց նրան, և նա նույնիսկ մտածեց, թե արդյոք տուն չվերադառնա՞։
Սակայն կայարան գալու պահից մինչև այն ժամանակ, երբ նա հանդիպեց եկվորին, բարեբախտաբար ոչինչ չպատահեց։ Միայն, երբ դիմավորողները ամուսնու ընկերոջ գլխավորությամբ կառամատույցից դուրս էին գալիս կայարանի կիսախավար դռնով, հետևից ինչ-որ մեկը հետևյալ խոսքերով դիմեց Տիեկոյին. «Ասում են, ձեր ամուսինը աջ ձեռքից վիրավորված է։ Այդ պատճառով էլ նամակ չի գրում»։ Տիեկոն վայրկենաբար շրջվեց, բայց ոչ մի կարմիր գլխարկ չկար։ Տիեկոյի հետևից կնոջ հետ գալիս էր ծովային մի սպա, որը նրա լավ ծանոթն էր։ Հասկանալի է, որ ծովային սպան առանց որևէ հիմքի այդպիսի բան չէր ասի, ահա թե ինչու նրա լսած բառերը կարելի էր միայն տարօրինակ համարել։ Համենայն դեպս, Տիեկոն ուրախացավ, որ ոչ մի տեղ կարմիր գլխարկ չի երևում։ Անցնելով կայարանի շենքի միջով, նրանք ամբողջ խմբով դիմեցին դեպի մուտքը՝ ամուսնու ընկերոջը մինչև մեքենան ուղեկցելու համար։ Այդ միջոցին հետևից մեկը նորից պարզորոշ արտասանեց. «Տիկին, հավանաբար, ձեր ամուսինը մեկ ամիս հետո տուն կվերադառնա»։ Տիեկոն Կրկին շրջվեց, բայց հետևում միայն ծանոթներն էին կանգնած, որոնք դիմավորել էին ամուսնու ընկերոջը, և ոչ մի կարմիր գլխարկ չէր երևում։ Սակայն չնայած հետևում կարմիր գլխարկ չկար, դրա փոխարեն առջևում երկու բեռնակիր իրերն էին տեղավորում մեքենայի մեջ։ Նրանցից մեկը մի պահ ետ նայեց ու քմծիծաղ տվեց տարօրինակ ձևով։ Նրան տեսնելով՝ Տիեկոն այնպես գունատվեց, որ նույնիսկ շրջապատի մարդիկ այդ նկատեցին։ Երբ նա մի քիչ իրեն տիրապետեց, համարվեց, որ այնտեղ, ուր երկու բեռնակիր էր տեսել, իրերը տեղավորում է մի բեռնակիր։ Եվ դա բոլորովին էլ այն մեկը չէր, որը հենց նոր քմծիծաղ էր տվել։ Նա մտածեց, որ հիմա արդեն ինքը մտքում կպահի քմծիծաղող բեռնակրի դեմքը։ Բայց հետո այնուամենայնիվ պարզվեց, որ առաջվա պես էլի աղոտ է հիշում։ Եվ ինչքան էլ նա ջանում էր, հիշողության մեջ առկայծում էր միայն մի դեմք, առանց աչքերի ու քթի, և կարմիր գլխարկ... Ահա և երկրորդ տարօրինակ պատմությունը, որ պատմեց Տիեկոն։
Հետո, մի ամիս անց, այո, մոտավորապես այն ժամանակ, երբ դու գնացիր Կորեա, ամուսինը իսկապես որ վերադարձավ։ Եվ, տարօրինակ բան, նա ճիշտ որ աջ ձեռքից վիրավորված լինելու պատճառով որոշ ժամանակ չէր կարողացել նամակ գրել։ Կինս սկսեց ծիծաղել Տիեկոյի վրա. «Նա ամբողջ ժամանակ ամուսնու մասին էր մտածում, ուստի բնական է, որ այդ բանը գիտեր»։ Երկու շաբաթ անց Տիեկոն ամուսնու հետ մեկնեց նրա ծառայության վայրը՝ Սասեբո, բայց դեռ չէին հասցրել այնտեղ հիմնավորվել, որ, ի մեծ զարմանս մեզ, նրա ուղարկած նամակում կարդացինք երրորդ տարօրինակ պատմությունը։
Երբ նրանք Կենտրոնական կայարանից մեկնում էին, և գնացքը արդեն շարժվել էր, նրանց իրերը տանող բեռնակիրը նայեց պատուհանին, ըստ երևույթին, որպեսզի բարի ճանապարհ մաղթի։ Նրա տեսքից ամուսնու դեմքը տարօրինակ արտահայտություն ստացավ, և քիչ անց նա Տիեկոյին շվարած պատմեց հետևյալը։ Մարսելում եղած ժամանակ, երբ նա ընկերներով նստած էր սրճարանում, սեղանին անսպասելի մոտեցավ ճապոնացի մի բեռնակիր և տնավարի հարցրեց, թե ինչպես են գործերը։ Իհարկե, Մարսելի փողոցներով ճապոնացի բեռնակիրները գնալ-գալ չունեն։ Բայց Տիեկոյի ամուսինը չգիտես ինչու փոքրիշատե չզարմացավ և պատմեց, որ աջ ձեռքից վիրավորված է ու շուտով կվերադառնա տուն։ Այդ վայրկյանին մի հարբած մարդ շրջեց կոնյակի գավաթը։ Եվ երբ քրոջս ամուսինը վախեցած ետ նայեց, ոչ մեկի կողմից չնկատվելով՝ ճապոնացի բեռնակիրը անհետացել էր սրճարանից։ Ի՞նչ է սա։ Աչքերը բաց էին, բայց ինքը չէր կարողանում հասկանալ՝ արդյոք դա երազո՞ւմ երևաց, թե իսկապես պատահեց։ Ի լրումն, ընկերները այնպես էին իրենց պահում, կարծես չէին նկատեյ, որ նրան որևէ մեկը մոտեցել էր։ Դրա համար էլ, վերջ ի վերջո, նա որոշեց այդ դեպքի մասին ոչ մեկին չպատմել։ Բայց երբ նա Ճապոնիա վերադարձավ, իմացավ, որ Տիեկոն երկու անգամ հանդիպել է մի խորհրդավոր բեռնակրի։ Այն ժամանակ նա մտածեց, որ Մարսելում, թերևս, տեսել է հենց նրան։ Սակայն դա շատ նման էր տեսիլքների մասին ստեղծված պատմություններին։ Բացի այդ, նա վախենում էր իրեն ծաղրեն այն բանի համար, որ փառապանծ արշավանքի ժամանակ մտածում է կնոջ մասին։ Այդ պատճառով էլ նա դեռ լռում էր։ Բայց երբ նա տեսավ պատուհանից հենց նոր ներս նայող բեռնակրին, պարզվեց, որ այդ բեռնակիրը մազաչափ չի տարբերվում նրանից, որը Մարսելում սրճարան էր մտել... Այս պատմությունն անելով, ամուսինը լռեց, բայց հետո ձայնը տագնապած իջեցնելով, ավելացրեց. «Մի՞թե տարօրինակ չէ»։ Ես ասացի. «Մազաչափ անգամ չի տարբերվում», մինչդեռ ոչ մի կերպ չեմ կարողանում նրա դեմքը պարզ վերհիշել։ Միայն այն պահին, երբ նա պատուհանից ներս նայեց, ես մտածեցի. «Նա է, որ կա...»
Երբ Մուրակամին հասավ այստեղ, մեր սեղանին մոտեցան մի քանի մարդիկ, որոնք հենց նոր էին սրճարան մտել, ըստ երևույթին նրա ծանոթներն էին և, սկսեցին հետը աղմուկով ողջագուրվել։ Ես վեր կացա։
Դե, առայժմ... Մինչև Կորեա մեկնելս կգամ քեզ մոտ։
Սրճարանից դուրս գալով՝ ես ակամա հոգոց հանեցի, միայն հիմա հասկացա, թե ինչու երեք տարի առաջ Տիեկոն,Կենտրոնական կայարանում ինձ հետ գաղտնի ժամադրության խոստումը երկու անգամ խախտելով, նամակ ուղարկեց, որով կարճ հաղորդում էր, որ ուզում է ընդմիշտ հավատարիմ կին մնալ։
1921

Թարգմ. Նորայր Ադալյան